Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մեծ պահքի օրերը հիշեցնում են մարդկության անապատային օրերը

Մեծ պահքի օրերը հիշեցնում են մարդկության անապատային օրերը
24.02.2017 | 11:53

Դեռ Մեծ պահքի օրերը չսկսված` սուրբ խորանի վարագույրը փակում են քրիստոնյաների առջև։ Ինչո՞ւ: Բանն այն է, որ Մեծ պահքին նախորդող կիրակին Բարեկենդան է համարվում, որի ժամանակ ժողովուրդը սովորություն ունի սովորականից առատ կերակուր ու խմիչք օգտագործելու 7-շաբաթվա պահքից առաջ, ու բնական է, որ այդ դեպքում մեղքից դժվար թե մարդը հեռու կարողանա մնալ, քանզի, ինչպես հայտնի է շատերին, յոթ մահացու մեղքերից մեկը որկրամոլությունն է։ Այնպես որ, կիրակնօրյա Պատարագի սուրբ Հաղորդությունը մեղքի հետ չշաղախվելու համար, մեր եկեղեցին փակում է խորանի վարագույրները և արգելում սուրբ Հաղորդությունը։ Ինչը նաև հիշեցում է ամենքիս, որ Ադամն ու Եվան, որոնք իրավունք ունեին Կենաց ծառից ճաշակելու, անհնազանդությամբ մեղանչումից հետո դուրս վռնդվեցին դրախտից։ ՈՒ Մեծ պահքի օրերը հիշեցնում են մարդկության անապատային օրերը, երբ բոլորս հիշում ենք կորուսյալ դրախտն ու զղջումով և ապաշխարությամբ նախապատրաստվում մեծ վերադարձին դեպի Երկինք: Չէ՞ որ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի խոստումն ունենք՝ ժառանգելու Իր Թագավորությունը։ Տերը արժանացնի ամենքիս։


Որպեսզի շատերի համար պահքը լոկ դիետայի չվերածվի ու հոգեշահ լինի, ընթերցողներին կփորձենք օգնել եկեղեցու սուրբ հայրերի խորհուրդներով՝ նախապատրաստվելու Տիրոջ Հարության Զատկական օրվան, որ այս տարի ապրիլի 16-ին է։
Մեղքի դուռը բացվեց չարի և բարու ծառի պտուղը ճաշակելուց: Արարիչ Աստծուց չճաշակելու հստակ պատվիրան ունեին Ադամն ու Եվան։ Աստվածաշնչային այդ հատվածը ամբողջովին կարդանք, որպեսզի հասկանալի լինի պատճառը, ու մենք էլ օրինակ վերցնելով զգուշանանք սատանայի խորամանկություններից։


«Օձն ասաց կնոջը. «Ինչո՞ւ Աստուած ասաց, թէ դրախտում գտնուող բոլոր ծառերի պտուղներից չէք կարող ուտել»: Կինն ասաց օձին. «Դրախտի ծառերի պտուղներից կարող ենք ուտել: Սակայն դրախտի մէջտեղի ծառի պտղի համար Աստուած ասաց. «Դրանից չուտէք և չմօտենաք, որպէսզի չմեռնէք»: Օձն ասաց կնոջը. «Չէք մահանայ, որովհետև Աստուած գիտէր, որ այն օրը, երբ դրանից ուտէք, կը բացուեն ձեր աչքերը, և դուք կը լինէք աստուածների նման՝ կիմանաք բարին ու չարը»:
Կինը տեսաւ, որ ծառի պտուղը լաւ է ուտելու համար, ակնահաճոյ է և գրաւիչ՝ ըմբռնելու համար: Նա առաւ նրա պտղից, կերաւ և տուեց իր մօտ կանգնած ամուսնուն, և նրանք կերան: Երկուսի աչքերն էլ բացուեցին, և նրանք հասկացան, որ մերկ են: Նրանք թզենու տերևներն իրար կարեցին և իրենց համար գոգնոց շինեցին: Երեկոյեան նրանք լսեցին Տէր Աստծու՝ դրախտում շրջագայելու ոտնաձայնը, և Ադամն ու իր կինը Տէր Աստծուց թաքնուեցին դրախտի ծառերի մէջ: Տէր Աստուած կանչեց Ադամին ու ասաց նրան. «Ո՞Ւր ես»: Ադամը պատասխանեց. «Լսեցի քո ձայնն այստեղ՝ դրախտում, ամաչեցի, որովհետև մերկ էի, և թաքնուեցի»: Աստուած ասաց նրան. «Ո՞վ յայտնեց քեզ, թէ մերկ ես: Արդեօք կերա՞ր այն ծառի պտղից, որից պատուիրել էի, որ չուտես»: Ադամն ասաց. «Այս կինը, որ տուեցիր ինձ, նա՛ տուեց ինձ ծառի պտղից, և ես կերայ»: Տէր Աստուած ասաց կնոջը. «Այդ ի՞նչ ես արել»: Կինն ասաց. «Օձը խաբեց ինձ, և ես կերայ» (Ծննդոց 2.3-10)։


Հիմա հասկանալի՞ է, թե որտեղից սկսվեց անկումը. սատանային լսելուց ու նրա հետ խոսքով հարաբերվելուց, ինչի պատճառով մարդը խաբվեց չարի խորամանկությունից ու կամեցավ անհնազանդության պատճառով աստվածների նման լինել։ Եվ ի՞նչ եղավ հետևանքը։ Նորից հիշենք մեր կարդացածը. ո՛չ Ադամը, ո՛չ էլ Եվան չզղջացին իրենց արարքի համար, այլ ընդհակառակը՝ Ադամը նախ Եվայի, ապա Աստծո վրա բարդեց իր մեղքը։ Իսկ Եվան օձ-սատանայի վրա բարդեց մեղքը, որ իբր եթե նա չխաբեր, ինքը չէր ուտի։ Բայց երկուսն էլ մոռացան, որ Աստված արդեն ասել էր, որ չճաշակեն արգելված ծառի պտղից, ու դրա հետևանքի մասին էլ զգուշացրեց. «Այլապես մահով կմեռնեք»։ ՈՒ հիմա ինչ կատարվում է համայն մարդկության հետ, այսինքն՝ մեր կյանքի օրերը մահով են ավարտվում, դա մեր նախաստեղծների մեղքի հետևանքն է։ Այդ պատճառով էր, որ մեզ սիրող Հայրը Իր Որդուն ուղարկեց աշխարհ որպես անարատ մի գառ, մեր մեղքերի քավության համար։
ՈՒ քանի որ մինչև մեղանչելը մարդուն տրված էր ուտել միայն բուսական կերակուր, «Աստուած ասաց. «Ահա ձեզ տուեցի ողջ երկրի վրայ տարածուած սերմանելի բոլոր բոյսերի սերմերը և իրենց մէջ պտուղ սերմանելու սերմ պարունակող բոլոր ծառերը: Դրանք թող ձեզ համար սնունդ լինեն, իսկ բոլոր կանաչ խոտերը երկրի բոլոր գազանների, երկնքի բոլոր թռչունների և երկրի վրայ սողացող բոլոր սողունների՝ բոլոր կենդանիների համար թող լինեն կեր» (Ծննդոց 1.30)։ Այդ պատճառով Մեծ պահքի օրերի ամբողջ ընթացքում քրիստոնյաներին խորհուրդ է տրվում միայն բուսական կերակուր ճաշակել, իսկ կենդանականից հնարավորինս հեռու մնալ։ Բայց Շնորհք պատրիարքը իր «Մեծ պահքի կիրակիները» գրքում նշում է, որ ծանր ու ֆիզիկական աշխատանքով իրենց հացը վաստակող մարդկանց թույլ է տրվում երբեմն կենդանական կերակուր ուտել այդ օրերին, որ կարողանան աշխատել։ Իհարկե, ծերացած մարդկանց ու հղիներին նույնպես չի արգելվում պահքի օրերին սննդարար և օգտակար կենդանական կերակուրից օգտվել։


Մեզ համար պահեցողության օրինակ ցույց տվեցին աստվածաշնչյան բոլոր ընտիր ծառաները՝ Մովսեսը, Դավիթ թագավորը, մնացած մարգարեները: Նաև պահքի ու զղջման շնորհիվ իսպառ բնաջնջումից փրկվեցին Նինվե քաղաքի բնակիչները, իսկ հետո հրեա ժողովուրդը՝ Արտաշես թագավորի օրոք: Եվ վերջապես բոլորիս համար պահեցողության ամենաընտիր օրինակը հանդիսացավ մեր Տեր Հիսուս Քրիստոսը, որը իր Ավետարանի քարոզությունները սկսելուց առաջ քառասուն օր անապատում ոչինչ չճաշակելով, հաղթող դուրս եկավ սատանայի փորձությունից: Այդ է պատճառը, որ Հայ առաքելական եկեղեցին ամենակարևորը Զատկական պահքն է համարում, որ ամեն մի քրիստոնյա պահքով ու ապաշխարությամբ քննի իր անձը և ուղղի իր հավատքի ընթացքը հոգու փրկության շավիղներով, քանզի առջևում հարության հույսն է սպասվում։
Աստված զորավիգ և օգնական բոլորիս։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2365

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ