Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայտնի և անհայտ Մանթաշյանցը

Հայտնի և անհայտ Մանթաշյանցը
03.03.2017 | 12:16

Այո, այսօր հայոց բազմադարյա բարերարության արքայի, տնտեսական հանճարի, մեր ժողովրդի ամենաբարձր առաքինությունների ու խղճի խորհրդանիշի հոբելյանն է: Արևմտահայ մտավորականներից մեկն այսպիսի միտք է արտահայտել. «Կեանքեր կան որ դարեր արժեն»: Ա. Մանթաշյանցի կյանքն էլ էր այդպիսին, բայց չգիտեմ` էլ ե՞րբ կծնվի նոր Մանթաշյանց, քանի՞ դար հետո…

2011 թ. մի բարեսիրտ մարդու ֆինանսական աջակցությամբ հրատարակեցի երկարամյա պրպտումներիս արդյունքը` «Ալեքսանդր Մանթաշյանց. հուշագրություններ, հրապարակումներ, փաստաթղթեր» ժողովածուն, որի էլեկտրոնային տարբերակը զետեղված է «Իրատեսի» կայքում և ունի շուրջ 50000 ընթերցում: Ես սա համարում եմ ոչ միայն և ոչ այնքան իմ կատարած աշխատանքի գնահատական, որքան Մանթաշյանց-երևույթի, անձի, գործի հանդեպ հետաքրքրության հարաճուն ցուցիչ: Բայց այն ժամանակ էլ էի գիտակցում, որ դեռ շատ բաներ ինձ անհայտ են, և պետք է շարունակեմ որոնումներս: Արդյունք եղավ` ի հայտ եկան նոր բացահայտումներ, որոնց մի մասը ներկայացնում եմ այժմ` հոբելյանի առթիվ:
Սակայն չեմ կարող անտեսել մի հանգամանք` բանագողերի առկայությունը: Բանագողը միայն գրագողը չէ, նա մտքի, գաղափարի, անգամ բարձրաձայն արտահայտած ենթադրության ու վարկածի առևանգիչն է, և այդ անսպեռ արհեստով զբաղվում է զուտ իր գոյությունն այս կյանքում արդարացնելու համար: Ինչո՞ւ եմ սրա մասին նշում, որովհետև այս լրագրային էջերի բոլոր նյութերը, բացի վերջինից, հավաստի են, սակայն բանագողերից ինքնապաշտպանվելու համար աղբյուրներ չեմ նշում: Իսկ վերջին անեկդոտը զետեղում եմ, որովհետև մեր ժողովուրդը իր պաշտելի մեծերի անվան շուրջ ոչ միայն լեգենդներ, այլ զվարճապատումներ է հյուսել:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՄԱՆԹԱՇՅԱՆՑ


(1842, մարտի 3-1911, ապրիլի 19: Վախճանվել է Պետերբուրգում, հուղարկավորվել է Թիֆլիսի Վանքի եկեղեցու բակում կառուցած դամբանում` կնոջ կողքին: 1938 թ. թե Վանքի եկեղեցին և թե դամբանը ավերվել են: Ըստ որոշ լուրերի, նրա ու կնոջ աճյունները գաղտագողի փոխադրվել ու հողին են հանձնվել Թբիլիսիի Սբ Գևորգ եկեղեցու բակում)
Բիզնեսը - «Թիֆլիսի առևտրային բանկի» (Тифлисский коммерческий банк) և Բաքվի «Ա. Հ. Մանթաշյանց և ընկ.» նավթարդյունաբերական և առևտրային ընկերության (Нефтепромышленное и торговое общество А. И. Манташев и Ко) սեփականատեր։ Նրա նավթը և նավթամթերքները, Ռուսաստանից բացի, վաճառվել են Եգիպտոսում, Թուրքիայում, Անգլիայում, Հունաստանում, Ռումինիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում, Պարսից ծոցի երկրներում, Հնդկաստանում, Չինաստանում:
Կոչումները - իսկական պետական խորհրդական (1909), 1-ին գիլդիայի վաճառական (1871), առևտրի խորհրդական, Թիֆլիսի քաղաքային դումայի պատգամավոր (1893-1911), Թիֆլիսի պատվավոր քաղաքացի։
Պարգևները - ռուսական «Ս. Աննայի» 2-րդ աստիճանի շքանշան (1896), ֆրանսիական Պատվո լեգեոնի Սպայի խաչ (1904)։
Դիրքը հասարակական և տնտեսական ոլորտներում - Առևտրի ու մանուֆակտուրայի թիֆլիսյան կոմիտեի, Պետբանկի Թիֆլիսի բաժանմունքի վարչական կոմիտեի, Արքունական պալատի թիֆլիսյան ատյանի (1903), Թիֆլիսի փոխադարձ վարկի ընկերության վարչության անդամ, Թիֆլիսի առևտրային ուսումնարանի հոգաբարձական խորհրդի անդամ, նախագիմնազիայի պատվավոր հոգաբարձու (1894-1907), կայսրուհի Մարիա Ֆյոդորովնայի անվան կույրերի հանդեպ հոգատարության Կովկասյան հոգաբարձության անդամ, Թիֆլիսի ռեալական գիմնազիայի պատվավոր հոգաբարձու (1881-1893)։ Կովկասի հայոց բարեգործական ընկերության (ԿՀԲԸ) հիմնադիր ու պատվավոր անդամ, Բաքվի հայոց Մարդասիրական ընկերության պատվավոր անդամ, Թիֆլիսի Հայկական դրամատիկական ընկերության պատվավոր անդամ, «Սանկտ Պետերբուրգի հայկական խմբակի» հիմնադիրներից մեկը (1907)։ 1901-ից հիմնել ու պահել է իր անունը կրող Առևտրային ուսումնարանը (Манташевская торговая школа)։ Արվեստի, գրականության, գիտության, լրագրության բազմաթիվ գործիչների, շուրջ 1000 ուսանողների մեկենաս։
ՈՒնեցվածքը - հետմահու գնահատվել է 20-30 մլն ռուբլի: 1909 թ. արդյունքներով Ռուսական կայսրության ամենահարուստ մարդկանց ցանկում զբաղեցրել է 13-րդ տեղը:
Ընտանեկան դրությունը - ամուսնացած էր Դարյա Թամամշյանի հետ (վախճանվել է 1909 թ.), ուներ ութ զավակ: Որդիները` Հովհաննես, Լևոն (հոր մահից հետո շարունակել է բիզնեսը), Հովսեփ, Գևորգ, դուստրերը` Աննա, Նադեժդա, Վարվառա, Թամարա։ Աննան ամուսնացել է երաժշտագետ Բարսեղ Ղորղանյանի, Նադեժդան` Ալեքսանդրապոլի քաղաքագլուխ Հովսեփ Տիգրանյանի, Վարվառան` իրավաբան Լևոն Եվանգուլյանի, Թամարան` բժիշկ Գևորգ Ամբարդանյանի հետ։ 1917-1918 թթ. զավակները տարագրվել են:

Ա. Մանթաշյանցի բարեգործությունների ցանկ


Սույնը կազմել եմ` օգտագործելով զանազան աղբյուրներում սփռված տեղեկություններ։ Անշուշտ, ցանկն սպառիչ չէ, քանզի իրական պատկերը հայտնի չէր անգամ բարերարին, որը հաշիվ չէր պահում: Բարերարությամբ զբաղվել է 24 տարեկան հասակից մինչ ի մահ` 45 տարի:
1881-1911 թթ. միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատություններում շուրջ 1000 սովորողներին որպես կրթաթոշակ` 400 հազ. ռ.
1881-1895 թթ. Կովկասի հայոց բարեգործական ընկերությանը` 27100 ռ.
1887 թ. Սեմիրեչինսկի մարզի (ներկայիս Ղազախստան) վարչական կենտրոն Վերնի քաղաքի երկրաշարժից տուժածներին` 3 հազ. ռ.
1897 թ. տաճկահայ սովյալների ու գաղթականների օգնության պարենային կոմիտեին` 25 հազ. ռ., բացի այդ բոլոր ցանկացողներին Սև և Միջերկրական ծովերի նավահանգիստներից սեփական նավերով անվճար փոխադրել է Արևմտյան Հայաստան։
1898 թ. մայիսի 17-ին Անդիժանում (ներկայիս ՈՒզբեկստան) զոհված 22 ռուս զինվորների հիշատակին եկեղեցի կառուցելու համար` 1000 ռ.։
1899 թ. ապրիլի 9-ին Կույրերին խնամող ընկերության Թիֆլիսի բաժանմունքի երեխաների համար հատուկ դպրոց կառուցելու համար` 2000 ռ.
1899 թ. դեկտեմբերին Ավճալայի անչափահաս հանցագործների արհեստանոցների ու կացարանների կառուցման և պահպանման համար` 40 հազ. ռ.
1899 թ. դեկտեմբերի 20-ին Պետերբուրգի վրաց ուսանողներին` 100 ռ.
1899 թ. Մցխեթի վրաց տաճարի վերանորոգման համար` 1000 ռ.
1899 թ. Պերճ Պռոշյանի գրական գործունեության 40-ամյակի կապակցությամբ` 300 ռ. գրողին, բացի այդ խոստացել է որդեգրել նրա զավակներից մեկին։
Թիֆլիսի Մանթաշյանց առևտրային դպրոցի (Манташевская торговая школа) կառուցման համար` 100 հազ. ռ.։ ՈՒսման տևողությունը եռամյա էր լինելու և ընդունվելու էին միայն վաճառականների 12-16 տարեկան որդիները։ Դպրոցի շենքը կառուցվել է 1910 թ., գործել է մինչև 1918 թ., եղել 5-դասյա, ուր ամեն տարի սովորել են 250 աշակերտներ։ Խորհրդային իշխանության տարիներին վերածվել է թիվ 43 ռուսական միջնակարգ դպրոցի, ուր ուսանել են այնպիսի նշանավոր անձինք, ինչպես Ռուբեն Մամուլյանը, Միքայել Թարիվերդիևը, Բուլատ Օկուջավան, Մարլեն Խուցիևը և այլք։
1900 թ. երկրաշարժի ենթարկված Ախալքալաքին` 50 հազ. ռ.
1901 թ. Թիֆլիսի Վանքի եկեղեցու վերանորոգման համար` 65 հազ. ռ.
1902 թ. Ֆրանսիական Մարտինիկ կղզու հրաբխի ժայթքման հետևանքների վերացման համար` 30 հազ. ֆրանկ.
1902-1904 թթ. կառուցել է Փարիզի Սբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցին` ծախսելով 570 հազ. ռ. (1 մլն 540 հազ. ֆրանկ).
1903 թ. նոյեմբերին անվճար բուժօգնություն տրամադրող Շուլավերի մասնավոր բուժարանին` 300 ռ.
1904 թ. Թիֆլիսի Հայկական դրամատիկական ընկերությանը` 65 հազ. ռ.
1904 թ. ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ 15 հազ. ռ.` ռուսական նավատորմի համար.
1908 թ. կառուցել է Թիֆլիսի Ներսիսյան դպրանոցի նոր շենքը` ծախսելով 250 հազ. ռ.
1908 թ. «Բաքվի հայոց մշակութային միությանը»` 15 հազ. ռ.
1909 թ. Սբ Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգման համար` 50 հազ. ռ.
1909 թ. Սբ Էջմիածնի կաթողիկոսական վեհարանի կառուցման համար` 200 հազ. ռ.
1909 թ. երկրաշարժից տուժած Մեսինայի երաժշտական դպրոցին` 50 հազ. ռ.
1910 թ. երկրագործական ուսումնարան կառուցելու համար` 200 հազ. ռ.
Թիֆլիսի բոլոր ծխական դպրոցներին` 24 հազ. ռ.
Թիֆլիսի նախկին Սերպինիի ուսումնարանին` 10 հազ. ռ.
Ֆինանսապես օժանդակել է Մ. Չերազի «L’ Armռnie» թերթի, Ա. Չոպանյանի «Անահիտ» ամսագրի, Հովհ. Շահնազարի «Հայրենիք» պարբերականի հրատարակմանը։


Այս ամենից զատ, նվիրատվություններ է կատարել իր սեփական հաստատությունների անունից։ Այսպես.
1885-1911 թթ. Բաքվի հայոց Մարդասիրական ընկերությանը «Ա. Հ. Մանթաշյանց և ընկ.» ֆիրմայի կողմից` տարեկան 600 ռ. (ընդ. գումարը` 9600 ռ)։
1897 թ. Թիֆլիսի առևտրային բանկի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ ծառայողների գանձարկղին տրամադրել է 4000 ռ., հայ գաղթականներին` 5000 ռ., ԿՀԲԸ-ին` 2000 ռ., «Յապի» ընկերությանը` 1000 ռ., կույրերի ընկերության հոգաբարձությանը` 1000 ռ., գիշերային օթևանին` 500 ռ., Ալեքսանդրյան մանկական օթևանին` 500 ռ., Թիֆլիսի քաղաքային ուսումնական հաստատությունների օժանդակիչ ընկերությանը` 500 ռ., ջրում խեղդվողների փրկարարական ընկերության Թիֆլիսի մասնաճյուղին` 500 ռ., Սոլոլակ թաղամասի ձրի ճաշարանին` 500 ռ., Նադեժդինսկի օթևանին` 500 ռ., անչափահաս հանցագործների ուղղիչ ընկերությանը` 500 ռ. (ընդ. գումարը` 16500 ռ.)։
Կտակով բարեգործությանը հետմահու հատկացրել է 200 հազ. ռուբլի:
Ըստ իմ, կրկնում եմ` խիստ մոտավոր հաշվարկի` Ա. Մանթաշյանցը բարերարությանը հատկացրել է 2 մլն 563454 ռուբլի:

«ԹՈՂ ԿՈՐՉԻ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹԻՒՆԸ»


Հիմա էլ քիչ չեն դեպքերը, երբ փնովվում են ոչ միայն իսկական բարերարները, այլև ժխտվում է մեր հազարամյա բարեգործության պատմությունը: Մեկն ասում է` բարեգործությամբ երկիր չես պահի, մյուսը` ներդրումներ արեք, և ոչ` բարերարություն, երրորդի մղումը մերձավորին օգնողին սևացնելն է: Հարց է ծագում` բարեգործությո՞ւնն է պատճառը, որ երկիրը բարգավաճ ու ծաղկուն չէ, իսկ ներդրումները` նվազ: Ինչպե՞ս կարող է մարդկային բարությունը խոչընդոտ հանդիսանալ և ընդհակառակն` չօգնել: Իսկ միգուցե «Плохому танцору яйца мешают?».


Սույն նեղմտության պատասխանը` Ա. Մանթաշյանցի առնչությամբ, գտնվում է ստորև` XX դարասկզբին մամուլում տպագրված այս հոդվածում:
«Մեր ազգային յայտնի գործիչներից մէկը բարեգործական ընկերութիւններից մէկի հանդիսի ժամանակ իւր ճառը սկսեց հետևեալ խօսքերով. «Թող կորչի բարեգործութիւնը»: Մենք բոլորովին համամիտ կը լինէինք այդ գաղափարին, եթէ մեր ազգը հասած լինէր այն երջանիկ «ոսկէ դարին», ուր այլևս ոչ ոք կարիք չէր ունենայ բարեգործութեան ապաւինելու կամ բարի մարդկանց դուռը բաղխելու: Բայց, դժբախտաբար, հեռու, շատ հեռու է այդ երանելի ժամանակը:
Այս պատճառով հայոց ազգին, այդ տգէտ, արհամարհուած, ճնշուած և կօտորուող հայ ժողովրդին դեռ շատ և շատ անհրաժեշտ է բարեգործութիւնը և ցանկալի` առատաձեռն բարեգործները:


Առհասարակ մենք սովոր ենք հռչակել հայ ազգը իբրև բարեգործ ժողովուրդ, բայց եթէ լաւ քննենք մեր պատմութիւնը, վերջին դարերի պատմութիւնը, կը տեսնենք որ բարեգործութիւնը ոչ թէ բուն ժողովրդի յատկութիւնն է եղած մեզանում, այլ միմիայն անհատների և այն` բացառապէս վաճառական դասից. այս ճշմարիտ է մանաւանդ խոշոր բարեգործների նկատմամբ` Ղարամեան, Պէզճեան, Անանեան, Սանասարեան, Ղուկասեան և այլն, սոքա բոլորն էլ անհատներ էին և վաճառականներ և վերջին դարերի հայոց քաղաքակրթական զարգացման գործը տարուել է գրեթէ բացառապէս այդ բարեգործ անհատների ձեռքով և մեր բազմաթիւ կուլտուրական խոշոր հիմնարկութիւնները մենք դրանց ենք պարտական:
Այս տեսակ խոշոր նուիրաբերող բարեգործներիցն է եղել միշտ և մեր քաղաքի որդի Ալէքսանդր Մանթաշեանը, որի առատաձեռնութիւնը, կարելի է ասել, գերազանցել է բոլոր յիշեալ բարեգործների նուիրատուութիւններից:
Պրն Մանթաշեանի բարեգործութիւնների եղանակը զգալի կերպով տարբերւում է միւս բարեգործութիւններից, որովհետև գրեթէ բացառապէս դոքա նուիրած են հայ եկեղեցու և հայ մատաղ սերնդի կրթութեան գործին:


Թիֆլիսի Վանքի նշանաւոր եկեղեցու մեծածախ վերաշինութիւնը, Փարիզի հայ գաղութի հոյակապ եկեղեցին, Էջմիածնի խօստացուած վերանորոգութիւնը, Ներսիսեան դպրոցի հսկայական շէնքը, Թիֆլիսի առևտրական դպրոցը, բազմաթիւ աւարտած և շարունակող ուսանողները ևն, ևն, բոլորն էլ Մանթաշեանի առատաձեռնութեան պտուղներն են: Այս դեռ յայտնին է, երևացողը, իսկ քանի հազարաւոր կարօտեալներ, աղքատ գրագէտներ, կարօտ հրատարակիչներ, տնանկ ուսուցիչներ, անօգնական եկեղեցականներ վայելել են Ա. Մանթաշեանի բարեգործութեան շնորհը, այդ մասին երևի ինքը պ. Մանթաշեանն էլ չի կարող հաշիւ տալ իրան, այնքան շատ են դոցա թիւը և տեսակը, և դեռ այսօր էլ վայելում են նորա խնամքն ու նպաստը»:

ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻ ՆՈՐՈԳՈՒՄԸ


1907 թ. Մկրտիչ Խրիմյան կաթողիկոսը ժամանում է Թիֆլիս, բայց հիվանդության պատճառով Ա. Մանթաշյանցն ի վիճակի չի լինում նրան հանդիպել: Այդ մասին իմանալով` վեհափառն ինքն է այցելում բարերարին: Հենց այդ ժամանակ խոսք է բացվում Մայր տաճարի վերանորոգման շուրջ, և Ա. Մանթաշյանցը խոստում է տալիս: Մկրտիչ կաթողիկոսի մահից հետո տեղապահ Գևորգ Սուրենյանցը` ապագա կաթողիկոսը, վերանորոգման հարցը կրկին հիշեցնում է:


«Մեծապատիւ բարեկամ Աղէքսանդր Իվանիչ
Քաջապէս յայտնի է ամենքին Ձեր անթիւ բարեգործութիւնները թէ եկեղեցիներին, թէ ազգային այլ և այլ հաստատութիւններին և թէ Ձեր բարերար հանդիսանալը բազմաթիւ ուսանողների և թէ առհասարակ ամեն մի կարօտաւոր և թշուառացած հայ անհատի օժանդակելը, որոնք չեն դադարում յար և միշտ արևշատութիւն խնդրելու իրենց բարեպաշտ և առատաձեռն բարերարի թանկագին կենաց համար:
Ձեր գերազնւութեան յայտնի է, որ Սբ Էջմիածնի Տաճարն անհրաժեշտ կարիք ունի հիմնական նորոգութեան, մանաւանդ նորա տանիքը, որ գրեթէ միանգամայն վնասուած է այնպէս, որ անձրևի ջրերը սուզելով զանազան տեղեր և կաթիլներ առաջացնելով` միանգամայն վնասել են տանիքը, որ նոյն իսկ կարող է վտանգաւոր լինել: Ի Տէր հանգուցեալ Հայրապետի թաղման առթիւ եկած պատգամաւորները զարմանում էին ազգի և մանաւանդ Մայր Աթոռի վարչութեան անտարբերութեան համար դէպի իրենց Նոր Սիոնը, որ է ամբողջ հայութեան սիրտն ու կեդրոնը, և արդարև, նոյն իսկ մեծ անպատւութիւն օտար այցելուների մօտ: Այս ամենը Սբ Էջմիածնի Սինոդը ի նկատի ունենալով` անցեալ 1907 թուի մարտի 14-ին թ. 561, դիմեց Ձեր օգնութեան, խնդրելով Ձեր բարի ուշադրութիւնը Մայր Տաճարի տանիքի անհրաժեշտ նորոգութեան վերայ: Արդ, որովհետև մինչև այժմ այդ առթիւ չստացուեց մի ուրախալի լուր, ուստի քաղցր պարտք եմ համարում ինձ դիմել Ձեր բարեպաշտութեան` իբրև անկեղծ բարեկամի, և խնդրել Ձեր բարի ուշադրութիւնը առայժմ Մայր Տաճարի տանիքի նորոգութեան վերայ, թողնելով Տաճարի հիմնական նորոգութիւնը ըստ Ձեր բարեհայեցողութեան յարմար ժամանակի: Տանիքի նորոգութիւնը միանգամայն թողնւում է Ձեր կամքին, ինչպէս կը կամենաք նորոգել տալ, Ձեր գիտութեամբ, Ձեր ճարտարապետի և Ձեր կողմից նշանակուած անձի հսկողութեամբ և ինչ նիւթից հաճելի կը լինի Ձեր մեծարգութեան:
Լիայոյս եմ, որ մօտ ապագայում Ձեր գերազնւութեան կողմից կը հետևի այս առթիւ մի մխիթարական և ուրախ լուր:
Օրհնելով Ձեզ և Ձեր ամբողջ գերդաստանին, մնամ միշտ ջերմեռանդ աղօթարար
Գէորգ Արքեպիսկոպոս Սուրէնեան
Ի 17 յունուարի 1908 ամի
Ի Ս. Էջմիածին»:


Արտասահմանում գտնվող Ա. Մանթաշյանցն անմիջապես արձագանքում է.
«Ամենապատիւ Սրբազան Հայր
Ստացայ Ձեր Սրբազնութեան 17 յունւարի նամակը և Սբ Էջմիածնայ Տաճարի մասին Ձեր բոլոր նկատումները կատարելապէս գնահատում եմ: Իմ կողմից ճարտարապետ ուղարկելն աւելորդ եմ համարում և ուզում եմ, որ այդ նորոգութեան գործն ի կատար հանուի իմ միջոցներովս հետևեալ կերպիւ:
Ձեր Սրբազնուեան նախագահութեամբ մի փոքր յանձնաժողով պէտք է կազմուի, որի մէջ լինի բացի Ձեր Սրբազնութիւնից և Կոմիտաս վարդապետից, երկու կամ երեք անձինք Ձեզանից ընտրուած, և Սբ Տաճարի նորոգութեան ու յարակից բոլոր գործերը կատարուին այդ յանձնաժողովի կարգադրութեամբ և հսկողութեամբ: Այդ նպատակին համար գրած եմ պ. Դաւիթ Խարազեանին, որ մեր Տփխիսի կօնտօրը յանձնաժողովից խնդրած գումարները հետզհետէ ուղարկէ Ձեզ, մինչև որ լրանայ 40000 րուբլի (քառասուն հազար րուբլի), որ կը լինի այդ գործին յատկացուած գումարին ամբողջութիւնը:
Խնդակցութիւնս եմ յայտնում Ձեր Սրբազնութեան Մայր Աթոռոյ Տեղակալ կարգուելուն առթիւ և առանձնապէս ուրախ եմ ս. Էջմիածնայ Տաճարի նորոգութեան գործը, որ ամենամեծ ցանկութիւնս եղած էր, Ձեր Սրբազնութեան Տեղապահութեան օրովն է կատարուելու:
Ձեր Սրբազնութեան սուրբ աջն համբուրելով` մնամ խոնարհ յարգանօք և սիրով
Աղէքսանդր Մանթաշեան
Նիցցա, 6/19 փետրւար 1908 թ.»:


Կխնդրեի ուշադրություն դարձնել հետևյալ հանգամանքին. ըստ էության, Ա. Մանթաշյանցը մեկ նախապայման է դնում, որ վերանորոգման հանձնաժողովում ընդգրկվի Կոմիտասը: Նա, որի եռամյա ուսումը Գերմանիայում ինքն էր հոգացել` տարեկան տրամադրելով 6 հազար ռուբլի…
Հավելեմ նաև, որ 40 հազարի փոխարեն Ա. Մանթաշյանցը հատկացրեց 50 հազար ռուբլի, և վերանորոգումը կատարվեց:

ԵՐԵՔ ԱԼԵՔՍԱՆԴՐՆԵՐՆ ՈՒ ԹԱՓՈՐԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԸ


«Կովկասի հայոց բարեգործական ընկերություն» ստեղծելու գաղափարը պատկանում է թիֆլիսցի բժիշկ Բագրատ Նավասարդյանին: Այն պաշտոնապես հիմնվեց 1881 թ. նոյեմբերի 15-ին, և խորհրդի նախագահ ընտրվեց գաղափարի հեղինակը: Բայց կարճ ժամանակ անց ղեկավարությունն անցավ երեք Ալեքսանդրների` Անանյանին (նախագահ), Մանթաշյանցին (փոխնախագահ) և Մելիք-Ազարյանին (գանձապահ): Տասնյակ տարիների ընթացքում խորհրդի նոր անդամներ էին գալիս-գնում, բայց եռյակը մշտակա էր: Սկզբնական, կայացման շրջանում, երբ կազմակերպական բազում խնդիրներ լուծելու համար փող էր անհրաժեշտ, իսկ ընկերության գանձարանում չկար, երեք Ալեքսանդրները ժպտալով միմյանց երեսին էին նայում ու ձեռքները տանում գրպանները:


Ովքե՞ր էին Ալեքսանդրները: Անանյանը Բաքվի «Միրզոյան եղբայրներ և ընկ.» նավթարդյունաբերական ֆիրմայի վարչության նախագահն էր, Մելիք-Ազարյանը` Սյունիքի և այլ վայրերի հանքերի սեփականատեր (Աստված հաջողի` մի օր նրանց մասին էլ առանձին կգրեմ), դե իսկ Մանթաշյանցը` «Թիֆլիսի առևտրային բանկի» և Բաքվի` իր անունը կրող նավթարդյունաբերական ընկերության տերը:
Պատմեմ մի զվարճալի դեպք:
Չգիտեմ, թե Ալեքսանդրները որտեղ էին տեսել-սովորել կամ ով էր հուշել, բայց նրանք մի քանի տարի շարունակ դրամահավաք էին կազմակերպում, որը կոչվում էր թափորաշրջություն: Ալեքսանդրների եռյակը ունևոր մարդկանցից և անվանի մտավորականներից մի թափոր էր կազմում, ընկնում դեմները, ոտքով շրջում ու… փող հավաքում: Քայլերթն սկսում էին Դվորցովայա փողոցից` Եփրեմ Ծատուրյանի խանութից, իջնում Պուշկինի փողոց, ապա` Հայկական շուկա և վերջացնում Հավլաբարի կամրջի մոտ: Այս ընթացքում հերթով մտնում էին խանութներ, հայապատկան այլ հաստատություններ ու…փող «մուրում»: Իմաստը հետևյալն էր` ազգանպաստ բարություն սերմանել, բարեգործությանը մասնակից դարձնել հնարավորինս շատ մարդկանց, հատկապես` դրամատերերի:


Հերթական թափորաշրջության ժամանակ մտնում են Երևանյան հրապարակում գտնվող Թամամշյանի քարվանսարա: (Այսօրվա ըմբռնողությամբ սա առևտրի կենտրոն էր, որտեղ առևտրականները սենյակներ էին վարձակալում): Ալեքսանդրներն ու թափորը մոտենում են մի ղարաբաղցի թե ագուլեցի առևտրականի և 5 ռուբլի խնդրում: Առևտրականը հրաժարվում է: Բռնկուն Մանթաշյանցն իսկույն փրփրում է, իր սովորության համաձայն մի ուշունց տալիս և ասում.
-Ես քեզանից հինգ ռուբլի ուզեմ ու դու չտա՞ս…
Ապա շրջվում է դեպի թափորը և պատվիրում.
-Սրանից հետո սրա երկրացիներից ոչ մեկի խնդրանքը չկատարեք:
Խիստ էր վրդովվել. ինքը` բանկի սեփականատերը, որ հազարավոր առևտրականների վարկեր էր տրամադրում, Բարեգործականի համար 5 ռուբլի էր խնդրում ու մերժվում…
Գիտե՞ք այս դիպվածն ինչ հետևանք ունեցավ` Մանթաշյանցը ԿՀԲԸ-ի հաշվին փոխանցեց 30 հազար ռուբլի: Այսինքն, 5-ական ռուբլի` վեց հազար հոգու փոխարեն: Նրանց փոխարեն, ովքեր կարող էին մերժել…

«ՄԱՆՐՈՒՔԸ»


Իսկական մեծը մեծ է ամեն բանում, անգամ` «մանրուքներում»:
Ինչպես վերևում նշել եմ, Ա. Մանթաշյանցի ավագ դուստր Աննայի ամուսինն էր Բարսեղ Ղորղանյանը (Վասիլի Կորգանով), ով հետագայում դարձավ հայտնի երաժշտագետ, տեղափոխվեց Երևան, դասավանդեց պետական կոնսերվատորիայում և մի քանի հազար միավորից բաղկացած իր հարուստ գրադարանը նվիրաբերեց ՀԽՍՀ նորաստեղծ Հանրային գրադարանին:
1897 թ. նա ինչ-որ անվայելուչ պահվածք է դրսևորում, որը կարող էր կիսաստվեր նետել աներոջ համբավի վրա: Ա. Մանթաշյանցն այդ ժամանակ Թիֆլիսից բացակայում էր, բայց եղելությունն իմանալուն պես իսկույն պատժում է Բ. Ղորղանյանին. հեռագրում է հասարակական-քաղաքական նշանավոր գործիչ, Թիֆլիսի դումայի պատգամավոր իշխան Կոնստանտին Բեհբությանին, որ հանդիմանի փեսային, մեկ օրով զրկի սննդից, իսկ իր կողմից հատկացվող մեկ ամսվա դրամական նպաստը, որ տալիս էր դստերն ու փեսային, տրամադրի նորակազմ Արտիստական ընկերությանը…

ՁՎԵՐԻ ՈՒ ՓՈՂԻ ՔԱՆԱԿԸ


Մի օր Մանթաշյանցը գնում է Թիֆլիսի բազար: Տեսնում է երկու կինտո, մեկը կանաչի է ծախում, մյուսը` գլխին դրած կողովի մեջ` ձու: Կանաչի ծախողը մյուսին հարցնում է.
-Քո կարծիքով Մանթաշյանցը ինչքա՞ն փող կունենա:
Ձվավաճառը պատասխանում է.
-Ի՜նչ իմանամ, չունենա-չունենա` մի միլիոն մանեթ կունենա…
Մանթաշյանցը սա լսում է, ձեռնափայտը երկարում է ու ձվերի կողովը շուռ տալիս: Ձվերը, բնականաբար, զխկոցով կոտրվում են:
Անակնկալի եկած կինտոն, տեսնելով Մանթաշյանցին, ասում է.
-Վա՜յ, աղա ջան, էս ինչ արիր, ձվերս կոտրեցիր…
Մանթաշյանցը թե.
-Լավ, կոտրեցի` կոտրեցի, ասա քանի հատ էր` փողդ տամ:
-Դե, ինչ իմանամ, ձու էր էլի, լցրել էի մեջը` ծախում էի:
Մանթաշյանցն ասում է.
-Տո, ա՛յ մունդռեկ, դու որ քո ձվերի քանակը չգիտես, իմ փողի քանակը որտեղի՞ց իմացար…


Հեղինակ`
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 4971

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ