Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Եվ ամեն ինչ կսկսվի նոր տողից

Եվ ամեն ինչ  կսկսվի նոր տողից
07.03.2017 | 07:39

Հայաստանը եռում է: Քարոզարշավը մեկնարկել է, «տեսարաններ և հաց» ձևաչափը կիշխի Հայաստանում մինչև ապրիլի երկուսը, որից հետո գուցե ավելի մեծ «տեսարանների» ականատեսը լինենք, որպես հետընտրական զարգացումների մշտարթուն դիտորդ:
Բոլոր դեպքերում, նախընտրական այս շրջանը համեմատական մեղմ ընթացք կունենա, «զորաշարժի» համար տեղ ազատելով ընտրությունների հենց հաջորդ օրը, երբ արդեն իսկ հայտնի կդառնա` ում «խեցգետիններն» են ձմեռելու ապագա խորհրդարանում, որից հետո կսկսվի վերադասավորությունների գործընթացը թե՛ պառլամենտում, թե՛ դրսում` պառլամենտ չանցած ուժերի և «փարդի քամակում» այդ ամենին հետևող քաղաքական «հայրիկների» և ֆավորիտների ձեռամբ: Չմոռանանք` արդեն իսկ հայաստանյան «գետնին» վրա է դրսի «արսենալը»` Արսինե Խանջյանի և Սերժ Թանկյանի գլխավորությամբ. արսենալ, որը պետք է զետեղվի, դեռ քարոզարշավը չսկսված, քայքայման լուրջ միտումներ դրսևորող ՕՐՕ դաշինքի «մերձակայքում»:


Ընդ որում, այս «խորապատկերին ներքո» հետաքրքիր է նաև, որ նույն Խանջյանը և Թանկյանը, որոնք այսքան կարևորում են հայաստանցիներիս ընտրել սովորեցնելու արվեստը ու դրա համար այսքան ճամփա են կտրել-եկել, որևէ բառ չեն ասում այս օրերին կրկին հրատապ դարձող ղարաբաղյան խնդրի արծարծումների մասին: Չնայած համոզված ենք` նրանք Հայաստան են «բերվել» բավականին լուրջ առաքելությամբ. ինչպիսի՞՝ դեռ ժամանակ կլինի անդրադառնալու:


Բոլոր դեպքերում, քարոզարշավից առավել այս օրերի հայաստանյան օրակարգի թիվ մեկ խնդիրը կա ու կմնա ղարաբաղյան հիմնախնդիրը, որի նկատմամբ կրկին անչափ զգայուն է դարձել միջազգային հանրությունը, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ-ն: Ինչո՞ւ. շատ պարզ:


ա) Փորձ է արվում խնդիրը պահել ուշադրության կենտրոնում, որպեսզի Ադրբեջանի արկածախնդիր սուլթանը ևս մեկ անգամ չփորձի լարվածություն առաջացնել տարածաշրջանում: Ընդ որում` ԵԱՀԿ ՄԽ երկրները փորձում են հարցը պահել իրենց ուշադրության կենտրոնում, իսկ եթե անկեղծ` վերմակը քաշել դեպ իրենց` կրկին ու կրկին հավասարության նշան դնելով կողմերի, ռազմական դիվերսիաներից շունչ չքաշող, մռթին ուտող Ադրբեջանի և Հայաստանի միջև:
Նկատենք, որ վաղն արդեն Փարիզում Օլանդի հետ կհանդիպի Բրյուսելից օրերս վերադարձած Սերժ Սարգսյանը: Եվ որքան էլ հայաստանյան փորձագետներն այդ այցը բացատրեն ֆրանսիական նախագահական առաջիկա ընտրությունների, հայ համայնքի առաջնահերթություններով, չմոռանանք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները, մասնավորապես Ֆրանսիան, ցանկանում են առաջիկայում Սարգսյան-Ալիև հանդիպում նախաձեռնել: Ինչու` քիչ անց:


Իսկ ահա մարտի տասնչորսին` նախընտրական քարոզարշավի դուրս եկած ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հանդիպելու է Վլադիմիր Պուտինի հետ: Եվ եթե սրան էլ համադրում ենք «Ստրատֆորի» օրերս կրկնած միտքը, որ Ռուսաստանն ամեն ինչ անելու է, որ Ղարաբաղի հիմնախնդրի բանալիները մնան իր ձեռքում, կարելի է արձանագրել, որ ղարաբաղյան հարցը լինելու և մնալու է նախընտրական և հետընտրական Հայաստանի թիվ մեկ թեման, բացառապես` ՀՀԿ-ի համար, ու մի քիչ էլ` ՀԱԿ-ի համար, առաջին հերթին, որպես կարգախոս:


Բայց նաև մեկ անչափ կարևոր պատճառով:
բ) Միջազգային հանրությունը, ԵԱՀԿ ՄԽ-ն շատ լավ են հասկանում, որ այս փուլում, քանի դեռ Հայաստանը նախագահ ունի, ղարաբաղյան խնդրում պետք է կարողանալ որևէ տեղաշարժ արձանագրել (ինչը, անշուշտ, անհնար է` մեկ «բայցով», այդ մասին ևս ներքևում), որովհետև այս դեպքում գործ ունես մեկ մարդու` երկրի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Պառլամենտական կառավարմամբ երկրում բանակցային գործընթացի, պայմանավորվելու, այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար պետք է գործ ունենաս մի ողջ պառլամենտի, այնտեղ ներառված ուժերի հետ, ինչն անչափ դժվար է, որովհետև ցանկացած պահի պառլամենտը կարող է վերադասավորվել, կոալիցիաներ փլուզել, վարչապետ փոխել, նոր կոալիցիա ստեղծել: Ասել է` դժվար կլինի հասկանալ` ում հետ պետք է, ի վերջո, գործ ունենաս, բանակցես, պայմանավորվես, և այդպես շարունակ: ՈՒստի մինչև 2018-ը` Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունների ավարտը, միջազգային հանրությունը կփորձի որևէ կերպ խնդիրը «շարժել»:


գ) Չնայած` կա բավականին հետաքրքիր մեկ ուղի ևս, ինչի մասին օրերս, Ղարաբաղում դիվանագիտական կորպուսի հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը. այն է` մինչև տարվա վերջ հնարավոր է մեկ պետություն ճանաչի Ղարաբաղի անկախությունը:
Իսկ այս դեպքում արդեն ամեն բան, թերևս, կսկսվի նոր տողից:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1254

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ