Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Վարչապետը արտահայտեց իր քաղաքական դիրքորոշումը»

«Վարչապետը արտահայտեց  իր քաղաքական դիրքորոշումը»
24.02.2017 | 00:25

Երկու շաբաթ առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը ի լուր աշխարհի հայտարարեց և խիստ հորդորեց նախարարներին ու գերատեսչության ղեկավարներին` չօգտագործել ձեռքի տակ եղած լծակներն ընտրությունների ժամանակ։ Նման հայտարարություններ արել են նաև նախկին վարչապետները, սակայն փորձը ցույց է տվել, որ իրականում լծակները գործի դրվում են։ Այս անգամ նշված հայտարարությունը կգործի՞։ Հիշյալ և կրթության, գիտության ոլորտում սպասվող ներդրումների մասին է զրույցը ԿԳ նախարար ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ։

-Վարչապետն այդ հայտարարությամբ հրապարակավ արտահայտեց իր քաղաքական դիրքորոշումը նման երևույթների նկատմամբ։ Նմանապես, երբ կրթության, գիտության ոլորտում նախարարն իր աշխատակիցներից, վարչական շրջանների ղեկավարներից, քաղաքապետարաններից պահանջում է չօգտագործել ադմինիստրատիվ լծակները։ Սա մեր դիրքորոշումն է կրթական համակարգում։ Որքանո՞վ կարող ենք նման երևույթից խուսափել. այնքանով, որքանով մեր հասարակությունը պատրաստ է լուրջ մոտենալու ընտրությունների գործընթացին։
-Այսինքն` մեղավորը կրկին ընտրողն է։
-Հարցը պետք է դիտարկել օրենսդրությունից ելնելով։ Ըստ նոր օրենսգրքի, յուրաքանչյուր ընտրատարածքում ռեյտինգային ցուցակներն են գործելու։ Հիմա պատկերացրեք, եթե ընտրություններին մասնակցելու է 5-7 կուսակցություն, ապա յուրաքանչյուրն ամեն ընտրատարածքում ներկայացնելու է 12-13 ռեյտինգային թեկնածու։ Եթե փորձեն օգտագործել ադմինիստրատիվ լծակները, ապա ի՞նչ է ստացվելու. յուրաքանչյուրը պետք է թակի դպրոցների դռները, օգնություն խնդրի` պատկերացնո՞ւմ եք այդ դպրոցների վիճակը։ Հավատացեք, որ նման երևույթը մարդկանց մեջ կառաջացնի հակադարձ ռեակցիա։ Ես չեմ կարծում, թե այս ընտրությունների ժամանակ հնարավոր լինի գործի դնել վարչական ռեսուրսները, քանի որ փոխված է ընտրությունների ձևաչափը։
-Գուցե վարչական ռեսուրսները գործի չդրվեն, բայց «իրարուտոցին» թեժ լինի։
-Կարծում եմ` ռեյտինգային ցուցակների դեպքում ավելի շատ կգործի համայնքային ընտրությունների ձևաչափը։ Եվ ընտրապայքարի մեջ մտած մարդու համար շատ բան պայմանավորված կլինի բարեկամների, մտերիմների թվաքանակով, շրջապատով և նման այլ գործոններով։
-Դպրոցի տնօրենների մեծ մասը հանրապետական է, իսկ Դուք` իրենց նախարարը, դաշնակցական, սա խնդիր չի՞ ստեղծի։
-Եվ դաշնակցական նախարարից, և դպրոցների հանրապետական տնօրեններից պետք է պահանջել, որպեսզի նրանք, ունենալով իրենց քաղաքական կողմնորոշումները, չօգտագործեն իրենց լծակները։ Եվ դրանով իսկ մարդկանց մեջ տհաճ ասոցիացիաներ չառաջացնեն։
-Պարոն նախարար, շատ է խոսվում նոր դասագրքերի ստեղծման ծրագրից, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև լուրջ ներդրումներ։ Այսօր հինը մերժելով նոր ծրագիր է առաջարկվում։ Ի վերջո, չե՞ք կարծում, որ պետք է այնպես անել, որպեսզի դասագրքաստեղծ գործընթացը երեք տարին մեկ չկրկնվի։
-Շատ կարևոր հարց եք բարձրացնում։ Օրերս մենք հրատարակիչների հետ քննարկում էինք այդ հարցը։ Ինչո՞ւ մենք չենք կարողանում որակյալ դասագրքեր ստեղծել։ Կարծում եմ` գլխավոր պատճառը փորձի պակասն է։ Խնդիրը կարգավորելու նպատակով մենք պարտավոր ենք կոնկրետ քայլեր ձեռնարկել։ Կարծում եմ` կրթության ազգային ինստիտուտում անհրաժեշտ է ձևավորել դասագրքաստեղծ կենտրոն` 5-7 բարձրակարգ աշխատակազմով։ Այն պետք է կարողանա ներկայացնել դասագրքի «աշխատանքի առաջադրանքը»` դասագիրք գրելու ձևաչափը ըստ տարիքային և մասնագիտական առանձնահատկությունների։ Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք մեր համալսարաններից մեկում ներդնելու մագիստրոսական հատուկ դասընթաց։ Դասագիրք գրելը շատ լուրջ գիտական խնդիր է, և մենք պետք է օգնենք հրատարակիչներին ու հեղինակներին, որպեսզի նրանք պատկերացնեն, թե ինչպիսին պետք է լինի յուրաքանչյուր դասագիրքը։
-Ե՞րբ է ստեղծվելու այդ կենտրոնը։
-Նախատեսում ենք այն այս տարի ձևավորել` կրթության ազգային ինստիտուտի վերակառուցման ծրագրի շրջանակներում։
-Պարոն նախարար, վերջերս Դուք նշել էիք, որ այն ծրագրերը, որոնք ենթադրում են շարունակականություն, 2017 թվականին շարունակվելու են, և ընդգծել էիք, որ 2016-ին իրականացված և 2017-ին նախատեսվող ներդրումային ծրագրերը թվով 44-ն են: Այս տարի քանի՞ ծրագիր կմեկնարկի, և դրանցից որո՞նք են իրականացվելու մասնավոր ներդրումներով, և որո՞նք` վարկային ծրագրերով։
-Ամենամեծ ֆինանսական ծավալը բաժին է ընկնում «Կրթության բարելավում» վարկային ծրագրին, որի արժեքը՝ ներառյալ ՀՀ կառավարության ներդրումը, կազմում է 37,5 մլն դոլար. Համաշխարհային բանկի մասնաբաժինը կազմում է 30 մլն դոլար, և 7,5 մլն դոլար` ՀՀ կառավարության ներդրումը: Հաջորդը «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» ծրագիրն է, որն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ, որի ընդհանուր գումարը կազմում է 825 հազար ԱՄՆ դոլար:
Կրթության ոլորտում իրականացվող մասնավոր ներդրումներից կառանձնացնեի «Այբ» դպրոցում շարունակվող շինարարության և ուսումնական տարածքի ընդլայնման աշխատանքները, որի ծավալը 2016-2017 թթ. համար շինարարական աշխատանքների ուղղությամբ կազմել է մոտ 3,4 մլն դոլար: «Այբ» կրթական հիմնադրամի կրթաթոշակները աշխարհի լավագույն համալսարաններում սովորող ուսանողների համար, ինչպես նաև դպրոցական միջազգային և տեղական մրցույթների մասնակցության համար՝ 1,3 մլն դոլար:
Ներդրումային հաջողված ծրագիր է իրականացվում նաև «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» կողմից. Դեբեդում կառուցվում է SMART կենտրոն, որտեղ լրացուցիչ կրթական ծրագրեր են իրականացվելու, և դրանով իսկ ակնկալվում է ներդրումների նոր խթան. 2016 թվականին կատարված ներդրումները կազմել են 1, 7 մլն դոլար, իսկ 2017-ին ակնկալվում է մինչև 2,8 մլն դոլար:
Ներդրումային ծրագրեր են իրականացվում նաև բուհերում՝ հիմնականում դրամաշնորհային տարբեր ծրագրերի միջոցով. մասնավորապես ՀՀ բուհերում դրամաշնորհներից 2017 թվականին ակնկալվում է մոտ 4,4 մլն դոլարի ներդրում:
2017-ին պետք է ուժեղացնենք նաև գիտության բլոկը՝ մասնավորապես Հայաստանի Հանրապետությունն արդեն անդամակցում է «Հորիզոն 2020» ծրագրին, որը գիտության ոլորտի ֆինանսավորման մեջ կարող է արմատական փոփոխություն մտցնել։ Այստեղ լուրջ խնդիր կա, քանի որ Հայաստանի գիտնականներին անհրաժեշտ է նախապատրաստել, որպեսզի նրանք կարողանան գիտական արդյունքը վերածել բիզնես ծրագրի: «Հորիզոն 2020» ծրագիրն այստեղ՝ Հայաստանում, կունենա գրասենյակ, որն այդ հարցում կաջակցի մեր գիտնականներին: Մենք պետք է կարողանանք օգտվել ստեղծված իրավիճակից և փորձենք մոտենալ միջազգային հետազոտական համալսարանների չափանիշներին։ Ընդհանուր առմամբ անցած 2016 թվականին գիտության ոլորտում իրականացվել է 10 ներդրումային ծրագիր` մասնավորապես խոշոր ֆինանսական ներդրումը «ՔԵՆԴԼ» ծրագիրն է, որտեղ 2016 թվականին 237 մլն դրամ ներդրվել է Շվեյցարիայի (Paul Scherrer Institut (PSI)), 9,5 մլն դրամ` Գերմանիայի կողմից, 2017-ին ակնկալվում է 180 մլն դրամի ներդրում Գերմանիայից:


Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2713

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ