«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

2 564 734 տեսակետ և մեկ ելք

2 564 734 տեսակետ և մեկ ելք
07.03.2017 | 07:43

Շնորհավորում եմ՝ դուք արդեն երրորդ օրն է` ապրում եք ֆորս մաժորում. մարտի 5-ից սկսվեց ԱԺ ընտրությունների քարոզարշավը: Արդեն պատիվ եք ունեցել՝ տեսնելու ու լսելու` ով ինչ է ասում և ուզում: Մինչև մարտի վերջը դուք կունենաք առանց բացառության բոլոր հարցերի պատասխանները: 5 կուսակցություն և 4 նախընտրական դաշինք ձեզ կսիրեն անվերապահ սիրով՝ ակնկալելով ձայնիվ փոխադարձություն: Կխոստանան՝ ինչ ուզեք, հպարտանալու են ձեզնով, ձեզ հայտարարելու են հույս, հավատ, հպարտություն, ընդերք ու տիեզերք, իրենց՝ ձեզ ծառա: Դա է չգրված օրենքը, լիուլի օգտվեք հնարավորությունից՝ լսեք, դիտեք, մասնակցեք հանրահավաքներին, երազեք ու ծրագրեք, եղեք ընտրությունների մասնակից ու ընտրեք: Սա ձեր ամիսն է՝ խիզախեք:

Պահանջեք ու տեր դարձեք՝ դա է միակ անխախտ կանոնը: ՈՒ չնվնվաք, որ ամեն ինչ սուտ է, բոլորին էլ տեսել եք, լսել եք, հազար տարի ճանաչում եք, գիտեք՝ ով ով է, ով ինչի է ընդունակ, ով ինչու է խաբում ու ինչքան է մտադիր խաբել: Չնվնվաք, որ ոչինչ չի փոխվելու, ընտրություն չկա, կա նշանակում՝ բոլոր տեղերն արդեն զբաղված են, ընտրությունները ձևական ակցիա են, որտեղ իշխանությունը ինքն իրեն աջակցում է իշխանություն ձևավորելիս: Այդպես էլ կլինի, եթե շարունակեք նվնվալ, նստել տանը ու միմյանց անեկդոտներ պատմեք ընտրությունների թեմայով, կամ էլ՝ վերջին կռիվների ու ծեծկռտուքների մանրամասները միմյանց փոխանցեք՝ անփոփոխ վերջաբանով՝ մարդ չդարձանք: Չնվնվաք՝ ձեր նվնվոցն արդեն վաղուց ոչ ոք լուրջ չի ընդունում ու ծիծաղում է ձեր գլոբալ ռազմավարության ու լոկալ մարտավարության վրա՝ ոչինչ չեմ անում, ամեն ինչ ուզում եմ: Մի թողեք, որ ձեր հանգուցյալ հարազատները ընտրեն ձեր փոխարեն. մատնահետքը՝ մատնահետք, բայց ընտրությունը անում են սրտով ու գլխով:


Ձեզ վրա թափվում է խայտառակ շատ ու ներհակ տեղեկատվություն, խոսքերի հորձանքում գտեք բառը, որ ձեզ հավատ է ներշնչում, ու հավատացեք այդ բառն ասողին: Այս ընտրություններն ունեն ելք, ու դա է տարբերությունը նախորդներից:
Մարտի 5-ին նույնիսկ անողորմ Գագիկ Սուրենյանը հայտարարեց՝ վերջ, ավարտվեց Արարատյան դաշտի սառցե դարաշրջանը, ու երկնքում արև երևաց, Երևանում սկսվեց հալոցքը, որ գարնան մուտքն էր:
Ձեր ծառան են ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ազատ դեմոկրատները», ՀՎԿ-ն, ՀԿԿ-ն, ՀԱԿ-ՀԺԿ-ն, ՕՐՕ-ն, «Ելքը» և «Ծառուկյան» դաշինքը։ ՀՀԿ ցուցակը գլխավորում է Վիգեն Սարգսյանը, ՀՅԴ-ն՝ Արմեն Ռուստամյանը, ՀՎԿ-ն՝ Արթուր Բաղդասարյանը, ԱԴ-ն՝ Խաչատուր Քոքոբելյանը, ՀԿԿ-ն՝ Վազգեն Սաֆարյանը, ՀԱԿ-ՀԺԿ-ն՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, «Ծառուկյան» դաշինքը՝ Գագիկ Ծառուկյանը, ՕՐՕ-ն Սեյրան Օհանյանը, «Ելքը»՝ Էդմոն Մարուքյանը: Պատկառելի թվով թեկնածուներից դուք ընտրելու եք 101-ին: Դուք՝ 2 564 734 ընտրող, ունեք Սահմանադրության առաջին հոդվածը իրականություն դարձնելու պարտականություն: Նրանք շատ տարբեր են իրարից՝ ինչ էլ ասեն: Դուք գիտեք նրանց նմանությունների ու տարբերությունների ամբողջ պատմությունը: Դուք գիտեք՝ ե՞րբ և ինչո՞ւ են նրանք ստում, ե՞րբ և ինչո՞ւ են դիմում սիմվոլների ու այլաբանությունների, ե՞րբ և ինչո՞ւ են երգում ու պարում, ե՞րբ և ինչո՞ւ են դառնում ընդդիմություն, ե՞րբ և ինչո՞ւ են վերադառնում իշխանության գիրկը՝ կոալիցվում՝ հանուն ձեզ, բայց իրենց ծրագրերով: Քառորդ դարը երկար ժամանակ չէ, որ սկիզբը մոռացվի ու հիշվի անհրաժեշտը: Մարդու հիշողությունը միակ կենարար թույնն է, որի դեմ հակաթույն չկա: Չկա ու չի եղել երբեք: Մարդու հիշողությունը միակ ապաստանն է, որտեղ դռներ չկան: Մարդու հիշողությունը այն ամենն է, ինչ մնում է մարդուց՝ նրա հեռանալուց հետո: Կարճ տողեր ու երկար լռություն: Բառեր, որոնց մեջ միշտ գաղտնիք կա, որովհետև երբեք չգիտես՝ ինչ է հաջորդելու ու ինչ բառ է գրվելու: Ոչ ոք չգիտի, որովհետև այդ բառը գրում է պատմությունը: Իսկ այսօր պատմությունը գրում են 2 564 734 ընտրող:
«Դինամո» մարզասրահում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց՝ քաղաքական ուժերի նկատմամբ ողջ հարգանքով հանդերձ՝ մենք հավատում ենք, որ կհաղթենք:

ՀՀԿ առաջին տեսահոլովակում «Ռեինկարնացիան» էր, որ ասում էր «Փոխենք աշխարհը»՝ վարչապետ Կարեն Կարապետյանի զիլ թմբկահարությամբ։ Ռեինկարնացիա, այսինքն՝ ինչ-որ մեկն արդեն հեռացել է և ուզում է վերադառնալ: Այսինքն՝ մեկ օրում հնարավոր չէ փոխել աշխարհը, բայց մեկ օրում հնարավոր է փոխել մտքերը, որ ընդմիշտ կփոխեն աշխա՞րհը: ՈՒ դա ՀՀԿ-ի դե՞պքն է: Սերժ Սարգսյանն ասաց. «Ինձ համար, որպես Հայաստանի կառավարող կուսակցության ղեկավարի, բացառիկ կարևորություն ունեն այս ընտրությունները: Ամենակարևորը մեր քաղաքացիների վստահությունն է արդյունքների նկատմամբ: Մենք պետք է անցկացնենք այնպիսի ընտրություններ, որ որևէ մեկի մեջ կասկածներ չառաջանան ընտրությունների ազատության, թափանցիկության կամ էլ արդարության առնչությամբ: Օրենքի տառին և ոգուն համապատասխանող ընտրությունները լինելու են բոլորիս հաղթանակը՝ անկախ նրանից, թե ով քանի քվե կստանա: Դա կլինի ազգի, պետության և հասարակության հաղթանակը: Համոզված եմ, որ մենք՝ ՀՀ քաղաքացիներս, պատրաստ ենք դրան: Մեր կուսակցությունը սկսում է իր ընտրարշավը պարզ կարգախոսով՝ «Անվտանգություն և առաջընթաց»: Վարչապետ, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը, իբրև սիմվոլ, առավել քան սիմվոլիկ էր. նա ազդարարեց՝ ՀՀԿ-ն ներկայացնելու է իրատեսական, համալիր ծրագիր, որի մեջ նշված են որակապես նոր, բոլորի երազած Հայաստան տանող ուղիները. «Մենք ունենք ժողովրդին հուզող հարցերի պատասխանը, ներկան փոխելու կամքը ու վճռականությունը։ Հստակ պատկերացնում ենք, թե ինչ հորիզոնի ենք ձգտում հասնել։ Այդ հորիզոնն անկախ, անվտանգ, արդար և ինտելեկտուալ Հայաստանն է»։ Միով բանիվ՝ փոխելու և փոխվելու անհրաժեշտությունը օրվա հրամայականն է:


Առաջին օրը զարմացրեց ՀՅԴ-ն: Քարոզարշավի սկզբից Արմեն Ռուստամյանը հայտարարեց. «ՀՅԴ-ն այսօր երկրում ստեղծված իրավիճակի պատճառն է վերացրել, այդ պատճառը եղել է այն քաղաքական համակարգը, որը Հայաստանում մենիշխանություն է ծնել» ու պարզաբանեց. «Եղել է վիճակ, երբ հաղթողը ստացել է ամեն ինչ, պարտվողը՝ ունենալով մեծ վստահություն, դուրս է մղվել, նսեմացվել է, որևէ ազդեցություն չի ունեցել որոշումներ կայացնելու առումով: Մենք այդ վիճակն ենք փոխել, այլևս չենք ունենալու նախագահի աթոռ, որի վրա նստողը մենակ կիշխի»: Փաստորեն ՀՅԴ-ն ինքն իրեն անվանեց Սահմանադրության փոփոխության հեղինակ, որ վերացնելով նախագահի աթոռը` մոտեցրել է իշխանությունը ժողովրդին, և նախագահի պաշտոնին վերագրեց «երկրի բոլոր խնդիրները՝ մենաշնորհներ տնտեսության մեջ, անարդարություն սոցիալական հարցերում, մարդկանց իրավունքների ոտնահարում» ու խոստացավ. «Պոպուլիզմով չենք առաջնորդվելու, մտածելու ենք հանրային ու պետության շահի մասին»: Իսկ Աղվան Վարդանյանն ասաց. «Արդար Հայաստանը, մեր ընկալմամբ, ժողովրդավար, խաղաղ, ուժեղ զարգացող, ինքնիշխան, բարեկեցիկ, երիտասարդ իրավունքի Հայաստանն է, մենք դրան հասնելու ենք», հետո հայտարարեց, որ միակ իրական կուսակցությունը ՀՅԴ-ն է, մյուսները հենց այնպես ուժեր են՝ մեկ անձի, ներկա չեն Արցախում ու սփյուռքում:


Կինո «Մոսկվայում» իշխանափոխությամբ ընտրություններն ավարտելու մտադրությունը հաստատեց ՕՐՕ-ն: «Սկսվեց դեպի հաղթանակ մեր քայլարշավը»՝ ազդարարեց Արմեն Մարտիրոսյանը: «Մենք երկար ժամանակ ենք ասել, որ Հայաստանում անհրաժեշտ է միասնություն, որ Արցախն ու Սփյուռքը Հայաստանի հետ միասին մեկ օրգանիզմ պիտի լինեն, և մեր քայլերը միասնական ջանքերով պիտի տանեն հաղթանակի։ Այսօր այս եռամիասնությունը ստեղծել ենք։ Դաշինքը ներառում է և Սփյուռքը, և Արցախը, և առավել ևս Հայաստանը»՝ ի պատասխան ՀՅԴ-ի ճշտեց նա: ՕՐՕ-ի քայլերը միտված են աղքատության, անարդարության և իշխանության մոնոպոլիաների վերացմանը։ «Մենք գալիս ենք իշխանափոխություն իրականացնելու համար։ Մեր արժանապատվությունը վերականգնելու համար, հայ քաղաքացուն, հայ գյուղացուն հնարավորություն ընձեռելու, որ կարողանա իր աշխատանքով, իր նվիրումով շենացնել հայոց երկիրը։ Մենք գալիս ենք, ու մենք հաղթելու ենք»՝ ասաց Արմեն Մարտիրոսյանը։ Սեյրան Օհանյանը համեստաբար ասաց, որ ընտրական փորձառություն չունի. «Անփորձ եմ։ Չեմ տիրապետում քարոզչության նրբություններին, քաղաքական ինտրիգներին, լրատվական-տեղեկատվական ստերի մեխանիզմներին, մարդկանց վարկաբեկելու մեթոդներին։ Սա ես դիտում եմ առավելություն, և մենք ձեզ հետ միասին գործելու ենք հավատարիմ բարոյական բոլոր սկզբունքներին»։ Երևի արդեն հասկացել է, որ անցյալն իրեն հենարան չէ:


ՀԱԿ-ՀԺԿ ծրագիրը սովորական, նախընտրական ծրագիր չէ, այլ ճշմարտությունը ժողովրդին ասելու ծրագիր՝ հայտարարեց Լևոն Զուրաբյանը. «Տարիներ շարունակ պետական պրոպագանդան զբաղվել է նրանով, որ այդ ճշմարտությունը թաքցրել է, մատուցել են հեքիաթներ, թե իբր Ղարաբաղի հարցը լուծված է, բայց անցել է 18 տարի և այդ բոլոր հեքիաթները փուչիկի նման տրաքում են», ու հավելեց. «Մենք գալիս ենք խաղաղություն հաստատելու, խաղաղությունն առաջ տանելու ծրագրով ու վստահ ենք, որ Հայաստանը պետք է վերածել նոր տիպի պետության»:


Վահագն Խաչատրյանը վստահ էր, որ Հայաստանի զարգացումը հնարավոր չէ առանց խաղաղության հաստատման. «Մենք պետք է կարողանանք այսօր գործող տնտեսական համակարգը փոխել արմատապես, որովհետև այս համակարգն արդյունավետ է աշխատում միայն մի փոքր խմբի համար։ Այդ առումով, գուցե, իրենք շատ լավ համակարգ են ստեղծել, բայց այս համակարգն արդյունավետ չէ պետության համար, այս համակարգը նաև չի նպաստում խաղաղություն հաստատելուն»:
Իշխանության գալու դեպքում նրանք խոստացան 25 տոկոսով իջեցնել գազի ու էլեկտրաէներգիայի գինը, վերացնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, երկու անգամ նվազեցնել երթևեկության կանոնների խախտման դեպքում տուգանքները, մեկ տարվա մեջ միջին կենսաթոշակը դարձնել 55 հազար դրամ, ոչ ոք չպետք է ունենա մենաշնորհ՝ ոչ քաղաքականության, ոչ տնտեսության, ոչ էլ որևէ այլ բնագավառում: Նրանք «մերիտոկրատիան» թարգմանել են հայերեն՝ «շնորհապետություն» և վստահ են, որ «ավազակապետական համակարգին պետք է փոխարինի շնորհապետությունը»:
«ԵԼՔ» դաշինքը «Արմենիա-Մարիոթում» ներկայացրեց իր ծրագիրը ու դրամահավաք հայտարարեց: Արամ Սարգսյանն ասաց. «Մենք ձևավորեցինք գաղափարական դաշինք՝ հաղթահարելով մեր տարբեր տեսակետները ու ընդհանուր հայտարարի բերելով: Մեր դաշինքը իր ձևավորման ընթացքում կրկնապատկեց համախոհների թիվը, ավելացան մեզ վրա հույս դնողները: Նրանք տեսան, որ երեք կուսակցություններն իրար փոխլրացնում են: Մենք շատ լուրջ անելիք ունենք: Եթե մնացած բոլոր կուսակցությունների պարագայում կարելի է կանխատեսել` ընտրապայքարի առաջին օրից մինչև վերջին օրը ինչ կասեն ու կանեն, «ԵԼՔ»-ի պարագայում անհնար է, որևէ մեկը չգիտի, թե քարոզարշավի արդյունքում «ԵԼՔ»-ի վարկանիշն ինչպես է բարձրանալու, ու մենք որերորդ տեղում ենք լինելու: Մեր նպատակը առաջին տեղն է, մենք փոփոխություն ենք ուզում, մենք եկել ենք ընտրության, փոփոխության ու հաղթանակի»:

Մյուսների ու նրանց ծրագրերի մասին՝ հերթով ու հաջորդաբար՝ մարաթոնը սկսված է, վազում ենք բոլորս:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Եվս մեկ հարց՝ որքանո՞վ վաճառել ձայնը: Կարող եք՝ 5000-10000-ով: Պաշտոնով, վիրահատության, ուսումնական վարձի վճարով, շարժական ու անշարժ գույքով: Դոլարով էլ կարող եք, եվրո տան՝ եվրոյով էլ: Ասֆալտով, կոյուղի անցկացնելով, պարարտանյութով, պարտքերը զրոյացնելով: Վերցրեք, շրջանակեք գումարը, փակցրեք տան պատին, միևնույն է՝ հինգ տարի այդ փողով չեք ապրելու, բազմակին ձեր գրպանից են հանելու ապրանքների ու ծառայությունների գնի բարձրացումով, գոնե հիշատակ կմնա: Առևտուրը առևտուր է, ուզում եք՝ խաբվեք, հետո չնվնվաք՝ աշխատանք չունեք, փող չկա, արդարություն չկա, հեռանկար չկա: Կա, դուք ձեր մասնաբաժինը վաճառել եք, փակել եք ձեր ելքը, ոչինչ, կբացեն ձեր զավակները:

Դիտվել է՝ 1106

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ