Մոսկվան զգուշացնում է Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին, որ Ղրիմի և Ղրիմի կամրջի դեմ ցանկացած ագրեսիվ գործողություն դատապարտված է ձախողման՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Կիևը բացահայտորեն պատրաստվում է հարձակման Ղրիմի կամրջի վրա՝ Արևմուտքի ուղղակի և անպատկառ աջակցությամբ»,-շեշտել է նա:                
 

Նախընտրական ծեծկռտուքի մեկնարկը

Նախընտրական ծեծկռտուքի մեկնարկը
24.02.2017 | 19:48

Որևէ մեկը չէր էլ կասկածում, որ ոչ նոր Սահմանադրությունը և ոչ էլ կառավարման նոր համակարգը չեն կանխելու այն հոռի երևույթները, որ երկու տասնամյակ մեր ընտրական համակարգի անբաժան մասն են: Եթե լրիվ անկեղծ լինենք, մեր երկիրը չի էլ անցել հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին, որովհետև ռեյտինգային ընտրությունները նույն մեծամասնականի վերափոխված դրսևորումն են: Ռեյտինգայինի պարագայում կոնկրետ թեկնածուներն ավելի շատ են կաշկանդված կուսակցության կողմից, որովհետև բաղձալի մանդատին կտիրանան, եթե կուսակցության համար «վիզ դնեն»: Նույն Սամվել Ալեքսանյանը դարձյալ ընտրվելու է սեփական ռեսուրսների հաշվին, բայց նա արդեն նախկինի պես անկախ չէ և չի կարող իր կողմնակիցների մի մասին «հուշել»` քվե տալ իր ընկեր Գագիկ Ծառուկյանի կուսակցությանը: Ռեյտինգային քվեարկությունը հենց դրանով է տարբերվում մեծամասնականից. ռեյտինգային թեկնածուին նախընտրող քաղաքացին պետք է ընտրի նրան առաջադրած կուսակցության ծրարը, որի հակառակ կողմում էլ կգտնի իր ընտրյալի անունը: Մի խոսքով, «ռեյտինգայինները» կարող են հաջողել միայն կուսակցությանը քվե բերելու միջոցով:

Գործող ընտրակարգի մյուս առանձնահատկությունն այն է, որ ընտրատարածքներում մեկ կուսակցությունն առաջադրում է ոչ թե մեկ, այլ մոտ տասը թեկնածու:
Այս մոդելի ընտրությունը բացարձակապես պատահական չենք համարում. իշխանություններն ամեն բան արել են, որ իրենց ցուցակով առաջադրվող պաշտոնյաները, օլիգարխներն ու հեղինակությունները մրցավազքի մեջ լինեն` ՀՀԿ-ին ավելի շատ քվե բերելու համար:
Սակայն «երկու երնեկ մի տեղ չի լինում»:


Օրինակ, Արարատի մարզում իշխանության համար գերխնդիր է կոնսոլիդացված թիմ ունենալն ու Հովիկ Աբրահամյանի ազդեցիկ ռեսուրսին հակազդելը: Սակայն ներհանրապետական առաջին «ռազբորկան» եղել է հենց այս մարզում, և ուշագրավ է, որ նույնիսկ ոստիկանությունը չի հերքում կատարվածը: Մասիս քաղաքում երեկ երեկոյան բախում է տեղի ունեցել հանրապետական պատգամավոր Մուրադ Մուրադյանի և մեկ այլ ՀՀԿ-ական Արայիկ Գրիգորյանի թիմակիցների միջև։ Ի դեպ, վերջինս Արարատի գործող մարզպետի եղբայրն է:


Հաստատապես, Արարատի մարզը ներհանրապետական բախումների ոչ առաջին, և ոչ էլ վերջին հանգրվանն է: Ինչքան էլ մոնոլիտ լինի Հայաստանի իշխանությունը` բնույթով քաղաքական չէ, իսկ քրեական միջավայրում հարցերը լուծվում են հենց բռունցքներով կամ կրակոցներով:


Ի դեպ, հատկանշական է միջադեպին Մուրադ Մուրադյանի տված գնահատականը: Հանրապետական պատգամավորն ասել է. «Գնում եմ շտաբ՝ պարզելու համար, թե կոնկրետ ինչ է եղել, բայց որ մյուս կողմը չափն անցել է, դա հաստատ է։ Թող ոստիկանությունը պարզի՝ վեճը հրահրողը ով է եղել , թող ներկայացնի պարագլուխների անունները»: Ուշադրություն դարձրեք` Մուրադյանն իր կուսակցի մասին արտահայտվում է «մյուս կողմը» բարիկադային տերմինով և խոսում է այնպիսի անհանդուրժողականությամբ, կարծես խոսքն անգամ ոչ թե արմատական ընդդիմության, այլ հանցավոր մի խմբավորման մասին է:


Ինչքան էլ ՀՀԿ վերնախավում խոսեն միասնական քաղաքական թիմի մասին, ակնհայտ է, որ, մեծ հաշվով, գործ ունենք ապաքաղաքական խմբի հետ, որի անդամներին միավորում են ոչ թե արժեքներն ու գաղափարները, այլ ֆինանսական ու վարչական ռեսուրսներին տիրապետելու և դրանք պահպանելու ձգտումը:
Դա էլ ծնում է թվացյալ միասնություն և ստվերայի պատերազմներ:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1011

Մեկնաբանություններ