Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Մեծերի հետ շփումն անհետ չի անցնում» Ժան ՏԵՐ-ՄԵՐԿԵՐՅԱՆ

«Մեծերի հետ շփումն անհետ չի անցնում» Ժան ՏԵՐ-ՄԵՐԿԵՐՅԱՆ
24.02.2017 | 11:46

Ազգային կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի նախաձեռնությամբ Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ համերգ` նվիրված մեծն Ժան Տեր-Մերկերյանի հիշատակին։
Վաղուց այդքան մարդաշատ չէր եղել այդ համերգասրահը, նույնիսկ ամֆիթատրոնի աստիճաններին տեղ չկար նստելու։
Որպես մենակատարներ հանդես եկան Ժանի դպրոցն անցած, այսօր արդեն հայտնի պրոֆեսորներ Արտաշես Մկրտչյանը, Բագրատ Վարդանյանը, որոնց միացավ նաև նվագախմբի կոնցերտմայստեր Աստղիկ Վարդանյանը։ Երեկոյի հայտնությունն էր Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի աշակերտուհի, մոսկովյան «Շչելկունչիկ» հեռուստամրցույթի դափնեկիր, Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սան Դիանա Ադամյանը (Պետրոս Հայկազյանի դասարան)։


Ծրագրում տեղ էին գտել այն գլուխգործոցները, որոնք ժամանակին կատարել էր Ժանը. Յոզեֆ Հայդնի դո-մաժոր կոնցերտը, Սեբաստիան Բախի լյա-մինոր կոնցերտը, երկու ջութակի և նվագախմբի համար գրված ռե-մինոր կոնցերտը և Կամիլ Սեն-Սանսի «Ինտրոդուկցիա և ռոնդո-կապրիչչոզո»-ն։
Հուշ-երեկոյին մասնակցելու էր եկել Ժանի` Ֆրանսիայից ժամանած կինը` տիկին Լիլյան, որը համերգից առաջ մեր հանդիպմանը խոստովանել էր. «Այնպիսի զգացում ունեմ, թե եկել եմ Ժանի համերգը լսելու»։


Հիրավի, մեր սերնդի հիշողության մեջ նշված և շատ ու շատ այլ գործեր պատկերանում են Ժանի յուրօրինակ մեկնաբանությամբ ու կրում են նրա վառ անհատականության դրոշմը։ Եվ վերարտադրելով դրանք` համերգի մենակատարները ոչ թե փորձում էին կուրորեն նմանակել, այլ ձգտում էին պահպանել դրանց տերմերկերյանական ոգին` գումարելով նաև իրենց սրտի թրթիռները, իրենց տեսլականը։ Եվ թվում էր, թե Ժանն իրոք ներկա է համերգին։ Ակամա հիշում ես «Սպարտակ» ֆիլմի այն դրվագը, երբ հռոմեացիք գալիս են գերելու ապստամբների զորավարին ու հարցնում են. «Ո՞վ է Սպարտակը», զինակիցները հերթով գոչում են. «Ե՛ս եմ Սպարտակը, ե՛ս եմ Սպարտակը», և այդպես գոյանում է բարձրացրած ձեռքերի մի ամբողջ «անտառ»։ Այդպես էլ համերգում էր. թվում էր, թե Ժանի երախտագետ աշակերտները, նվագելով ուսուցչի ոճով, կարծես ասում էին. «Ե՛ս եմ Ժանը, ե՛ս եմ Ժանը»...
Համերգը բացվեց Յոզեֆ Հայդնի արևաշող, կենսախինդ Կոնցերտով։ Այն ոգեշնչումով նվագեց Աստղիկ Վարդանյանը և նվագախմբի հետ` Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, կարողացավ արտացոլել հայդնյան հումորով ու նրբագեղությամբ լի այդ երաժշտության «շողերը»։


Այնուհետև հնչեց Բախի լյա-մինոր կոնցերտը` Արտաշես Մկրտչյանի խորախորհուրդ մեկնաբանությամբ։
Սեն-Սանսի «Ռոնդո-կապրիչչոզո»-ն կատարեց Դիանա Ադամյանը։ Նա կարողացավ վերարտադրել Սեն-Սանսի երաժշտության հմայքն ու քմայքը` հիրավի նրբագեղ կապրիչչոզո։ Տարիներ առաջ, Ժանի մի ելույթից հետո, մեծանուն ջութակահար Ռուբեն Ահարոնյանը (ով, ի դեպ, ինչպես Ժանը, նույնպես պրոֆեսոր Կարպ Դոմբաևի սանն էր) խոստովանել էր, որ, իր կարծիքով, Սարասատեի պիեսների, Բրամսի հունգարական պարերի, Սեն-Սանսի «Ռոնդո-կապրիչչոզոյի» և այս ժանրի այլ գործերի լավագույն մեկնաբանողը Խորհրդային Միությունում Ժանն էր։ Այնպես որ, Դիանայի բյուրեղյա նվագը պայծառ հուշեր արթնացրեց։
Ինչ վերաբերում է Բախի կոնցերտներին, ապա երկար մտածում էի, թե ինչպես պիտի փոխանցեմ ընթերցողներիս այն հուզմունքը, որ ես վերապրեցի` հիշելով Ժանի աննկարագրելի, նվիրական նվագը։ Ստիպված դիմում եմ Բախի արվեստի մեծագույն գիտակներ Ալբերտ Շվայցերին և կոմպոզիտորի առաջին կենսագիր Յոհան Ֆորկելին։


Շվայցերը գրել է. «Բախի ջութակի և նվագախմբի պահպանված կոնցերտներն այն գործերից են, որոնց անդրադառնալիս հենց սկզբից պետք է հրաժարվել ամեն տեսակի վերլուծությունից։ Դրանց մասին Ֆորկելը հակիրճ և գեղեցիկ ասել է` անհնար է խոսքերով հաղորդել նրանց գեղեցկությունը»։ Համերգին հնչեցին «վեհափառ և խստաշունչ գեղեցկությամբ լի» կոնցերտների միջին մասերը` «Ադաջո»-ները։ Դրանց երաժշտությունը Շվայցերը բնորոշում է որպես «ճակատագրի գաղափարի հետ կապված մի հոգեշարժում»։ Իսկ Կրկնակի կոնցերտի «Լարգո»-ն Բախը նախատեսել է և կատարել եկեղեցում` հաղորդություն առնելու պահերին։ «Լարգո», որի մասին Շվայցերն ասում է. «Դժվար գտնվի մի երաժշտասեր, որ չզգա «Largo»-ի հրաշագործ ներգործությունը» (անդ)։ Այսպիսի երաժշտության մասին է ասել Ռիխարդ Շտրաուսը, թե. «Հանճարեղ մեղեդու գեղեցկությունը կարելի է զգալ տալ նույնիսկ սուլելով»։ Եթե Բախը Արարչի հետ հաղորդվելիս խոսում էր այս «Լարգոյի» երաժշտության լեզվով, ապա համերգին նույն «Լարգոյով» մենք հաղորդվեցինք նաև Ժանի հետ, և ով բախտ է ունեցել լսելու այս նույն կոնցերտը Ժանի և Ռուբեն Ահարոնյանի «արարմամբ», նա կհաստատի և՛ իմ ասածը, և՛ Շվայցերի ու Ֆորկելի վերոհիշյալ մարգարեական խոսքերը։ Ժամանակին Բախի Կրկնակի կոնցերտը Բագրատ Վարդանյանը կատարել է նաև Ժանի հետ, այսօր էլ նրա նվագում զգացվում է վարպետի անմոռանալի «ձեռագիրը»...

Ժանի հետ որպես դաշնակահար հանդես է եկել նաև մաեստրո Վահան Մարտիրոսյանը։ Այնպես որ, կարելի է ասել, որ հուշ երեկոյին թևածում էր Ժանի ոգին։ Եվ մեկ անգամ ևս հաստատվեց Ժանի այն միտքը, որ նա արտահայտել էր «Новое время» թերթին տված հարցազրույցում։ Ահավասիկ. «Անշուշտ, մեծերի հետ շփումները անհետք չեն անցնում, ինչ-որ տեղ դրանք անպայման դրսևորվում են» (03.11.2005)։ Ժանը նկատի ուներ իր շփումները Դավիթ Օյստրախի, Զինո Ֆրանչեսկատտիի և այլ մեծերի հետ։ Իսկ այսօր մենք նույնը ասում ենք Ժանի հետ շփումների մասին։


Վահան Մարտիրոսյանի «քնարի» ներկապնակը նույնպես հարստացել է Մստիսլավ Ռոստրոպովիչի, Իվրի Գիթլիսի և այլ մեծերի հետ շփումներից։
Առավելագույնս կենտրոնանալու, երաժշտության խորխորատները սուզվելու համար ես հաճախ աչքերս փակ եմ լսում։ Եվ Բախի ամենահայտնի գործերում, որոնք ինքս բազմիցս կատարել եմ թե՛ որպես ջութակահար, թե՛ որպես դիրիժոր, հանկարծ նոր ելևէջներ նկատեցի` պոլիֆոնիկ նոր «արահետներ», «լաբիրինթոսներ», ձայների նոր շերտավորումներ ու փոխհարաբերություններ։ Երբ աչքերս բացեցի, տեսա, որ մաեստրո Մարտիրոսյանի զգայուն ժեստերը նոր գեղագիտություն են ձեռք բերել։ Հավանաբար դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Ֆրանսիայում նա ղեկավարում է Կաեն քաղաքի սիմֆոնիկ նվագախումբն ու գործ ունի տեմբրային դրամատուրգիայի, վառ կոնտրաստների և այլ արտահայտչամիջոցների հետ, իսկ Հայաստանում նա գլխավորում է կամերային նվագախումբ, որտեղ դրսևորում է ոսկերչի նրբագեղություն, և, «հաղորդակից անոթների» էֆեկտով, կամերային, «սև-սպիտակ» հնչողությունը ձեռք է բերում բազմերանգություն, հոլոգրաֆիկ ծավալայնություն, տարածականություն։ Այս ունակությամբ քչերն են օժտված, թերևս միայն նրանք, ովքեր, պատկերավոր ասած, ի զորու են սպիտակ մարմարով քանդակելու նեգրի։ Այս ամենը, որ ի հայտ եկավ հիշյալ համերգին, առավել բովանդակալից դարձրեց նվագախմբի և մենակատարների երկխոսությունը։


Լեփ-լեցուն համերգասրահի զգալի մասը երիտասարդներ էին, կոնսերվատորիայի ուսանողներ, որոնք Ժանին չեն տեսել, բայց լսել են, որ նա եղել է ազնվագույն մտավորական, անզուգական, հանճարեղ ջութակահար։ ՈՒստի ես, որպես Ժանի աշակերտ, իմ ներածական խոսքում փորձեցի փոխանցել ներկաներին մի քանի դիտարկում ուսուցչիս և նրա արվեստի վերաբերյալ։ Այժմ հակիրճ ներկայացնեմ դրանք։
Մեր «ջութակաշատ» աշխարհում Ժանը եզակի երևույթ էր, ինչպես դաշնակահարների աստղաբույլում Գլեն Գուլդը` անհնար էր շփոթել որևէ մեկի հետ։
Ժանի մեծությունը, բացառիկությունը պայմանավորված էին այն հանգամանքով, որ կյանքի բերումով նրա սրտում խաչվել էին տարբեր աշխարհներ, մշակույթներ, ճակատագրեր... Նա ասելիք ուներ մարդկությանը, առաքելություն։ Ցեղասպանության վայրիվերումներն ավերել էին պապերի օրրանը` երկնամերձ Սասունը։ Ժանն էլ Սայաթ-Նովայի պես կարող էր ասել. «Գուզիմ թըռչի բըլբուլի պես. բաղերումեն բեզարիլ իմ»։


Ամեն անգամ անդրադառնալով սփյուռքահայ նվիրյալ արվեստագետների ճակատագրին, մտաբերում եմ Հայնրիխ Հայնեի հայտնի խոսքերը. «Աշխարհը ճեղքվել է, ջարդվել, բաժանվել երկու մասի, և ճեղքն այդ անցնում է պոետի սրտի միջով»։ Սա կարծես հենց Հայաստանի մասին է ասված։ Այս երկու Հայաստանները բաժանող ճեղքն անցնում է Արարատի, մայր Արաքսի, սահմանը զատող փշալարերի, Ժանի, Շառլ Ազնավուրի, Օհան Դուրյանի և այլ մեծերի սրտի միջով։ Եվ Ժանի ջութակի լարերը, նրա արվեստը այն ծիածանե կամուրջն են, որ կապում է, միավորում ու ամբողջացնում Հայաստանը։ Նման արհավիրք պատուհասել էր և գերմանացիներին, երբ «ճեղքն» անցնում էր Բեռլինի բաժանարար պատի միջով, նաև գերմանացի արվեստագետների սրտի միջով։ Ահա թե ինչպես է բնութագրել հանճարեղ դիրիժոր Վիլհելմ Ֆուրտվենգլերին երաժշտագետ Էբերհարդ Ռեբլինգը. «Ի դեմս Ֆուրտվենգլերի, Գերմանիան միավորված էր։ Նրանում ամբողջ Գերմանիան էր։ Ի դեմս Ֆուրտվենգլերի` մարմնավորվել է մեր ազգային գոյության անբաժանությունը»։ Այս խոսքերն անվերապահորեն կարելի է վերագրել նաև Ժանին։


1968 թ., Ստոկհոլմում, ճապոնացի մեծ գրող Յասունարի Կավաբատան իր նոբելյան ճառը սկսել է 13-րդ դարի պոետ Դոգենի բանաստեղծությամբ։ Իսկ մենք մեր խոսքը Ժանի մասին կավարտենք այդ նույն թանկայով։ Այն հարցին, թե ի՞նչ է մնում մարդու կյանքից հետո, Դոգենը պատասխանել է.


Ծաղիկները` գարնանը,
Կկուն` ամռանը,
Աշնանը` լուսինը,
Սառը մաքուր ձյունը` ձմռանը։
Իսկ ի՞նչ է մնացել Ժանի կյանքից հետո։ Մնացել են նրա նվիրական դասերը, մեր անմար սերը և նրա ձայնագրությունների պատառիկները, որոնք փրկել է իր մանկության ընկերը` անվանի արվեստաբան Շահեն Խաչատրյանը։ Բրամսի կոնցերտը նա գտել է Բոստոնի ռադիոյի ֆոնդում, Արամ Խաչատրյանի կոնցերտը` Միքայել Մալունցյանի դիրիժորությամբ` մեր ռադիոյի շտեմարանում, մի մասն էլ` սիրողական ձայնագրություններից. դրանցից են Կոմիտասի «Կռունկ»-ը, «Ախ, մարալ ջան»-ը, Սիրիլ Սքոտի «Լոտոսի երկրում» պիեսը, Սարասատեի, Շիմանովսկու, Մոցարտի և այլոց երկերը։ Դրանք կարելի է նմանեցնել Հիսուսի Լեռան քարոզի ժամանակ մի քանի նկանակների, որոնցով Տիրոջ աշակերտները հագեցրել են հազարավոր հավատացյալների քաղցը։


Փա՜ռք Աստծո, որ փրկվել է նաև Բախի անմահ «Չակոնան»։ Եվ ինչպես ասել է Ջոն Էլիոթ Գարդիները. «Որտեղ հնչում է Բախի երաժշտությունը, այնտեղ Աստվածն է»...

Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3381

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ