Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մեր պունիական պատերազմները

Մեր պունիական պատերազմները
24.02.2017 | 01:34

Չեմ մտնելու պատմության մանրամասների մեջ, հիշեցնեմ, որ Հռոմի սենատոր ու զորավար Մարկոս Պորցիոս Կատոն ավագը Սենատում ելույթները, ինչի մասին էլ խոսեր, ավարտում էր նույն բառերով՝ «Կարթագենը պետք է կործանվի»՝ «Carthago delenda est»: Դա դարձավ թևավոր խոսք՝ թշնամու կամ խոչընդոտների դեմ պայքարի կոչ: Միջերկրական ծովում գերիշխանության համար առաջին ու երկրորդ պունիական պատերազմներում Հռոմը հաղթեց փյունիկյան Կարթագեն քաղաք-պետությանը, բայց նաև պարտություններ էր կրում ու վախենում էր, որ Կարթագենը կհզորանա ու կվերադարձնի կորուստները: Կարթագենն արագ վերականգնվում էր ու մրցակցում Հռոմի առևտրին՝ ստիպելով մտածել՝ «Carthago delenda est»: Երրորդ պունիական պատերազմում Հռոմն ավերեց Կարթագենը, ողջ մնացածներին վաճառեց ստրկության, քաղաքի տեղում աղ ցանվեց, որ խոտ էլ չաճեր: Հետո Հռոմը վերականգնեց Կարթագենը ու դարձրեց կայսրության գլխավոր քաղաքը Աֆրիկայում, և բոլորը մոռացան, որ «Carthago delenda est»: Նկատե՞լ եք, որ մենք ևս հայտնվել ենք պունիական պատերազմի մեջ, և Մարկոս Պորցիոս Կատոն ավագը բազմաթիվ հետևորդներ ունի մեր ժամանակների Հայաստանում:


Պունիական պատերազմ 1. ԱԺ ընտրություններ
Ընտրություններին մասնակցող համարյա բոլոր քաղաքական ուժերը հայտարարում են, որ իրենց մրցակիցը ՀՀԿ-ն է: ՀՀԿ-ի մեծարո՞ւմ է, թե՞ իշխանափոխության ցանկություն: Ի վերջո՝ ո՞ւմ, եթե ոչ առաջին ուժի դեմ հաղթանակն է հաղթանակ: ՈՒրեմն՝ «Carthago delenda est»: ՈՒ ի՞նչ: ՈՒթ ուժ փորձելու է կործանել Կարթագենը, տեղը աղ ցանե՞լ: Մարկոս Պորցիոս Կատոնները մեր օրերում ինչ էլ ասեն, կուտակած ռեսուրսների ու վարչական լծակների վրա սահելով ՀՀԿ-ն կմտնի Բաղրամյան 19: Քանի՞ տոկոսով: ՈՒրիշի գրպանի փողերը չհաշվենք: Երկրորդը ՀՀԿ-ի նվիրական ոտնահետքերով Բաղրամյան 19 կմտնի ՀՀԿ-2-ը կամ ԲՀԿ-ն: Քանի՞ տոկոսով: Թող աջ ձեռքը չիմանա, թե ինչքան է բաշխում ձախը: Երրորդը Բաղրամյան 19 մտնելու և խորհրդարանական ընդդիմություն դառնալու շանսեր ունի ԵԼՔ-ը: Քանի՞ տոկոսով: Քանի տոկոսով կհավատան ԵԼՔ-ի ելքին նրանք, որ այլ ելք չեն տեսնում: Չորրորդը Բաղրամյան 19-ի դռները կբախի ՀՅԴ-ն: Քանի՞ տոկոսով: 5: Հինգերորդը Բաղրամյան 19-ում կհայտնվի քաղաքական դաշտի քամելեոնը՝ ՕԵԿ-ը: Քանի՞ տոկոսով: 5: Այստեղ պունիական պատերազմը կարող է ավարտվել՝ Բաղրամյան 19 տանող գնացքի դռները փակվում են: Չէ, իհարկե, բոլորն էին ասում՝ «Carthago delenda est», բայց Կարթագենն է ու չի կործանվում, ու՝ ի՞նչ: Հազիվ թե արժի լուրջ քննարկել 178 կոմունիստների` ԱԺ-ում 5 պատգամավոր ունենալու հայտը, թեկուզ համարում են, որ առանց իրենց խորհրդարանը երկու ոտքից կաղ կլինի: Արժի քննարկել, բայց ոչ շատ լուրջ «Ազատ դեմոկրատների» 5 %+ հայտը: Հայաստանը, ինչպես Կարթագենը, կարող է կործանվել առանց Հրանտ Բագրատյան վարչապետի, բայց աղ ցանող չի լինի ու մի կերպ կվերականգնվի, եթե քառորդ դար չի կործանվել: «Ազատ դեմոկրատներին» պակասելու է այն փրկօղակը, որ «Ժառանգության» հետ նրանց տարավ խորհրդարան, ուր կորցրին իրար: Արժի քննարկել և շատ լուրջ ՀԱԿ-ՀԺԿ-ի 7 %+ հավակնությունները: Նրանք ոչ միայն նվազագույն արդյունքի համաձայն չեն, հավակնում են խորհրդարանում մեծամասնություն լինել և ամենակատոնացվածն են մյուս կատոններից՝ «Carthago delenda est»: Բայց ինչպե՞ս: Եղել է պատմական թյուրիմացություն՝ այլևս ոչ թե 2007-2008, այլ 2017-ն է: 10-ամյա լռությունից հետո վերադարձած Լևոն Տեր-Պետրոսյանը չնկատեց անցնող ևս մեկ 10-ամյակը, որ ավելացրեց հարցերը: Խաչակիրներից՝ բուրժուադեմոկրատներ, մոնղոլ-թաթարներից՝ «Մահվան տեսիլ», հաղթողից՝ զոհ՝ քաղաքագիտական վերլուծություններով տարված՝ նա պունիական իր պատերազմի համար ընտրեց ամենահաղթական կարգախոսը՝ «Խաղաղություն հիմա»: Երբ աստղային պահդ կորցրել ես, երբ մեկ տասնամյակ փոշիացրել ես քաղաքական կապիտալդ, երբ ժողովուրդդ քեզ մութն ու ցուրտը ներեց, բայց երկրորդ անգամ հուսախաբվելը՝ ոչ, Բաղրամյան 26-ի հաշվին Բաղրամյան 19 մտնելու հաշվարկներ ես անում:

Ինչո՞ւ ոչ: Կար ժամանակ, երբ... չմտնենք մանրամասների մեջ: Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Հրադադարն անհրաժեշտ է փոխակերպել խաղաղության, սակայն դա երբեք տեղի չի ունենալու միակողմանի զիջումների արդյունքում: Մենք հստակ ենք գնահատում իրավիճակը և Ադրբեջանից չենք ակնկալում միակողմանի զիջումներ»: Իսկ մինչ այդ ասել էր. «Կրկնում եմ՝ այն մտայնությունը, թե մենք դատապարտված ենք ձախողման, քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, և Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակումը վերացված չէ, անընդունելի է»: Ինքնին գյուտ չէր, բայց հասցեական հայտարարություն էր՝ Բաղրամյան 26-ում չունեն ՀԱԿ-ի աջակցության կարիքը: Մեղավորը Լևոն Տեր-Պետրոսյանի սխալ հաշվարկը չէ՝ նա միշտ է ճիշտ, մեղավորը իրավիճակն է՝ անընդհատ փոփոխվում է: Օրինակ՝ Գագիկ Ծառուկյանը 10 տարի չդիմացավ, ընդամենը 2 տարուց վերադարձավ ու ոչ միայն կարող է ՀԱԿ-ի ցաքուցրիվ ձայները տանել իր քաղաքական բանկ, այլև իր վերադարձով կարող է Կարթագենում հարց բարձրացնել՝ շեֆ, իսկ մեզ պե՞տք են եռյակ-քառյակներ մեր խորհրդարանում: Շեֆը, իհարկե, ոչինչ չի ասի, որովհետև հաստատ գիտի՝ պետք չեն: Սահմանադրություն է փոխվել, քվեարկության պատկեր: Չկա՞ն եռյակվող-քառյակվողներ, չկա եռյակ-քառյակի գլխացավանքը: Նոր կետե՞ր են գրելու: Հովիկ Աբրահամյանին նորից վարչապե՞տ են բերելու: Ընտրողներն էլ շատ չեն որոնի ՀԱԿ-ին ու ՀԺԿ-ին՝ վստահ, որ ազատ ժամանակ են տալիս՝ գիրք գրելու, թեյելու, հանգստանալու աշխարհացունց հայտարարություններից, որոնց մեկ տասնամյակ ոչինչ չհետևեց, բացի իշխանության հետ երկխոսելը, հավերժ Ռուսաստանի հետ լինելն ու Հենրիխ Մխիթարյանով մխիթարվելը: Գուցե այս անգամ «Carthago delenda est», բայց այդ Կարթագենի անունը ոչ թե ՀՀԿ, այլ ՀԱԿ-ՀԺԿ է: ՈՒ՝ ի՞նչ: Դելֆյան պատգամախոսը կասի: Ապրիլի սկզբին: Բաղրամյան 19 մտնելու վճռականության և իշխանափոխության մտադրությունների մեջ դեգերող ՕՐՕ դաշինքին ևս խորհրդարանական բախտը կարող է չժպտալ: Ոչ այն պատճառով, որ այդպես է գուշակել Զարուհի Փոստանջյանը: Ոչ այն պատճառով, որ Սեյրան Օհանյանը քաղաքական գործիչ չէ ու չի դառնում այնքան, որ հայտարարում է՝ մենք ենք միակ անվերահսկելի ուժը, իսկ Վարդան Օսկանյանը քաղաքական դեմք է, բայց խարիզմատիկ չէ, Րաֆֆի Հովհաննիսյանն էլ 11-րդն է ու անվերջ բացակայում է Հայաստանից: Ոչ: Կա 2018, Ռոբերտ Քոչարյանի ռեինկարնացիան որևէ կերպարով Կարթագենին պետք չէ: Գուցե միակ դեպքն է, որ ընտրողների մեծամասնության ու Բաղրամյան 26-ի տեսակետները համընկնելու են՝ 2-3 % առարկողներ ունենալով, որ խիստ ժողովրդավարական է:

Պունիական պատերազմ 2. ԼՂՀ, ոչ՝ Արցախի Հանրապետություն
Փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացվեց հանրաքվե՝ Սահմանադրությունը փոխելու համար: Ստեփանակերտն անցավ նախագահական կառավարման, վերացնելով անգամ վարչապետի պաշտոնը, որ նման է հարևան Իրանին, որտեղ նախագահը կառավարության ղեկավարն է, բայց կա Հոգևոր գերագույն խորհուրդ: ԼՂՀ-ն վերանվանվեց Արցախի Հանրապետություն: Մինչ այդ Հայաստանը կիսանախագահականից անցել էր խորհրդարանական կառավարման: Ներքաղաքական ու ներիշխանական խնդիրները՝ մի կողմ թողնենք, ո՞վ կդառնա նախագահ Արցախում, ո՞վ կլինի Հայաստանի վարչապետը, շատ կարևոր հարցեր են, բայց ինչո՞ւ հայկական երկու պետությունները ընտրեցին կառավարման միմյանցից տարբեր մոդելներ: Ղարաբաղի հարցի լուծման ո՞ր տարբերակն ենք նախընտրում՝ միացում Հայաստանի՞ն, թե՞ ԼՂՀ ճանաչում: Ընդամենը երեք օր առաջ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը «ՀՏրրՌÿ րպչՏՊվÿ»-ին ասում էր. «Եթե դուք ծանոթ եք Բաքվից հնչող հռետորաբանությանը, այնտեղ խոսում են վերջնագրերի լեզվով, այլ ոչ թե փոխզիջումների` կամ ամեն ինչ, կամ պատերազմ»։ Եվ հավելում էր, որ ՄԽ համանախագահները, ԵԱՀԿ գործող նախագահը տարածաշրջան այցերի ընթացքում հանդիպում են Արցախի ղեկավարության հետ, լսում Ստեփանակերտի տեսակետը, Արցախը ներգրավված է բանակցային գործընթացում՝ այս փուլում ոչ լիարժեք՝ չկան ղարաբաղյան կողմի ուղղակի շփումներ Ադրբեջանի հետ՝ Բաքուն չի ուզում: «Առանց Արցախի մասնակցության հիմնահարցի կարգավորումը հնարավոր չէ։ Դա շատ լավ հասկանում են ու դրա մասին խոսում են միջնորդները։ Ադրբեջանական կողմը պարզապես ձևացնում է, թե իբր չի հասկանում՝ ջայլամի քաղաքականություն իրականացնելով (գլուխն ավազի մեջ պահելով), չնայած վերջին տարիներին քննարկվող բոլոր աշխատանքային փաստաթղթերում ամրագրված է հակամարտության կարգավորման վերաբերյալ համապարփակ համաձայնագրի մշակման գործընթացում ղարաբաղյան կողմի ուղղակի մասնակցությունը»։

Այսինքն՝ ուժեղացնելով նախագահին՝ Արցախը պատրաստվում է մասնակցել բանակցություններին՝ պորտալարը Հայաստանից կտրելո՞վ: Հանրաքվեին ռուս դիտորդներից Վլադիմիր Եվսեևն ուղղակի ասաց ասուլիսում՝ Լավրովի պլան, տարածքների հանձնում՝ ամեն ինչ անհնար կլինի, եթե դեմ լինի Ստեփանակերտը: Կդիմանա՞ Ստեփանակերտը իր վրա գործադրվող ճնշումներին, երբ Իլհամ Ալիևն իր տարբերակով է օրը մեջ հայտարարում «Carthago delenda est», իսկ ապրիլյան պատերազմում ապացուցեց՝ հողն ուզում է, մարդկանց կսպանի: Որ Ալիևը իր Կարթագենում որոշել է մրցել եգիպտական փարավոնների հետ, վկայեց տիկնոջ նշանակումն առաջին փոխնախագահ՝ հետայսու Մեհրիբան Փաշաևա-Ալիևան է կառավարելու պետությունը, եթե ամուսինը ինչ-որ պատճառով չկարողանա, իսկ մինչ այդ որդիները կմեծանան և ռեգենտի կարիք չի լինի՝ ևս մեկ անգամ Սահմանադրություն կփոխեն, գուցե փաշան սոսկ ֆարման կտա՝ հրամանով հարցը կփակի: Ինչո՞ւ Իլհամ Ալիևը Արցախի հանրաքվեի հաջորդ օրը կնոջն իրեն փոխարինող նշանակեց՝ հանրաքվեն անցյալ սեպտեմբերին էր, կինը՝ տանը: Հինգ ամիս նախապատրաստում էր հասարակությա՞նը: Հանրաքվեից առաջ էլ բոլորը գիտեին, որ առաջին փոխնախագահի պաշտոնը Մեհրիբանին նվեր է՝ դինաստիական կառավարում հաստատելու նպատակով, որ արտաքուստ պահպանում է ձևական ժողովրդավարությունը: Ռացիոնալ Ալիևը ռացիոնալ հաշվարկ արեց ու որոշեց՝ Բաքվից ասիմետրիկ պատասխան տալ Ստեփանակերտից տարածվող տեղեկատվությանը՝ Արցախի հանրաքվեի մասին ավելի քիչ կխոսեն, երբ Մեհրիբան Ալիևան դառնում է Իլհամ Ալիևի տեղակալը: Կվերադառնա՞ Սևիլ Ալիևան Լոնդոնից՝ եղբորն ու հարսին դինաստիական պահանջներ ներկայացնելու: Ոչ՝ նրա Կարթագենն արդեն կործանված է, աղն էլ ցանված: Պատմությունը կառավարման կեղտոտ գործերը սիրում է տղամարդկանց թողնել, կանայք կարող են կառավարել տղամարդկանց՝ հավասարությունն էլ է պահպանված, արդարությունն էլ, ներդաշնակությունն էլ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Պունիական պատերազմ 3. սա մեր ներքին պատերազմն է, երբ ամեն մեկս մի Կատոն՝ գնում ենք Կարթագենը կործանելու ու հատկապես աղ ցանելու, որ ոչինչ այլևս չաճի: Այս պատերազմում պարտվել-հաղթելու ելքը որոշում են միջավայրն ու մթնոլորտը: Խաղաղության համար տալիս ես՝ ինչ ունես, հետո պատերազմում ես, որ ապրես՝ պունիական պատերազմներից առաջ էլ, հետո էլ անհայտ զինվորին ու հայտնի զորավարին նույն հողին են հանձնում: Գլադիատորական մարտերը չեն օգնի Բաղրամյան 19-ի արենա մտնելու, եթե ներքին պատերազմդ չես ավարտել ու չես հաղթել Կատոնին քո ներսում: «Carthago delenda est», երբ ունես քո Կարթագենը, աղի փոխարեն քո շաղախը: Հռոմը Պունիական պատերազմներն ավարտեց իր Կարթագենը կառուցելով: Համակարգի ներսում՝ համակարգի մաս կազմող ուժերը չեն կարող համակարգը քանդել՝ առանց ինքնաքանդվելու: Ելքը նոր համակարգի մրցակցությունն է հնի հետ, ինքներդ որոշեք՝ ո՞ր համակարգում եք ու ձեր պունիական պատերազմում ո՞վ է ձեր զորավարը, որ գիտի ելքը: Մարկոս Պորցիոս Կատոն ավագի գործը ամենահեշտն էր, բայց Պուբլիոս Կոռնելիոս Սցիպիոն Աֆրիկացի էր պետք, որ հաղթեր Հանիբալ Համիլկար Բարկային:

Դիտվել է՝ 2716

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ