Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Վարկանիշային տերևաթափ, համամասնական բերքահավաք

Վարկանիշային տերևաթափ, համամասնական բերքահավաք
24.02.2017 | 00:21

ՑՈՒԳՑՎԱՆԳ


Գարունն ահա խոստումնալից խնդմնդում է Մռավ լեռան քիչ ձյունապատ, սեգ կատարից։ Արցախում արդեն գարո՜ւն է։ Բայց մարտի 1-ը մեզ ժպտում է արցունքի միջից, զի օրն այդ «փառավորվեց» 3-րդ հանրապետության տարեգրքում որպես եղբայրասպանդի սգատուն։ (Մարտյան օրացույցում, արի ու տես, կարմիր ներկով նշագրված է միայն Մարտի 8-ը)։ Մարտ ամիսը, անշուշտ, խենթ է, բայց ապրիլն է տարակուսելի ամիս, զի երկիրն անկախ իր կամքից հեծնում է ժանգոտած կարուսելի անկենդան երիվարներն ու ընտրում իր բախտը կոփող խորհրդարանը։ Ապրիլն օրհասական հերոսամարտի ամիսն է, ապրիլին դարակազմիկ եղերերգության հերթական, այս անգամ 102-րդ տարեդարձն է։ Այլ կերպ ասած` ապրիլը գարնանային տերևաթափի ամիս է հայերիս, ցնծության շրջանն է կիսալուսնապաշտ հարևանների համար։ Սակայն հայոց գարունը, բարեբախտաբար, ավարտվում է բամբիռների նվագակցության ներքո, զի մայիսը նշագրված է որդան կարմիր երկու օրով` 9 մայիսի և մայիսի 28։
Առջևում դարի ջրբաժանն է, զի անհայտ է, անմեկնելի, թե գալիք ԱԺ-ն մեզ դրա՞խտ է ուղեկցելու, թե՞ քավարան։ Մի խոսքով, քառասուն օր անց դարձյալ փորձելու ենք զատել ցորյանն ու հարդը։

ԽՈՍՏՈՒՄՆԱՌԱՏ ՀԵՐԿՈՒԼԵՍՆ ՈՒ ՀԵՐՈՍ ՖԵԼԴՖԵԲԵԼԸ


Այսպիսով, եկեք կանխագուշակենք, թե քանի պատվարժան աթոռ և քանի՜-քանի վսեմաշուք իշոտնուկ կտեղադրվեն 2017-ի վարչապետաընտրյալ դահլիճում։ Կարծես թե իշոտնուկները դարձյալ մեծամասնություն են կազմելու, զի վճռաբեկ քաղցուցակներում գերակշռում են բազմադայլայլ քաղքծնողներն ու սրանց իգական տեսականին։ (Հիշատակե՞մ իշոտնուկակիրների անունները, չկա կարիք, զի գրիչս ապստամբում և դառնում է դասալիք ու քերում է «գազեթնի» տեսակի թուղթս, իսկ թուղթը չէ՞ որ ծառի ծնունդն է, ծառն իր հերթին բնաշխարհի զարդն է, ես հո չե՞մ դառնալու բնապահպանական աղետի հարուցիչ)։
Լավ, երբ այր-քծնողը շուլալվում է յուր առաջնորդի տաբատի ծալքին, նողկալի է, բայց և այնպես հասկանալի է։ Զի նա դրոշի անմշակ ձող է, ոչ փողփողուն դրոշ, երգեհոնի ոչ ոտնակ է, և ոչ էլ դաշնակ, ընդամենը փոշեհավաք տձև լաթ է։ Այսինքն, առանց ջերմեռանդ շուլալումների և երդվյալ գալարումների նա այս կյանքում կհայտնվի ճիշտ իր տեղում, այսինքն` կյանքի լուսանցքում։ Եվ կդառնա կնոջ աչքի փուշը, սիրուհու ոտնամանի տակ կկքի, մի խոսքով կտարրալուծվի ինչպես աղտոտ ճարպը կայարանամերձ բուֆետի լուլաքաբաբում։
Բայց երբ տիկնայք են քծնում-շուլալվում, խելակորույս զարմանքից քիչ է մնում գլխիվայր կանգնեմ։ Սակայն անցնենք առաջ։ Արգո Գագոն` Ծառուկյան, ներկա գործընթացներին հակադրվում է ինչ-ինչ առաջարկներով` գազի և էլեկտրաէներգիայի սակագների էական նվազեցմամբ, առողջապահական համակարգի ախտահանմամբ և այլն, և այլն։ Նախընտրական խոստումների շարան։ Հավատա՞նք այդ ամենին, ժամանակը ցույց կտա։ Անձամբ կարծում եմ, որ «բամփի դարաշրջանը» մեր իրականության փակված էջն է։ Ինչպես փակվել է իշխող կուսակցության 8-հատորյա երկրաշինիչ պատմությունը, բայց ողջ ՀՀԿ-ում դա տոնում է միայն նշյալ կուսակցության և հայոց պետության նախագահը։ Ըստ իս, ՀՀԿ ցուցակներում Սերժ Սարգսյանի բացակայությունը մի նշանակալից բան է խոստանում։ Այն է` Ազատիչը փորձության է տանում հանրապետականներին, զի վերջիններս ոտն ի գլուխ փորձության են ենթարկել 3-րդ հանրապետությունը։ Եվ, խնդրեմ, քաղաքական բազմաբևեռ փասիանսի նախավերջին արարում ՀՀԿ-ի նախագահը գերնրբորեն վերակառուցում է քաղաքական համակարգը և այս հանգամանքը ցնծությամբ է լցնում հոգիս, ցնծացեք և դուք, ընթերցողներ իմ պատվարժան, և ահա թե ինչու։ Հանրապետության ներկա նախագահը պետք է կերտի հանրապետության տեսանելի գալիքը ահա էսպես` երկրի բարձրագույն գործադիր կառավարիչը (այսօր` ՀՀ նախագահը, վաղը չէ, մեկել օրը` երկրի վարչապետն ու խորհրդանշական նախագահը) պետք է լինի ոտն ի գլուխ անկուսակցական։ Այլ կերպ ասած` երկրի ղեկակալ կառավարիչները պետք է թոթափեն քաղաքական նենգադավի լուծը։

Այս գերպրկված օրերի գլխավոր մեներգիչը ո՛չ Զարուհին է Փոստանջյան, ո՛չ էլ Վարդանն է Օսկանյան։ Գեներալ (ըստ հողմաղացյան աստիճանահարգման` գեներալ-ֆելդֆեբել) Մանվելն է օրվա գերհերոսը, որն այսօր արդեն ուրվագծում է գալիք ԱԺ-ի խմբիշխանական նոր ոգին ահա նման բանահյուսային-փողոցային իմաստասիրություններով. «Գեներալը պիտի ըլնի հարուստ, ո՞վ ա տեսե քյասիբ գեներալ», «ենթասպան պտի գողանա, դա հին սովետական բանակից ա գալիս», «հարսը չի կարում ավելը շարժի, քամակն ա շարժում» և այլն։ Մի խոսքով, գեներալ-ֆելդֆեբելը եռանդով խնամում է գալիք խորհրդարանի ավգյան ախոռները։ Եվ այս պահին ինձ (հուսամ` ձեզ ևս) մի հարց է անչափ հուզում, խորասուզում համաշխարհային պատմության խորխորատները։ Տեսեք, հինավուրց և սառնադեմ լուսնի ներքո ոչինչ հավերժ չէ, կործանվել են բազում կայսրություններ` հռոմեականն ու բյուզանդականը, թաթար-մոնղոլականը և գերմանա-ֆաշիստականը, կյանքից էլ անժամանակ հեռացել են Հաննիբալի և Ալեքսանդրի, Կեսարի ու Քենեդու կարգի կիսաառասպելական այրերը, հավերժ են միայն նորանկախական հայոց խմբիշխանությունը, և, մանվելա-շմայսա-խոսրովա-արտաշեսյան հարստությունը։


Բայց այս պահին գերպատմական երեք հարց է նվաստիս պարզապես բռնադատում-պատեպատ զարկում։ Նախ և առաջ Ծառուկյանն ի խորոց սրտի կռահո՞ւմ է, որ ստանձնելով խմբիշխանական ավգյան ախոռների մաքրողի հերկուլեսյան դերը` կամ պիտի գնա մինչև վերջ, կամ էլ կարժանանա համաժողովրդական բամփահարման։ Այնուհետև` ինչո՞ւ խմբիշխանության երեսփոխանական կոհորտան այսօր չի հայտարարում, թե գալիք 5 տարում երկրաքանդիչ ինչ ծառայություններ է մատուցելու իր «ընտրողներին», հայ հանրությանն ու համայն հայությանը։ Եվ վերջապես` ընդդեմ սիոնիստական նախագծերի կենսագործման ինչ դերակատարում են ստանձնելու խմբիշխանության վերոնշյալ, այլ առիթներով էլ բազմիցս հիշյալ խմբվոժդիկները։ Հատկապես նշանակալից է վերջին հարցը, զի մեր թերթի նախորդ ուրբաթյա համարում արթնամիտ քաղվերլուծաբան տիար Շաքարյանցի «Վիգեն Սարգսյանն Իրանում էր լուրջ իրադարձությունների նախօրեին» հրապարակումն ավարտվում էր ահա նման նշանավոր, իրազեկմամբ. «Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Հոսեյն Դեհանը դատապարտել է Իսրայելին` զավթված պաղեստինյան տարածքներում ռազմաբնակավայրեր ստեղծելու համար, որոնք սպառնալիքի տակ են դնում Մերձավոր Արևելքի անվտանգությունը և կոչ է արել` համաձայնեցված գործողություններ իրականացնել ընդդեմ սիոնիստական նախագծերի (Երևանին ուղղված ծայրաստիճան բացահայտ, անթաքույց առաջարկություն)»։ Արդ, ովքեր են ՀՀ-ի «համաձայնեցված գործողություններ» իրականացնող գլադիատորները։ Բայց և այնպես ամեն բան այնքան էլ անհույս չէ։ ՈՒղղակի եկեք տեսնենք, գնահատենք և հուզավառվենք կառուցողական գործընթացներով, որոնք առկա են, և որոնց պետք է թիկունք կանգնենք ազգովին և հանրորեն, զի եթե կա ֆելդֆեբել Մանվել, ապա չանտեսենք իսկապես ինտելեկտուալ Վիգենին Սարգսյան, չմոռանանք ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանին, ի վերջո` վարչապետին, ով կարծես թե պատերազմում է տնտեսաքաղաքական կայենների դեմ։

ԲԱՂՐԱՄՅԱՆ-13. ԽՈՍՔ ԵՐԱԽՏԻՔԻ


Բայց մի՞թե քնարական դադարի պահը չէ։ Եթե այո, ապա եկեք ունկնդրենք կերպարվեստի դասական Հակոբ Հակոբյանին, որը 2003-ին այս տագնապն ուներ. «Մեր մշակույթը մեկ հիմնական թերություն է ունեցել միշտ` ոչ թե հանճարի պակաս է եղել, այլ եղել է երկրի աղքատությունը, թագավորների և պետականության պակասությունը»։ Երիցս ճիշտ էր մեր վարպետը, զի այսօր թագավորների և պետականության մեծածավալ պակասորդ ունենք և ամպագոռգոռ հակապետականության ահռելի ավելցուկ։ Սակայն հուսալքման պատճառ չի՛ք, զի մերձիշխանական տեսաբանները մեզ համոզում են, որ երկիրը շենանում է, միայն թե դա պետք է նկատել։ Տեսաբանն այս բոլոր խմբիշխանությունների հավերժ ուղեկիցն է, գաղափարակիրը երդվյալ և փորձում է մրցակցել տիար Մանվելի հետ Գրիգորյան, լսենք նրան. «ՀՀԿ-ն տևական ժամանակ լինելով իշխանության մաս, արձանագրել է բավականին տպավորիչ հաջողություններ»։ Տեսաբան-մահապարտը Խոսրովն է Հարությունյան։ Կեցցե՛ս, տիար Խոսրով, զի հենց վաղվանից ես և ընթերցողներս արդեն կապրենք ՀՀԿ-ի տպավորիչ հաջողությունների տիրույթներում։

Սակայն ավելի նշանակալից է մեր երկխոսությունը երկրի միակ կառուցողական պատվար ՀՀ կառավարության հետ։ Հայ առողջ հանրությունը պետք է 14-րդ վարչապետի համար լինի վահան մեջքին և դագանակ վահանի տակ։ Այժմ անցնենք մշակույթի նախարար տիար Արմենին Ամիրյան, որը, անկեղծ ասած, շաբաթներ առաջ լրջորեն ահաբեկեց նվաստիս, խրոխտ ներկայացնելով ստորջրյա թանգարան կառուցելու ֆանտասմագորիկ գաղափարը։ Բայց վերջերս նա ամոքեց մեր սիրտն ու միտքը մայրաքաղաքի էլիտար կենտրոնում, Երևանի դրամատիկական թատրոնի անմիջական հարևանությամբ բնավորելով խամաճիկների պետական թատրոնը։ Կեցցե՛ս, և էլ երբեք չահաբեկես։

ՀՀ 14-րդ վարչապետը հսկայական ներդրումային ծրագրեր է իրականացնելու։ Արդեն վաղվանից։ Բայց կա խնդիր, ինչպես անել, որ 2 միլիարդ դոլարի (և ավելի) ներդրումը ծառայի պետականությանը և շրջանցի խմբիշխանությունը։ Անհնա՞ր է, ամենևին։ Հողմաղացյան առաջարկս ահա սա է` հայտարարել բաց մրցույթներ և էապես ֆինանսավորել հենց այն նախագծերը, որոնք բուն հայեցի արարող միտքն ու ձիրքը կենսագործելով էապես կզարգացնեն հայկական-ազգային պետական տնտեսությունը (կերպարվեստին առնչվող մի նախագիծ կներկայացնեմ ինքս)։

ՀԵՏԳՐՈՑ-ՄՐՈՑ
Հորդոր խմբիշխանության և կատաղի ընդդիմության այրաց և տիկնանց, մի՛ հոխորտացեք, զի հոգիներիդ խորքում քաջ գիտեք, որ մաքրամաքուր ընտրության դեպքում ձեզ կընտրեն մի 10 հոգի։ Նախ` ձեր սեփական ընտանիքը, հետո ինքներդ ձեզ և, վերջապես, պարտապան դրկիցը։ Զինչե՜ր ցուցանեցին առակներն այս անառակներին։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2793

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ