Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Եկեղեցաշեն բարերարներ

Եկեղեցաշեն բարերարներ
24.02.2017 | 11:40

Շամախվո Սբ Աստվածածին եկեղեցու արձանագրությունն ավետում էր. «Տէր յիշէ մեզ, երբ բանք կսպառեն եւ գործք կթագաւորեն»։ Բայց, ըստ երևույթին, խոսքերը դեռ չեն ավարտվել ու գործերն իշխող չեն: Մասնավորապես, չեմ հասկանում մերօրյա աթեիստներին, առավել ևս` ագրեսիվներին, որոնք դրամատերերին կոչ են անում եկեղեցի կառուցելու փոխարեն բանակին աջակցել: Ինչո՞ւ փոխարեն և ոչ` թե մեկը, թե մյուսը: Իսկ գուցե հենց այդպես էլ կա՞:
Եկեղեցաշինությունն ու եկեղեցապահպանումը ամենահոգեշահ, աստվածահաճո գործերից մեկն է, և ստորև ներկայացնելով հազարավոր եկեղեցաշեն բարերարներից ընդամենը մի քանիսին, կցանկանայի ասել, որ դա իրենց հավատքի, հոգու փրկության, իրենց և ազգակիցների ինքնապահպանման լավագույն դրսևորումն էր:


XII-XIII դդ. սահմանագլխին Անիի ամենանշանավոր քաղաքացին Սմբատի թոռ, Սուլիմի որդի Տիգրանն էր` Հոնենց տոհմից։ Նա վաճառական էր, կալվածատեր, մեծատուն, դրամատեր, վաշխառու, ուներ մեծ քանակությամբ անշարժ ու շարժական գույք, հարստությունը հասնում էր միլիոնների, և քաղաքում նրա անունը կրող փողոց կար։ Սակայն այդ միլիոնատերը միաժամանակ քրիստոնյա հավատքի, առաքելական սուրբ եկեղեցու ջերմեռանդ ու հնազանդ նվիրյալ էր։


Հոնենցը կառուցել է Բեխենց վանքը, 1213 թ. նորոգել Կաթողիկե եկեղեցու աստիճանները և, ի թիվս այլ ընծաների, եկեղեցուն նվիրել մի կրպակ։ Ապա Ախուրյանի կիրճի պռնկին կառուցել է Կուսանաց վանքի եկեղեցին։ Դրանից հետո ձեռնամուխ է եղել հոգու պարտքի կատարմանը. գնել է Կուսանաց վանքից քիչ վերև` արտաքին դարպասի Ավագ դռան մոտ գտնվող Սբ Աստվածածին մատուռի քարքարոտ ու մացառախիտ տարածքը, մեծ գումարներ ծախսելով պարսպապատել և 1215 թ. այդ վայրում կառուցել 14 մ երկարությամբ և 10 մ լայնությամբ Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։


Տիգրան Հոնենցը եկեղեցին զարդարել է ոսկե և արծաթե խաչերով, կանթեղներով, սպասքով, ոսկեզօծ և արծաթազօծ սրբապատկերներով, հոգևորականների, իշխանների և ուխտավորների համար եկեղեցուն կից կառուցել բազմաթիվ կացարաններ։ ՈՒ որպեսզի թե իր կենդանության օրոք և թե մահվանից հետո Սբ Գրիգոր Լուսավորիչը նյութական կարիքներ չունենար, եկեղեցուն նվիրել է 8 գյուղ, 6 այգի, 2 բաղնիք, 2 ձիթհան, 2 բանջարանոց, մի քանի ախոռներ ու մարագներ, մեկ ջրատար, Արոտավայրի լանջ կոչված հողամասը և այլ հողակտորներ, ինչպես նաև Հատոնցենց խանապատը` մեծ հյուրանոցը, դրան կից բոլոր կրպակներով, Պապենց կոչված խանապատի 2/3-ը և կից խանութը։
Հալեպը XVI դ. վերջին - XVII դ. առաջին կեսին ծաղկուն, վաճառաշահ քաղաք էր, Օսմանյան կայսրության հարավային դռան մաքսատունը։ Այն առևտրական կապող օղակ էր Արևելքի ու Եվրոպայի միջև, և առաջնակարգ դերակատարությունը պատկանում էր հայերին։
1616 թ. Հալեպում կար 300 տուն հայ` նորջուղայեցիներ, մշեցիներ, բիթլիսցիներ, վանեցիներ և այլք, որոնք բացառապես զբաղվում էին առևտրով։ Սակայն նրանց թվում կար մի գերդաստան, որին պատկանում էր աներկբա առաջնությունը թե հայոց, թե այլազգիների մեջ։
Ղարագյոզյան տոհմի վաճառական Կիրակոսն ուներ չորս որդի` Պետրոս (Պետիկ), Սանոս, Շաղվաթ և Սահակ, որոնք ընդլայնեցին, զարգացրին իրենց հոր գործը և դարձան Հալեպի շուկայի առաջատարներ։


Ամենանշանավորը, անշուշտ, խոջա Պետիկն էր։ Նա եղբայրների հետ առևտրական սերտ կապեր էր հաստատել Անատոլիայի, Պարսկաստանի, Հնդկաստանի վաճառականների (հիմնականում` ազգակիցների) հետ, Մերձավոր Արևելքի երկրներ էր արտահանում եվրոպական մանուֆակտուրա, իսկ եվրոպացիներին վաճառում էր հում մետաքս։ Բավական է ասել, որ 1590-1632 թթ. Հալեպ երթևեկող ֆրանսիացի, անգլիացի, հոլանդացի, վենետիկցի և իսպանացի վաճառականները հում մետաքսը գնում էին բացառապես Պետիկից, քանզի դա նրա մենաշնորհն էր։ Խոջա Պետիկը նաև Հալեպի մաքսապետն էր, Ալեքսանդրետից (Իսկենդերուն) մինչև Տրիպոլի մաքսային գանձումների կապալառուն, ինչպես նաև Հալեպի քարավանատների, բաղնիքների ու հասարակական այլ հաստատությունների վերակացուն։
Բացի այն, որ Պետիկն ու իր եղբայրները տնտեսական խոշոր գործիչներ էին, նրանք աչքի էին ընկնում նաև աստվածապաշտությամբ ու եկեղեցանվիրությամբ։ Հալեպի հայ համայնքն ուներ երկու եկեղեցի` Սբ Աստվածածին և Սբ Քառասուն Մանկունք` կից դպրատնով, ընդ որում, վերջին եկեղեցուց օգտվում էին նաև իտալացի ու ֆրանսիացի վաճառականները։ Մեր եկեղեցիները, ինչպես նաև մարոնիների ու հունաց եկեղեցիները գտնվում էին նույն շրջափակում, միմյանց կողք կողքի։ Եվ ահա 1616 թ. Պետիկն ու Սանոսը հիմնովին նորոգում են Սբ Քառասուն Մանկունքը, ընդարձակում ու բարեկարգում տարածքը, իսկ շինարարությունն անձամբ վերահսկում էր Սանոսը։ 1632 թ. Պետիկն այդ եկեղեցուն նվիրեց մի պատկերազարդ Ավետարան։


1627 թ. Բարձր դռան մեծ վեզիր Խոսրովը, որ ծագումով հայ էր, խոջա Սանոսին նշանակեց Կարինի մաքսապետ։ Այստեղ, թուրք-պարսկական երկարատև պատերազմի ժամանակ (1586-1640 թթ.), խոջան 1630-1638 թթ. գերությունից փրկագնեց և ազատեց շուրջ 1000 ազգակիցների Երևանից, Չորսույից, Լոռուց, Բամբակաձորից։
1637 թ. Սանոսը նորոգեց Կարնո Սբ Ստեփանոս եկեղեցին, որը հետագայում թուրքերն ավերեցին ու դրա տեղում մզկիթ կառուցեցին։

Անգլահայ համայնքի նախահայրերը եղել են պոլսեցի մանուֆակտուրայի վաճառականներ Գրիգոր, Հարություն ու Հովհաննես Միրասեյիդյան եղբայրները, որոնք Թուրքիայից Մանչեստր են տեղափոխվել 1830-ական թթ.։


1862 թ. Մանչեստրում ու Լիվերպուլում արդեն բնակություն էր հաստատել շուրջ 30 հայ, որոնք զբաղվում էին բացառապես մանուֆակտուրայի առևտրով` անգլիական կտորեղենն առաքելով Պոլիս։ Կրոնական և ազգային զգացումներից դրդված` նրանք Մանչեստր են հրավիրում Կարապետ վրդ. Շահնազարյանին, որը վաճառականների դրամական նվիրատվություններով վարձակալում է Ռեմֆորդ սթրիթ 151 հասցեում գտնվող Սբ Հոգի մատուռը, իսկ 1863 թ. մարտի 31-ին կատարում առաջին ժամերգությունը։
1866 թ. Լոնդոնի, Մանչեստրի ու Լիվերպուլի համայնքները միանում են, գումարում ընդհանուր ժողով, կենտրոն սահմանում Մանչեստրը, ապա կազմում հոգաբարձություն (Հակոբ Տայան, Պետրոս Հ. Փափազյան, Հովհ. Հակոբյան), որն զբաղվում է ներքին կանոնագրքի ստեղծմամբ և ապագա եկեղեցաշինությամբ։ 1869 թ. ընդհանուր ժողովը որոշում է Աստծո տուն կառուցել, ստեղծում է շինարարական հանձնաժողով (Մանուկ Գափամաճյան, Կարապետ Էքիզյան, Գրիգոր Եսայան, Պողոս Ստեփանյան), կազմակերպում է հանգանակություն, որին մասնակցում է 21 վաճառական` տրամադրելով 2725 ֆունտ ստեռլինգ 10 շիլինգ և 11 փենս։ 1870 թ. 27 հոգի տրամադրում է ևս 285 ֆունտ ստեռլինգ, և ժողովված գումարով Ափփեր Բրուք (Upper Brook) փողոցում կառուցվում է անգլահայ համայնքի առաջին` Սբ Երրորդություն եկեղեցին։


Ղզլարում հայերը բնակություն են հաստատել 1729-1732 թթ., երբ պարսիկների դեմ մարտնչած Ղարաբաղի մելիքներ Ավան-Յուզբաշյանի և Ղազար Խաչատրյանի հետ 450 ընտանիք գաղթեց այստեղ։ Զինված պայքարի բովով անցած ղարաբաղցիները զենքը վայր չդրեցին` ինքնապաշտպանական մշտական հակահարվածներ հասցրին վայրենաբարո լեռնականներին, բայց միաժամանակ սկսեցին վարել խաղաղ կյանք` տնկեցին խաղողի որթեր, պտղատու ծառեր և դարձան Կովկասի ամենանշանավոր գինեվաճառները։
Նրանք խորապես հավատացյալ, եկեղեցասեր մարդիկ էին. 1810-ական թթ. կառուցեցին Սբ Աստվածամայր Ավագ եկեղեցին, հետո` Սբ Լուսավորիչը, բայց մեր պատմությունը այլ բանի մասին է։


...Ինչպես հայտնի է, Դիոկղետիանոս կայսրը Գևորգ զորավարին քրիստոնեական հավատապաշտության համար գլխատել է 303 թ. ապրիլի 23-ին, Զատկի օրը։ Եվ ահա, Ղզլարից 3 վերստ հարավ կար մի խնձորենի, որից, ավանդության համաձայն, կախված է եղել Սբ Գևորգի մասունքը։ Բնականաբար, ղզլարահայության համար այդ վայրը դարձավ ուխտատեղի։ Մի կողմից՝ այն շրջապատված էր սոսյաց անտառով, մյուս կողմից` կատաղի Թերեքի եղեգնապատ անանցանելի ճահճուտներով։ 1827 թ. ղզլարահայերը ուխտատեղիում կառուցեցին մի փայտաշեն աղոթատուն, որը գոյատևեց մինչև 1849 թվականը։
Ամեն ինչ հիմնովին փոխվեց, երբ 1848 թ. ուխտատեղիի երեցփոխան ընտրվեց վաճառական Ստեփան Սաղաթելի Յուզբաշյանը։ Այս մարդը դարձավ Սբ Գևորգի «սպասավորն» ու պահապան հրեշտակը։ Նա իր եղբայր Սարգսի հետ (ի դեպ, երկուսն էլ անզավակ) սեփական ծախսով փոխեց Թերեքի հունը` հեռացրեց ուխտատեղիից, տարածքն ավազապատեց, բարեկարգեց, ապա ձեռնամուխ եղավ նոր եկեղեցու կառուցմանը։
Ստեփան Յուզբաշյանի մասին պատկերացում տալու համար ասենք, որ նա կոշտուկոպիտ, կռվազան, իրասածի մարդ էր, ղզլարցիների համար` մի իսկական բռնակալ, որը հանուն Սբ Գևորգի պատրաստ էր ամբողջ քաղաքի դեմ պատերազմել։ Ստ. Յուզբաշյանը, նախ, պատվիրել տվեց կառուցվելիք եկեղեցու հատակագիծը, ապա գրեթե բռնի կերպով հանգանակություն կազմակերպեց։ Սբ Գևորգ եկեղեցու հիմնարկեքը կատարվեց 1851 թ. հուլիսի 20-ին, և տեղի ունեցավ մի առեղծվածային իրադարձություն։ Այդ օրը ազնվական Աբրահամ Խոջայանը չգիտես ինչու կտրեց խնձորենին. դրանից 17 օր անց նրա կյանքի թելը կտրվեց...


Եկեղեցին կառուցվեց և օծվեց 1854 թ., իսկ շինարարության ծախսը կազմեց 8105 ռուբլի։ Հանգանակությանը մասնակցել էին ղզլարահայության «հայրերը»` փոխգնդապետ Հարություն Քանանյանը, վաճառականներ Գաբրիել Քալանթարյանը, Գալուստ Յակուլյանը, Նուրիջան Սերեբրակյանը, Խաչատուր և Հովակիմ Բուրջալյան եղբայրները, Հովհաննես Ագլինցյանը, բայց ամենախոշոր ներդրումը, անշուշտ, կատարել էր Ստ. Յուզբաշյանը։ Հենց նա էլ տարածքը ցանկապատեց, կառուցեց վերնատուն ու մի բնակելի տուն, բարեկարգեց բակը։ Դրանից հետո ընտրվեց նաև Սբ Լուսավորիչ եկեղեցու երեցփոխան` բարեկարգելով և այս եկեղեցին։ Ստ. Յուզբաշյանը երեցփոխան եղավ 1848-1862 թթ. և ըստ էության հանդիսացավ ղզլարահայության անթագակիր առաջնորդը (թեպետ քաղաքագլուխը Գասպար Մամաջանյանն էր, որը 1870 թ. հիմնեց իր ազգանունը կրող բանկը)։
Ղզլարի հայոց եկեղեցիների նվիրյալ Ստեփան Յուզբաշյանը վախճանվեց 1870 թ. և թաղվեց Սբ Գևորգ եկեղեցու բակում։

1873 թ. հայոց թիվը 647 հոգի էր` բնակչության ընդհանուր թվի 1,26 տոկոսը։ Եվ ահա այդ մի քանի հարյուր հոգին, որոնք հիմնականում զբաղվում էին առևտրատնտեսական գործունեությամբ, 1863-1868 թթ. 15267 ռուբլով կառուցեցին Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը 1991 թ. հրո ճարակ դարձրեց ազերի խուժանը։

Կանադայում հայերի հաստատվելը եղել է բավականին դժվար, և պատճառը ներգաղթի օրենքների խստությունն էր։ Մինչև 1914 թ. հայոց թիվը շուրջ 2000 էր, մոտավորապես 1300 հոգի էլ ներգաղթեց 1920-ական թվականներին, ու մեծ մասը բնակություն հաստատեց Օնտարիո նահանգի հարավում` Համիլտոն, Սենթ Քեթրինզ, Բրենթֆորդ և այլ քաղաքներում, որտեղ աշխատուժի մեծ պահանջարկ կար։


Գաղթավայրի առաջին և ամենաականավոր ներկայացուցիչներից մեկը Լևոն Պապայանն էր։ Նա ծնվել է Բրուսայում, ավարտել Պոլսո Ղալաթասարայի վարժարանը։ 1896-ին գաղթել է Կանադա, հաստատվել Մոնրեալում, որտեղ քեռու` Պողոս Գուրույանի հետ փոքր դրամագլխով սկսել է զբաղվել արևելյան գորգերի և անտիկ իրերի առևտրով։ 1902-ին տեղափոխվել է Տորոնտո և ընդարձակել առևտրական գործառնությունները արտասահմանյան շուկաներում։ 1914-ին` Առաջին աշխարհամարտի նախօրյակին, մեկնել է Պոլիս, մեծաքանակ գորգեր գնել, որոնք պատերազմի ժամանակ խիստ շահավետ վաճառել է և հարստացել։
Լ. Պապայանի նախաձեռնությամբ ու նվիրատվությամբ 1930 թ. Սենթ Քեթրինզ քաղաքում կառուցվել է Կանադայի առաջին հայ առաքելական Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2680

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ