Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արտաքսման կիրակի

Արտաքսման կիրակի
03.03.2017 | 12:21

Մեծ պահքի բոլոր օրերը բաժանվում են համապատասխան անվանակիր կիրակիներով, ի տարբերություն տարվա մնացած կիրակիների, որոնք կոչվում են Տերունական օր, չհաշված տաղավարահարաց օրերի կիրակիները։ Ահա այս գալիք կիրակին մեր առաքելական եկեղեցին անվանել է Արտաքսման, քանի որ այն խորհրդանշում է Եդեմական դրախտից մեր նախածնողներին արտաքսելու պատճառը։


Հիմա փորձենք հասկանալ, թե ինչու նրանք արտաքսվեցին, և կա՞ արդյոք հնարավորություն վերադառնալու նորից եդեմական դրախտ։ Եթե կարդացել եք Աստվածաշունչը, ապա այս տողերը անպայման կհիշեք, իսկ եթե չեք կարդացել, ապա հիմա միասին կարդանք.
Աստված ասաց Ադամին.
-Ո՞Ւր ես:
Եվ նա ասաց.
-Քո ձայնը դրախտում լսեցի և վախեցա, քանզի մերկ էի և ծածկվեցի:
-Ո՞վ ասաց քեզ, որ մերկ ես,- հարցրեց Աստված:- Արդյոք այն ծառի՞ց կերար, որից պատվիրեցի, որ չուտես:
-Կինը, ում ինձ տվեցիր, կերավ այդ պտղից,- ասաց Ադամը:
-Այս ի՞նչ արեցիր,-կնոջն ասաց Աստված:
-Օձն ինձ խաբեց, և կերա,-ասաց կինը:
Սուրբգրային այս հարցուպատասխանից հասկանալի է, որ մեր նախածնողները մեղանչեցին Աստվածային միակ պատվիրանի դեմ: Չուտել բարու և չարի գիտության պտղից, քանզի դրանով իսկ նրանք մահվամբ վարակվեցին։ Իսկ ինչ իր մեջ մահ էր կրում, չէր կարող Աստծո ներկայության մեջ մնալ, ինչպես խավարը չի կարող լույսի ներկայության մեջ լինել։
Եվ ինչպես մեկնաբանում են սուրբ հայրերը, մեղանչումից իսկ սկսած Ադամի հոգու մեջ սկսեց գործել մահվան խորհուրդը, իսկ նրա մարմինը բնական ընթացքով ապրեց մինչև 960 տարի, նոր մեռավ։ Տեսա՞ք Աստծո անբավ ողորմությունը մարդու հանդեպ. մեղանչած մարդուն մոտ տասը դար ապրելու հնարավորություն տվեց, որ նա գիտակցի իր մեղքի չափն ու զղջումով ապաշխարի դրա համար։


Երբ Ադամի ու Եվայի հարաբերությունից ծնվեց իրենց առաջնեկը՝ մարդկության անդրանիկը՝ Կայենը, Ադամն ու Եվան դարձան ծնողներ ու, բնական է, շատ ուրախացան, քանզի Ադամն ասաց. «Տիրոջից մարդ ստացանք» (Ծննդոց 4.1)։ Հետո նրա Աբել եղբայրը ծնվեց, ու կարծես թե ամեն բան լավ էր ընթանում, մտածելով, թե մահը մոռացել է իրենց գոյությունը, քանի որ Ադամն իր առաջնեկին 130 տարեկանում ունեցավ։ Բայց մահվան խորհուրդը չէր դադարել, քանզի ըստ սաղմոսի. «Մեղքով հղացավ ինձ իմ մայրը» (Սաղմոս 50), ու մեղքը մահվան արմատ կապեց Կայենի սրտում ու նա իր Աբել եղբորը սպանեց։ Ադամն ու Եվան միայն այդ ժամանակ հասկացան, թե ինչ է նշանակում մահ, քանզի մինչ այդ Աստծո արարչագործության մեջ տեսանելի մահ դեռ չէր եղել։ ՈՒ ոչ միայն այդքանը, քանի որ ադամական բանական սերնդի դեմ ապստամբեց ողջ անբան կենդանական աշխարհը, ու նրանց միջև թշնամություն մտավ. մարդը` գազաններին և գազանները մարդուն թշնամի դարձան, ու մինչ այժմ այդպես է, քանզի այն Ադամը, ում Աստված իշխանություն էր տվել համայն արարածների հանդեպ, մեղքի պատճառով կորցրել էր այն։ Իսկ երկիրը, որ Աստծո խոսքով բարի էր ստեղծվել, ադամական մեղքի անեծքի պատճառով փուշ ու տատասկ բուսեցրեց, հարկադրելով մարդուն իր ճակատի քրտինքով հանապազօրյա հացը վաստակել։ Իսկ թե ի՛նչ է նշանակում մահվան տառապանքներ, մարդկությունն իր մաշկի վրա հիմա ամենաշատն է զգում, քանզի մեր երկրի սահմաններից սկսած, ու շուրջբոլորը, մահվան իշխանը՝ սատանան, առատ հունձ է անում համայն աշխարհում։


ՈՒ հենց այդ էր պատճառը, որ Աստված Իր միածին Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, ուղարկեց աշխարհ որպես երկրորդ Ադամ, քավելու առաջին Ադամի մեղքը։ Իսկ այդ կատարվեց խաչի վրա, քանզի Հիսուսը կամովին եղավ քավության նոխազ մեր բոլորի մեղքերի համար, որ ով հավատա այս բանին, հավիտենական կյանք ունենա։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես Հիսուսի աջ կողմում խաչված ավազակը դավանեց Տիրոջը հենց այս խոսքերով, ու Փրկչի կողմից լսեց. «Այսօր Ինձ հետ դրախտում կլինես»։ Այս մասին գրում է նաև Պողոս առաքյալը. «Մոտ է խոսքը, քո բերանում և քո սրտում, այսինքն` հավատի խոսքը, որը քարոզում ենք: Որովհետև, եթե քո բերանով Հիսուսին Տեր խոստովանես և քո սրտում հավատաս, թե Աստված Նրան հարություն տվեց մեռելներից, կփրկվես» (Հռոմեացիներին 10.9)։ Ինչի՞ց պիտի փրկվենք այդ հավատքով. հենց այն մահից, որ Ադամը անհնազանդությամբ կրեց իր մեջ ու փոխանցեց որդեծնության միջոցով համայն մարդկությանը, ու նաև ինձ ու քեզ։ ՈՒրեմն Հիսուսը հենց Ինքը դարձավ հետդարձի միակ ճանապարհը դեպի երկնային դրախտ, քանզի այսպես վկայեց Իր մասին. «Ես եմ Ճանապարհը և Ճշմարտությունը և Կյանքը: Ոչ ոք չի գա Հոր մոտ, եթե ոչ՝ Ինձանով»։ Լսեցի՞ք, կարդացի՞ք հիմա, երկնքի Արքայության ճանապարհը բաց է այժմ, ու յուրաքանչյուրիս համար այնտեղ երկնային բնակարան ունենք, քանզի այդ նույնպես խոստացավ մեզ սիրող Փրկիչը, ասելով. «Իմ Հոր տան մեջ բազում օթևաններ կան. թե չէ Ես ձեզ կասեի, թե գնում եմ ձեզ համար էլ տեղ պատրաստելու. և եթե գնամ և ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ և ձեզ կվերցնեմ ինձ մոտ, որպեսզի որտեղ Ես լինեմ, դուք ևս այնտեղ լինեք» (Հովհաննեսի ավետարան 14.1-5):
Մեզ միայն մնում է մեր սրտում եղած հավատքի բերանով Հիսուսին Տեր ու Փրկիչ խոստովանենք ու արտաքսված ադամորդիներից դեպի երկնային արքայության ճանապարհը բռնենք։


Իսկ այս Մեծ պահքի ամբողջ ճանապարհը հենց դեպի դրան՝ դեպի սուրբ Հարության երկնային պարտեզն է տանում։
Աստված արժանացնի ամենքիս։

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2863

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ