Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ով էլ դեֆակտո լինի ուժի կենտրոնը, նրան էլ ենթարկվելու է քաղաքական մեծամասնություն կոչվածը

Ով էլ դեֆակտո լինի ուժի կենտրոնը, նրան էլ  ենթարկվելու է քաղաքական մեծամասնություն կոչվածը
24.02.2017 | 00:32

Կուսակցությունների և դաշինքների նախընտրական ցուցակների հրապարակումը, բնականաբար, մեծ հետաքրքրություն է առաջացրել, քանի որ դրանից է նախ և առաջ բխում, թե իրականում քաղաքական ուժերն ինչ մեսիջներ են ցանկանում հասարակությանն ուղարկել։ Նաև դրանով պայմանավորվում են այս ընտրարշավում նրանց հիմնական ռազմավարությունն ու դրանից ածանցվող մարտավարությունը։


Որքան էլ բոլոր ցուցակների նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, սակայն գլխավոր ինտրիգներից մեկն առաջատար համարվող քաղաքական ուժերի առաջնորդների նկատմամբ է։ Այս առումով առանձնանում է հետաքրքրությունն իշխող կուսակցության նկատմամբ։ Բոլորն էլ ընդհանուր առմամբ հասկանում են, որ գլոբալ արդյունքի առումով ընտրությունները, ցավոք, կանխատեսելի են։ Կարող են, իհարկե, լինել որոշակի նյուանսներ, սակայն, թերևս, փաստ է, որ հերթական անգամ ընտրությունները կանխատեսելի են։ Թեև առաջին հայացքից մասնակիցների առումով լուրջ մրցակցային ընտրություններ են սպասվում՝ 9 քաղաքական ուժ (5 կուսակցություն, 4 դաշինք), անգամ կոմունիստական կուսակցությունը հանկարծակի վերակենդանացավ, սակայն իրական գործուն ուժ և հակակշիռ իշխանություններին, այնուամենայնիվ, չի նշմարվում։


Պարզ է, որ լրատվական դաշտում, փորձագիտական շրջանակներում առավել մեծ ուշադրություն կա իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի նախընտրական ցուցակի նկատմամբ։ Պատահական չէ, որ շատ լուրջ, նույնիսկ իրարամերժ վերլուծություններ էին արվում դրա վերաբերյալ։ Անդրադառնալով ՀՀԿ պատգամավորացուներին՝ նշենք, որ հանրապետական կուսակցության վարկանիշային և համամասնական ցուցակները շատ տարբեր են։ Տարբեր են գաղափարախոսությամբ և, փաստորեն, քաղաքակրթական ցենզով։ Բոլորն արձանագրեցին, որ ՀՀԿ համամասնական ցուցակը բավականին ֆիլտրված է, ապաքրեականացված։ Համենայն դեպս, ֆասադային մասով ազատված է մականունավոր գործիչներից։ Այս առումով պարզ ուղերձ է, որ քաղաքական սերնդափոխության կարգախոսը, որ վերջին մեկ տարում Բաղրամյան 26-ից անընդհատ շեշտադրվում էր, ֆորմալ առումով ապահովված է, և ցույց է տալիս, որ անկախ նրանից, ցուցակում ընդգրկված այս կամ այն անձինք հանրության համար ընդունելի են, թե ոչ, այնուհանդերձ, օդիոզ ֆիգուրները, որոնք երբեմն նույնիսկ մարազմատիկ տպավորություն էին ստեղծում հանրապետականի վերաբերյալ, չկան «շնորհանդեսային» ցանկում։ Առաջին տասնյակում, լավ թե վատ, հիմնականում քաղաքական գործիչներ են, և ցուցակից, ինչպես ասում են, քաղաքական հոտ է գալիս։ Անկախ նրանից, որ այնտեղ կան քաղաքական գործիչներ, որոնք, այնուամենայնիվ, բավականին լուրջ հակակրանք են առաջացնում հանրության որոշ հատվածի մեջ։


Երկրորդ ուղերձը, որ նկատում ենք ՀՀԿ ցուցակում, խոսում է այն մասին, որ վերահսկիչ փաթեթն այնուհանդերձ ամբողջովին երկրի ղեկավարի մոտ է։ Մասնավորապես, առաջին տասնյակից էլ զգացվում է, որ այնտեղ երիտասարդական թևի ներկայացուցիչներն են, որոնց ժամանակին ընտրել և սկսել է աճեցնել դեռևս նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, իսկ այնուհետև այդ ժառանգությանը շարունակել է տեր կանգնել անձամբ Սերժ Սարգսյանը։ Այսինքն՝ նրանք այն մարդիկ են, որոնք իրենց քաղաքական կարիերայով պարտական են նախ՝ Անդրանիկ Մարգարյանին, այնուհետև՝ Սերժ Սարգսյանին։ Դա վերաբերում է թե՛ Վիգեն Սարգսյանին, թե՛ Արմեն Աշոտյանին, թե՛ Էդուարդ Շարմազանովին և այլոց։


Ինչ վերաբերում է Տարոն Մարգարյանին, ապա նա, որոշ փորձագետների կարծիքով, ինչ-որ չափով դիտարկվում է որպես կամուրջ հնի և նորի միջև։ Հների համար նա նախ և առաջ Անդրանիկ Մարգարյանի որդին է։ Հանրապետականում սերունդների միջև կապը որոշ չափով պահպանվում է նաև հոգեբանական, էմոցիոնալ հարթության վրա։ Բացի այդ, այս ընտրություններից հետո շատ արագ՝ 1,5 ամիս անց կայանալու են Երևանի ավագանու ընտրությունները, և Տարոն Մարգարյանը, ամենայն հավանականությամբ, նորից լինելու է հենց հանրապետականի քաղաքապետի թեկնածուն, ուստի այսպիսով մեկնարկ է տրվում նաև քաղաքապետի ընտրություններին։


Եվս մեկ նրբերանգ, որ կա ՀՀԿ նախընտրական ցուցակի հետ կապված. քաղաքական և լրատվական դաշտը մեծ ուշադրություն է դարձնում ինտրիգների վրա, ու կարծես թե ցուցակում բավականին համեստ է վարչապետի թիմի ներկայությունը։ Եվ ինչպես մեզ մոտ ընդունված է, անմիջապես եզրահանգեցին, որ այդպիսով նախագահը թուլացրել է գործող վարչապետի դիրքերը, փոխարենը շատերն արձանագրում էին, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ որպես Սերժ Սարգսյանի աճեցրած և ամենահավատարիմ կադր, ապագայում կդառնա կամ ԱԺ նախագահ, կամ վարչապետ՝ 2018-ից հետո։
Ամեն դեպքում դա բավականին մակերեսային պատկերացում է։ Նախընտրական արշավը սկսվելուն պես, ամենայն հավանականությանբ, բոլորը կհամոզվեն, որ Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան քաղաքական տանդեմը կատարելու է ընտրարշավի առաջին ջութակի դերը։ Ընդ որում, ռեբրենդինգի ենթարկված ՀՀԿ-ի թիվ մեկը լինելու է հենց նոր դեմքը՝ Կարեն Կարապետյանը։


Սակայն եթե ցուցակների ձևավորմանը մոտենանք քաղաքական և տեխնոլոգիական տեսանկյունից, ապա հասկանալի է, որ քաղաքական այդ տանդեմը մի քանի հարթության մեջ է հարցերը լուծում։ Առաջին հերթին՝ արտաքին աշխարհի, ներառյալ հայաստանյան ներքաղաքական դաշտի և հանրության համար։ Այդ առումով իշխանությունը փորձում է ցույց տալ, որ մաքուր ցուցակով և նոր թիմով է գալիս։ Այդ մասին վերջերս զինվորականների հետ հանդիպման ժամանակ ասաց Սերժ Սարգսյանը։ Գուցե ծանոթ դեմքեր են, սակայն բոլորովին նոր թիմ։ Սա է մեթոդոլոգիան։ Վարչապետի թիմ կոչվածը հիմնականում կազմված է երիտասարդ, կրթված կադրերից, որոնք, սակայն, ՀՀԿ ցուցակին առանձնապես ոչինչ չեն տալիս, քանի որ գրեթե բոլորն առայժմ անծանոթ են հանրությանը և չեն հասցրել, այսպես ասած, «ռասկրուտկա» լինել։ Բայց դա, հասկանալի է, ընդամենը ժամանակի հարց է:
Ընտրություններն ունեն իրենց նրբությունները։ Ցանկացած թեկնածու, որ դրված է մանավանդ ֆասադային մասում, ինչ-որ թիրախային խմբի վրա պետք է աշխատի։ Այս պարագայում ոչինչ չասող անուն-ազգանունով և կուսական հեղինակությամբ մարդիկ ձայներ չեն կարող բերել կուսակցությանը։ Եվ այդ տեխնոլոգիայից ելնելով՝ որոշվել է, որ, այնուամենայնիվ, ցուցակի առաջին հորիզոնականներում լինեն մարդիկ, որոնք ծանոթ են, ընկալվում են որպես քաղաքական կերպար, գուցե անվիճելի չեն, սակայն, այնուամենայնիվ, քաղաքական դեմք են, և յուրաքանչյուրն ինչ-որ ուղերձ է հղում հասարակությանը, ինչ-որ միկրոթիրախային խմբերի։ Երևի թե հիմնականում դրանով է պայմանավորված, որ վարչապետի երիտասարդական թիմն ուղղակիորեն ներկայացված չէ ՀՀԿ համամասնական ցուցակի ֆասադային մասում։ Ավելին, քանի որ ընտրությունն այնպիսի միջոցառում է, որ կայանում է համապետական մասշտաբով ու շփվում է շատ տարբեր քաղաքակրթական, կրթական ցենզ ունեցող հանրության հետ, ապա հաշվի առնելով բնակչության նախասիրությունները՝ յուրաքանչյուրի համար ցուցակի մեջ պետք է համապատասխան մարդ լինի, ում անունը տեսնելով՝ հանրության տարբեր շերտերը կարձագանքեն։ Այդ պատճառով ցուցակում ընդգրկվում են և՛ քաղաքական գործիչներ, և՛ մարդիկ, որոնք աշխատում են տարբեր թիրախային խմբերի համար։ ՈՒստի գուցե ոչ առաջին տեղերում, սակայն ավելի հետին հորիզոնականներում կան անձինք, որոնք սպասարկում են տարբեր ճաշակ, արժեքային համակարգ ունեցող հանրության հետաքրքրությունները։ Սա է եղել ցուցակ կազմելու սկզբունքը. ֆասադը լինի զուտ քաղաքական, իսկ հետագա տեղերում ունենալ, այսպես ասած, կոնկրետ ձայն ապահովող մարդիկ։ Լուծվել է և՛ քաղաքական, և՛ պրագմատիկ հարց։


Եվ վերջապես ցուցակը կազմելու մյուս սկզբունքը. երբ քաղաքական որոշում ընդունվի, թե 2018 թվականից հետո ով է ղեկավարելու երկիրը, ակնհայտ է, որ խորհրդարան մտնող այս թիմը գրեթե 90 տոկոսով դառնալու է կոնկրետ այդ մարդու` ապագա վարչապետի հենարանը։ Մեր համակարգն այնպիսին է, որ միշտ ենթարկվում է նրան, ով այդ պահին իշխանության ղեկին է։ Այնպես որ՝ ՀՀԿ ցուցակի երիտասարդները և մոդելային արտաքին ունեցող աղջիկները եթե հայտնվեն խորհրդարանում, նրանց համար գլոբալ առումով սկզբունքային նշանակություն չունի, թե տվյալ պահին ով է լինելու վարչապետ։ Ով էլ դեֆակտո լինի ուժի կենտրոնը, նրան էլ ենթարկվելու է քաղաքական մեծամասնություն կոչվածը։


Այս առումով, ի դեպ, առանձնակի նրբերանգ է ստանում օրերս «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում վարչապետ Կարապետյանի ուղղակի ակնարկը, որ, ի տարբերություն այս ընտրարշավի, 2018-ին այլևս իրական խոչընդոտ չի ունենալու, այդ թվում՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու համար:


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1951

Մեկնաբանություններ