Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ղարաբաղյան հարցը ընտրությունների «լույսին ներքո»

Ղարաբաղյան հարցը  ընտրությունների «լույսին ներքո»
24.02.2017 | 01:32

Որպես օրինաչափություն, ղարաբաղյան հիմնախնդիրը միշտ էլ եղել է ընտրությունների առանցքում: Առաջին հերթին գեոխաղացողների համար: Վերջիններս փորձել են այս կամ այն կերպ խնդիրը մանիպուլացնել` կողմերից ինչ-որ բան պոկելու, սեփական շահերն առաջ տանելու համար:


Հայաստանյան առաջիկա ընտրություններում, սակայն, մասամբ պասիվ հայեցողական վիճակ է առաջացել այս առումով: Ճիշտ է, օրերս Մյունխենում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն «ավետեցին», որ մարտին կլինեն տարածաշրջանում, այնուհանդերձ, բոլորին էլ հասկանալի է` հերթական այցը կլինի «պտիչկայի» համար:
Ի դեպ, ավելի խոսուն էր մի քանի օր առաջ Բաքվում ԱՄՆ-ի և Ռուսաստանի զինված ուժերի հրամանատարների հանդիպումը, ոչ, իհարկե, Ղարաբաղի հարցով, այլ, ինչպես իրենք ազդարարեցին` ռազմական գործողությունների արագ ինֆորմացիայի փոխանակման, ինչն էլ իր հերթին ազդանշանում էր, որ տարածաշրջանում երկու տերությունների երկխոսության հնարավորությունները, չնայած վերջին շրջանի անսահման կոշտ փոխանակումներին, չեն ավարտվել, ինչն էլ իր հերթին կարող է զսպել «հրձիգ» Ադրբեջանին` սեփական երևակայությանը «զոռ» չտալու: Ըստ Սերժ Սարգսյանի՝ սույն «Ազերբայջանը» կարող է հույս ունենալ, որ Հայաստանի գլուխն ընտրություններով խառն է, և կփորձի կրկին օգտվել առիթից, ինչպես նախորդ ապրիլին, ինչը հայկական կողմը երբեք թույլ չի տա: ԵԱՀԿ ՄԽ-ն` նույնպես. ոչ միայն իր մյունխենյան հայտարարությամբ: Ի դեպ, ԵԱՀԿ ՄԽ-ի այցը մարտին` տարածաշրջան, այս առումով նույնպես որոշակի իմաստ ձեռք է բերում: ՈՒ թե սրան էլ գումարում ես նախորդ օրը ՌԴ ԱԳ նախարար Լավրովի բարձրաձայնումը` «միակ ձևաչափ ԵԱՀԿ ՄԽ-ի» մասին, ապա ըմբռնելի է դառնում Սերժ Սարգսյանի հաջորդ միտքը՝ ստատուս քվոն փոխել այս պահին անհնար է:


Հետաքրքիր են նաև խնդրի ներքին «արծարծման» բաղադրիչները: Հարցի հիմնական պատասխանատու իշխող կուսակցությունն իր, այսպես ասած, քարոզարշավը սկսեց ՊՆ-ից` նույն Ղարաբաղի առնչությամբ հնչեցնելով գլխավոր միտքը՝ ճեղքում բանակցային գործընթացում անհնար է, մենք պետք է հրադադարը փոխակերպենք խաղաղության:
Նկատենք, հայաստանյան այս ընտրություններն ընթանում են բավականին հետաքրքիր պաշտպանական, անվտանգային խնդիրների «ֆոնի» վրա. ՀՀԿ համամասնական ցուցակը ղեկավարում է պաշտպանության նախարարը, ինչն ինքնին սիմվոլիկ է մի շարք առումներով: Ասել է` բանակցային գործընթացում «ճեղքում» չտեսնող Հայաստանը, այնուհանդերձ, իր «վառոդը չոր է պահում»` սպասվելիք բոլոր կարգի սադրանքների, հրոսակումների համար, ինչին մշտապես ընդունակ է ազերի խանը, և սահմանադրական բարեփոխումներից հետո պառլամենտական հանրապետության անցնող Հայաստանը, որը «խաղաղ» ժամանակներում գլխավոր հրամանատար չունի, այնուհանդերձ, իր գաղափարախոսական առաջնահերթությունը տեսավ քաղաքացիական անձ` պաշտպանության նախարարի լիդերության «ներքո»:


Հաջորդ «հետաքրքիր» արծարծումը Հայաստանյան ընտրություններից առաջ Ղարաբաղում տեղի ունեցած հանրաքվեն էր, որին, ի դեպ, մասնակցում էին աշխարհի երեսուն առաջատար երկրների դիտորդներ: Եվ դա Լապշինի` Ադրբեջանին Լուկաշենկոյի «դավադիր» արտահանձնման ֆոնին: Նաև` ԵԱՀԿ ՄԽ բարձրաձայնման, որ չի ճանաչելու հանրաքվեի արդյունքները:
Ասել է` Ղարաբաղը հայաստանյան ընտրություններից առաջ ևս մեկ անգամ ապացուցեց իր ինքնուրույնության գործոնը, ռազմաքաղաքական պետականության տեսակը, մանևրելու հնարավորությունը, որն ինքնին կարելի է բնութագրել որպես փոխլրացման քաղաքականության կատարյալ դրսևորում, զի հայոց մեկ պետությունը խորհրդարանական է, մյուսը` ամբողջապես նախագահական: Ի տարբերություն հարևան բռնատիրական խանության:

Բայց ամենախորհրդանշականն այս օրերին Մեհրիբանի նոր «խանումացումն» էր` յուր Հարբեցողի առաջին տեղակալ դառնալու ֆակտորով՝ ղարաբաղյան լեգիտիմ, բաց, հրապարակային, ժողովրդական հանրաքվեի ներքո, նույն օրը` նույն տարածաշրջանում տոտալիտարիզմի և ժողովրդավարության հրավառության ներքո, ինչն աշխարհը չնկատել չէր կարող:


Եվ վերջապես, ղարաբաղյան հիմնախնդիրն ունեցել և հետայսու ևս կունենա անչափ կարևոր բաղադրիչ հայոց համար. այն հայոց միասնականության սինթեզն է: Եվ որքան էլ քաղաքական ուժերն առաջիկայում սպասվող ընտրություններում միմյանց նկատմամբ լինեն անհանդուրժող (իսկ ռեյտինգային խիստ անհասկանալի ընտրակարգը այդ հնարավորությունը տալիս է), այնուհանդերձ, ղարաբաղյան խնդրի ղողանջը նրանց համահավասար տողանի է կանգնեցնելու ցանկացած պահի, ցանկացած ժամի:
Ինչպես եղավ նախորդ ապրիլին:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2215

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ