Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Մենք ծրագրում ենք ինչ-որ բան, իսկ հետո ճակատագիրն իր սրբագրումներն է անում»

«Մենք ծրագրում ենք ինչ-որ բան, իսկ հետո ճակատագիրն իր սրբագրումներն է անում»
24.02.2017 | 11:29

ՌԴ մշակույթի գործիչ, նկարիչ, երգահան, պրոդյուսեր, ռեժիսոր ՍՏԱՍ ՆԱՄԻՆԻ 65-ամյակը նշվում է նաև Հայաստանում: 2016-ի դեկտեմբերից արվեստագետը երևանյան հանդիսատեսին ներկայանում է արվեստի տարբեր ժանրերում՝ թատրոն, երաժշտություն և կինո: Բազմաբնույթ միջոցառումների ցանկը լրացնում է կերպարվեստը: Հայաստանի նկարիչների միությունում բացվել է Ստաս Նամինի նկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Ներկայացված է գեղանկարչական և գրաֆիկական շուրջ 80 աշխատանք: Ցուցահանդեսի բացմանը ներկա էր հեղինակը` Ստաս Նամինը:


Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ առաջին անգամ իրեն հնարավորություն է ընձեռվել Հայաստանում ներկայացնելու այն, ինչ ստեղծել է վերջին 20 տարիներին: Կարևորում է հատկապես «Իմ սիրտը լեռներում է» պիեսի բեմադրումը, որի առաջնախաղը տեղի է ունեցել Հայաստանում: Խոսելով ցուցահանդեսում ընդգրկված աշխատանքների մասին` նշեց, որ դրանց մի մասը կապված է Հայաստանի, ցեղասպանության, հայկական եկեղեցիների հետ, ստեղծել է Հայաստան և Արցախ կատարած ուղևորությունից հետո: Նկարիչը դժվարանում է բնորոշել` ինչ ուղղության, ինչ ժանրի են իր նկարները, ասում է, որ անում է այն, ինչ զգում է. «Մենք ծրագրում ենք ինչ-որ բան, իսկ հետո ճակատագիրն իր սրբագրումներն է անում, այդպես էլ կտավներում է: Այստեղ, իմ ձեռքում, մատիտն է, որով ես նկարում եմ, այնտեղ ծառն անում է իր նկարչությունը: Ստեղծված աշխատանքում պատկերվում է այն, ինչ ինքդ ես մտածում, և այն, ինչ կախված չէ քեզնից»: Ստաս Նամինը առանձնացրեց «Հայաստան» շարքի «Պատմություն» կոչվող կտավը, որը նկարել է Արցախում` պատերազմի մասին վավերագրական ֆիլմը դիտելուց հետո:

«Փոփ-արտ ոճում է այդ կտավը, բայց ավելի շատ տեղեկատվական բնույթ ունի, վավերագրություն է: Շատերին թվում է` ցեղասպանությունը 15 թվին է եղել, իրականում դա սկսվել է շատ ավելի վաղ և դեռ շարունակվում է: Կտավում ամեն ինչ ասվում է»,- ասաց Ստաս Նամինը, անդրադարձավ նաև «Ի՞նչն է ձեզ ոգեշնչում» հարցին. «Ինձ ոգեշնչում է միայն կյանքը: Գեղանկարչությունը, երաժշտությունը, կինոն ածանցյալ են: Առաջին պլանում կյանքն է, մնացածը խաղ է»: Խոսելով առաջիկա ծրագրերի մասին` ասաց, որ այս տարի` ապրիլի 24-ին, Մոսկվայում ներկայացվելու են իր ֆիլմերը և «Centuria S-Quark» սիմֆոնիան, նկարչական աշխատանքներն արդեն ցուցադրվել են:


ԱՄՆ-ում ցուցահանդես են նախատեսում Բոբի Դիլանի հետ: Հարցին` ի՞նչ հարաբերությունների մեջ է Դիլանի հետ` պատասխանեց. «Ի՞նչ հարաբերություններ պետք է լինեն, երկուսս էլ ստեղծագործում ենք, պարզապես նա հրեա է, ես` հայ»:
Ստաս Նամինի կտավների մասին կարծիք հայտնեց կինոգետ ՍԵՐԳԵՅ ԳԱԼՍՏՅԱՆԸ: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ նկարչի` «Աստվածամայրը մանկան հետ» կտավում պարզ երևում է, որ հայուհի է պատկերված, ասես զանգեզուրցի կին լինի: Հիացած է հատկապես փայտի վրա արված գծանկարներով` և կատարման իմաստով, և՛ նկարչական մաներայով. «Երկար ժամանակ ցուցահանդեսների այցելելիս նման հաճելի պահեր չեմ ապրել: Ավելի շատ տխուր ցուցահանդեսներ եմ տեսել` աշնան թեմայով, Մարտի 8-ի: Շատ արագ շրջում ես ցուցասրահում ու դուրս գալիս»:


«Ստաս Նամինի ցուցահանդեսը բազմամարդ էր: Ըստ Ձեզ` հետաքրքրության է արժանանում նրա ա՞նձը, թե՞ արվեստը» հարցին ի պատասխան ասաց, որ այս ցուցահանդեսը նայելուց հետ այդ կարծիքին չէ, նրա պապով էլ (Անաստաս Միկոյան- Ա. Ս.) հիացած չի եղել. «Մի կողմ թողնենք դա: Սա ուշացած վերադարձ է արմատներին: Ի դեպ, իբրև կեղծանուն վերցրել է պապի և մոր անունը: Ստասը պապի անվան հապավումն է` Անաստաս, Նամին մայրն է: Արտիստիկ մարդ է: Արվեստի նկատմամբ սերը երևացել է դեռ մանկուց: Զինվորական գիմնազիայում սովորելու տարիներին արդեն ռոք խումբ է ստեղծել: Եվ այսքա՛ն լայն ընդգրկում` բեմադրություններ է անում, ֆիլմ է նկարում, ի վերջո, սիմֆոնիա գրում»:


«Ստաս Նամին-65» ծրագիրն իրականացվում է հայ-ռուսական մշակութային համագործակցության շրջանակում, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Հայաստանում առաջին անգամ ներկայացվել են Ստաս Նամինի ստեղծագործությունները. տեղի է ունեցել նրա մոր` Նամի Միկոյանի «Գրիգոր-Շինարար» գրքի շնորհանդեսը, կայացել են արվեստագետի «Հայաստանի հնագույն տաճարները», «Զրույց Նեիզվեստնու հետ», «Օհան Դուրյան. խոր զգացմունքների մասնագիտություն», «Ռոքնռոլի ազատությունը» վավերագրական ֆիլմերի ցուցադրությունները: Ստաս Նամինի թատրոնը հանդես է եկել «Տիեզերք», «Փոքրիկ Իշխանը», «Իմ սիրտը լեռներում է», «Բիթլոմանիա» ներկայացումներով: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում անցկացվել է վարպետության դաս: «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար` Սերգեյ Սմբատյան) կատարել է Ստաս Նամինի «Centuria S-Quark» սիմֆոնիան: Նկարիչների միությունում բացված ցուցահանդեսը «Ստաս Նամին-65» ծրագրի շարունակությունն է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1004

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ