Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Այդ ո՞ր մի դիմակայությունը գլխավոր եզրափակչի զարդ չէր կարող լինել

Այդ ո՞ր մի դիմակայությունը գլխավոր եզրափակչի զարդ  չէր կարող լինել
24.02.2017 | 12:05

Միանգամից վերապահում անենք. վերնագրում եղած անառարկելիությունը վերաբերում է բացառապես խաղային առաջին օրվա հանդիպումներին, թեպետ մրցումային երկրորդ օրվա դիմակայություններն էլ պակաս ինտրիգային չէին: «Պորտու»-«Յուվենտուս», «Սևիլիա»-«Լեստեր» մրցակցությունները եկան ամբողջացնելու Չեմպիոնների լիգայի ոչ միայն երկրորդ քառյակի, այլև ողջ մեկ ութերորդի առաջին խաղերը: Առաջին քառյակի դիմակայություններին այստեղ բնականաբար չենք անդրադառնա, քանի որ դրանց մասին արդեն իսկ խոսել ենք «Սուրբ Վալենտինի տոնից մինչ Մարտի ութի տոն ձգվող անհանգիստ սպասումների օրեր» հրապարակումում: Հետևաբար, դառնանք փետրվարի 21-22-ին կայացածներին:

ՄԱՆՉԵՍՏՐՅԱՆ ԽԵԼԱՀԵՂ ԵՐԵԿՈ
Որ հանդիպումը գոլառատ պիտի ստացվեր, չեմ կարծում, թե որևէ մեկը տարակարծություն ուներ: Ի վերջո, իրար էին բախվելու թիմեր, որոնցից մեկը մեկ խաղում միջին հաշվով երկու գոլ է հեղինակում, այն էլ անգլիականի պես առաջնությունում, մյուսն այդ հաճելի զգացողությունն իր երկրպագուին պարգևում է դեռ մի բան էլ ավելիով: Համենայն դեպս, հիշեցնենք, որ եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնություններում «Մոնակոն» ամենաշատ գոլ խփած թիմն է՝ 26 խաղում 76 գնդակ:
Ասել թե` մոնեգասկների հարձակման գծի զորեղության մասին չգիտեր Գվարդիոլան ու դրանից չէր տագնապում, նույնն է, թե ասել` իսպանացին չգիտեր իր գլխավորած թիմի ամենաթույլ օղակի՝ պաշտպանության մասին, որն ամեն խաղում փոփոխությունների է ենթարկում ու այդպես էլ ուզած արդյունքին չի հասնում ոչ միայն խաղակցվածության, այլև շատ ավելի լուրջ պատճառներով: Սակայն այս ամենի հետ Գվարդիոլան հաստատապես գիտեր և մի այլ բան՝ չհաղթելու դեպքում իրենց պարզապես կտրորեն, կշպրտեն մի կողմ:
Բնականաբար, անհամեմատ շահեկան էր «Մոնակոյի» (գլխավոր մարզիչ՝ Լեոնարդո Ժարդիմ) վիճակը, որից արտասովոր, եթե չասենք գերբնական ոչինչ չէր ակնկալվում: Թիմն ընթացիկ տարվա համար ունի մաքսիմում ծրագիր՝ ներքին առաջնության չեմպիոնություն, ու լավ էլ հետևողականորեն ընթանում է այդ ուղեգծով:
Ինչևէ: Դառնանք խաղին:


Որքան էլ Գվարդիոլան տագնապում էր մոնեգասկների հակահարձակումներից, այդպես էլ ամբողջությամբ դրա դեմը չկարողացավ առնել: Սեփական երկրպագուին ոտքի հանած Ռահիմ Սթեռլինգի գոլին մոնեգասկները պատասխանեցին բավական արագ: «Քաղաքաբնակների» դարպասը գրավողը Ռադամել Ֆալկաոն էր: ՈՒթ րոպե անց «Մոնակոյի» տասնութամյա տաղանդ Կիլիամ Մբապեն «Էթիհադին» ստիպեց տագնապի մեջ քարանալ: Լուսատախտակի 2:1 հաշիվը հօգուտ հյուրերի էր, ու սարսափելին ոչ այնքան այդ հաշիվն էր, որքան հյուրերի թեթև, ազատ, անբարդույթ, ես կասեի՝ գարնանաշունչ խաղը, որին հետևելը պարզապես հիացք էր:
50-րդ րոպեին մոնեգասկների «քիլլերը» կարող էր կաթվածահար անել «Մանչեստր Սիթիին», սակայն Ֆալկաոն տասնմեկմետրանոցի նշակետից գնդակն ուղարկեց ուղիղ դարպասապահի ձեռքերի մեջ: Սա պարզապես աստվածային նվեր էր տանտերերին: 58-րդ րոպեին Ագուերոն կարողացավ վերականգնել հաշվի հավասարությունը, սակայն երեք րոպե անց Ֆալկաոն չքնաղագույն հարվածով նորից առաջ մղեց իր թիմը:
Խաղի մնացած մեկ երրորդը պարզապես ֆանտաստիկայի ոլորտից էր: Ֆալկաոյի դուբլին Ագուերոն պատասխանեց իր դուբլով, իսկ Սթոունզն ու Սանեն վերջնականապես խելագարության հասցրին ֆուտբոլասերին՝ ձևակերպելով հանդիպման ավարտական 5:3 հաշիվը:


Ի՞նչ է նշանակում սա պատասխան խաղից առաջ. «Մանչեստր Սիթիի» երկրպագուների համար` հաղթանակի բերկրանքի երեքշաբաթյա վայելում. «Մոնակոյի» երկրպագուների համար՝ «Սիթիին» մոխրաթաղ անելու երեքշաբաթյա սպասում: Երկու գոլի առավելությունը չեզոքացնելը մոնեգասկների համար նրանց հարձակման գծի զորեղության ու անգլիացիների պաշտպանության թուլության պայմաններում պիտի որ խնդիր չհարուցի, իսկ ուժերը տեղաբաշխել այնպես, որ ամբողջ խաղին բավարարեն, հավատացեք, Ժարդիմը կկարողանա: Առաջին հանդիպման գոլառատությունը չէ պատճառը, որ ասում եմ, բայց բոլոր դեպքերում իմացեք՝ «Մոնակոյին» ձեռք է տալիս երկու գնդակի տարբերությամբ ցանկացած հաշվով հաղթանակ՝ բացառությամբ 6:4-ի ու դրանից ավելիի (ինքնին հասկանալի է, որ 5:3-ի կրկնությունը կողմերից ոչ մեկին չի տալու առավելություն):

«ԱԹԼԵՏԻԿՈՆ» ԳՆՈՒՄ Է ԵԶՐԱՓԱԿԻՉ
Սեփական երկրպագուին փոքր հաշիվներով հաղթանակների վարժեցրած «Աթլետիկոն» «Բայերի» հետ խաղում միանգամից անցավ հարաբերությունների պարզման ու արդեն առաջին խաղակեսի 25-րդ րոպեին հանդիպումը շահում էր 2:0 հաշվով, թեպետ այն կարող էր լինել և ավելին, եթե պահերից մեկում փրկության չհասներ դարպասաձողը: Ասենք, որ առաջին գոլի հեղինակը Սաուլն էր, իսկ երբ խփում է այս ֆուտբոլիստը, «Աթլետիկոն» չի պարտվում: Ճիշտն ասած, ես չգիտեմ՝ գերմանացիները տեղեկացվա՞ծ են սույնից, թե՞ ոչ, բայց փաստն այս է:
«Բայերը» կատարյալ շոկի մեջ էր, սակայն կարողացավ այս հաշվով գնալ հանդերձարան: Երկրորդ խաղակեսի առաջին հինգ րոպեն նշանավորվեց նրանով, որ լևերկուզենցիները կարողացան կրճատել հաշվի տարբերությունը, իսկ Գամերիոյի հարվածն իր վրա ընդունեց դարպասաձողը` թույլ չտալով մադրիդցիներին հաշվի մեջ դարձյալ առաջ լինել երկու գնդակի առավելությամբ:


Սակայն այդ օրը ճակատագիրն առանձնապես էր տրամադրված Գամերիոյի նկատմամբ, ում հաջող իրացրած տասնմեկմետրանոցը իսպանացիների համար կրկին ապահովեց երկու գնդակի առավելություն: Կորցնելու առանձնապես բան չունեցող գերմանացիները նետվեցին առաջ ու իսպանացիների օգնությամբ դարձան գոլի հեղինակ: Ի դեպ, իսպանացիները նույնը կարող էին կրկնել և հանդիպման 77-րդ րոպեին, սակայն ճակատագիրը համարեց, որ երկու ինքնագոլն անհամություն է:
Գերմանացիների հզոր ակտիվության պայմաններում հանդիպումն արդեն մոտ էր ավարտին (հաղթական հաշիվը պահելու նպատակով Սիմեոնեն ուժերը կենտրոնացրել էր պաշտպանության վրա), երբ խաղավարտի հիմնական ժամանակից չորս րոպե առաջ Ֆեռնանդո Տորեսը խփեց չորրորդ գնդակը՝ վերջակետելով այս ոչ պակաս լարված դիմակայությունը: Պատասխան խաղում մեկ քառորդ եզրափակիչ դուրս գալու համար «Բայերին» անհրաժեշտ է հաղթանակ երեք գնդակի առավելությամբ՝ այն էլ դեռ պիտի կարողանա սեփականը չոր պահել: Ֆուտբոլում հրաշքներ հարկավ լինում են, սակայն չեմ կարծում, թե դրանք այս դեպքի համար են: Այնպես որ, «Աթլետիկոն» լավ էլ երկու ոտքով մեկ քառորդում է, իսկ «Բայերին» մնում է կրկին փորձելը, սակայն ոչ այս մրցաշրջանում:

«ՊՈՐՏՈՒ»-«ՅՈՒՎԵՆՏՈՒՍ»
Այս դիմակայության ակնհայտ ֆավորիտը «ծեր սինյորան» էր միանշանակ, թեպետ «Պորտուն» գավաթային թիմի պակաս համարում չունի: Հանդիպումը ցավալիորեն ծանր ընթացք ունեցավ պորտուգալացիների համար, ու դա առաջին հերթին Տելեսի պատճառով, որը երկու րոպեի ընթացքում երկու անգամ կոպիտ խաղաց մրցակցի դեմ, ինչի համար էլ մրցավարը հարկադրված էր ֆուտբոլիստին վտարել դաշտից: Սակայն անգամ տասը հոգով տանտերերը կատաղի դիմադրում էին, մինչև որ վերջնականապես վրա հասավ անխուսափելի հոգնությունը: 72 և 74-րդ րոպեներին հեղինակելով երկու գոլ՝ «Յուվենտուսը» փաստացի դուրս եկավ մեկ քառորդ, քանզի մեծագույն ցանկության դեպքում անգամ դժվար է հավատալ, թե սեփական հարկի տակ այն 0:3 հաշվով կարող է զիջել պորտուգալացիներին:
Միջանկյալ նկատենք, որ այս մրցակցությանն առանձնահատուկ շուք էր հաղորդել նաև դաշտում Իկեր Կասիլյասի ու Ջանլուիջի Բուֆոնի միաժամանակյա ներկայությունը՝ երկու դարպասապահներ, ովքեր համաշխարհային ֆուտբոլի լեգենդներ են:

«ՍԵՎԻԼԻԱ»-«ԼԵՍՏԵՐ»
Հաշվի առնելով ներքին առաջնություններում կողմերի մասնակցությունը (անդալուզցիները մեդալների հավակնորդների շարքում են, մինչդեռ Անգլիայի գործող չեմպիոնը պայքարում է պրեմիեր լիգային հրաժեշտ չտալու համար)՝ «Սևիլիան» հանդիպման միանշանակ ֆավորիտն էր: Սակայն այստեղ մի բավական նուրբ պահ կա՝ չպիտի մոռանալ, որ անցած տարի ներքին առաջնությունում ֆուրոր արած «աղվեսները» լավ էլ հստակ խաղադրույք են արել Չեմպիոնների լիգայում ու գոնե մինչև այժմ արդարացրել են: Վկան` խմբայինից փլեյ օֆ անցնելը, ինչն ինքնին տպավորիչ արդյունք է հեղինակավոր այս մրցաշարի նորեկի համար:
Առանձնապես չխորանալով մանրամասների մեջ («Սևիլիայի» խաղային գերազանցությունն ակնհայտ էր)՝ թեպետ անդալուզցիները խաղը շահեցին 2:1 հաշվով, այդուհանդերձ չեմ կարծում, թե երկու հանդիպման արդյունքով մրցամարտի ելքը որոշված է: «Աղվեսները» ճակատ կտան, ու դրանից առաջին խաղը շատ ավելի մեծ հաշվով շահելու հնարավորություն ունեցած «Սևիլիայի» համար հաստատ հեշտ չի լինելու: Այնպես որ, այստեղ եզրակացություններում չի կարելի փութկոտ լինել:

ԵՎ ԱՅՍՊԵՍ…
Ամփոփելով մեկ ութերորդ եզրափակչի առաջին հանդիպման արդյունքները՝ նկատենք, որ մեկ քառորդ եզրափակչի խնդիրը լուծած, ըստ էության, երեք թիմ ունենք՝ «Բավարիան», «Աթլետիկոն», «Յուվենտուսը»: Այս շարքում, անշուշտ, կարելի էր հիշատակել նաև «Պարի Սեն Ժերմենին», եթե մրցակիցը «Բարսելոնը» չլիներ, թեպետ ֆրանսիացիների 4:0 հաշվով տոնած հաղթանակը, կարծես, կատալոնցիներին հույսի շող չի թողնում: Դաժանագույն ինտրիգ է պահպանվում «Նապոլի»-«Ռեալ», «Մոնակո»-«Մանչեստր Սիթի», Դորտմունդի «Բորուսիա»-«Բենֆիկա», «Լեստեր»-«Սևիլիա» դիմակայություններում, իսկ սա նշանակում է, որ առնվազն հինգ գերհետաքրքիր խաղ դիտելու երջանկություն պիտի ունենանք, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1111

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ