Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Գեներալ Օհանյանի «երկրորդ շնչառությունը»

Գեներալ Օհանյանի  «երկրորդ շնչառությունը»
28.02.2017 | 01:00

Ոնց երևում է` Ալիև-Քյորփեն ծանր տարավ Արցախի հանրաքվեն: Մեհրիբանի փոխնախագահացումը նա, թերևս, ցանկանում էր նշել շքեղ համազարկով` հընթացս «տոնելով» Խոջալուի դեպքերը, սակայն Լուկաշենկոյով առանց այն էլ «ոտնահարված» նրա տղամարդկային արժանապատվությունը ճաք տվեց նորեն` այս անգամ արդեն հետ շպրտելով նրա դիվերսիոն ուժերն այնքան հեռու, որ ադրբեջանական կողմն այս անգամ չկարողացավ կոծկել իր զոհերին, խոստովանելով, որ նրանք բավականին շատ ու բարձրաստիճան են:
Չծանրանանք սահմանում տեղի ունեցողի վրա, հասկանալով, որ «ոտնահարված» Ալիևից ամեն բան սպասելի է այս օրերին, մանավանդ երբ կրկին քար լռություն են պահպանում թե՛ միջազգային հանրությունը, թե՛ ԵԱՀԿ ՄԽ-ն, թե՛ հարգարժան ՀԱՊԿ գործընկեր Ռուսաստանը, ներքին հայացք նետենք մեր «բենամուքիներին»:


Անչափ հետաքրքիր ստացվեց ՕՐՕ դաշինքի համաժողովը. այն տեղի ունեցավ հենց այդ դիվերսիայի օրը. օրինաչափ է, թե պատահականություն, թող նշանների լեզվից հասկացող մնացյալ «բենամուքիները» դատեն: Այնուհանդերձ, դաշինքի տրիբուններն այնքան «հետաքրքիր» ու ոչ ադեկվատ մտքեր հայտնեցին այդ օրը, որ կրկին հիշեցրին՝ երբ ֆարսը կրկնվում է, ողբերգության է վերածվում: Ամենևին չարժե մեջբերել պաշտպանության երբեմնի նախարար Սեյրան Օհանյանի մտքի գոհարները. դրանք ո՛չ իրականությանը, ոչ օրվան, ոչ էլ, թերևս, իր զբաղեցրած նախկին պաշտոնին հարիր մտքեր չէին: Եվ քանի որ հայրենիքի ու պետականության շահը այդ դաշինքում բաղդատվել է սեփական ամբիցիաների, սրանք էլ իրենց հերթին` ՕՐՕ դաշինքում տիրող անհասկանալի վիճակին, ուր չգիտեն, թե ինչ են ուզում, ումից են ուզում, երբ ձախ ձեռքը աջից անվերջ առաջ է ընկնում, երբեմնի ղարաբաղյան բանակցող Օսկանյանի, ապրիլյան պատերազմի ժամանակ լոկ ադրբեջանցու, իսկ այսօր բոլոր «կարգի» թշնամիների դեմ պայքարող Օհանյանի պաթոսից որևէ լուրջ բան սպասելն ուղղակի երեխայություն կլինի: Մանավանդ որ «թշնամիների» դեմ պայքարի ելած այդ լիդերները` թե՛ Օսկանյանը, թե՛ Օհանյանը, ընտրվելու դեպքում չեն վերցնելու իրենց մանդատները: ՈՒ թե ինչ են անում «աղմուկի մեջ վայրենի», լոկ իրենք ու մեկ էլ «կամանդույուշչին» կիմանան:
Հասկանալի է, չնայած, դաշինքի ստեղծման նպատակը մեկն էր` միակցել այն Ծառուկյանի հետ, երկու ֆլանգով ուժեղ կառույց ստեղծել, ֆորսմաժորի տանել երկիրը: Ծառուկյանը չգնաց այդ ռիսկին: ՕՐՕ-ն մնաց «ճակատամարտում» միայնակ, և, դատելով հարակից զարգացումներից, վտանգ այս դաշինքից, բոլոր դեպքերում, դեռ կա, մանավանդ այս օրերին, երբ կրկին ռմբակոծվում են Թալիշն ու Ղարաբաղը:


ՈՒշադրության են արժանի վերջին երկու իրադարձությունները. ա) Սերժ Սարգսյանի զգուշացումը, բ) Վիգեն Սարգսյանինը` նույնպես: Նույն Օհանյանի, այն է` բանակի «կոնտեքստով»: Հիշենք` երկու Սարգսյաններն էլ բավականին զգուշավոր, երբեք բառերը քամուն չտվող գործիչներ են: Եվ եթե նրանք հարկ են համարում տողատակով Օհանյանին և նրա «շրջապատին» մեսիջներ հղել, դա նշանակում է, որ «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսի «տակ» խաղացող ուժը, հաստատապես, որոշակի վտանգներ է տեսնում այդ մարդկանց խաղում` բանակային սաբոտաժի, պառակտման, թիկունքից խփելու մասով, մանավանդ որ օդում դեռ կախված են լուրերը` Նոր Նորքի զինված խմբի, այդ առնչությամբ Սամվել Բաբայանի բավականին «կտրուկ» (եթե չասենք ցինիկ) եզրութաբանությունը, դրանց` Օհանյանի որոշակի «մասնակցության» մասով:
Հենց սրանով պետք է բացատրել Վիգեն Սարգսյանի` մշտապես փափուկ, դիվանագետ-կիրթ մարդու` գոնե շատերիս համար անսպասելի արտահայտությունը. չկասկածեք` քրեական ռիսկեր տեսնելու դեպքում գործ կհարուցվի (մեսիջն ուղղված էր պաշտպանության նախկին նախարարին):
Թե ինչպես եղավ, որ Օհանյան Սեյրանի «շաքարամանից այդքան շաքար պակասեց», ու նա կարողացավ այդքան հեռու գնալ, երբ բոլորս նրան անչափ հարգում էինք, համարում արժանապատիվ, սոլիդ, հերոս գեներալ, առանձին խոսակցության թեմա է, չնայած…

Ձգենք պաուզան, հիշեցնելու՝ նախորդ խորհրդարանական ընտրությունների շեմին «կոնկուրենտ ֆիրման», որի հետ այսօր Օհանյանը նույն դաշինքում է, առաջարկել էր ընդդեմ Սերժ Սարգսյանի իրենց միանալ, ինքը ասել էր. «Իմ սպայական արժանապատվությունը երբեք թույլ չի տա գերագույն գլխավոր հրամանատարի նկատմամբ որևէ ոտնձգություն»: Դա, ի դեպ, այն ժամանակ էր, երբ նույն «կոնկուրենտ ֆիրման» կարողացավ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին նույնատիպ «առաջարկով» խելքամաղ անել: Ինչևէ:


Այսօր Օհանյանը Կոելյոյի հայտնի հերոսի նման «քամի է ցանում» ու, սամումին տրված, 360 աստիճանով փոխում անապատում իր կանգնած տեղը: Ինչով կավարտվի այս «ասքը», դժվար է ասել, որովհետև գեներալ Օհանյանի երկրորդ շնչառությունն է բացվել, և այն, կարծես, իրենը չէ. նա շնչում է այլոց հանգով, թշնամության «մասին» և խիստ անհամբեր:
Ինչը, թերևս, ամենավտանգավորն է այս խաղում:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1875

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ