Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Մենք չենք ամուսնացել Օսկանյանի կամ Օհանյանի հետ»

«Մենք չենք ամուսնացել Օսկանյանի կամ Օհանյանի հետ»
24.02.2017 | 01:31

Արդեն բազմիցս գրվել ու քննադատվել է, որ այս ընտրություններից առաջ ձևավորված դաշինքները գաղափարական հենք չունեն։ Այս հարցում քննադատության գլխավոր թիրախում էր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, որտեղ շատերի համար անտրամաբանական էր «Ժառանգության» ներկայությունը։ Այս քայլի պատճառով այդ կուսակցությունը երկատվեց, և անդամներից ոմանք դուրս եկան մյուսների դեմ։ «Ժառանգության» խնդիրների շուրջ «Իրատեսը» զրուցեց կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ, որն ՕՐՕ դաշինքի երկրորդ հորիզոնականում է։

-Ի՞նչ եք կարծում, «Ժառանգության» խնդիրները չսկսվեցի՞ն 2012-ից, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշեց խորհրդարան բերել ոչ թե իր թիմը, որը նախորդ տարիներին վայելել էր հանրության վստահությունը, այլ այն մարդկանց, ովքեր կարճ ժամանակ անց սեփական «խաղը» առաջ տարան։ Արդյունքը եղավ այն, որ կուսակցությունից խորհրդարանում մնաց միայն անունը։
-Հնարավոր է, որ այդ պահից խնդիրները սկսվեցին, բայց, խոշոր հաշվով, խնդիրներ եղան 2013-ի նախագահական ընտրություններից հետո, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթական քվե ստացավ, սակայն կեղծարարություն տեղի ունեցավ։ Եթե Հովհաննիսյանի հաղթանակը իրավականորեն հաստատվեր, մենք լիովին այլ իրավիճակ կունենայինք այսօր։ Հաղթանակն ունենում է բազմաթիվ հեղինակներ, իսկ պարտությունը որբ է մնում։ Բոլորն էլ մահկանացուներ են, և նեղացածություն լինում է։
-Րաֆֆի Հովհաննիսյանի թիվ մեկ սխալը չէ՞ր, որ իր թիմի կայացած անդամներին ակտիվ քաղաքական ամբիոնից հեռացրեց։
-Չէի ասեի, թե թիվ մեկ սխալն էր, որովհետև պետք է հասկանայինք, որ այդ ժամանակ նա պատրաստվում էր նախագահական ընտրություններին և ավելի ուժեղացված պետք է գնար։
-Ստացվեց հակառակը։
-Դե, ստացվեց այն, ինչ ստացվեց։ Քաղաքական առումով հարկավոր էր ուժերի համախմբում ցույց տալ նախագահական ընտրություններին գնալուց առաջ։ Այստեղ կա մեկ հանգամանք, որը չպետք է շրջանցել։ Ձեր նշած կայացած թիմի անդամներին չէ՞ որ հենց Րաֆֆի Հովհաննիսյանը բերեց խորհրդարան։ Ես շատ լավ հիշում եմ` 2007-ի խորհրդարանական ընտրություններից առաջ «Ժառանգությունն» ուներ ընդամենը 2 տոկոս ճանաչելիություն։ Իսկ պարոն Հովհաննիսյանն ուներ շուրջ 90 տոկոս ճանաչելիություն, որից 70-ը նրա վարկանիշն էր, այսինքն, այդքան մարդ կքվեարկեր նրա օգտին։ Այն ժամանակ մեր խնդիրն էր Հովհաննիսյանի անունը «Ժառանգության» հետ կապելը, նույնիսկ քննարկում էինք «Րաֆֆի Հովհաննիսյան» կամ «Րաֆֆի» դաշինք ստեղծելու տարբերակները, մինչև «Ժառանգությունը» մենակ մնաց բանակցությունների սեղանի մոտ։ Բոլոր գործընկերները, որոնք չշարունակեցին մեզ հետ ճանապարհը, խորհրդարան չմտան։ Ասել է՝ եթե ժամանակին Րաֆֆի Հովհաննիսյանի շնորհիվ մարդիկ քաղաքական ճանաչում, իրացվելու հնարավորություն են ձեռք բերել, կարելի էր ինչ-որ ժամանակահատված մեղմ վերաբերվել այդ վիճահարույց որոշմանը և շարունակել մեր պայքարը։ Բայց եղավ այն, ինչ եղավ, ինչն ինձ համար ցավալի է, որովհետև մարդկանց հետ ճանապարհ ենք անցել, կուսակցությունը նրանց վրա մեծ ներդրում է արել, որ այդ մարդիկ պատգամավոր ընտրվեն, կայանան։
-Ինչ-որ առումով մեղադրա՞նք կա կուսակցությունից հեռացողների հասցեին, որ եկան կայացան, թողեցին գնացին։
-Բացարձակ չեմ մեղադրում, կյանք է, իրենք իրենց խղճի հետ։ Պարզապես փաստն եմ արձանագրում։ Միակ մարդուն, որ հանրային մեծ ճանաչում ուներ, Լարիսա Ալավերդյանին, ոչինչ ասել չեմ կարող, իսկ մնացածի դեպքում ես դատավոր չեմ, որ մեղադրեմ։ Կյանք է, կարող է ես էլ վաղը թողնեմ, գնամ, բայց դեռևս համբերում եմ, պայքարում եմ, թիմակիցներից չեմ հեռանում։ Ակնհայտ է, որ այն ներդրումը, որ նաև ինձ վրա է արվել, պետք է կուսակցության համար «եկամուտ» ապահովեր։ Իսկ երբ մարդիկ այդ «եկամուտը» չեն ապահովում, կուսակցությունը ստիպված այլ մարդկանց վրա է ներդրումներ անում, հանրային դեմքեր ստեղծում։
-Մինչդեռ քիչ չեն պնդումները, որ, Ձեզնից բացի, կուսակցությունում այլևս մարդ չի մնացել, ոչ մի հանրային դեմք չկա, այսինքն, կուսակցության «անունը կա, ամանում չկա»։
-Հայտնի դեմքերից սկզբնական շրջանում միայն Անահիտ Բախշյանն է եղել։ Մնացածները, այդ թվում նաև ես, երկրորդ շրջանի կուսակցական ենք, Զարուհին և Ստյոպան՝ երրորդ։ Կուսակցության արմատը, հին դեմքերը չեն հեռացել։ Դուք ընդամենը մի քանի հայտնի դեմքերի մասին եք ասում։
-«Ժառանգության» դեմքը նրանք էին։
-Դեմքերից մեկը նրանք էին։
-ՈՒզեք թե ոչ, հանրության ընկալմամբ «Ժառանգությունը» Ստյոպա Սաֆարյանը, Զարուհի Փոստանջյանը, Անահիտ Բախշյանը և Լարիսա Ալավերդյանն էին։ Չկան նրանք, չկա նաև կուսակցությունը։
-Եթե Ձեզ թվում է, թե հասարակության աչքում միայն նրանք էին, ու չկա Արմեն Մարտիրոսյան, Րաֆֆի Հովհաննիսյան, սխալվում եք։ Այսինքն` դեմքերի կեսը մնում է։ Բայց մի մոռացեք կարևորը, պետք է նայել, թե այդ դեմքերին ով է առաջ բերել։ Խնձորը շատ լավ պտուղ է, բայց պետք է տեսնել` այն որ ծառից է։ Խնձորը մեկ անգամ կարող ես օգտագործել, բայց պետք է այն պտղատու ծառը լինի, որ անընդհատ բերք ստանաս։ Խոսքը բերքատու ծառի և ոչ թե խնձորների մասին է։ Ծառը մնացել է։
-«Ծառը» մնացել է, բայց այնքան «անպտուղ» է, որ չի կարող միայնակ ընտրություններին մասնակցել ու վիճահարույց ուժերի հետ է գնում։
-Միայնակ չենք գնում, որովհետև քաղաքական այլ տրամաբանությամբ ենք շարժվում։ 2012-ին ևս չէի՞նք կարող միայնակ մասնակցել, բայց «Ազատ դեմոկրատների» հետ գնացինք ընտրությունների, որ իրավիճակ փոխենք։ Ենթադրենք` հինգ պատգամավորով գնացինք, լավ ելույթներ ունեցանք, պայքարեցինք, բայց արդյունք չկա։ Իհարկե, ժամանակին որոշ սոցիալական հարցեր մեր նյարդերի, պայքարի գնով լուծեցինք, բայց մեծ հաշվով չկարողացանք երկրի աղտերը վերացնել։ Մեր խնդիրը ոչ թե խորհրդարանում «Ժառանգության» հայտնվելն է, այլ երկրի խնդիրները լուծելը, իսկ «Ժառանգությունը» միայնակ չի կարող դա անել։ Մենք որոշել ենք իրավիճակ փոխել։
-Ի վերջո, Արմեն Մարտիրոսյան-Զարուհի Փոստանջյան «երկամարտում» հաղթեց Արմեն Մարտիրոսյա՞նը։
-Այդպես չէ, քանի որ ես ոչ մեկի հետ հակամարտության մեջ չեմ եղել։ Ես նոր բան չունեի կուսակցությունում ապացուցելու։ Կուսակցություն եկել եմ հեռախոսազանգով, զանգել եմ «Սփյուռ», կուսակցության համարն իմացել, եկել եմ։ Դրանից հետո իմ աշխատանքի շնորհիվ է եղել կուսակցական այս կարիերան։ Այնպես չէ, որ ես յուրահատուկ հովանավորներ եմ ունեցել։ Այդ ժամանակահատվածում միակ մարդը, որը եղել է և՛ վարչության նախագահ, և՛ խմբակցության ղեկավար, եղել եմ ես։ Ես որևէ մեկի հետ չեմ մրցում, ես թիմային աշխատող եմ։ Երբ կուսակցությունում քո որոշմանը փոքրամասնությունն է կողմ, ուրեմն պետք է զիջես մեծամասնությանը, Րաֆֆի Հովհաննիսյանն է դրել այս հիմքը։ Ես պարտավոր եմ, որպես կարգապահ կուսակցական, այդ որոշումը կյանքի կոչել։ Ոչ թե ես եմ հաղթել Զարուհի Փոստանջյանին, այլ կուսակցությունն այդպիսի որոշում է կայացրել։
-«Ժառանգությունը» առաջին հարվածը ստացավ 2012-ին, հետո նաև 2017-ին, երբ որոշեց դաշնակցել իշխանության նախկին դեմքերի հետ։ Դուք, երբևէ չլինելով իշխանության մաս, չե՞ք կարծում, որ Օսկանյանի և Օհանյանի կառավարման արատները «կպնելու» են նաև Ձեզ։
-Նախ` համաձայն չեմ, որ «Ժառանգությունը» հարվածներ է ստացել։ Մենք չենք ամուսնացել Օսկանյանի կամ Օհանյանի հետ, որ նրանց արատները կպչեն մեզ։ Այո, համագործակցում ենք, բայց նույն կերպ կարող եք մեզ կպցնել Լևոն Տեր-Պետրոսյանի, ՀՅԴ-ի արատները, երբ հայ-թուրքական արձանագրությունների ժամանակ համագործակցել ենք։ Կարող եք նաև Գագիկ Ծառուկյանի աղտերը մեզ վերագրել, քանի որ եռյակի շրջանակներում նրանց հետ էլ ենք համագործակցել։ Չէ՞ որ սա ամուսնության առաջարկ չէ, այլ քաղաքական կոնկրետ խնդրի շուրջ համագործակցություն։ Վարդան Օսկանյանը և Սեյրան Օհանյանը այս պահին ցանկանում են իշխանափոխություն անել, կա նաև արմատական բարեփոխումներ անելու կարիք, ու նրանք համամիտ են մեր այս մոտեցումներին։ Մենք ունենք անվտանգության խնդիր, իսկ Սեյրան Օհանյանը դրա լավագույն գիտակներից մեկն է։
-Ով ապրիլյան պատերազմում պաշտպանության նախարար էր, ու մենք 100 զոհ տվեցինք, բացահայտվեցին բանակի կոռուպցիոն խնդիրներն ու բացթողումները։
-Այդ դեպքում պետք է Սերժ Սարգսյանին, որպես գերագույն գլխավոր հրամանատարի, հեռացնենք պաշտոնից։
-Ձեր ասածը չի մեղմացնում պաշտպանության նախարարի մեղավորության չափը։
-Իսկ Դուք ի՞նչ գիտեք, թե նա ինչ է ցանկացել անել, ու նրան չեն թողել։ Չէ՞ որ միայն պաշտպանության նախարարը չէ, կա գլխավոր շտաբ։ Ո՞վ էր ստորագրում հրադադարը. շտաբի պետը։ Ճիշտ եք ասում, դրա համար նախ պետք է Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջենք։ Ես Սեյրան Օհանյանի հետ փակ հանդիպումներ եմ ունեցել դեռ իմ պատգամավորության շրջանում և հասկացել եմ, որ նա ցանկանում է փոփոխություններ անել, բայց այդ հնարավորությունը չունի։
-Եթե այդ ժամանակ դժգոհ էր, որ չի կարող իր փոփոխությունները կյանքի կոչել, ինչո՞ւ չհեռացավ իշխանությունից։
-Եթե կարողանում ես իշխանությունում լինել ու ինչ-որ բան փոխել, շատ լավ է, իսկ նա բավական շատ բան կարողացավ շտկել։ Եթե մեղադրում ենք ապրիլյան պատերազմում նրան, մյուս կողմից պետք է ասենք, որ նա շատ լավ հրամանատար է եղել, քանի որ բարոյահոգեբանական այնպիսի վիճակ էր բանակում, որ զինվորը սպայի հետ կանգնեց մինչև վերջ ու դիրքը չլքեց։
-Դա ո՛չ իշխանությունների, ո՛չ էլ պաշտպանության նախարարի շնորհքն էր, զինվորն ու սպան կանգնեցին մինչև վերջ սեփական հայրենիքը պաշտպանելու բարձր գիտակցմամբ։
-Բարեբախտություն կլիներ, որ միշտ այդպես լիներ, բայց մեր պատմությունը հուշում է, թե ինչպես է բանակը բարոյալքված եղել։ Առաջին հանրապետության ժամանակ տեսանք, թե ինչպես Կարսի բանալիները հանձնեցին, հիմա էլ «Կարսի բանալու» հանձնման գործընթաց է սկսվել։ Բոլշևիկ թուրք եղբայրներին փորձում ենք սիրաշահել։ Ընդամենը մի քանի ամիս առաջ, մինչ նոր կառավարության ձևավորումը, Սեյրան Օհանյանը հերոս մարդ էր, պրոֆեսիոնալ նախարար, ընդդիմությունը, լրատվամիջոցները նրա մասին միայն դրական էին արտահայտվում։ Սխալներ, իհարկե, եղել են, արատները տեսել են ու հիմա փորձում են դրանցից ազատվել, իրենց գիտելիքներն ուղղել բարենորոգման, ես ինչո՞ւ չօգնեմ։
-Դուք համագործակցում եք այն մարդկանց հետ, ովքեր մեղադրվում են այս և նախորդ իշխանության հանցանքների համար, սակայն քաղաքական ասպարեզում կար մեկ այլ դաշինք՝ «Ելքը», որի անդամները նման անցյալ չունեն, ինչո՞ւ չընտրեցիք հասարակության տեսանկյունից ավելի «մաքուր» մարդկանց։
-Հասարակության անունից չխոսենք։ Պարոն Օսկանյանի և պարոն Օհանյանի պարագայում սխալներ եղել են, բայց մարդիկ գիտեն նաև նրանց դրական կողմերը, նրանց արհեստավարժությունը, պարկեշտությունն ընդունում են։ Մեր միավորման մեջ նաև յուրահատկություն են տեսնում, աշխարհում քիչ կտեսնեք միավորում, երբ երկու արտգործնախարար և մեկ պաշտպանության նախարար միասին պայքարում են։ «Ելքի» հետ քննարկումներ եղել են, ինչ-որ փուլում համընկնումներ չեղան, և վերջնարդյունքում ընտրեցինք այս դաշինքը։
-Դեռ քաղաքական պայքար չթևակոխած, մամուլն արդեն գրում է, որ դաշինքի ներսում անախորժ վիճակ է, դրան գումարվում են Ռոբերտ Քոչարյանի ստվերը, Սամվել Բաբայանի դերակատարումը։ Այս ամենը Ձեզ չի՞ հիասթափեցնում։
-Եթե ինտրիգներից հիասթափվող լինեի, վաղուց քաղաքականությունից հեռացած կլինեի։ Ես կեղծ տեղեկություններով չեմ առաջնորդվում։ Կարող են այլ ստվերների անուններ էլ գրել։ Անիմաստ է նաև Սամվել Բաբայանին անմիջականորեն կապել Ռոբերտ Քոչարյանի հետ, նույն հաջողությամբ կարող ենք կապել նաև Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։
-Նորմա՞լ է, որ ՕՐՕ դաշինքի քաղաքական սուբյեկտները չեն որոշումներ կայացնողները։
-Իսկ ո՞վ է այդպիսի բան ասում, իմ որոշումները Սամվել Բաբայանը կամ Ռոբերտ Քոչարյա՞նն են կայացնում։ Դա աբսուրդ է։ Նույն կերպ կարող ենք ասել, որ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը Լևոն Տեր-Պետրոսյանի մարդիկ են, որովհետև նրա կառավարման տարիներին մեկը վարչապետ էր, մյուսը՝ պաշտպանության նախարար։
-Ասել է՝ ինչպես էլ պտտվում ենք, հայտնվում ենք երեք նախագահների եռանկյունում։
-Ոչ, մեր դաշինքը հենց այդ եռանկյունուց դուրս է։


Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2551

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ