Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մեզ դեռ 2 տարի առաջ է զգուշացվել, որ Հայաստանում պատրաստվում է գունավոր հեղաշրջում

Մեզ դեռ 2 տարի առաջ է զգուշացվել, որ Հայաստանում պատրաստվում է գունավոր հեղաշրջում
07.03.2017 | 08:07

Եթե Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն է խոսում գունավոր հեղափոխությունների աշխարհագրության ընդլայնման մեծ հավանականության մասին, ապա արժե նրա զգուշացմանը լուրջ վերաբերվել: Թեկուզ նկատի ունենալով միայն այն, որ Շոյգուն, իր պաշտոնի բերումով, աշխարհի ռազմաքաղաքական իրավիճակին առավել տեղեկացված անձանցից մեկն է:
Չնայած ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի այն հավաստիացումներին, թե Միացյալ Նահանգներն իր ընտրվելու պարագայում այլևս, այսպես ասած, չի արտահանի «գունավոր հեղափոխություններ», այսինքն՝ չի զբաղվի այլ երկրներում դրանց կազմակերպմամբ, ֆինանսավորմամբ, քաղաքական, քարոզչական և այլ աջակցությամբ, մեծ է վտանգը, որ «գունավոր հեղափոխություններ» կիրականացվեն նաև առաջիկայում:
Գունավոր հեղափոխությունները միաբևեռ աշխարհակարգի հասնելու Արևմուտքի ռազմավարական ծրագրի բաղկացուցիչ մասն են, և ի սկզբանե էլ պարզ էր, որ նոր աշխարհակարգի հեղինակները կամ այս աշխարհի ճարտարապետները չեն հրաժարվի իրենց զինանոցում գտնվող այդ կարևորագույն զենքից: Այս առումով թերևս այնքան էլ կարևոր չէ, թե Դոնալդ Թրամփն իրականում ինչ է ցանկանում, և արդյոք անձամբ ի՞նքը կլինի «գունավոր հեղափոխությունների» կազմակերպում հրահանգողը, թե՞ ոչ:


Բոլոր դեպքերում, չպետք է մոռանալ, որ Միացյալ Նահանգները միայն ԱՄՆ-ի նախագահը չէ… Այդ երկրում Սենատ ու Կոնգրես գոյություն ունեն, հրեական հզոր լոբբի կա, ծագումով հրեա, միլիարդատեր, «գունավոր հեղափոխությունների» կերտող, «Բաց հասարակության ինստիտուտի» հիմնադիր Ջորջ Սորոս կա՝ համախոհների, գաղափարակիցների իր հզոր թիմով: Բացի այդ, Արևմուտքը միայն Միացյալ Նահանգները չէ, նաև Եվրոպան է, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան: Նոր աշխարհակարգի կառուցման, կերտման գործին են ծառայում նաև Եվրախորհուրդը և Եվրամիությունը:
Ի վերջո, աշխարհում նաև «300-ի կոմիտե» և նման այլ կառույցներ կան, նախկինի համեմատ էլ ավելի զորացած, գործում են «այս աշխարհի ճարտարապետները»… Այնպես որ, ԱՄՆ-ի նորընտիր նախագահը եթե նույնիսկ անկեղծորեն է դեմ «գունավոր հեղափոխությունների» կազմակերպմանը, աջակցմանը, ապա դա բնավ երաշխիք չէ, որ առաջիկայում աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ-ի կամ այլ ուժերի կողմից չեն իրականացվի «գունավոր հեղափոխություններ» կամ առնվազն չեն կատարվի դրանց իրականացման փորձեր: Այս վտանգն այժմվանից զգացել կամ հասկացել է նաև Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն:


«РИА Новости»-ի տեղեկացմամբ, Շոյգուն հայտարարել է, որ մեծ է «գունավոր հեղափոխությունների» աշխարհագրության ընդլայնման հավանականությունը :
«Մեծ է հավանականությունը, որ «գունավոր հեղափոխությունների» աշխարհագրությունը կընդլայնվի,- Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում Համառուսական երիտասարդական 2-րդ համաժողովի բացման ժամանակ ասել է Սերգեյ Շոյգուն:- Դրանց իրականացումը թույլ է տալիս ռեսուրսների սահմանափակ ծախսերով և սեփական զինամթերքի ու զինված ուժերի սահմանափակ օգտագործմամբ կործանել տարածաշրջանային գերտերությունները՝ հասնելով քաղաքական և տնտեսական նպատակներին»:


Շատ դիպուկ գնահատական է, միայն թե «այս աշխարհի ճարտարապետների» հետապնդած նպատակները միայն քաղաքական ու տնտեսական չեն:
ՌԴ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ «գունավոր հեղափոխությունների» տարածումը կարելի է կանխել միայն համաշխարհային հանրության սերտ համագործակցության շնորհիվ։ Շոյգուն ասել է նաև, որ Սիրիայում ռուսական ռազմական խմբավորման գործողությունները թույլ են տվել խախտել Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում վերարտադրվող «գունավոր հեղափոխությունների» շղթան:
«Սիրիական Արաբական Հանրապետությունում մեր խմբավորման գործողությունը թույլ է տվել աշխարհաքաղաքական խնդիր լուծել՝ խախտել Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում վերարտադրվող «գունավոր հեղափոխությունների» շղթան»,- հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարը:


Սերգեյ Շոյգուն ընդգծել է, որ «Գունավոր հեղափոխությունների» ալիքը լուրջ փոփոխություններ է առաջացրել համաշխարհային քաղաքականության մեջ, աշխարհում և տարածաշրջաններում ուժերի հավասարակշռության հարցում: «Հարավսլավիա, Վրաստան, Իրաք, Լիբիա, ՈՒկրաինա, Սիրիա՝ ահա պետությունների ոչ ամբողջական ցանկը, որտեղ «փորձարկվել է «գունավոր հեղափոխությունների» սցենարը»,- ասել է նախարարը:
Գրեթե կասկած չունենք, որ խոսելով «գունավոր հեղափոխությունների» աշխարհագրության ընդլայնման մեծ հավանականության մասին, Սերգեյ Շոյգուն նախ և առաջ նկատի է ունեցել այդ հեղափոխությունների իրականացման ռիսկը կամ վտանգը Հայաստանում, ԱՊՀ որոշ պետություններում և Իրանում:


Հայաստանում գունավոր հեղաշրջման նախապատրաստման մասին Երևանի աշխարհաքաղաքական ակումբի հեռուստաալիքին դեռ 2015 թ. տված բացառիկ հարցազրույցով նախազգուշացրել է ամերիկացի տնտեսագետ, քաղաքական և տնտեսական վերլուծաբան, հրապարակախոս, Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, հանրապետական, ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանի աշխատակազմի տնտեսական քաղաքականության հարցերով ֆինանսների նախարարի (1981-1982 թթ.) նախկին օգնական, առնվազն 12 գրքի հեղինակ Փոլ Քրեյգ Ռոբերթսը: Նա ներկայացրել է այն ճշմարտությունը, որի մասին լռում են:
Հիշյալ հարցազրույցում Ռոբերթսը շոշափել է ինչպես ուկրաինական վերջին իրադարձությունները, այնպես էլ Հայաստանում տեղի ունեցող դեպքերը: Նա հայ հասարակայնությանը նախազգուշացրել է երկրում նախապատրաստվող հեղաշրջման մասին:
Այլընտրանքային կարծիքին արժե ունկնդիր լինել: Բոլորս գիտենք ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումները ՈՒկրաինայի և Հայաստանի վերաբերյալ, սակայն արժե լսել Ռոբերթսի կարծիքը, որը փոքր-ինչ այլ է, քան պաշտոնականը:


Ոմանք գուցե մտածեն կամ ասեն, թե Ռոբերթսը Հայաստանում նախապատրաստվող գունավոր հեղաշրջման մասին խոսել է դեռ 2015 թ., սակայն դրանից հետո հեղաշրջում չեղավ, հետևաբար, անկախ իր ունեցած տիտղոսներից, վաստակից, այն գնահատականից, որին արժանացել է, նա այս հարցում սխալվել է, ուստի չարժե կարևորել նրա ասածը և վերստին դրան անդրադառնալ: Ի վերջո, այն ժամանակ Օբամայի վարչակարգն էր, իսկ հիմա՝ Դոնալդ Թրամփի:


Վերոնշյալի կապակցությամբ հիշեցնենք, որ Ռոբերթսի հարցազրույցից հետո Հայաստանում կանխվեց զինված հեղաշրջման առնվազն մեկ փորձ, ինչպես նաև որոշ քաղաքական ուժեր և անձինք փորձ արեցին էլեկտրաէներգիայի գների բարձրացման դեմ սոցիալական արդարացի բողոքը, հետագայում նաև «Սասնա ծռերի» ընդվզումը վերածել «մայդանի»: Եվ ամենակարևորը՝ չանտեսենք հենց նույն հարցազրույցում ամերիկացի վերլուծաբանի ասածը. «Թե ե՞րբ նրանք կհասցնեն հարվածը, կախված է նրանից, թե ինչպես են նրանք տեսնում հնարավորությունները»:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1942

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ