Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Քաղաքականությունը սովորեցրեց ինձ շատ լուրջ չվերաբերվել քաղաքականությանը»

«Քաղաքականությունը սովորեցրեց ինձ շատ լուրջ չվերաբերվել քաղաքականությանը»
24.02.2017 | 11:37

«Իրատեսի» հյուրն է գրող ԱՐՓԻ ՈՍԿԱՆՅԱՆԸ:
Օրեր առաջ լույս է տեսել նրա «Չի վաճառվում» ժողովածուն. հիմա այն իր ընթերցողին գտնելու ճանապարհին է:

«ՀՈՐԻՆԵԼԻՍ ՈՒՂԵՂՍ ԱԿՏԻՎ ԱՇԽԱՏՈՒՄ Է»


-Արփի, ինձ համար քո գրականության հետ շփումն սկսվել է «Մանիֆեստից», որը զետեղված է առաջին՝ «Ծիկ» ժողովածուիդ մեջ: «Ծիկից» մինչև «Չի վաճառվում» ի՞նչ տրանսֆորմացիայի է ենթարկվել գրող և կին Արփի Ոսկանյանը:
-«Ծիկ»-ը ամփոփում էր երկու շրջան՝ պատանեկան շնչով գրված արձակ բանաստեղծություններ և ժանրային սահմաններն ու սահմանափակումները խախտող, փորձարարական գրություններ, որոնք կարող էին երկու տարբեր գրքեր լինել։ Առաջին շրջանի արձակ բանաստեղծությունները 1995-ից տպվել էին Հայաստանում և սփյուռքում լույս տեսնող երևի թե բոլոր պարբերականներում, բոլոր խմբագիրները ինձ շատ սիրում էին և սիրով տպագրում այդ գործերը։ Հետո եղավ դադար մեկ-երկու տարի, այդ ընթացքում չէի տպագրվում, թեպետ գրում էի՝ նոր խնդիրներ դնելով իմ առջև, ստեղծում նյարդային, ագրեսիվ և էպատաժային գործեր, ու երբ դրանք տպագրվեցին, իմ հանդեպ վերաբերմունքը փոխվեց, արդեն բոլորը չէ, որ սիրում էին ինձ, պարբերականները, որ տպագրում էին այդ գործերը, հետո հեռախոսազանգեր ու նամակներ էին ստանում, «Գարուն»-ը նույնիսկ տպագրել էր այդ նամակները, կարծեմ նամակագիրներից միայն մեկն էր հավանել իմ գործերը, մյուսները կատաղի քննադատում էին, մեկը նույնիսկ խնդրում, աղաչում էր, որ այլևս չգրեմ։ «Գրական թերթ»-ում քննադատական հոդված տպվեց, դրան հետևեցին պատասխան հոդվածներ, բավականին երկար բանավեճ սկսվեց, որին ես միայն հետևում էի։ «Ծիկ» գիրքն էլ աղմուկ հանեց, ամեն օր մի քննադատական հոդված էր տպվում ոչ գրական մամուլում, որոնց հեղինակները հաճախ մեղադրում էին իշխանություններին այդպիսի գրականություն հովանավորելու համար։ Այդ մատենաշարի առաջարկն ու հեղինակների ընտրությունն արել էր Ռազմիկ Դավոյանը, որ նախագահի խորհրդական էր, գրքերը տպագրվել էին Ռոբերտ Քոչարյանի անձնական միջոցներով։ Չորս-հինգ գիրք էր, բոլորը հանվեցին վաճառքի, իսկ «Ծիկ»-ը այդպես էլ գրախանութ չհասավ, չվաճառվեց, նույնիսկ ես չէի կարողանում գնել, որ նվիրեմ ցանկացողներին, միայն 7-8 տարի անց մի 100 օրինակ վաճառեցին ինձ. դա ամբողջն էր, ինչ մնացել էր 1000 տպաքանակից, մնացածը մարդիկ «ծանոթի միջոցով» հայթայթել էին։ Դրանից հետո լույս տեսավ բանաստեղծություններիս «Անտերուդուս» ժողովածուն, որում տեղ գտած բանաստեղծությունները նվազ էպատաժային էին։ Ինչ վերաբերում է «Չի վաճառվում» գրքին, ապա սա իմ ճիշտ 20 տարվա գրական ճանապարհն է ներկայացնում։ Առաջին պատմվածքը, որով գիրքը բացվում է, գրել եմ ուղիղ 20 տարի առաջ, վերջինը՝ անցյալ տարի։ Իմ տրանսֆորմացիային հետևելու համար հենց միայն այս գիրքը բավական է։ Ներառել եմ այն պատմվածքները, որոնք շատ արձագանքներ են ստացել, քննարկումներ ու վեճեր են հարուցել կամ արժանացել մրցանակների։ Առաջին տասնամյակում գերակշռողը սիրո թեման է և հասարակության, ավանդույթների հետ կոնֆլիկտի թեման, երկրորդ տասնամյակում՝ քաղաքական ու սոցիալական թեմաները։ Մարտի 1-ից հետո, երբ գրողների միությունը սատարեց իշխանությանը, ես հրաժարվեցի տպագրվել գրական մամուլում, պատմվածքներս սկսեցին հայտնվել օրաթերթերում, և դա, իհարկե, իր ազդեցությունն ունեցավ իմ ձեռագրի վրա։ Բնականաբար, այսքան մեծ ժամանակահատվածում գրված գործերը պիտի որ շատ տարբերվեն իրարից, հատկապես որ այն գրողներից չեմ, որոնք սպեկուլյացիա են անում իրենց հաջողված գործերի վրա, հակառակը՝ եթե ինչ-որ մի հաջող բան եմ գրում, հաջորդը պիտի դրանից շատ տարբեր լինի։ Եվ այնուամենայնիվ, երևի կլինեն ինչ-որ բաներ, որ բնորոշ են իմ թե՛ 20 տարի առաջ, թե՛ այս տարի գրած պատմվածքներին։ Օրինակ՝ երեկ նկատեցի, որ գրքի առաջին և վերջին պատմվածքները, ըստ էության, նույն բանի մասին են՝ հիասթափությանը դիմակայելու, սիրելու կարողությունը պահպանելու ունակության։
-«Դունչը հասավ... Սիրտ խառնելու չափ քաղցր էր էս կյանքը»,- կարծրատիպերը բացասելու այս ու այսօրինակ բանաձևումները, «Ես Հակակույսն եմ» հայտարարության շեփորումները չեն քողարկում ռոմանտիկ ենթատեքստը քո գրում: Իրականում հանուն ինչի՞ է Արփի Ոսկանյանի կռիվը. կարծրատիպերի խորտակմա՞ն, թե՞ ռոմանտիկայի հաղթանակի:
-Շատ ճիշտ նկատառում է՝ ես ռոմանտիկ եմ, նույնիսկ շատ ռոմանտիկ, և եթե մի քիչ հետևողական լինեի դեկլարացիաների և մանիֆեստների հարցում, ինձ կհռչակեի սյուրռոմանտիկ։ Մի գործ ունեմ՝ գրված և հրապարակված 2002-ին, կոչվում է «Սյուրռոմանտիկական լուսին»։ «Չի վաճառվում» գրքում չեմ ներառել, որովհետև պատմվածք չէ, բայց վերնագրում առկա «սյուրռոմանտիկական» բառը, ըստ էության, կարող է բնորոշել իմ՝ եթե ոչ ամբողջ ստեղծագործությունը, համենայն դեպս դրա մեծ մասը։
-Մի առիթով բողոքում էիր, թե նկարչությունդ ավելի է հետաքրքրում մարդկանց, քան գրածներդ: Հնարավո՞ր է, որ մի օր որոշես «դավաճանել» գրականությանն ու ներկայանալ իբրև նկարիչ:
-Իմ դժգոհությանն ի պատասխան՝ Համբարձում Համբարձումյանը ճիշտ դիտարկում արեց՝ սիրում են սիրողներին։ Նկարել սկսեցի երկու տարի առաջ՝ որոշելով, որ երբ քաղաքական հանելուկներս գրքով հրատարակելու լինեմ, «Պատասխաններ» բաժնում կարելի է զետեղել ոչ թե այդ մարդկանց անունները, այլ ծաղրանկարները։ Սկսեցի քաղաքական գործիչների դիմանկարներն անել, հրապարակել ֆեյսբուքում, և դրանք շատ դուր եկան հատկապես նկարիչ ընկերներիս, բայց ես հասկացա, որ պետք է ավելի լավ նկարեմ, իսկ ավելի լավ նկարելու համար ավելի շատ ժամանակ է պետք հատկացնել այդ գործին, զարգացնել հմտությունը և այլն։ Կիսատ թողեցի։ Այս ամառ առողջական խնդիրներ ունեցա, բազմաթիվ ստուգումներ անցա, ու քանի որ որևէ լուրջ բան չհայտնաբերվեց, բժիշկները եզրակացրին, որ պատճառը հոգեբանական է։ Սկզբում դա ինձ անհավատալի թվաց՝ մինչ այն պահը, երբ տղայիս համար ինչ-որ բան նկարելիս հանկարծ ինձ լավ զգացի։ Պարզվեց՝ դեղերը չեն օգնում, իսկ նկարչությունն օգնում է։ Եթե մեկ-երկու օր ոչինչ չեմ նկարում, էլի վատ ինքնազգացողությունը վերադառնում է։ Այնպես որ, նկարելը ինձ համար ունի թերապևտիկ նշանակություն։ Նկարչությամբ լրջորեն զբաղվելու ծրագիր չունեմ, թեպետ հաճախ ինձ բռնում եմ մտքի վրա, թե ոնց կնկարեմ այնինչ բանը կամ թե ոնց փոխեմ նկարի կոմպոզիցիոն լուծումը, այլ դրվագներ շեշտեմ, այլ իմաստ հաղորդեմ. այսինքն՝ ձևակերպում եմ գեղարվեստական խնդիրներ, իսկ դա նշանակում է, որ ազարտի մեջ ընկնելու վտանգ կա։ Բայց, ի տարբերություն բազմաթիվ սիրող նկարիչների ու գրողների, ես հասկանում եմ, որ արվեստը ճանապարհ է, որի միայն սկիզբն է հեշտ ու համեմատաբար հարթ։ Դա ամենօրյա աշխատանքի, ինքնակրթության, ավելի քիչ հաջողելու և ավելի շատ ձախողումների, որոնումների ու սխրանքների ճանապարհ է, երբ ամեն անգամ նոր ու ավելի բարդ խնդիրներ ես դնում քո առջև, և գնալով բարդանում է դրանք հաղթահարելը։ Սար բարձրանալու նման։ Դրա համար լավ գրողներից շատերը ինչ-որ պահի դադարում են գրել։ Որովհետև ուժ չկա՝ շարժվելու առաջ, շնչառությունը չի հերիքում, իսկ ինքնախաբեությամբ զբաղվել չեն ուզում։ Իմ շնչառությունը դեռ հերիքում է, մի քանի մտահղացում ունեմ, որ անպայման պիտի իրագործեմ, այնպես որ, իմ մարտական դիրքը դեռ չեմ պատրաստվում լքել։
-Մանկական գրականություն ստեղծելիս հաճա՞խ ես «գրագողություն» անում որդուցդ՝ Մուշեղից:
-Ընդամենը երկու հեքիաթ եմ գրել, այն էլ դեռ երեխա չունեի։ Հիմա համարյա ամեն երեկո Մուշեղի համար մի նոր հեքիաթ եմ հորինում, հորինելը գերադասում եմ կարդալուց, որովհետև պառկած կարդալիս իրենից արագ եմ քնում, իսկ հորինելիս ուղեղս ակտիվ աշխատում է, և ինքն էլ հորինած հեքիաթներն ավելի է սիրում, մանավանդ որ հերոսը հիմնականում ինքն է, ու նաև ինքն է մասնակցում հորինելու պրոցեսին։ Եթե հաջող է ստացվում, մտածում եմ՝ վեր կենամ, գրեմ նոր հորինածը, բայց սովորաբար հոգնած եմ լինում, ասում եմ՝ լավ, քնեմ, վաղն առավոտյան կգրեմ, ու այդպես էլ գնում, կորչում են այդ հեքիաթները։
-Ամուսնուդ՝ Համբարձում Համբարձումյանի կատակախառն խոստովանությունից իմանում ենք, որ Ձեր հարաբերությունների նախասկիզբը պայմանավորել են կինոն և խոզապուխտով բուտերբրոդները: Համատեղ կյանքի տարիներին է՞լ են այդ երկուսը շարունակում մնալ կարևոր գործոն, թե՞ հայտնվել են «փոխըմբռնումի» նոր տարրեր:
-Իմ ու Համբարձումի սննդային նախասիրությունները շատ տարբեր են, և այդ հարցում փոխըմբռնում չկա։ Համբարձումը սիրում է համի աշխարհը, ինքը շատ համեղ է պատրաստում՝ ստեղծագործելով ու հոգին ներդնելով, ինչպես հայ տղամարդկանցից շատերը, ես էլ հայ կանանցից շատերի նման դա անում եմ որպես պարտականություն, առանց առանձնակի հաճույքի, մանավանդ որ ինքս ուտել չեմ սիրում, ուտելիքների հանդեպ անտարբեր եմ, եթե խոսքը քաղցրեղենի մասին չէ։ Այնպես որ, Համբարձումը, իհարկե, կատակել է։ Եթե նրա սիրտ տանող ճանապարհը անցներ ստամոքսով, ես նրա սրտում հայտնվելու ոչ մի շանս չէի ունենա։

«ԻՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԻՆ, ԵՎ ԲՈԼՈՐԻՆԸ՝ ԻՆՁ»


-Որպես գրող, մտավորական՝ ինչպե՞ս ես վերաբերվում քաղաքականությանը:
-Իմ վերջին՝ «Մազերի հեղափոխություն» պատմվածքում գրել եմ, որ քաղաքականությունը մեր ժամանակների կրոնն է։ Աստծուն անդառնալիորեն կորցրած քրիստոնեական քաղաքակրթության մեջ այն ամենաուժեղ սոցիալականացնող ուժն է։ Ես կամաչեմ բարձրաձայնել՝ հավատում եմ Աստծուն, թե ոչ, կամաչեմ հարցնել մարդուն իր հավատքի մասին, դա ոչ մեկին չի վերաբերում, անձնական հարց է, իսկ այ իմ քաղաքական հայացքները վերաբերում են բոլորին, և բոլորինը՝ ինձ։ Աննախադեպ շահագործման պայմաններում, որ կա այսօր (նույնիսկ ճորտերը ժամանակային առումով ավելի քիչ էին ծանրաբեռնված, քան ժամանակակից ֆրիլանսերները), աշխատանքի աննախադեպ միօրինականացման, հասարակության աննախադեպ մանր տրոհվածության և աննախադեպ օտարացման պայմաններում քաղաքականությունը միակ բանն է, որ կարող է միավորել մարդկանց։ Այն նաև նվազ վտանգավոր է թվում մարդու հոգեկանի համար, քանի որ իբր հենվում է ռացիոնալ պատկերացումների ու օբյեկտիվ իրականության վրա, ինչը, իհարկե, թյուր կարծիք է: Քաղաքականությունը ունի իռացիոնալ բաղադրիչ, ինչպես ցանկացած կրոն, և կարող է խաթարել հոգեկան առողջությունը։ Սակայն հոգեկանի համար վտանգավոր է ապրելն առհասարակ։ Քաղաքականությունը ինձ համար մարդկանց տեսակներն ու առհասարակ մարդուն ճանաչելու մի լրացուցիչ գործիք եղավ։ Այն թույլ տվեց ինձ հաղթահարել մաքսիմալիզմն ու պերֆեկցիոնիզմը, որոնք իրականում խանգարում են ստեղծել ու արարել, մարդուն դարձնում են միաչափ ու հեշտ կառավարելի։ Վերահաստատեց իմ համոզմունքը, որ «դահլիճը» կարող է սխալվել, և ճիշտը քո գիտելիքներին, ինտուիցիային ու մտքին վստահելն է։ Սովորեցրեց ինձ իրականությունն ընկալել իր բազմաթիվ չափումներով, հասկանալ երկակի ստանդարտի նրբությունը, հասկանալ, որ ճշմարտությունը ստատիկ ու վերջնական մի բան չէ, այն կարող է փոխվել, և յուրաքանչյուր պահի հարկ է այն քննել ու վերահաստատել թարմացված գործիքներով։ Սովորեցրեց չդառնալ ինքդ քո գերին, ցույց տվեց, որ չկան հավերժական թշնամիներ ու բարեկամներ, որ մենք ցանկացած պահի կարող ենք ստեղծել թե՛ մեկը, թե՛ մյուսը։ Սովորեցրեց չպահել քեն, չթշնամանալ, հաստատել բարիդրացիական հարաբերություններ։ Ինձ թվում է, որ եթե մի հրաշքով ես լինեի Հայաստանի ղեկավարը, Հայաստանը իր բոլոր հարևանների հետ արտակարգ հարաբերություններ կունենար, աշխարհի բոլոր երկրներն էլ կընդունեին Արցախի անկախությունը։ Քաղաքականությունն ինձ դարձրեց ճկուն և ապահովագրեց կոտրվելուց։ Քաղաքականությունը, ի վերջո, սովորեցրեց ինձ շատ լուրջ չվերաբերվել քաղաքականությանը։
-«Չի վաճառվում» գրքի քո անոտացիան:
-Գրքի անոտացիան հենց ես եմ գրել։ ՈՒնենալով արվեստաբանի կրթություն՝ տեսնում եմ, որ «Չի վաճառվում»-ը շատ օգտակար կլինի գրականագետների, հասարակագետների, մշակութաբանների համար, քանի որ գրքում կարելի է հետևել այն փոփոխություններին, որ տեղի են ունեցել մեր գրականության և հասարակության մեջ այս 20 տարվա ընթացքում։


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2509

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ