Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՀՀ նախագահը՝ ՀՀԿ քարոզարշավի մեկնարկին

ՀՀ նախագահը՝ ՀՀԿ քարոզարշավի մեկնարկին
05.03.2017 | 18:50

ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ելույթ է ունեցել ՀՀԿ նախընտրական քարոզարշավի մեկնարկին։


Ներկայացնում ենք ՀՀ նախագահի խոսքն ամբողջությամբ.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցությունը սկսում է իր քարոզարշավը: Ոչ միայն մեր կուսակցությունը, այլև մեր ողջ երկիրն ու հասարակությունը մտնում են կարևոր պատմական փուլ: Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգ ձևավորելու գործընթացն արդեն իսկ մեր քաղաքացիների ձեռքերում է: Այսինքն՝ ձե՛ր ձեռքերում է, բարեկամնե՛ր: Եթե այսօրվանից սկսած տարբեր կուսակցությունների և դաշինքների համար դուք ընտրողներ եք, ապա ինձ համար, այո՛, բարեկամներ եք, մարտական ընկերներ և գործընկերներ: Ուրեմն տվեք ձեր ձայնը հանուն Հայաստանի անվտանգության և առաջընթացի:

Ինձ համար, որպես Հայաստանի կառավարող կուսակցության ղեկավարի, բացառիկ կարևորություն ունեն այս ընտրությունները: Ամենակարևորը՝ մեր քաղաքացիների վստահությունն է արդյունքների նկատմամբ: Մենք պետք է անցկացնենք այնպիսի ընտրություններ, որ որևէ մեկի մեջ կասկածներ չառաջանան ընտրությունների ազատության, թափանցիկության կամ էլ արդարության առնչությամբ: Օրենքի տառին և ոգուն համապատասխանող ընտրությունները լինելու են բոլորիս հաղթանակը՝ անկախ նրանից, թե ով քանի քվե կստանա: Դա կլինի ազգի, պետության և հասարակության հաղթանակը: Համոզված եմ, որ մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, պատրաստ ենք դրան:

Մեր կուսակցությունը սկսում է իր ընտրարշավը պարզ կարգախոսով՝ «Անվտանգություն և առաջընթաց»:

Վերջին քսանհինգ և ավելի տարիները ինձ համար եղել են ծանր աշխատանքի և պատասխանատվության տարիներ: Այդ ճանապարհին ես կորցրել եմ բազմաթիվ ընկերներ, ովքեր իրենց կյանքը տվել են հանուն Հայաստանի Հանրապետության անվտանգության: Եվ այսօր ասում եմ ձեզ՝ չկա ավելի կարևոր ու կենսական բան, քան երկրի ու ժողովրդի անվտանգությունն է: Մնացած ամեն ինչ վերականգնելի է: Կիսատ գործերը կարելի է ավարտին հասցնել, բացթողումները կարելի է լրացնել, սխալները կարելի է ուղղել, բայց անվտանգության հարցում չկան մանրուքներ, և յուրաքանչյուր ձախողում կարող է լինել ճակատագրական: Մենք ապահովելու ենք Հայաստանի և Արցախի հուսալի անվտանգությունը: Այսօր մեր սահմաններին կանգնած է Հայաստանի, հայ ժողովրդի ծաղիկը՝ մեր երիտասարդության սերուցքը: Նա ապրելու է ազատ ու ժողովրդավարական Հայաստանում: Նա ապրելու է մի երկրում, որն ունենալու է մեծ առաջընթաց:

Վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության խնդիրն է՝ ապահովել ու խթա-նել այդ առաջընթացը: Հավատացնում եմ ձեզ, որ մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի տեսնելու է առաջընթացի դրական ազդեցությունը ամեն տարի, ամեն տարի զգալու է իր կյանքի որակի բարելավումը:

Բարեկամնե՛ր,

Հիշե՛ք, որ ոչ մի անհատ միայնակ չի կարող շատ բան անել: Մեր առջև կանգնած խնդիրների լուծումները մենք գիտենք: Բայց լուծումները պահանջում են համազգային ջանքեր, կենտրոնացում և խելամիտ ու արդյունավետ կառավարում: Եվ այդ լուծումները պահանջում են գործընթացները ճիշտ ուղղորդող ուժ: Այսօր այդ ուժը բարեփոխվող Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է՝ իր կուռ կառույցներով, իր երիտասարդացող շարքերով, իր կառավարման փորձով և, վերջապես, առաջընթացը մարմնավորող իր վարչապետով:

Մեր ընդդիմախոսների և մրցակիցների հանդեպ ունեցած ողջ հարգանքով հանդերձ՝ մենք՝ հանրապետականներս, հավատում ենք, որ մենք կհաղթենք՝ կհաղթենք, որովհետև հավատում ենք մեր երկրի ապագային, որովհետև հավատում ենք մեր ժողովրդի մեծ ներուժին: Վստահ եղեք, որ մենք դառնալու ենք տարածաշրջանի ամենաարդյունավետ և ամենաարագ զարգացող պետությունը, դառնալու ենք տարածաշրջանի ամենաապահով երկիրը: Եվ մենք սկսում ենք մեր ընտրարշավը, որպեսզի ձեզ հետ միասին մեր երկրի ու ժողովրդի համար ապահովենք ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ և ԱՌԱՋԸՆԹԱՑ:

Շնորհակալություն»:

Դիտվել է՝ 1291

Մեկնաբանություններ