Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մեծ պարուհուց մնացել է ընդամենը մի նկարահանում` նազանքով լի շահնաբաթյանական «ՈՒզունդարան»

Մեծ պարուհուց մնացել է ընդամենը մի նկարահանում` նազանքով լի շահնաբաթյանական «ՈՒզունդարան»
24.02.2017 | 11:26

2005 թվականին էր։ Հաղորդում պատրաստեցի հանրապետության վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր ԱՆԺԵԼԱ ՇԱՀՆԱԲԱԹՅԱՆԻ (5.02.1925-15.02.2008) մասին։
Արդեն պատկառելի տարիքում էր և հիվանդ։
Անժելա Շահնաբաթյանը 1956 թվականին Մոսկվայում կայացած երիտասարդության և ուսանողության միջազգային փառատոնում արժանացել է դափնեկրի կոչման, երկար տարիներ եղել է երգի-պարի վաստակավոր անսամբլի (ղեկավար` Թաթուլ Ալթունյան) մենապարուհին։


-Հայրս բնիկ օշականցի էր,- պատմեց վաստակաշատ արվեստագետը,- գինեգործ։ Աշխատում էր Շուստովի մոտ։ Շուստովը եղել է մեր տանը։ Մայրիկս նրա խոհարարից սովորել էր բորշչ եփել, իսկական ռուսական բորշչ։ Մայրս ծնվել էր Էրզրումում։ Շնորհքով և ճաշակով դերձակուհի էր։ Գյուղի բոլոր կանայք նրա մոտ էին գալիս շոր կարելու։ Իմ ուսուցչուհու համար էլ է զգեստ կարել։ Ծնողներս յոթ երեխա են ունեցել, չորսը մահացել են։
Պարել եմ մանկուց։ Մի անգամ Օշական էր եկել Սայաթ-Նովայի անվան գուսանական անսամբլը։ Համերգից հետո երաժիշտներին հայրս մեր տուն հրավիրեց, մեծ ճաշկերույթ կազմակերպեց։ Այդ ժամանակ ես պարեցի։ Անսամբլի ղեկավարը` Վաղարշակ Սահակյանը, շատ գովեց ինձ ու առաջարկեց դիմել Թաթուլ Ալթունյանին, որպեսզի նա ինձ անսամբլ ընդունի։
Գնացի Երևան։ Անսամբլը փորձերն անում էր ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում։ Պարեցի։ Բոլորը ծափահարեցին։ Իսկ Թաթուլ Ալթունյանը մոտ կանչեց ինձ ու ասաց. «Աղջիկս, այսօրվանից դու մեր կոլեկտիվի անդամ ես»։


Ինձ շորեր տվեցին, հին շորեր։ Բերեցի տուն։ Մայրս երջանկության մեջ էր։ Շորերը լվաց, արդուկեց։ Երբ հաջորդ փորձին եկա այդ զգեստով, բոլորը զարմացան. շատ գեղեցիկ էին շորերս։

Անժելա Շահնաբաթյանն անսամբլում պարեց «Բախտավարի», «Նազելի», «Նազ պար»։ Ալեքսանդր Ալեքսանդրյանը հատուկ Անժելայի համար գրեց «Նաիրյան աղջկա պարը»։ Իսկ կոմպոզիտոր Կարո Զաքարյանը, տեսնելով Անժելայի պարը, ասել է Թաթուլ Ալթունյանին. «Կաքավի սլացք ունի Անժելան։ Հրաշալի պարուհի է։ Չարենցի «նաիրյան աղջիկ» է, հեզաճկուն աղջիկ»։ Անժելան պարեց և «ՈՒզունդարա», և այդ պարը ունի իր պատմությունը։
-Դեռևս 1939 թվականին Մոսկվայում կայացած հայ գրականության և արվեստի տասնօրյակի ավարտի բանկետի ժամանակ Ստալինն ասել է. «Հայերը մի պար ունեն` «ՈՒզունդարա», ու բերանով նվագել է մեղեդին։ Բանկետին ներկա բալետմայստեր Իլյա Արբատովը հենց տեղում բեմադրում է «ՈՒզունդարան»։ Պարը կատարում է Գալյա Արութը։ Հետագայում «ՈՒզունդարան» պարեցին Պավլինե Բուռնազյանը, Ցողիկ Ջանիբեկյանը, Ռոզա Սաֆարյանը։
1956-ին Մոսկվայում պետք է անցկացվեր երիտասարդության և ուսանողության համաշխարհային փառատոնը։ Մենք պետք է ներկայացնեինք «ՈՒզունդարան»։
Կենտկոմի քարտուղար Գրիգոր Հարությունյանը եկավ պարն ընդունելու։ Մենապարուհին նրա դուրը չեկավ։ Մատնացույց անելով ինձ, Հարությունյանը ասաց Ալթունյանին. «Պարապեք էն սև մազերով աղջա հետ, նա լավ կպարի»։ Պարուհիները բողոքեցին, 9 պարուհի իմ երեսին ասացին. «Ինչո՞ւ դու պետք է պարես, մենք էլ ենք ուզում պարել»։
Մրցույթ կազմակերպեցին, և պարեցի ես։ Մոսկվայում «ՈՒզունդարայի» համար ստացա 25 բալ և ոսկե մեդալ։ Հուզված էի, չկարողացա Ալթունյանի հետ հեռախոսով խոսել։ Նրան ու Էդվարդ Մանուկյանին հեռագիր ուղարկեցի։

Հանդիսատեսը Անժելային շատ էր սիրում։ Ժողովուրդը նայում էր նրան, երբ նա անցնում էր փողոցով, խանութ էր մտնում։ Նայում էին պատուհաններից, պատշգամբներից։
-Հաճախ էին մոտենում երիտասարդ տղաները, ասում էին, թե ուզում են ծանոթանալ։ Պատասխանում էի` իսկ ես չեմ ուզում։


Լավ բան է ճանաչված լինելը, բայց արվեստի աշխարհում վտանգավոր է. ուրիշ բաներ են կպցնում։

Ականավոր քանդակագործ Հռիփսիմե Սիմոնյանն ի պատիվ Անժելայի ստեղծեց «Պարուհին» արձանիկը։ Բնորդուհին Անժելան էր։ Այդ արձանիկը շատ մոդայիկ էր 50-60-ական թվականներին։ ՈՒ կար համարյա բոլոր բնակարաններում։
Իսկ Օշականի կուլտուրայի տան պարի անսամբլին շնորհվեց Անժելա Շահնաբաթյանի անունը։ Անժելա Շահնաբաթյանը երգի-պարի անսամբլի կազմում հյուրախաղերով հանդես է եկել Հայաստանի բոլոր գյուղերում և քաղաքներում, նախկին Միության բոլոր հանրապետություններում, արտասահմանյան բազմաթիվ երկրներում։
-Երեք ամիս հանդես եկանք Հարավային Ամերիկայում` Արգենտինայում, Վենեսուելայում, Չիլիում։ 15 օր հյուրախաղերի էինք Կուբայում։ Հյուրանոցում էինք, ասացին, որ Ֆիդել Կաստրոն ուզում է տեսնել ինձ։ Շատ զարմացա, հուզվեցի։ Նա շատ ջերմ ընդունեց մեզ, զրուցեցինք։ Կաստրոյին ուղեկցում էին ռուս զինվորներ։ Նրանցից մեկը կատակով խփեց Կաստրոյի ուսին։ Զգացի, որ նրա դուրը չեկավ։
Շվեյցարիայում մոտեցավ մի մարդ ու ցանկացավ ժամացույց նվիրել։ Հրաժարվեցի, ասացի` ես ժամացույց ունեմ։ «Սա էլ կլինի երկրորդը»։ «Ինձ երկրորդը պետք չէ»։ «Պետք չէ, կտաք աղքատներին»։ «Մեզ մոտ աղքատներ չկան, աղքատները ձեզ մոտ են»։

Այնուհետև պարուհու համար սկսվեցին տխուր տարիներ։


-Մայրս հիվանդացավ։ 8 տարի պահեցի նրան, տնից դուրս չեկա։ Երբ գնացի վերականգնվելու աշխատանքի, չընդունեցին։ Արվեստի չինովնիկները անտարբերություն ցուցաբերեցին։ Ինձ արդեն մոռացել էին։ Այդ ժամանակ էլ ընկա, ոտքս կոտրեցի։ Երկու ամիս պառկեցի։

Բայց Անժելան չտրտնջաց, չընկճվեց։ Նա նոր զբաղմունք գտավ իր համար։
-Մայրիկիցս կարել էի սովորել։ Կարում էի իմ զգեստները, նաև` բեմական։ Ժամանակս անցկացնելու համար, որ շատ տխուր չլիներ կյանքս, ցավալի վիճակից դուրս գայի, սկսեցի պատվերներ ընդունել։ Գործում էի հարևաններիս համար, մեկը մյուսին ասում էր, ու գալիս էին նոր պատվիրատուներ։ Կարելուց էլ կատարակտ ստացա։ Երևի ճակատագիրս էր...
Այսօր, ըստ իս, միայն ավագ սերնդի ներկայացուցիչներն են հիշում Անժելա Շահնաբաթյանին։ Իսկ հայ մեծ պարուհուց մնացել է ընդամենը մի նկարահանում` հանրահայտ և անկրկնելի, նազանքով լի շահնաբաթյանական «ՈՒզունդարան»։


Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1949

Մեկնաբանություններ