Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ինչու Ալիևը կնոջը նշանակեց փոխնախագահ

Ինչու Ալիևը կնոջը նշանակեց փոխնախագահ
23.02.2017 | 12:27

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, երեքշաբթի օրը նշանակեց առաջին փոխվարչապետ: Փոխվարչապետի պաշտոնը Ադրբեջանում սահմանվեց հանրաքվեից հետո՝ անցյալ տարվա սեպտեմբերին և մինչև հիմա թափուր էր: Նախագահը կնոջը իր տեղակալի պաշտոնում ներկայացրեց Անվտանգության խորհրդի նիստում՝ հայտարարելով, որ նա արդեն երկար տարիներ «կարևոր դեր ունի հասարակական-քաղաքական, մշակութային միջազգային գործունեութան մեջ»: Ալիևը կնոջն անվանեց պրոֆեսիոնալ և հումանիստ: Նախագահի կինը «Նոր Ադրբեջան» կուսակցության փոխնախագահն էր և ընտրվել էր պատգամավոր: Մեհրիբան Ալիևան իր հաջողությունները ԱԽ նիստում բացատրեց ամուսնու աջակցությամբ. «Ես ամբողջությամբ հասկանում եմ պատասխանատվության ողջ ծանրոթյունը և հավատում եմ, որ կարող եմ արդարացնել Ձեր, պարոն նախագահ, և բոլոր ինձ հավատացող մարդկանց վստահությունը»: Բաքվեցիների կարծիքները նշանակման մասին տարբեր էին:


BBC-ին դիմել է փորձագետների՝ խնդրելով մեկնաբանել Ադրբեջանի նախագահի ընտրությունը:
Արկադի Դուբնով, ԱՊՀ երկրների փորձագետ
-Ես կարծում եմ, որ Իլհամ Ալիևը հետևում է Ադրբեջանի պետական կառավարման ոճին, որ ստեղծել է իր հայրը՝ ընտանեկան կառավարում, որ կոչված է հավասարակշռել կլանների ազդեցությունը: Ազդեցիկ են երկու կլանները՝ Ալիևների և Փաշաևների, որ ներկայացնում է Մեհրիբան Ալիևան՝ առաջին տիկինը: Ոճի հիմնադիրը ազգի հայր Հեյդար Ալիևն է՝ առաջինը և միակը ԱՊՀ-ում, որ կարողացավ հետխորհրդային տարածքում ժառանգական իշխանության հիմք դնել: Մեհրիբան Ալիևայի նշանակումը կանխորոշված է իշխանությունը կոնսոլիդացնելու, ամրացնելու, կլանների միջև հավասարակշռություն ստեղծելու, որոշակի փոխզիջումների հասնելու անհրաժեշտությամբ՝ կանխելով Իլհամ Ալիևի իշխանության նկատմամբ ընդդիմախոսների որևէ ոտնձգություն: Ադրբեջանում հաստատվել է նեպոտիզմ՝ ընտանեկան կառավարում: Գուցե ապագայում առաջին փոխվարչապետի պաշտոնը թույլ տա իշխանության փոխանցում իրականացնել ռուսական տանդեմի ձևով, որ 2011-ին արեցին Պուտինն ու Մեդվեդևը: Այդ սցենարն Ադրբեջանում կարող է իրականացվել մի քանի տարի անց, երբ ավարտվի Իլհամ Ալիևի նախագահության ժամկետը:
Մեհրիբան Ալիևան ունի համակարգային կառավարման փորձ, նա սովորական տնային տնտեսուհի չէ: Բաքվում հաստատում են, որ նա շատ լավ հարաբերություններ ուներ Հեյդար Ալիևի հետ: Ադրբեջանի պայմաններում, որտեղ իշխանության լիազորությունները կասկածի տակ չեն առնվում, նա բավականաչափ պատրաստված կառավարիչ է: Ադրբեջանում հաստատում են, որ ժողովուրդը նրան շատ է սիրում:


Զարդուշտ Ալիզադե, քաղաքագետ
-Ես կարծում եմ՝ Մեհրիբան Ալիևայի նշանակումը ոչ մի նշանակություն չի ունենա: Ադրբեջանում ամեն ինչ արդեն կայացած է, կայուն, հայտնի, հասկանալի, ոչինչ չի փոխվում: Հասկանալի է, որ Հեյդար Ալիևը այդ իշխանությունը թողել է իր որդուն, իսկ որդին համարում է, որ դա իր ունեցվածքն է, իր կալվածքը: Բնակչությունը դրա հետ ոչ մի կապ չունի՝ ոչ ընտրությունների, ոչ որևէ այլ գործի՝ նրանք պարզապես կողքից նայում են: Դիտորդների ազգ: Ոչինչ չի փոխվում՝ ոչ որոշումների ընդունման մեխանիզմը, ոչ որոշումների կատարման: Այդ պատճառով ես լիովին հանգիստ ընդունեցի այդ նշանակումը, որին շատերն էին սպասում: Ադրբեջանում չկա քաղաքականություն: Քաղաքականությունը՝ երբ մարդկանց խմբերը, կուսակցությունները մրցում են օրենքների կամ ինչ-որ կանոնների շրջանակում: Ադրբեջանում օրենքները չեն աշխատում, կուսակցություններ գործնականում չկան: Այդ պատճառով՝ չկա քաղաքականություն: Կան մի խումբ մարդիկ իշխանության մեջ, որ որոշում են ամեն ինչ:.
Թոֆիկ Աբասով. Բաքվի բազմամշակութայնության միջազգային կենտրոնի խորհրդական
-Մեհրիբան Ալիևան երկրում բարձր վարկանիշ ունի: Նա խորհրդարանի պատգամավոր է, շատ ակտիվ, արդյունավետ աշխատել է իր դիրքում, նշանակալից մասնակցություն է ունեցել նոր օրենքների ընդունման մեջ: Նա նախաձեռնել է մի քանի կարևոր նախագծեր հումանիտար ու մշակութային ոլորտներում: Զուգահեռ նա ղեկավարում է Հեյդար Ալիևի հիմնադրամը: Այդ հիմնադրամի միջոցներով կառուցվել են բազմաթիվ կրթական կենտրոններ, դպրոցներ, օգնության կենտրոններ: Մեր շատ հայրենակիցներ կուլիսային զրույցներում կամ հասարակական քննարկումներում հարց են բարձրացրել, որ ժամանակն է հրաժեշտ տալ տարբեր գերատեսչությունների անգործունակ ղեկավարների և եթե կա կադր, որ անցել է Հեյդար Ալիևի դպրոցը (Մեհրիբան Ալիևան նաև իշխող կուսակցության քաղխորհրդի անդամ է), ինչո՞ւ նրան չվստահել ինչ-որ կարևոր տեղամաս, որ օգտագործվի նրա կրեատիվությունը, և շտկվի իրավիճակը տարբեր ոլորտներում: Ես ինքս հասարակական կարծիքի շատ հարցումներ եմ արել: Տեսնում ենք, որ նշանակումը շատ դրական է ընդունվել:
Անցյալ տարի համաժողովրդական հանրաքվե անցկացվեց, որտեղ քննարկվում էին սահմանադրության լրացումները: Նախագահը առավել օպտիմալ հիմքի վրա իրավասությունների սահմանափակման նպատակով փոխնախագահի ինստիտուտ սահմանելու որոշում ընդունեց: Նախարարների կաբինետը բարձր վարկանիշ չունի՝ այդ պատճառով հասարակությունը բարձրացնում էր իշխանության սահմանափակման կառույցը փոխելու հարցը:
BBC


Հ.Գ. Թե որքան են Բաքվում հիացած առաջին տիկնոջ պաշտոնի բարձրացումով, վկայում են Թոֆիկ Աբասովի «հարցումները», որ, թերևս, կատարվել են նախքան նշանակումը: Ամեն ինչ հասկանալի է, բայց ի՞նչն է խանգարում Իլհամ Ալիևին Ադրբեջանը հայտարարել միապետություն և հանգիստ թագավորել՝ առանց սահմանադրություն ու ժողովրդավարություն խանգարելու: Դիտորդների ազգը հազիվ թե առարկի: Աշխարհն էլ հազիվ թե նկատի:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր կնոջը նշանակել է տեղակալ՝ ամրապնդելով ընտանիքի իշխանությունը՝ նախկին խորհրդային փոքր պետությունում, որ նավթ է արդյունահանում՝ գրել է Financial Times-ը: «Մեհրիբան Ալիևան կդառնա Ադրբեջանի առաջին փոխնախագահը՝ հայտարարել է Ալիևը հրամանագրով, որտեղ հստակ նշված չեն նրա պարտականությունները, փաստացի առաջին տիկինը նշանակվել է պետության երկրորդ մարդ և դա ամրացնում է նրա դիրքերը իբրև ամուսնու առավել հավանական իրավահաջորդ: Չնայած Արևմուտքի հետ հաշտությանը՝ Ադրբեջանում իշխում է ամենաերկարն իշխանության մեջ եղած դինաստիաներից մեկը և Ալիևների ընտանիքը փոփոխությունների առանձնակի պատճառներ չի տեսնում»՝ կարծում է Կասպյան տարածաշրջանի փորձագետ Քեյթ Մելիսոնը: Երկրի քաղաքական զարգացման ուղղությունն ակնհայտ էր կառավարության աստիճանական ապալիբերալացմամբ: Մեհրիբան Ալիևան, որ խորհրդարանի պատգամավոր էր և ղեկավարում է բարեգործական կազմակերպություններ, վաղուց է համարվում իր ամուսնու իշխանության ժառանգորդը:
Բայց ընդունեք, որ դա կլինի մեծ առաջադիմություն, երբ Ադրբեջանի նախագահը կին լինի՝ ժողովրդավարական ճիչ բռնապետական միապետությունում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1808

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ