Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Գազի ու ոսկու նախանշաններով... աղբը

Գազի ու ոսկու նախանշաններով... աղբը
07.03.2017 | 08:16

Հայաստանից շուրջ 3 հազար կմ հեռվում գտնվող Ավստրիայում հյուրընկալվելու այս օրերին ինչ-որ չափով ոգևորվելու առիթ ծագեց, ինչը պայմանավորված է ՀՀ տնտեսության որոշակի գործընթացով: Ինչքան էլ տարօրինակ համարվի, խոսքը աղբի շուրջ է, որի մասին զրուցակիցս այնպիսի հետաքրքրությամբ է պատմում, կարծես հազարավոր կիլոմետրեր հեռավորությունից Հայաստանում առավել բարձր խտայնության հանքավայր է գտել, հենց թեկուզ գազի ու ոսկու տեսքով: Շատ չի ծավալվում, զգուշավոր է ՀՀ ֆինանսատնտեսական գործունեության գնահատման առումով, և այսուհանդերձ խնդիրը մեռյալ կետից շարժելու ինչ-որ նախանշանների հույս տածում է: Խոսում է լոռեցու առոգանությամբ, ավարտել է տեղի պոլիտեխնիկականը, շուրջ 10 տարի առաջ տեղափոխվել է Ավստրիա, 7-րդ տարին աշխատում է մոտ 60 աշխատակից ունեցող ընկերությունում, որտեղ զբաղվում են այլևայլ հումքատեսակների ու կենցաղային աղբի տեսակավորման ու վերամշակման արտադրություններ թողարկելով: Այս տարիներին հասցրել է Եվրոպայի, հետխորհրդային ու միջերկրածովային ավազանի մի քանի տասնյակ երկրներում լինել, մասնակցել այդ պետություններում իրենց ընկերության ծավալած գործունեությանը, անմիջականորեն ղեկավարել գործարանների նախագծումը, վաճառքն ու շինարարությունը: Այսուհանդերձ, մինչ զրուցակցիս ոգևորություն առաջացրած հայաստանյան ծրագրերին անցնելը, փորձեմ ներկայացնել այն ամենը, ինչը նման տրամադրության առիթ է հանդիսանում, Հայաստանն էլ այլ չափորոշիչով դիտարկելու հնարավորություն է ընձեռում:


Հանրահայտ է, որ Երևանում յուրաքանչյուր օր մոտ 1000 տոննա աղբ է հավաքվում՝ տեղեկացնում է զրուցակիցս: Այս ոլորտի համաշխարհային վիճակագրությանը մոտ թիվ է ստացվում, 1 բնակչի հաշվով օրը մոտ 1 կգ, այլևայլ թափոնների, սննդի ու ավելցուկների տեսքով: Մեզանում ընդունված կարգի համաձայն՝ երկրորդ-երրորդական համարվող նյութերի այս ծավալը տեղափոխվում է բնակավայրերից հեռու որևէ տարածք, որն աղբավայր ենք կոչում: Եթե մտաբերենք «Սոպրանո» հեռուստասերիալը, այս գործընթացը ԱՄՆ-ում հիմնականում տնօրինում էին մաֆիոզ որակվող խմբավորումները: Նրանք պայքարում էին անգամ թմրամիջոցներ տարածողների դեմ, քանզի աղբի գործը շատ ավելի եկամտաբեր էր, քան հաշիշի վաճառքը: Չգիտես ինչու, մեզանում այս մոտեցումը չկա: Աշխարհի շատ երկրներ այցելած զրուցակիցս էլ է փաստում, որ աղբի շուրջ բիզնեսը բազմաթիվ առումներով շահութաբեր ու պատվաբեր գործունեություն է, քանզի, ֆինանսական միջոցներին զուգահեռ, նաև բնապահպանական խնդիրներ է լուծում: Հիշեցինք, որ մեզանում տարիներ առաջ խոսվեց ճապոնական մի ընկերության ծրագրից, որով նախատեսվում էր Սովետաշենի աղբավայրից մեթան գազի կորզման օգնությամբ էլեկտրաէներգիա ստանալ: Այն իրականություն չդարձավ, քանզի մեթոդը լուրջ վտանգ է կրում, պայթյունի տեսքով:

Աղբակույտի ստորին շերտին հասնելու համար, որտեղ կուտակվում է գազի հիմնական մասը, հարկ է հորատում իրականացնել: Չի բացառվում, որ հորատող սարքը կարծր միջավայրում կհայտնվի, որի հետ շփումը կայծ կառաջացնի, և հետևանքը պայթյունն է: Ահա ինչու հիմա ողջ աշխարհում ընդունված է աղբն այրելու տեխնոլոգիայի կիրառումը: Աղբավայր հասկացությունն ընդհանրապես վերանում է, աղբը բերվում է ջերմային հզոր էներգիայի պահանջ ունեցող արտադրական տարածք, պահանջվող աստիճանով խոնավազրկվում է ու հայտնվում հնոցում, վերածվում կրակի: Թե որտեղ է հզոր կրակի պահանջ առաջանում, գիտենք բոլորս. դրանք ջերմակայաններն են, ցեմենտի գործարանները, այլ հզորություններ, որտեղ հիմնականում թանկ գազ են օգտագործում, դրա գնի բարձրանալու հետ իրենց արտադրանքի գինն էլ են բարձրացնում: Օրինակ, փաստեմ, որ 15 տարի առաջ բնակարանիս վերանորոգմանն անհրաժեշտ ցեմենտի 1 կգ-ը գնում էի 20 դրամով, հիմա այն 60 դրամ է: Այսօրինակ գործի համար գնված մի քանի տասնյակ կգ-ը դեռ ոչինչ, ինչը չես ասի առանձնատների ու շենքերի շինարարության պարագայում, որոնց քառակուսի մետրերի գները հասու չեն շարքային մարդկանց, անգամ աշխատանք ու բիզնես ունեցողներին, ինչն էլ բացասական դրսևորումների միջավայր է ստեղծում: Ինչքան էլ տարօրինակ հնչի, աղբը ցեմենտի գործարաններում այրելն առավել շահավետ է, քան գազը, ածուխն ու մազութը: Նախ այն խոշոր բնակավայրերում ամեն օր կա, տոննայի գինը 25-30 դոլարի սահմաններում է գտնվում, տեղափոխումն էլ մեծ խնդիր չէ:


Փորձեմ պարզել գնի հարցը: Երևանցիներիցս յուրաքանչյուրն արդեն նախանշված օրը 1 կգ կազմող այլևայլ բաղադրության թափոնները «Սանիտեք»-ի աղբարկղ նետելու համար 7 դրամ է վճարում, 1 տոննայի պարագայում ստացվում է 7000 դրամ, ինչը 15 դոլար է կազմում: Գումարեք սրան աշխատավարձն ու տեղափոխման ծախսը, որոնք Հայաստանի պարագայում շատ ավելին չեն կարող լինել, քան աշխարհի այլ մասերում, կմոտենանք արդեն հիշատակված 25-30 դոլար գնին, որտեղ ամիսը մոտ 100 հազար դոլար եկամուտ է նախանշվում: Գործընթացը ցեմենտի արտադրությունում կիրառելու պարագայում հարկ է ակնկալել ցեմենտի գնի նվազում, որն իր հերթին կխթանի այս շինանյութի արտադրության ծավալների ավելացումը: Իսկ համապատասխան քանակներից անգամ նվազագույն շահն այն միջավայրն է, որն ակնկալում են գործարարությունն ու կոնկրետ գործարարը:


Գուցե լրագրությունն ու լրագրային էջը այն տեղը չեն, որտեղ նպատակահարմար է համանման զրույց ծավալել, քանզի յուրաքանչյուր բիզնես իր առանձնահատկություններն ունի, և այն վարողը պատրաստակամ չէ, մրցակցությունը նկատի ունենալով, բացահայտելու իր ողջ մտադրությունն ու նպատակները, ոչ էլ սիրողական մակարդակով արված հաշվարկներն են ի զորու խնդրում ցանկալի պարզություն մտցնելու: Նման հարցերը լուծվում են գործնական հանդիպումների և դրանց արդյունքում սկսվող բանակցությունների ընթացքում: Անշուշտ, բիզնեսն ու շահույթն իրենց դերն ունեն, սակայն առաջնահերթություններ են նաև հանրային պահանջն ու բնապահպանական խնդիրները, որոնց ֆինանսական աջակցությունը միջազգային գրեթե բոլոր կառույցներն իրենց գործունեության թվին են դասում և նպաստում դրանց ֆինանսավորմանը: Զրուցակցիս մոտեցմամբ՝ այս ամենը պարզվում ու լուծվում է հանդիպումների ու բանակցությունների արդյունքում:


Թեմային նվիրված մի հեռուստահաղորդման ընթացքում դիտել եմ Ավստրալիայի Մելբուռն քաղաքում աղբի այրման միջոցով էլեկտրաէներգիայի ստացման գործարանի գործունեությունը, այսպես ասած, աղբաէլեկտրակայանի աշխատանքը: Ժամանակակից քաղաքի կենտրոնում գտնվող այդ յուրօրինակ «մոնստրը», այս պարագայում, դրական բոլոր առումներով հայաստանցուս գնահատմամբ, անհավանական երևույթ էր, կարծես մտացածին ինչ-որ բան, իրականությունից ու իրողությունից դուրս մի վիճակ: Այստեղ զրուցակիցս ինձ առօրյա է վերադարձնում, փաստելով, որ նման հզորություններ արդեն տասնյակ ու ավելի տարիներ գործում են աշխարհի չորս կողմերում՝ հեռավոր Ավստրալիայից մինչև ամերիկյան մայր ցամաք, չխոսելով Եվրոպայի մասին, որտեղ դրանք կան իրենց հանդեպ հարգանք ակնկալող բոլոր քաղաքներում: Իրենց ընկերությունն այժմ բանակցում է չինական մի քաղաքապետարանի հետ, որտեղ նախատեսվում է օրը 700 տոննա աղբավերամշակման գործարանի կառուցում՝ 15 մլն դոլար նախնական արժեքով. մոտ 5 հեկտար տարածք զբաղեցնող հզորությունը շահագործման կհանձնվի 2 տարում՝ քաղաքի համար լուծելով բազմաբնույթ հարցեր:


Կընդգրկվի՞, արդյոք, Երևանն այս ցանկում՝ գործարար աշխարհի և տարբեր աստիճանների իշխանությունների խնդիրն է: Այն, ինչ-որ առումով, քաղաքակրթական նորմի դրսևորում է, քանզի աղբավայրերի վերացումն ինքնին քաղաքները բնորոշող ցուցանիշ է: Խոշոր բնակավայրերում անխուսափելիորեն առաջացող թափոնները, երկրորդային հումքը, առայժմ աղբ որակվողը, այդ թվում սննդի մնացորդը մեխանիկական ու կենսաբանական որոշակի գոծողությունների արդյունքում այրվող հզոր միջոցի վերածելը, այն մի շարք դեպքերում գազի ու նավթի փոխարինիչ դարձնելը միայն հարգանքի ու անգամ պատկառանքի զգացում են առաջացնում, որը մենք եվրոպական կամ արևմտյան արժեքներ ենք որակում: Իսկ ահա քննարկվող օրինակի պարագայում ՀՀ շարքային քաղաքացիս ցանկանում է նշել, որ դրանք պայմանավորված չեն ինչ-ինչ տարածքային կամ արժեհամակարգային հանգամանքներով, այլ ընդամենը կյանքն ու կենցաղը, հասարակական ու հանրային միջավայրը առողջացնելու և գրավիչ դարձնելու պարզ դրսևորումներ են: Ասվածի հաստատումն է հենց թեկուզ միջինասիական պետություններից մեկի նախարարի հետ արդեն կայացած հանդիպումը՝ պարզելու իրենց երկրում նման գործընթացների ծավալման հնարավորությունը: Ակամայից հիշում եմ ՀՀ վարչապետի գրեթե ամենօրյա հորդորն իր գործընկեր-ենթականերին՝ աշխատել թուղթ ու գրչով, ծրագրեր կազմելով ու դրանք ներկայացնելով, ընթացիկ լինեն, թե հեռանկարային-ռազմավարական: Լրիվ անկեղծանալու պարագայում կարելի է նաև նշել, որ համանման ժամանակահատվածներ ու պահանջներ նախորդների պաշտոնավարման տարիներին էլ են արձանագրվել, որոնց արդյունքները ցավալիորեն տեսանելի չեն: Այս վիճակը պայմանավորվում է այլոց հանդեպ ինչ-որ ձևի ու աստիճանի համակրանքի ու պատկառանքի դրսևորմամբ, իմա՝ նրանց հաջողվում է, քանզի կարգապահ են ու բարեխիղճ, գործին նվիրված ու սկզբունքային: Իսկ ի՞նչ է, այլ միս ու արյունի՞ց են աշխարհով մեկ սփռված մեր միլիոնավոր հայրենակիցներից այն տասնյակ հազարավոր հաջողակ գիտնականներն ու արվեստագետները, գործարարներն ու քաղաքական գործիչները, հենց թեկուզ առայժմ միջին աստիճանի դիրքի զրուցակիցս: Անշուշտ՝ ոչ, ինչի ապացույցն է շատ ազգերի ու պետությունների ղեկավարների առանձնահատուկ վերաբերմունքը հայկական ծագմամբ կամ նույնիսկ արմատներով մեր հայրենակիցների նկատմամբ, որոնցից Ֆրանսիայի նախագահը օրերս հնչեցրեց «հայերդ լավագույնն ու առանձնահատուկն եք» հերթական գնահատականը:
Մենք նման կարծիք ենք հայտնում, ասենք, ճապոնացիների մասին, որոնց զբաղեցրած տարածքն ու բնակչության քանակն առաջին հայացքից լրջագույնս մտահոգիչ են: Միջին հաշվով 1 քառակուսի կիլոմետրի վրա 350 մարդ է բնակվում, երբ ՀՀ ցուցանիշը 100 մարդ է:

Բայց նրանք դրանից խնդիր չեն ստեղծում, այլ իրենց տարածքն ավելացնում են 1924 թվականից սկսած աղբն այրելու արդյունքում անխուսափելիորեն մնացող մոխրի օգնությամբ օվկիանոսից տարածքներ զավթելով, դրանք վերջնական արդյունքում հողով ծածկելու միջոցով: Աղբն այրելու ընթացքում էլեկտրաէներգիա են արտադրում, այն օգտագործում արտադրության կարիքները բավարարելու նպատակով, իսկ ավելցուկը վաճառում են էլեկտրաէներգիա սպառողներին: Ներկայացվող հաջորդ լուրն էլ օրեր առաջ ստացա ռուսական հեռուստաընկերություններից մեկի հաղորդումից, որը մեր գործընկերները պատրաստել էին Մոսկվայում նախատեսվող աղբայրման 4 գործարանների կառուցման առիթով: Հատկապես ցնցող էր ճապոնացի մասնագետի հնչեցրած այն փաստը, որ իրենց ֆիրմայի արտադրանքից են կարվում Մադրիդի «Ռեալի» բոլոր մարզահագուստները: Հավատալ, թե ոչ՝ յուրաքանչյուրիս խնդիրն է: Թերահավատները կարող են նշել, որ միայն մարզաշապիկներ այս թիմը յուրաքանչյուր տարի վաճառում է 2 մլն հատ, ասել է թե՝ ճապոնացու ասածին կասկածելու ինչ-որ տեղ կա: Տնտեսական թեմաներով հետաքրքրվողիս կողմից էլ ասեմ, որ Ճապոնիայի տնտեսությունն այնքան հզոր է, որ անգամ 12 մլն մարզահագուստի թողարկման վրա կասկածել պետք չէ: Ինչո՞ւ եմ կանգ առնում այս հանգամանքի վրա, որովհետև մեզանում հաճախ է խոսվում ՀՀ տեքստիլ արդյունաբերության ծավալման շուրջ, հիշատակվում է բամբակագործության ավանդույթի վերականգնումը: Եթե այն իրականացվի Սովետաշենի աղբահանքի պաշարների օգտագործման արդյունքում ազատված հողերում բամբակ աճեցնելու պարագայում, կարելի է ողջունել, միաժամանակ հույս տածել, որ մի օր էլ Հայաստանում կսկսվեն համաշխարհային տնտեսական գործընթացներին արժանի իրադարձություններ ծավալվել: Մինչ այդ հարկավոր է մաշել պաշտոնական փաստաթղթերով Սովետաշենի առայժմ աղբավայր անվանվող տարածքում կուտակվածը, որը շատ համեստ ջանքեր է պահանջում: Այն կարող է իրականացնել տարածքից ոչ շատ հեռու գտնվող, ասենք, Երևանի ջերմաէլեկտրակայանը: Հիշենք, որ վերջին տարիներին հաղորդում տարածվեց, ըստ որի, ՋԷԿ-ը նախատեսում էր օգտագործել Արցախում հայտնաբերված գորշ ածուխը: Ինչ-ինչ պատճառներով չստացվեց. սիրողական մակարդակով ծանոթանալով աղբ համարվող խնդրի հանդեպ ծավալվող գործընթացներին, կարելի է հուսալ, որ աղբն այրելն ավելի իրատեսական է:


Որն է այստեղ բարդությունը, ինչը հասու չէ հայաստանյան տնտեսավարական մտքին. զրուցակցիս հաշվարկներով՝ ՀՀ-ի պարագայում մեկ միջին հզորության արտադրության կառուցումը պահանջում է մոտ 15 մլն դոլար և 2 տարի ժամանակ: Եթե դիտարկենք ֆինանսական հարցը, այն լուրջ խնդիր չէ, քանզի բնապահպանական նշանակության այսօրինակ գործընթացները շատ հաճախ են արժանանում համաշխարհային կառույցների ուշադրությանը, լինեն դրանք դրամաշնորհների, աննշան տոկոսներով վարկերի, թե՞ ուղղակի ու անմիջական ներդրումների ձևով: Բայց նաև պարզից էլ պարզ է, որ հայաստանյան բիզնես միջավայրի ու որոշակի մասնաբաժնով ներկայանալու պարագայում գումարը խնդիր չէ անգամ մեր աղքատիկ բյուջեի համար: Շինարարության ֆինանսավորումը աշխատատեղեր է ստեղծում, խթանում այլ ոլորտների գործունեությունը, ինչի արդյունքում հարկային պարտավորություններ են առաջանում, ասել է թե՝ աջ ձեռքի ներդրումը պայմանավորում է ձախով գանձվող հարկեր: Շահագործումից հետո արդեն կարելի է ընթացիկ խնդիրները կանոնակարգել ընդհուպ մինչև պլանավորվող էքսկուրսիաներից ստացվող գումարները հարկել-չհարկելը, արտոնությունների տրամադրումը: Այստեղ էքսկուրսիայի եմ մասնակցել անգամ խոզաբուծարան այցելելով: Կատակ չեմ համարում, քանզի աղբի այրման վերջին խոսքի ձեռնարկությունը տարածաշրջանում առայժմ իրոք միակը կարող է լինել, տեխնիկապես առավել հագեցած ու կատարյալ, քան Երևանից հարյուրավոր կիլոմետրեր հեռուներում գտնվողները:


Ակնարկներ են հնչում, թե Հայաստանում նախընտրական շրջան է, մտահոգություններն այլ են, որոնք էլ իրենց հերթին ֆինանսական ծախսեր են պահանջում: Ավստրիայում էլ ընտրություններ են անցկացվում, միայն թե հանգիստ, անգամ աննկատ: Հուսով եմ` զավեշտ չեք համարի, եթե նշեմ, որ այդ ամենը հաջողվում է երկրի կենսական խնդիրները լուծելու շնորհիվ, որոնց թվին կարելի է դասել նաև աղբի թեման, որն այստեղ հավաքվում և օգտագործվում է ամենայն բծախնդրությամբ: Կարճ ասած՝ որոշակի պայմաններում այդ աղբ կոչվածը գազի ու ոսկու նախանշաններ է ցուցադրում, երկրի ու մարդկանց կյանքը բարեփոխում: Այնպես որ, ցանկալի է մեր նախընտրական շրջանը քարոզամոլությունից առավել գործարար միջավայրում ծավալել, ինչն էլ, վստահաբար կարելի է ասել, ընտրողների ձայնն ու վստահությունը շահելու հիմնական միջոցն ու պայմանն է:

Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ
Գրաց, Ավստրիա
Հ. Գ. Ընտրությունների օրն արդեն, ինչպես մեր հազարավոր հայրենակիցները, Հայաստանում եմ լինելու: Հայտնի կինոֆիլմի օրինակով գուցե հենց իմ միակ ձայնն է լինելու որոշիչը, որը հաղթանակ է ապահովելու ընտրապայքարի մասնակիցներից մեկին: Ձայնս ստանալու նախապայմանը, շարքային կուսանդամից մինչև ՀՀ վարչապետ, գիտեք, այնպես որ՝ ի գործ: Թերևս այսօրինակ գործընթացների արդյունքում ՀՀ տնտեսությունը քարեդարյան շրջանից կհայտնվի նորօրյա բրոնզեդարյան ժամանակում: Սա փորձելու առաջարկ չէ, այլ գործելու պարտադրանք:

Դիտվել է՝ 2611

Մեկնաբանություններ