Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՈՒժի դիրքը նոր լիցք է ստանում

ՈՒժի դիրքը նոր լիցք է ստանում
03.03.2017 | 00:08

Ռուս ճանաչված քաղաքագետ, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» հանդեսի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը, նկատի ունենալով Թրամփի գահակալմանն առնչվող համաշխարհային բուռն փոփոխությունների ակնկալիքները, հավաստում է, որ թեև պետությունների բազմակողմ հարաբերությունների ձևաչափերը, այդ թվում՝ G8-ի շրջանակում, կշարունակեն կարևոր դեր խաղալ, սակայն դրա հետ մեկտեղ էապես կմեծանա երկկողմ հարաբերությունների նշանակությունը: Ամերիկացիների համար, ասենք, ավելի հեշտ կլինի գործ ունենալ եվրոպական պետություններից յուրաքանչյուրի, քան նրանց հավաքական ամբողջության հետ:

Բնական է՝ ուժի դիրքից: Այս առումով որակական փոփոխություններ կկրեն նաև մեծ ու փոքր պետությունների առնչությունները, իհարկե, ի վնաս վերջինների:
Հետաքրքրական է, որ ուժի գործոնի նշանակությունը դեռ մինչև Թրամփի քաղաքական լույս աշխարհ գալը արդեն իր արտացոլումն էր գտել անցյալ տարվա վերջին հրապարակված ՌԴ արտաքին քաղաքականության նոր հայեցակարգում: Հենց սկզբից հայտարարվում է, որ հայեցակարգը կոչված է ամրապնդելու Ռուսաստանի Դաշնության՝ աշխարհի ազդեցիկ կենտրոններից մեկի դիրքերը, որ փաստաթուղթը ՌԴ արտաքին քաղաքականության հիմքային սկզբունքների, գերադաս ուղղությունների, նպատակի ու խնդիրների վերաբերյալ հայացքների համակարգ է:
Խնդիր չդնելով մեկնաբանելու այս խորհրդանշական ստրատեգիական նախագծի բազմաբնույթ էությունը, իմաստ կունենար անդրադառնալ հենց մեծ-փոքր պետությունների հարաբերությունների վերաբերյալ դրույթներին:
Նախ ասենք, որ նոր փաստաթղթում Հայաստանը հիշատակված է մեկ անգամ. «Ռուսաստանը առանցքային խնդիր է համարում Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիայի խորացումն ու ընդլայնումը Հայաստանի Հանրապետության… հետ»:
Մոռացության չի մատնված նաև Արցախը. «Ռուսաստանը ակտիվորեն հանդես է գալիս հետխորհրդային տարածքում կոնֆլիկտների, մասնավորապես… Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի քաղաքադիվանագիտական կարգավորման օգտին»:


Իսկ հիմա ուշադրություն դարձնենք, օրինակ, 6-րդ կետին. «Քաղաքական, սոցիալական, տնտեսական հակասությունների սրման և համաշխարհային քաղաքական ու տնտեսական անկայունության աճի պայմաններում մեծանում է ուժի գործոնի դերը միջազգային հարաբերություններում: Չնայած այն բանին, որ առաջատար պետությունների միջև խոշորամասշտաբ պատերազմի, այդ թվում՝ միջուկային, բռնկման վտանգը փոքր է, մեծանում են տարածաշրջանային կոնֆլիկտների և ճգնաժամերի մեջ նրանց ներքաշման ռիսկերը»: Իսկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, խոսելով միջազգային հարաբերությունների «բազմակենտրոն ճարտարապետության» մասին, հավելում է. «Նախագիծը հեռանկարում պետք է հենվի ուժի առաջատար կենտրոնների փոխգործակցության վրա՝ ի շահ գլոբալ խնդիրների համատեղ լուծման»: Միջազգային խնդիրների լուծման գլխավոր գործիքը դառնում է ռազմական ուժը՝ զինվորականին հատուկ անմիջականությամբ հայտարարում է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:


Որ մեծ քաղաքականության մեջ ռազմական, տնտեսական առումով հզոր տերություններն են կանխորոշիչը, ի վերուստ է հայտնի: Ամերիկացիները չեն հոգնում բոլոր իմաստներով իրենց «եզակիության» տեղին, թե անտեղի տարփողումներից: Հիմա, այսպես ասած, իրավադիվանագիտական հիմնավորումներով դա անում է վերածնվող Ռուսաստանը: Այսպես թե այնպես, վաղ թե ուշ մեծերը լեզու են գտնում իրար հետ, պայմանավորվում և փորձում են իրենց խնդիրները լուծել ու շահերն իրականացնել տարածաշրջանային փոքրերի հաշվին: Սուր իրավիճակներում գրեթե միշտ տուժողի դերում են հայտնվում միջին ու փոքր պետությունները: Մեր օրերում մեր աչքի առաջ են Վրաստանը, ՈՒկրաինան, Սիրիան: Մեծ տերությունների ընդունած համանման փաստաթղթերում, որպես կանոն, չի որոշվում աշխարհաքաղաքական փոքրամասնությունների շահերի և իրավունքների պաշտպանության որևէ մեխանիզմ: Ահա և վերջիններս հարկադրված՝ ճարահատյալ, ելնելով իրենց երկրում այս կամ այն գերտերության ազդեցության մակարդակից, անդամագրվում են համապատասխան ռազմաքաղաքական դաշինքներին: Ցավալի է, սակայն վերջին ժամանակներս ռուսական լրատվամիջոցներում Հայաստանի վերաբերյալ նյութերում «փոքրի» հետ մեկտեղ հաճախ է սկսել օգտագործվել նաև «աղքատ» ածականը, ինչը չի կարող բացասական ներգործություն չունենալ ամենատարբեր բանակցային գործընթացների վրա:


Պատահական չէ, որ ռուսաստանյան արտաքին քաղաքական այս նոր հայեցակարգը ընդհանուր խոր մտահոգություն առաջացրեց Վրաստանում, և անգամ ռուսաստանյան մամուլում երևացին վրացի քաղաքագետների, կարելի է նույնիսկ ասել, տագնապահար մեկնաբանություններ: Դատեք ինքներդ. մի կողմից՝ 59-րդ կետում արձանագրվում է. «Ռուսաստանը շահագրգռված է նորմալացնելու հարաբերությունները Վրաստանի հետ այն ոլորտներում, որոնցում պատրաստակամ է վրացական կողմը, հաշվի առնելով այն քաղաքական իրողությունները, որոնք ստեղծվել են Անդրկովկասում»: Բայց սա ընդամենը հաջորդում է 57-րդ կետին. «Ռուսաստանի գերակայությունների թվում է մնում աջակցությունը Աբխազիայի Հանրապետության և Հարավային Օսիայի Հանրապետության կազմավորմանը որպես ժամանակակից դեմոկրատական պետությունների, նրանց միջազգային դիրքերի ամրապնդմանը, հուսալի անվտանգության ապահովմանը և սոցիալ-տնտեսական զարգացմանը»: Դե եկ, վրացի, ու մի խենթացիր: Զգացմունքային առումով կարելի է հասկանալ վրացի քաղաքագետների խոր վրդովմունքը, որ լրիվ անտեսված են Վրաստանի, վրաց-ռուսաստանյան խաղաղ կարգավորման շահերը, որ Մոսկվան, փաստորեն, պաշտպանում է այդ նախկին խորհրդային ինքնավարությունների էթնոքաղաքական ռեժիմները, մոռացության մատնելով այդ տարածաշրջաններից բռնի վտարված վրացիների իրավունքները, որ նշված փաստաթղթում Վրաստանի նկատմամբ ներկայացված է ամենախիստ ու անգամ ամենադաժան դիրքորոշումը և այլն:


Բայց ի՞նչ է փոխվում այս հուսակտուր որակումներից: Ի՞նչ էին մտածում և ո՞ւմ վրա էին հույս դնում վրացիները, անմոռանալի Սաակաշվիլու առաջնորդությամբ, երբ, անտեսելով օբյեկտիվ, անողոք իրողությունները, բացահայտ հակառուսական քաղաքականություն էին վարում: ՌԴ արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը, իրոք, շատ ավելի է կոնկրետացնում Ռուսաստան-փոքր ու միջին պետություններ փոխառնչությունների հարցը հօգուտ մեծի, ազդեցիկի, ուժեղի: Սա է գերտերությունների էությունը, և Ռուսաստանը պարզապես բացառություն չէ:
Մոսկովյան հեռուստատեսային մի բանավեճի ժամանակ ռուս քաղաքագետներից մեկը «ինքնատիպ» մի միտք հայտնեց. նա ասաց, որ արջն ընդհանուր առմամբ գիշատիչ կենդանի չէ, բայց երբ նրա վրա կրակում են ու վիրավորում, նա վերածվում է իսկական գիշատիչ գազանի:
Դաս առնենք վրացիների օրինակից և զգույշ լինենք «արջի» հետ:

Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 1988

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ