Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Թուրքական քաղաքականությանը պետք է հակադրենք համահայկական միասնությունը»

«Թուրքական քաղաքականությանը պետք է հակադրենք համահայկական միասնությունը»
28.02.2017 | 00:51

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օրերս կայացած հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել Պոլսո հայոց պատրիարքի ընտրության ընթացակարգի վերաբերյալ: Մայր Աթոռի մամլո դիվանից հայտնում են, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավերով ժամանած գործող պատրիարքական տեղապահ Արամ արք. Աթեշյանի, Սահակ եպս. Մաշալյանի, Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արք. Բեքչյանի և այլոց մասնակցությամբ տեղի ունեցած երկօրյա քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել Կ. Պոլսի Հայոց պատրիարքության կյանքում վերջին օրերին տեղ գտած իրադարձություններին, պատրիարքական ընտրությունների կազմակերպման գործընթացի շուրջ առաջացած հուզումներին ու տարակարծություններին:


Տեղի ունեցած հանդիպումներից և քննարկումներից հետո, մասնավորապես, ձեռք է բերվել հետևյալ ընդհանուր համաձայնությունը, ըստ որի, մինչև այս տարվա մարտի 15-ը պետք է կատարվի տեղապահի ընտրությունը: Տեղապահի ընտրությամբ, ըստ Եկեղեցու կանոնակարգի, դադարեցվում են պատրիարքական ընդհանուր փոխանորդի լիազորությունները։


Մեր զրուցակից, «Արևելք» գիտա-վերլուծական կենտրոնի վերլուծաբան, թուրքագետ ԿԱՐԵՆ ՍԻՐՈՒՆՅԱՆԸ նշում է, որ այս հարցը հայերի համար հրատապ խնդիր է, քանի որ հայկական համայնքն առաջնորդում է պատրիարքարանը. «Իհարկե, Թուրքիայի խորհրդարանում ունենք պատգամավոր, սակայն առաջնորդողը պատրիարքարանն է, ուստի Թուրքիայի հայությունը մեծ աչալրջությամբ հետևում է այդ խնդրին և բոլոր զարգացումներին։ Հայերը ցանկանում են մի թեկնածուի, որն ընդունելի կլինի իրենց համար, կունենա ինքնուրույնություն՝ իրենց հարցերը լուծելու նպատակով։ Իրադարձություններին աչալրջորեն հետևում է նաև Թուրքիան և կվարի ճիշտ հակառակ քաղաքականությունը. ոչ թե կընտրի ինքնուրույն մի թեկնածուի, որը կվարի հայամետ քաղաքականություն, այլ այնպիսի մեկին, որի գործողությունները կվերահսկվեն Թուրքիայի իշխանությունների կողմից։ Սա իրոք Թուրքիայի համար կարևոր նշանակության հարց է, քանի որ ներքաղաքական բոլոր գործընթացները վերահսկում են թուրքական իշխանությունները»։


Մասնագետը նկատում է, որ այս ընթացքում Թուրքիան որոշակի հերթապահ հայտարարություններ կանի, թե հայերն ունեն ինքնուրույնություն, պատմականորեն Թուրքիայի իշխանությունների խնդիրն է եղել հայերի ինքնուրույնությունն ապահովելը և այլն։ «Իհարկե, ընտրությունների ներկայացումներ կփորձեն սարքել՝ դրանով ցույց տալով, թե որքան ժողովրդավարական երկիր է Թուրքիան։ Եվ այս քողի տակ Թուրքիան փորձելու է իր ներկայացուցչին հարմար առիթով առաջ տանել։ Մի քանի օր առաջ Էրդողանի մոտ քննարկվել է պատրիարքի ընտրության հարցը։ Բնականաբար, դա ուշադրության արժանի երևույթ էր, և նշվել էր, թե պատրիարքի ընտրություն կազմակերպելու համար Ստամբուլի նահանգապետարան դիմելու կարիք այլևս չկա։ Նշվում էր, թե պատրիարքի ընտրությունն անցկացնելու գործընթացն ընդհատվել էր ու թողնվել սահմանադրական հանրաքվեից հետո: Բայց, այնուամենայնիվ, մենք շատ լավ ճանաչում ենք Թուրքիային։ Հայկական հարցի հետ կապված խնդիր առաջանալուն պես Թուրքիան միշտ դիմել է սահմանադրական փոփոխությունների, բարեփոխումների ծրագրերի՝ դրանով նշելով, թե բոլոր խնդիրները լուծվում են օրենսդրությամբ, Թուրքիայի բոլոր քաղաքացիները հավասար իրավունքներ ունեն։ Սա հայկական համայնքի կրքերը որոշակիորեն հանդարտեցնելու նպատակ է հետապնդում։ Բնականաբար, Թուրքիան մտադրություն չունի զիջումների գնալու, հայերին տալու ինչ-ինչ ինքնավարություն։ Գործընթացները ցույց են տալիս, որ թուրքական կառավարող էլիտան իր ձեռքն է վերցնում բոլոր լծակները։ Այդ գործընթացներից դուրս մնալ չի կարող նաև պատրիարքի ընտրության հարցը, ինչը նույնպես պետք է լինի վերահսկողության ներքո։ Երկրորդ խնդիրը՝ դրսին ցույց է տրվում, թե Թուրքիան իբր բարեփոխվում է, այլևս իրենց գործերին միջամտելու պատրվակ չի կարող լինել։ Սա նույնպես Թուրքիայի ավանդական քաղաքականության մաս է»,- ասում է Կարեն Սիրունյանը։


Մեր զրուցակիցը նշում է նաև, որ պատրիարքի ընտրության ձգձգումը որքան էլ ձեռնտու է Թուրքիային, այնքան էլ կարող է վնասել։ Միջազգային հարաբերություններում խաղացող երկրները առիթի են սպասում, որ երբ ինչ-որ խնդիր առաջանա Թուրքիայում, իրենք միջամտեն։ Մանավանդ այնպիսի մի շրջանում, երբ միջազգային հանրությունը գործի է դրել Թուրքիային խելոքացնելու մեխանիզմներ։ Բնականաբար, Թուրքիան դուրս է եկել վերահսկողությունից, և նրան դարձյալ պետք է վերադարձնել վերահսկողության դաշտ։ Պատրիարքի ընտրության հարցը շատ հարմար տարբերակ է՝ միջամտելու Թուրքիայի գործերին։ Թուրքագետը նկատում է, որ թուրքերը կփորձեն ժամանակ շահել, կրքերը հանդարտեցնել, մի պարզ պատճառով՝ իրենց ներկայացուցչին նշանակելու համար Կ. Պոլսի պատրիարք։


Իսկ ո՞րը պետք է լինի մեր քաղաքականությունը, ի՞նչ պետք է անենք մենք։ Մենք պետք է շատ վաղուց ունենայինք ռազմավարություն հայկական հարցի տարբեր բաղադրիչների վերաբերյալ։ Թուրքագետը առաջարկում է հարցի լուծման տարբերակներ։ Նախ՝ ցանկալի կլիներ, որ Կոստանդնուպոլսում ունենայինք հմուտ դիվանագետ պատրիարք. «Պատմության ընթացքում, երբ մենք չենք ունեցել պետություն, պետական գործառույթներն իրականացրել է եկեղեցին։ Եվ որքան հմուտ ու դիվանագետ են եղել մեր եկեղեցական այրերը, այնքան շահել ենք։ Հարցն այնպես է ներկայացվում, թե այս ընտրությունը միայն Թուրքիայում ապրող հայերի խնդիրն է։ Սա մեր թույլ կողմն է։ Եթե թուրքական իշխանությունները տեսնեն, որ սա համահայկական խնդիր է, և մենք կարող ենք մեր ուժերը համախմբել, ինչպես ապրիլյան պատերազմի ժամանակ, կսկսեն ընկրկել։ Մենք պետք է հակակշիռ ստեղծելու քաղաքականություն որդեգրենք։ Թուրքական քաղաքականությանը հակադրենք համահայկական միասնությունը կամ համահայկական խնդիրը՝ տվյալ դեպքում դա արտահայտված է պատրիարքի ընտրության ձևով։ Ես մի տեսակ պասիվություն եմ նկատում։ Եվ եթե տարբեր հայկական համայնքներից դիմում-բողոքներ ուղղվեին ՄԱԿ կամ այլ կառույցներ, թուրքական կառավարող էլիտան կսթափվեր, կընկրկեր ինչ-ինչ հարցերում և որոշակի զիջումների կգնար։ Թուրքերը միշտ խաղում են հակասությունների և ոչ միասնականության վրա»։


Հաջորդը՝ ընտրվող պատրիարքը պետք է մեծ հարգանք, ճանաչում, վստահություն վայելի միջազգային ասպարեզում։ Այդ դեպքում թուրքական իշխանությունները շատ ավելի զգույշ կլինեն։ Նման մարդու թեկնածությունը նույնպես հակակշիռ է թուրքական քաղաքականությանը։ Միջազգայնորեն ճանաչված և վստահություն վայելող պատրիարքին Թուրքիան չի կարող վերածել գործիքի։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1850

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ