Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Միայն Բատկան կարող է ինքն իրեն հանել

Միայն Բատկան կարող է ինքն իրեն հանել
24.02.2017 | 01:59

Աշխատանքային այցով Մոսկվայում է Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը, մասնավոր այցով Սոչիում է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Երկու այցերից էլ փորձագետները սպասում են եթե ոչ ռուս-բելառուսական խնդիրների լուծում, գոնե տեղաշարժ: Վլադիմիր Մակեյը ՌԴ մայրաքաղաքում է երկօրյա այցով: Բելառուսի ԱԳՆ-ն հաղորդել է «երկկողմ օրակարգի հարցերը, միջազգային ասպարեզում ու միջազգային կազմակերպություններում փոխգործակցությունը» նա մտադիր է քննարկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: «Այցի հիմնական թեման Բելառուսի մասնակցության արդյունավետության բարձրացումն է ինտեգրացիոն կառույցներում, որոնց շտաբ-բնակարանները Մոսկվայում են»՝ նշվում է հաղորդման մեջ:

Տարաձայնությունները, որ կասկածի տակ էին դնում ինտեգրացիոն միությունների բուն գոյությունը, երկու երկրների լրագրողները համարյա ամեն օր թվարկում են: Բելառուսը համարում է, որ գազի գինը բարձր է ու այդ պատճառով չի վճարում պայմանագրային ամբողջ գինը: Ռուսաստանը պատժում է՝ նվազեցնելով նավթի ծավալների մատակարարումը բելառուսական նավթավերամշակման գործարաններ: Մոսկվան մեղադրում է Մինսկին մաքսանենգ և պատժամիջոցային եվրոպական ապրանքների ներմուծման մեջ և փակում է իր տարածքը բելառուսական մթերքների առաջ, իսկ Լուկաշենկոն հրամայում է դատի տալ Ռոսսելխոզնադզորի պետ Սերգեյ Դանկվերտին: Մինսկը առանց վիզայի մուտք է սահմանում 80 պետությունների քաղաքացիների առաջ, ի պատասխան Ռուսաստանը ձևավորում է սահմանային գոտի Բելառուսի հետ սահմանին: Նախագահ Լուկաշենկոն վերջերս մամլո ասուլիսում հայտարարեց, որ դադարեցնում է իր մասնակցությունը միութենական շինարարությանը, սակայն վստահություն հայտնեց, որ դա ինտեգրացիայի վերջը չէ և կողմերը անպայման կպայմանավորվեն: Առայժմ ամեն նոր օրը բերում է նոր տարաձայնություններ: Այս շաբաթ չէր հասցրել Ռուսաստանը հայտարարել Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունների փաստաթղթերի ճանաչումը, Բելառուսի պետսահմանային հանձնաժողովը հայտարարեց, որ այդ պետությունների փաստաթղթերով հնարավոր չէ Բելառուս մտնել: Դոնբասի համար լեգիտիմ և միջազգային ու երկկողմ պայմանագրերին համապատասխան են համարվում ուկրաինական անձնագրերը՝ հայտարարեց պետսահմանային հանձնաժողովի ներկայացուցիչ Անտոն Բիչկովսկին:

Փորձագետները լուրեր են սպասում Ռուսաստանից, որտեղ Բելառուսի բարձրաստիճան պաշտոնյաներն են, սակայն խնդիրների լրիվ լուծմանը նրանք չեն հավատում: Այդպես մտածելու հիմքեր է տվել ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, որ հայտարարեց՝ Լուկաշենկոյի այցը Սոչի մասնավոր է, Վլադիմիր Պուտինի հետ որևէ հանդիպում չի ծրագրվում:
Դաշնակիցներն առաջին անգամ չեն կոնֆլիկտի մեջ, սակայն ներկա կոնֆլիկտը, փորձագետների կարծիքով, տարբերվում է նախորդներից: «Նորություն է, որ կողմերից ոչ մեկը ի վիճակի չէ և չի կարողանում պայմանավորվել, և այդ իրավիճակը կարող է բավականին երկար տևել»՝ ասում է քաղաքագետ Անդրեյ Պորոտնիկովը: Նրա կարծիքով՝ այս իրավիճակում Ռուսաստանը ցանկանում է ստանալ ամեն ինչ կամ ոչինչ և պատրաստ չէ փոխզիջումների: Այս ամենը նվազագույնը վերակողմնորոշում է ռուսական դիրքերին համաշխարհային օրակարգում, մասնավորապես ՈՒկրաինայի իրավիճակով, ԵՄ-ի հետ հարաբերություններում: Առավելագույնը՝ Ռուսաստանի կազմ մտնել վեց մարզերով: Ոչ մեկին, ոչ մյուսին Բելառուսի ղեկավարությունը պատրաստ չէ, թեպետ որոշ փորձագետներ կարծում են, որ աջակցել կամ չաջակցելը Ռուսաստանի քաղաքականությանը կարող է առևտրի առարկա դառնալ: Մինչդեռ անկախության պահպանումը սկզբունքային և կասկածից դուրս է: Իր յոթժամյա մամլո ասուլիսում Լուկաշենկոն միանշանակ հայտարարեց, որ անկախությունը չի փոխի նույնիսկ նավթի հետ:


Վերջերս լրագրողների ու փորձագետների մակարդակով քննարկվում է «Մոսկվան Լուկաշենկոյին փոխարինող է փնտրում» թեման, որ ծագեց, երբ որոշ լրագրողներ հրավեր ստացան Վլադիմիր Սոլովյովի «Ռուսաստանը Լուկաշենկոյին փոխարինո՞ղ է որոնում» հաղորդմանը մասնակցելու: «Այդ արտահոսքերը բավականին բարենպաստ ներքաղաքական ու արտքաղաքական կոնյունկտուրայի հողի վրա ընկան: Նախ և առաջ դա վերաբերում է Մոսկվայի ու Մինսկի միջև էներգետիկ ու առևտրային պատերազմին»՝ ասում է քաղաքագետ Պավել ՈՒսովը: Նրա կարծիքով՝ նման խոսակցությունների առիթը Արևմուտքի հետ հարաբերությունները բարելավելու Լուկաշենկոյի ձգտումն է: «Դա ստեղծում է բարենպաստ հող խաբեության համար, որ Մոսկվան դժգոհ է Լուկաշենկոյից և հասունացել է ոչ թե քաղաքական համակարգը, այլ կոնկրետ Բելառուսի ղեկավարին փոխելու պայմանները»՝ կարծում է փորձագետը:


Չի բացառվում, որ այդ լուրերի հեղինակը ինքը Լուկաշենկոն է, որ ուզում է այս սոուսով Արևմուտքից գումարներ ստանալ, կամ՝ մոսկովյան քարոզիչները: «Նման արտահոսքերը պետք է ներքին լարում ստեղծեն Բելառուսի նախագահի շրջապատում: Այդ պատճառով պետք չէ հաշվից հանել Լուկաշենկոյին նյարդայնացնելու, որոշակի անհարմարություններ ստեղծելու և ինչ-որ նպատակների հասնելու Մոսկվայի ցանկությունը»՝ պատճառները բացատրում է Պավել ՈՒսովը: Նա կասկածում է, որ Կրեմլում ինչ-որ մեկը ռեալ մտածել է այդ թեմայով: Նա համարում է, որ Մոսկվայի համար Բելառուսի նախագահը գուցե լավագույն տարբերակը չէ, բայց գոնե հասկանալի ու կանխատեսելի է: Նրան փոխելը թանկ կնստի և անկանխատեսելի հետևանքներ կունենա: Լուկաշենկոն շրջահայացորեն այնպես է մաքրել քաղաքական դաշտը երկրում, որ ոչ մի քիչ թե շատ ռեալ ուժ, որին կարելի էր հենվել հեղաշրջում կազմակերպելիս, Բելառուսում չկա:
Անտոն ԽՈԴԱՍԵՎԻՉ, NG.RU


Հ.Գ. Իսկ մենք ՀԱՊԿ-ի Հայաստանի գլխավոր քարտուղար, բլոգեր Լապշին, «Հեյդար Ալիև» շքանշան ենք ասում ու ինչ-որ անլուրջ եզրակացություններ ենք անում: Անտոն Խոդասևիչը չի ասում, որ Ադրբեջանն էլ հետ կանգնեց նավթի պայմանավորված ցածր գնից ու Բելառուսը նավթ գտավ Իրանում: Բելառուս-Ռուսաստան հակասություններն այնքան են խորացել, որ խոսքը արդեն Բելառուսը Ռուսաստանի կազմում տեսնելու ու անկախ պետության վերացմանն է հասել: Բատկան խրվել է ծանծաղուտը և սպասում է, որ Արևմուտքը փրկի, իսկ Բրյուսելը չի շտապում՝ Մոսկվայի հետ հարաբերությունները վերջնականապես փչացնելու ցանկություն չունի: Երեկվա տվյալներով՝ Մակեյն ու Լավրովը չէին հանդիպել, Զախարովան էլ բրիֆինգում խոսել է ամեն ինչից, բայց ոչ ռուս-բելառուսական հարաբերություններից:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1736

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ