Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Կինոն հեքիաթ է, կինո ստեղծողը՝ հեքիաթասաց»

«Կինոն հեքիաթ է,  կինո ստեղծողը՝ հեքիաթասաց»
03.03.2017 | 12:04

«Իրատեսի» հյուրը կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ, Ֆրանսիական սինեմատեկի գլխավոր խորհրդի իսկական անդամ ԴԱՎԻԹ ՍԱՖԱՐՅԱՆՆ է: Նրա «28:94 տեղական ժամանակ» ֆիլմը (Հայաստանի, Հոլանդիայի, Գերմանիայի համատեղ արտադրություն) նախորդ տարում չորս մրցանակի արժանացավ միայն Հայաստանում: Այն ցուցադրվել և մրցանակներ է ստացել տարբեր երկրներում, ընդգրկված է Նիդերլանդների կինոթանգարանի հավաքածուում: Այս և այլ թեմաների շուրջ է մեր զրույցը:

«ՄԵՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆՆ ՈՒՐԻՇ ՊԻՏԻ ԼԻՆԻ»


-Պարոն Սաֆարյան, ասում են՝ խելոք գառը երկու մոր կաթ է ուտում: Դուք այդ իմաստնության կրողն եք կարծես. Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինն ավարտելուց հետո սովորել եք Մոսկվայի ՎԳԻԿ-ում և գերազանցությամբ ավարտել այն: Այսօր ո՞ր դպրոցի դասերով եք առավելապես առաջնորդվում:
-Խելոք գառը, որ մեծանում է, նրան «ա՛յ, ոչխար» ասող էլ է լինում: Խելքը պիտի գնահատվի, ունակությունը պահանջարկ պիտի ունենա, թե չէ՜... Ասացիք՝ երկու մոր կաթ: Կարծում եք՝ երկուսը բավակա՞ն է: Ես այսպես կասեի. «Պետք է մի՛ մոր կաթ կերած լինես ու մի քանի աղբյուրից՝ ջուր խմած»: Բայց այդ աղբյուրները զուլալ պիտի լինեն: Ես երախտապարտ եմ իմ թատերական ինստիտուտի վարպետ Ռաֆայել Ջրբաշյանին և դասախոս Հրաչյա Ղազարյանին, ՎԳԻԿ-ի իմ վարպետ Ալեքսանդր Կոչետկովին: Անչափ շնորհակալ եմ մյուս դասախոսներին, նաև բոլոր նրանց, ովքեր կամա թե ակամա կյանքի մեծ դասեր են տվել ինձ: Եվ ես շնորհակալ եմ իմ այն ուսուցիչներին, որոնք ուսումնական հաստատություններում ինձ դաս չեն տվել, բայց հանդիպումը, շփումը նրանց հետ ինձ մասնագիտորեն հարստացրել են: Դա առաջին հերթին Արտավազդ Փելեշյանն է: Բայց և՝ Ալեքսանդրա Խոխլովան, Մարսել Մարսոն, Ժան Ռուշը: Ես սկսել եմ աշխատել վավերագրական կինոյում: Վավերագրական ֆիլմ նկարելիս ոչինչ չես բեմադրում, կյանքի բեմադրածից ես օգտվում: Խաղարկայինի դեպքում բեմադրում ես: Բայց երկու դեպքում էլ ֆիքսում ես աչքիդ առաջ տեղի ունեցածը: Խաղարկային ֆիլմ նկարելիս ես փորձում եմ դերասանի համար հնարավորինս բնական միջավայր ստեղծել, որտեղ նա կկարողանա գոյություն ունենալ, ապրել, ոչ թե խաղալ: Սա էլ վավերագրվում է. այս դեպքում՝ դերասանի բնական վիճակն է ֆիքսվում: Այնպես որ, վավերագրականի և խաղարկայինի տարբերությունը ես այդքան էլ մեծ չեմ համարում:
-Ինձ թվում է, որ Դուք ունեք վառ արտահայտված ռեժիսորական դիրքորոշում: Կարո՞ղ եք հակիրճ բնորոշել այն:
-Տարիներ առաջ, «Կորսված դրախտ» ֆիլմի էկրան բարձրանալու առիթով, ինձ խնդրեցին ձևակերպել իմ ռեժիսորական դիրքորոշումը: Ես, առանց երկար-բարակ մտածելու, ասացի. «Կինոն հեքիաթ է, կինո ստեղծողը՝ հեքիաթասաց»: Ասածս սկսեց հայտնվել ֆիլմերիս վերնագրերի, իմ անվան կողքին: Հետո կամաց-կամաց մոռացվեց: «28:94 տեղական ժամանակ» ֆիլմի առիթով էլ ինձ հարցրին ռեժիսորական դիրքորոշմանս մասին. հարցնողը Կինոքննադատների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Կլաուս Էդերն էր: Այս անգամ մի փոքր մտածեցի, բայց նորից պատասխանեցի. «Կինոն հեքիաթ է, կինո ստեղծողը՝ հեքիաթասաց»: Ի զարմանս ինձ, հիշում էր երկու տասնամյակից էլ առաջ ասված խոսքս: Նա էլ իր հերթին զարմացավ. «Մի՞թե այսքան տարիների ընթացքում ոչինչ չի փոխվել քեզ համար»: Ստիպված եղա բացատրել. «Իմ վերաբերմունքը մասնագիտությանս, գործիս հանդեպ չի փոխվել. փոխվել է հեքիաթի իմ հասկացությունը»: Ավելի ընդլայնված՝ մի ուրիշ բան կասեմ: Մենք փոքրաթիվ ենք, սփռված աշխարհով մեկ: Մեր պատասխանատվության աստիճանն ուրիշ պիտի լինի: Աշխարհին անորակ, կիսատ-պռատ գործ ներկայացնելու իրավունք չունենք: Հետո՝ մենք դարավոր ընդհատում ունենք բնականոն պատմական զարգացման գործընթացում, մի ահռելի անդունդ: Ամեն մեկս, հատկապես մշակույթի բնագավառում, պիտի կարողանա լցնել այդ անդունդը՝ հետևյալ քայլն անելու համար: Մեր մեծերը՝ Խաչատրյանը, Սարյանը, Կոջոյանը, Իսահակյանը, կարողացել են այդ անել:
-Ձեր ֆիլմերի շարժիչ ուժը Ձեր դերասանուհի կինն է՝ Յանա Դրուզը: Կյանքում կարողանո՞ւմ եք տարանջատել ստեղծագործականը և անձնականը:
-Կուզենայի ուղղակի ասել՝ իհարկե: Բայց մի քիչ բացեմ փակագծերը: Իհարկե, Յանա Դրուզի մասնակցությունը թե՛ իմ ֆիլմերում, թե՛ կյանքում մեծ կարևորություն ունի: Յանան ունի բնականը զգալու արտակարգ տաղանդ: Իմ ուշադրության կենտրոնը շատ հաճախ ձևի կողմն է տեղափոխվում. ձևը, իհարկե, անչափ կարևոր է, բայց այդ պահին բնականությունից հեռանալու վտանգ կա: Հենց այդ դեպքում է, որ անգնահատելի է Յանայի ներկայությունը: Սակայն «28:94 տեղական ժամանակ» ֆիլմի բնականության վերաբերյալ իմ ստացած բազմաթիվ հաճոյախոսությունների և բարձր գնահատականների համար պարտական եմ նաև մյուս գլխավոր դերակատարին՝ Աշոտ Ադամյանին, և բոլոր դերասաններին՝ առանց բացառության: Հաճախ ենք ասում՝ մեծ ու փոքր դերեր չկան: Դուք ֆիլմը դիտել եք: Կարեն Ջանիբեկյանի դերը մե՞ծ Է: Մի քանի րոպե է ընդամենը երևում էկրանին: Բայց փորձեք հանել այդ դերը: Ֆիլմը կփլվի: Նույնը Հեղինե Հովհաննիսյանի դերը, Հարություն Մովսիսյանինը: Իսկ Վիգեն Ստեփանյանի նկարիչը երրորդ գլխավոր կերպարն է ֆիլմում: Խոնարհաբար շնորհակալ եմ նրանց: Շնորհակալությունս պիտի հայտնեմ նկարահանող խմբի բոլոր անդամներին՝ նույնպես առանց բացառության՝ բեմադրող օպերատոր Արմեն Խաչատրյանին, բեմադրող նկարիչներ Միքայել Անտոնյանին, Վարդան Սեդրակյանին, իմ ասիստենտներին, օգնականներին: Ո՛վ չգիտի՝ կինոն մենակ չի արվում: Ֆիլմ չի ստացվի, կստացվի թյուրիմացություն, եթե ինչ-որ մեկը չկամեցող կամ ծույլ եղավ. այդպիսիները նկարահանող խմբից դուրս են մնում. գոնե իմ նկարահանող խմբում այդպես է: Եվ դա դաժանություն չէ, ինչպես ոմանց կարող է թվալ կողքից, դա նախապայման է:
-Խոսենք ֆիլմի մրցանակներից. երկուսը ստացաք «Ոսկե ծիրանի», երկուսը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության ժամանակ: ՈՒնեք նաև արտասահմանյան մրցանակներ և հաջողություններ: Իբրև ֆիլմի հեղինակ՝ Ձեզ բավարարվա՞ծ եք զգում:
-Ես մրցանակներ տեսած ռեժիսոր եմ: Եղել է և այնպես, որ չեմ ստացել մրցանակ: Հանրահայտ կինոգետ Նաում Կլեյմանը մի անգամ ասաց ինձ. «Դավիթ, մրցանակը ֆիլմի որակը չի փոխում՝ թե՛ ստանալու, թե՛ չստանալու դեպքում»: Լավ է, երբ աշխատանքդ բարձր գնահատական է ստանում: Ինչպե՞ս կարող ես չուրախանալ, երբ Հոլիվուդի կենտրոնում «Խաղարկային ֆիլմի լավագույն ռեժիսոր» մրցանակն ես ստանում, երբ Երևանի կենտրոնում, որտեղ հիմնականում նկարահանվել է ֆիլմդ, ստանում ես «Լավագույն սցենարի համար» մրցանակ, կամ երբ Մոսկվայի կենտրոնում՝ լեփ-լեցուն դահլիճում, նայում են ֆիլմդ: Բայց ես առավել ուրախ եմ, ինչպես Դուք ասացիք, բավարարված եմ ինձ զգում, որ մոտեցել եմ այն արդյունքին, որին ձգտել եմ, հանդիսատեսին կարողացել եմ հասցնել այն ասելիքը, հանուն որի սկսել եմ ֆիլմը:
-Ցանկացա հաշվել՝ քանի՞ տարի եք նկարել և քանի՞ տարի սպասել:
-Ոչ մի տարի չեմ սպասել: ՈՒղղակի նկարահանումները տևել են տասը տարի: Այդ ընթացքում ունեցել եմ ընդամենը 48 նկարահանման օր: Նույնիսկ զարգացած կինոերկրներում, թույլ տամ ինձ այս արտահայտությունը, հիսուն նկարահանման օրը երկժամանոց ֆիլմի համար սովորականից մի բան էլ քիչ է: Իսկ հիմա եկեք միասին ծիծաղենք: Խոսեցինք ֆիլմի մրցանակներից, ցուցադրումներից: Գարնանը Բելգիայում, Հոլանդիայում և Լյուքսեմբուրգում սկսվելու է ֆիլմի ցուցադրությունը կինոթատրոններում, հետո՝ հեռուստատեսությամբ: Գերմանիայում և Ֆրանսիայում ցուցադրման պայմանների մասին բանակցություններ են ընթանում: Ժամանակին «Կորսված դրախտը» Բենիլյուքսի երկրների կինոթատրոններում ցուցադրվել է 7 ամիս: Մեզ մոտ, կարելի է համարել, չի ցուցադրվել: «28:94 տեղական ժամանակ» ֆիլմը ցուցադրվել է միայն «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում: «Տաք երկիր, ցուրտ ձմեռը»՝ ֆիլմի կրճատ տարբերակը, երեք շաբաթ էլ չցուցադրվեց Երևանում: Է՛հ, ինչո՞ւ պիտի ավելի գնար կիսադատարկ կամ ուղղակի դատարկ դահլիճներում: Բայց ի՞նչն է պատճառը: Շատերը չեն էլ իմացել, որ ֆիլմը ցուցադրվում է կինոթատրոններում. այսօր են հարցնում, թե ե՞րբ է ֆիլմը ցուցադրվելու: Ամեն օր լսում եմ. «Էն մեր իսկական, հայկական հին ֆիլմերը լավն էին, էլ չկան. հիմա էդպիսի ֆիլմեր չեն անում»: Անո՛ւմ են: Կա՛ն: Քիչ են, բայց կան: ՈՒղղակի ժողովուրդը տեղյակ պիտի լինի, որ կան: Ինձ ասում են՝ լավ չես զբաղվել քո ֆիլմի գովազդով: Ե՞ս: «Հեքիաթասացի» գործը չէ սա: Պիտի կարողանանք համակարգ ստեղծել, որ իսկապես զբաղվի այդ գործով: Այն կառույցները, որոնց միջոցով կառավարությունը ֆինանսավորում է ֆիլմարտադրությունը, իրենց հետաքրքրությունը ֆիլմի հանդեպ կորցնում են գումարը իրենց հաշվին նստելու օրը հենց. պատասխանատու չեն ավարտված ֆիլմի իրացման գործընթացի համար: Եթե կարողանանք հրաժարվել անիմաստ կառույցներից, արտադրության գումարը տանք անմիջականորեն ֆիլմարտադրողին և հենց իրենից էլ պահանջենք պետական միջոցների վերադարձը, պատկերը կփոխվի. ֆիլմարտադրողն այնպիսի գովազդ կկազմակերպի, որ բոլորն էլ կուզենան տեսնել ֆիլմը: Ցանկանում ենք խթանել ֆիլմարտադրությունը, սկզբնական շրջանում միայն մասամբ հետ պահանջենք ծախսվածը: Ժամանակ կանցնի, արտադրությունը կընդլայնվի, բնագավառը կզարգանա, մեծ եկամուտներ էլ կլինեն: ՈՒ եկեք չվախենանք ամեն ինչ իրենց անուններով կոչելուց. կինոյի այս թերի և արատավոր համակարգում նման մտքերը հազիվ թե պահանջարկ ունենան: Իսկական ֆիլմարտադրություն էլ չունենք: Ի հեճուկս հանգամանքների՝ հատուկենտ ֆիլմեր են դուրս գալիս. խոսքս իսկական ֆիլմերի մասին է: Ծիծաղելի վիճակում ենք հայտնվել: ՈՒրեմն, եկեք հումորի զգացումը չկորցնենք. ծիծաղենք, բայց մի բան ձեռնարկենք և այս վիճակից դուրս գանք:

«Ո՞Վ ԷՐ ՍԵՂՄԵԼ ՖԱՔՍԻ ՍԱՐՔԻ ԿՈՃԱԿԸ»


-Ձեր ֆիլմերում կադրերն ինքնին խոսուն են: Իրենց ասելիքով, բովանդակությամբ, անգամ՝ բնավորությամբ, ասես խոսքի լրացումը լինեն: «Կորսված դրախտի» տունը արժանապատվության խորհրդանիշ է, «28:94 տեղական ժամանակի» լճակում արտացոլված նավթի հերթը՝ միֆոլոգիական իրողություն: Այս կադրերը նախանշվա՞ծ են լինում մինչև նկարահանման բուն աշխատանքները, թե՞ տեղանքն ու պարագաներն են ծնունդ տալիս այն վերջնական պատկերին, որը հասնում է հանդիսատեսին:
-Իհարկե, նախապատրաստվում ես, նշում սցենարում և, իհարկե, ամեն ինչ շտկվում, փոխվում է նկարահանման պահին: Բայց տեսեք. վերջերս՝ ֆիլմի փաստաթղթերը վերանայելիս, գտա առաջին սցենարական հայտը: Անհավատալիորեն մոտ է ավարտված ֆիլմին: Իսկ թվում էր՝ այնքա՜ն բան է փոխվել ընթացքում: Այս սցենարական հայտի հետ կապված մի հետաքրքրական, անհավատալի, ֆիլմի ճակատագրի համար շատ կարևոր դրվագ էլ է կապված: Այդ հայտը գրվել է 1993 թվականին, Ռոտերդամի փառատոնի Հուբերտ Բալս հիմնադրամին ներկայացնելու նպատակով, որտեղից և ստացանք հետագայում առաջին ֆինանսավորումը: Հայտը ֆաքսով պիտի ուղարկվեր Մոսկվայից Ամստերդամ. այդ օրն այնտեղ Հիմնադրամի նիստ պիտի կայանար, պիտի որոշվեին այն ֆիլմերը, որոնք սցենարի զարգացման համար ֆինանսավորվելու էին: Ամբողջ գիշերն աշխատելուց հետո ավարտին հասցրի պահանջվող հակիրճ հայտը: Բայց առավոտյան ոչ մի կերպ չկարողացա ուղարկել այն: Հեռախոսակապը այն տարիներին շատ անկայուն էր: Իսկ Գորկու անվան կինոստուդիայում Յանան իր ֆիլմի ձայնագրություններն էր ավարտում: Ես պիտի ներկա լինեի: ՈՒշանում էի, վերջին անգամ փորձեցի ֆաքսն ուղարկել: Չստացվեց: Թերթերը ֆաքսի սարքին թողած, հաշտվելով այն մտքի հետ, որ հնարավոր չեղավ հայտն ուղարկել, դուրս եկա տնից: ՈՒշ երեկոյան, Յանայի հետ ստուդիայից վերադառնալով, հայտնաբերեցինք պատասխանն Ամստերդամից. «Հայտը ստացանք: Նիստը Մոսկվայի ժամանակով ուշ կավարտվի: Վաղը կհայտնենք արդյունքը»: Ինչպե՞ս: Ո՞վ էր սեղմել ֆաքսի սարքի կոճակը: Մի քանի օր դրանից առաջ անտուն կատու էինք ներս թողել: Ցուրտ էր՝ մինուս քսանութ աստիճան. դրսում մնար, կսատկեր: Էդ կատուն մենակ մնացել, տանը մի լա՜վ տիրություն էր արել ու... Մյուս օրը Ամստերդամից դրական պատասխան ստացանք: Կատուն, ասես ամեն ինչ հասկանալով, մեզ հետ ուրախանում, ամբողջ բնակարանով մեկ վազվզում, ցատկոտում էր, մեկ էլ թաթով կպավ ֆաքսի սարքի կոճակին: Ֆաքսը միացավ: Տարակուսանքի տեղ չմնաց. ֆաքսը երեկ կատուն էր ուղարկել: Դրանից հետո Հուբերտ Բալս հիմնադրամը ևս երկու անգամ մասնակցեց ֆիլմի արտադրության ֆինանսավորմանը, ինչը աննախադեպ փաստ է հիմնադրամի պատմության մեջ: Մենք էլ, քառորդ դար էլ չանցավ, ավարտեցինք ֆիլմը:
-Ահա՛ թե ինչպիսի նախախնամություն:
-Մենք շատ ենք սիրում տխուր բաներից խոսել: Ես չեմ սիրում: Բայց որ չասեն՝ այս մարդը հայ չէ, մի տխուր բան էլ ես ասեմ, մի հարց էլ ես տամ վերջում: Որ պետք եղավ թշնամու կամ նրա գործողությունների վերաբերյալ մեր կարծիքը հայտնել աշխարհին, Հայաստանում ո՞վ ունենք այսօր, որ մի բան ասի, ու աշխարհը ականջ դնի նրան: Ոնց որ թե՝ չունենք: Արդյոք արհեստական չի՞ այս իրավիճակը ստեղծվել: Թե՞ իրար նախանձելով ենք այս օրին հասել: Ինչևէ, տխուր փաստ է:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1273

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ