Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՕՐՕ դաշինքի շուրջ օղակը սեղմվում է

ՕՐՕ դաշինքի շուրջ օղակը սեղմվում է
21.02.2017 | 15:41

Ակնհայտ է, որ նախընտրական այս փուլում Սեյրան Օհանյանի շուրջ ձևավորված դաշինքն ամենաշատն է ինֆորմացիոն առիթներ տալիս: Դա մի քանի պատճառ ունի: Նախ՝ այս դաշինքի ծնունդն ինքնին սկանդալային էր: Չեմ հիշում մեկ այլ դեպք, որ վերջին պահին փոխվեն դաշինքի հիմնական մասնակիցները: Պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ չափազանց մեծ է այս դաշինքում առկա ստվերը: Նույնիսկ քաղաքականությանը մոտ կանգնած մարդկանց համար այնքան էլ պարզ չէ` դաշինքը ղեկավարում են դրա ֆորմալ առաջնորդնե՞րը, թե՞ Ռոբերտ Քոչարյան-Սամվել Բաբայան տանդեմը, ինչի մասին համառորեն գրում է մամուլը: Սակայն իշխանություններին ամենից շատ գրգռում է այն հանգամանքը, որ դաշինքը շեշտը դնում է պետական որոշակի ռեսուրսի տիրապետման վրա:

Ասենք, թմբկահարվում են Վարդան Օսկանյանի ու Սեյրան Օհանյանի միջազգային կապերը, թեև հենց մեր կայքը տեղեկություն էր հրապարակել, որ Մոսկվան ակնհայտորեն "սառել" է Օհանյանի հանդեպ, ինչը, ի դեպ, խիստ բնական կլինի, եթե նկատի ունենանք գեներալի քաղաքական միապաղաղությունը:


Օհանյանի շուրջ հյուսված մյուս լեգենդն այն է, որ նրան, իբր, աջակցում են բանակի ու կռված տղերքի մի մասը:
Իշխանությունները նման ասեկոսեներին, ըստ ամենայնի, լուրջ են վերաբերվում, ու նաև դրանով էին պայմանավորված այն «զորահանդեսները», որ վերջին օրերին Սերժ Սարգսյանը կազմակերպեց ԵԿՄ-ում և ՊՆ-ում:


«Հատուկ շեշտում եմ, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապակուսակցական են և ապաքաղաքական: Այո՛, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը գլխավորում է Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակը, սակայն նախընտրական քարոզչության և իր պաշտոնական լիազորությունների իրականացման որևէ խաչաձևում չի լինելու:

Միջկուսակցական քննարկումներ բանակում չեն լինելու և մենք էլ չենք մտցնելու: Ավելին, զգուշացնում եմ բոլորիդ, որ նման փորձերն ուղղակի պատժվելու են»,-երեկ ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ հանդիպմանն ասել է հանրապետության նախագահը: Չնայած Սերժ Սարգսյանի խոսքում հիշատակվում է ՊՆ գործող նախարարի անունը, բայց ակնհայտ է, որ նրա նախազգուշացում-մեսիջը հասցեագրված է նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Վերջինիս, առայժմ միայն տեղեկատվական դաշտում, հասկացնում են, որ բանը կարող է ավարտվել նաև քրեական դրամայով: «Մեր տեղեկություններով, իշխանությունները պատրաստվում են 2015թ. նոյեմբերին վնասազերծված Նորք-Մարաշի զինված խմբի գործով որոշակի բացահայտումներ անել, որոնք առնչվում են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ»,-գրում է այսօրվա մամուլը:
Եթե սրան հավելենք նաև Վարդան Օսկանյանի որդու հետ կապված աղմկահարույց միջադեպը, ապա պատկերն ամբողջական կդառնա:


Իշխանությունների տակտիկան հասկանալի է: Եթե ՕՐՕ-ն ունի արդնունավետ հակաքայլեր, ապա կարող է հավակնել հասարակության ընդդիմադիր շերտերը կոնսոլիդացնողի դերին: Հակառակ պարագայում, իշխանության քայլերը կհանգեցնեն ՕՐՕ-ի ռեսուրսների փոշիացմանն ու անխուսափելի ֆիասկոյին:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1914

Մեկնաբանություններ