Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Ռուսաստանը պատահաբա՞ր էր ռմբակոծել թուրքերին, թե՞...

Ռուսաստանը պատահաբա՞ր էր  ռմբակոծել թուրքերին, թե՞...
24.02.2017 | 00:29

Համեմատաբար վերջերս ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դարձյալ շտապեց: Մի կողմից, ոչ մի ծայրաստիճան արտասովոր բան չի արել, նա պարզապես մեկ անգամ ևս հաստատեց այն, ինչն առանց այդ էլ տասնամյակներ ի վեր հայտնի էր. թե հենց Թուրքիան է տարածաշրջանում ԱՄՆ-ի ամենակարևոր ու ամենալավ դաշնակիցը: Իսկ մյուս կողմից, Իրանին «ահաբեկչական պետության» պիտակ փակցնելուց և Իրանի սահմանադրական կառույց հանդիսացող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ահաբեկչական կազմակերպությունների կարգին դասելու մտադրության հրապարակումից անմիջապես հետո Թրամփը խիստ պատասխան ստացավ և՛ իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիի, և՛ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի կողմից: Երևի «նեղացել էր» և որոշել էր Իրանի նախագահին հրապարակայնորեն խորհուրդ տալ, որ «զգույշ արտահայտվի»: Հայաստանի և աշխարհասփյուռ հայության համար Թրամփի այդ «հեռահար հայտերը» պետք է ծրագրային դառնան. դրանք կօգնեն հասկանալու, թե ում է մտադիր հրահրել մորմոն հանրապետականը ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ Անդրկովկասում՝ կապված հրատապ խնդիրների ամբողջ սպեկտրի հետ: Հիմք ընդունելով Թրամփի հրապարակային արտահայտությունները, հայությունը պետք է խափանի մեր այն հայրենակիցների շահարկումները, ովքեր փողով կամ նույնիսկ անվճար կոկորդ են պատռում հօգուտ ԱՄՆ-ի և Հայաստանի ամերիկյան կողմնորոշման: Որովհետև հստակ նկատելի է, որ Վաշինգտոնը «նոր սիրախաղ» է սկսել թուրքերի հետ, իսկ Իրանի վրա ամերիկացիներն էլի ատամ են «կրճտացնում». ամեն ինչ ճիշտ այնպես, ինչպես կամեցել է Իսրայելը:

Ի դեպ, Թրամփի հերթական ռեպլիկին Իրանի իշխանությունները դեռ չեն պատասխանել: Բայց պատասխանել է տարածաշրջանում Իրանի մերձավոր դաշնակիցներից մեկը՝ լիբանանյան «Հըզբոլլահ» կուսակցությունը: Նրա առաջնորդ շեյխ Հասան Նասրալլան, ինչպես փետրվարի 12-ին հաղորդել է «Associated Press» գործակալությունը, բառացիորեն ուրախացած Թրամփի խոսքերից, ասել է. «Մենք շատ լավատեսորեն ենք տրամադրված այն կապակցությամբ, որ մի տխմար է եկել Սպիտակ տուն և հիմարություններ է դուրս տալիս»: Նրա ասելով, ներկայումս «Հըզբոլլահ» շարժումը շատ ավելի ուժեղ է, քան 1980-ականների սկզբին և չպետք է անհանգստանա Արևմուտքի ու Իսրայելի սպառնալիքների պատճառով: Իսկ համաշիական շարժումը տարածաշրջանում ավելի ու ավելի հուժկու է դառնում: Հասկանալի է, որ եթե անգամ շեյխ Նասրալլան կոնկրետ իր այդ հայտարարությունը Իրանի հետ համաձայնեցրած չլինի, միևնույն է, դրա իմաստը համահունչ է այն ընդհանուր գաղափարներին, որոնք Թեհրանը միավորում են Իրաքի, Սիրիայի, Լիբանանի և այլ երկրների շիաների հետ: Այնպես որ, լիովին կարելի է ասել, որ շեյխ Նասրալլայի շուրթերով Դոնալդ Թրամփին ինքը Իրանն է պատասխանել:


Մեզ, այնուամենայնիվ, հետաքրքրում է մեկ այլ միջադեպ, որ տեղի է ունեցել փետրվարի 9-ին՝ Թուրքիայի և Իրանի մասին Թրամփի հայտարարությունների ու շեյխ Նասրալլայի խրոխտ պատասխանի միջև ընկած ժամանակամիջոցում: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի կայքում հաղորդվել է հետևյալը. «Փետրվարի 9-ին՝ ժամը 8:40-ին, «Իսլամական պետության» (ԻՊ) նպատակակետերին օդային հարվածներ հասցնելու գործողության ժամանակ տեղի է ունեցել մի միջադեպ, որի հետևանքով ռուսական ռումբն ընկել է թուրք զինվորականների տեղակայման վայրի վրա, 11 թուրք զինվորական վիրավորվել է, երեքը՝ սպանվել»: «ՌԴ-ի ռազմական ինքնաթիռները ԻՊ-ի դիրքերը ռմբակոծելիս պատահաբար խոցել են այն շենքը, որտեղ գտնվում էին «Եփրատի վահանը» գործողությանը մասնակցող թուրք զինվորականներ»,- ընդգծել է թուրքական գերատեսչության ներկայացուցիչը: Նկատենք՝ հենց Թուրքիայի գլխավոր շտաբն է ընդգծել, որ դժբախտ դեպք է եղել, և որ հետաքննությունը կատարում են երկու կողմերը: Ամեն ինչ լավ կլիներ, եթե անհանգստություն չպատճառեր երկու հարց.


1) պատահակա՞ն է, արդյոք, որ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի (ՌՏՈՒ) ոչ դիտավորյալ գրոհը տեղի է ունեցել հատկապես Թուրքիայի և Իրանի մասին Թրամփի խոսքերից հետո, եթե նկատի առնենք, որ հենց վերջերս էին ռուսներն ու թուրքերը համատեղ ավիահարձակումներ սկսել ընդդեմ ահաբեկիչների,
2) պատահակա՞ն է, արդյոք, որ միջադեպը տեղի է ունեցել... Էլ-Բաբ քաղաքի մոտ, որը թուրքերը չեն կարողանում վերցնել ահա արդեն ավելի քան չորս ամիս, իսկ հունվարին այդ քաղաքին մոտեցան նաև Սիրիայի կանոնավոր բանակի ստորաբաժանումներն ու շիա աշխարհազորայինները: Իհարկե, նրանց հետ էին նաև ԻՀՊԿ-ի իրանական ռազմական խորհրդականները: Էլ-Բաբի շրջանում տեղի ունեցած ողբերգության մասին առաջին հաղորդագրություններից անմիջապես հետո, երբ դեռ ճշտվում էր, թե հատկապես ում ավիացիան է հարված հասցրել թուրքական դիրքերին, հեռախոսային խոսակցություն տեղի ունեցավ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի միջև: Ռուսաստանի ղեկավարը ցավակցություն հայտնեց թուրք պաշտոնակցին, իսկ այդ խոսակցության մասին տեղեկությունից մոտավորապես 20 րոպե հետո թուրքական հրամանատարության ներկայացուցիչները առաջին անգամ հայտարարեցին միջադեպին ռուսական ՌՏՈՒ-ի մասնակցության մասին: Ինչպես ավելի ուշ հայտարարեց Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Ռուսաստանի ՌՏՈՒ-ն Սիրիայում հարված հասցնելիս առաջնորդվել է Թուրքիայի տրամադրած կոորդինատներով, համաձայն որոնց, այդտեղ թուրք զինվորականներ չպետք է լինեին: Նա պարզաբանեց, որ իրավիճակը հասկանալի է երկու կողմերին էլ, ոչ մի վիճելի հանգամանք չի առաջացել, ինչպես նաև ընդգծեց, որ անհրաժեշտ է կատարելագործել տեղեկությունների փոխանակությունը համատեղ գործողություններ իրականացնելիս: «Ակնհայտ իրավիճակ է, ցավոք: Մեր զինվորականները ահաբեկիչներին հարվածներ հասցնելիս առաջնորդվել են այն կոորդինատներով, որ մեզ տրամադրել էին թուրք գործընկերները, և այդ կոորդինատների սահմաններում թուրք զինվորականներ չպետք է լինեին: ՈՒստի և հետևել են այդ ոչ դիտավորյալ հարվածները»: Այն հարցին, թե արդյո՞ք դա թուրքական հետախուզության սխալն է, որը Ռուսաստանին սխալ կոորդինատներ է հաղորդել, Պեսկովը պատասխանել է. «Դա եղել է չհամաձայնեցվածություն՝ կոորդինատների տրամադրման գործում»:


Երբ տարբեր ուժեր, առավել ևս տարբեր պետություններ մեկ խնդիր են լուծում, պետք է լինի հզոր կոորդինացնող շտաբ՝ լեզվի լավ իմացությամբ և լավ մասնագետներով համալրված, որպեսզի աշխատեն որպես միասնական ամբողջություն: Դա այն է, ինչ ցանկացած երկրի զինվորականներն անվանում են «սերտ գործակցություն»: Հավանաբար, Էլ-Բաբի մոտ նման գործակցություն ուղղակի չի եղել, կամ էլ թարգմանիչներն են թույլ եղել, իսկ ռազմական տերմինաբանությունը հեշտ չէ, առավել ևս, եթե դեմ դիմաց ռուսներ ու թուրքեր են: Կամ ինչ-որ տեղ սեփական զորքերի ու հակառակորդի զորքերի տեղակայման վերաբերյալ տեղեկության բավարար փոխանակություն չի եղել: Ինչ-որ բան է տեղի ունեցել փոխգործակցության մակարդակում, որովհետև եթե կա ընդհանուր խնդիր, ընդհանուր նպատակ, ապա բոլորը պետք է աշխատեն միասնական քարտեզով, տվյալների միասնական համակարգով ու միասնական պլանով: Բայց հարցն այն է, որ մի երկու-երեք օր մտածելուց հետո Անկարան հանկարծ սկսեց պնդել, թե, իբր, թուրք զինվորականների կոորդինատները ժամանակին հաղորդված են եղել Ռուսաստանի ՌՏՈՒ «Հմեյմիմի» բազայի հրամանատարությանը: Համաձայնենք, որ թուրքերը, ու երևի ոչ առանց ԱՄՆ-ի Պենտագոնի նոր ղեկավար «Կատաղած շան»՝ գեներալ Ջեյմս Մատիսի «խորհուրդների», որոշել են իրենց ներկայացնել իբրև «տուժած կողմ»: Բացի այդ, փետրվարի 11-ին մի շարք լրատվական գործակալություններ հաղորդել են, որ Էլ-Բաբի սարահարթում զինված բախումներ են տեղի ունեցել Սիրիայի կառավարական զորքերի և թուրքամետ զինյալների միջև: Եվ դա եղել է այն շրջանում, որտեղ ռուսական ՌՏՈՒ-ն ռմբակոծել է թուրքական դիրքերը: Չէի՞ն կարող, արդյոք, այդ կերպ Սիրիայի պետական բանակի ներկայացուցիչները գիտակցաբար սխալ ուղղորդում տալ Ռուսաստանի ՌՏՈՒ-ին, որպեսզի դրանից տուժեն թուրքերը: Դե, իսկ եթե ավելի անկեղծ լինենք՝ իրանցինե՞րն են «խորհուրդ տվել» սիրիացիներին:


Բայց, դատելով ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունից, որ փետրվարի 11-ին տարածել էր ԼՁԸՀ-ՁԸհհ-ը, Ռուսաստանի զինվորական հրամանատարությունը հիանալի էր գիտակցում, թե ինչ է կատարվում և, ավելին, այդ ամենը կանխավ համաձայնեցրել էր թուրքերի հետ. «Փետրվարի 11-ին Հալեպի նահանգի հյուսիս-արևելքում ձեռնարկված հարձակմամբ Սիրիայի զինված ուժերի ստորաբաժանումները Ռուսաստանի ՌՏՈՒ-ի ավիացիայի աջակցությամբ ԻՊ-ի ահաբեկիչներից ազատագրել են Տադեֆ բնակավայրը, որը զինյալների առավել ամրացված ֆորպոստն է Էլ-Բաբ քաղաքի մատույցներում: Հարձակման շնորհիվ սիրիական կառավարական զորքերը հասել են թուրքական կողմի հետ համաձայնեցված սահմանազատման գծին»: ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով, կառավարական ուժերը ոչնչացրել են ավելի քան 650 զինյալի, երկու տանկ, չորս ՀՄՄ, ինչպես նաև մեծ անցունակությամբ 18 ավտոմեքենա՝ դրանց վրա տեղադրված ծանր սպառազինությամբ և այլ տեխնիկայով հանդերձ: Այ, այսպես: Հունվարի վերջին, հիշեցնենք, Սիրիայի, Լիբանանի լրատվամիջոցները, օրինակ, «Ալ-Մանալ» հեռուստատեսությունը, հաղորդում էին, որ սիրիական զորքերն արդեն գտնվում են Էլ-Բաբից 5, ապա՝ 3 և, վերջապես, մեկուկես կիլոմետր հեռավորության վրա: Եվ հասկանալի էր, որ հարձակվում են սիրիացիներն ու շիա աշխարհազորայինները՝ հարավային և արևելյան ուղղություններից, որովհետև այդ քաղաքը հյուսիսից և արևմուտքից շրջափակված է «սիրիական ընդդիմության» կազմավորումների ու թուրքոմանների կողմից, որոնց աջակցում են թուրք զինվորականները: Վերջապես, ուշադրության առնենք ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության նաև այս մասը. «Բացի այդ, լիովին հսկողության տակ է առնվել Ռաքքա քաղաք տանող ճանապարհը, որով իրականացվում էին Էլ-Բաբ քաղաքում գտնվող ավազակային կազմավորումների զինամատակարարումները»:


Այսպիսով, հիմա հասկանալի է Սիրիայի, Իրանի զինվորականների, շիա աշխարհազորայինների և Ռուսաստանի համատեղ, ինչպես ինձ թվում է, գործողության էությունը: Ռաքքան կամ Էր-Ռաքքան, հիշեցնեմ, Սիրիայում գործող ահաբեկիչների տխրահռչակ «մայրաքաղաքն» է, միաժամանակ նաև Սիրիայի՝ գազով և նավթով ամենահարուստ նահանգի վարչական կենտրոնը: ՈՒրեմն, կամ թուրքերին են ստիպել հաշվի նստել այն բանի հետ, որ իրենց արգելված է անցնել Էլ-Բաբի հյուսիսային և արևմտյան արվարձաններից, և թուրքերը դրա հետ հարկադրաբար հաշտվել են, կամ էլ թուրք զինվորականներին ակնբախորեն նախազգուշացրել են, թե ինչ կպատահի իրենց, եթե փորձեն ընդդիմանալ Իրանի ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարի տեղակալ բրիգադային գեներալ Ռասուլ Սանայի Ռադի դեռ մեկ ամիս վաղեմության այն հայտին, որ Սիրիան, իրանական ռազմական խորհրդականներն ու «Հըզբոլլահ» կուսակցության աշխարհազորայինները մոտ ժամանակներս կազատագրեն Հոմսի նահանգը, Ռաքքայի նահանգն ու Թադմոր (Պալմիրա) քաղաքը և Սիրիայի այլ ռազմավարական կարևոր կետեր ու տարածքներ, ինչպես նաև կավարտեն Մոսուլի ազատագրումը: Էլ-Բաբում տիրող իրադրության կատակերգականությունն ու արտասովորությունն այն է, որ այստեղ, ինչպես ժամանակին Հալեպում, ներկա են նաև ամերիկյան հատուկ նշանակության ուժեր, ինչն օրերս հաստատել է ԱՄՆ-ի ազդեցության մոսկովյան գործակալ, լրագրող Պավել Ֆելգենհաուերը: Վաշինգտոնի պնդմամբ, նրա վայ-ռազմիկները Էլ-Բաբում են, որ ի հայտ բերեն նպատակները և ճշգրտեն հակա-ԻՊ-ական կոալիցիայի ուժերի հնարավոր օդային հարվածները: Իսկ իրականո՞ւմ: Հալեպում մոտ 150 հատուկջոկատայիններ ԱՄՆ-ից, Թուրքիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Իսրայելից և մի շարք արաբական երկրներից կռվել են իսլամիստ ահաբեկիչների շարքերում, թեկուզ, միգուցե, ոչ ԻՊ-ի ավազակախմբերում: Եվ դրանից հետո ո՞վ երաշխիք կտա և ինչպե՞ս երաշխիք կտա (եթե տա էլ) այն բանի, թե ամերիկյան հատուկ նշանակության խումբը Էլ-Բաբում կհամագործակցի Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի և շիա աշխարհազորի հետ:
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2371

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ