Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ադրբեջանն ընկել է իր հիմարության թակարդը

Ադրբեջանն ընկել է իր հիմարության թակարդը
07.03.2017 | 08:20

Արցախի Հանրապետության դեմ և Հայաստանի սահմաններին Ադրբեջանի դիվերսիոն գործողությունների վերջին շարքը ծնունդ տվեց այնպիսի սցենարների, որոնց ելքը առայժմ պարզ չէ, սակայն որոշ նրբերանգներ է խառնում Արցախի և Ադրբեջանի հակամարտության կարգավորման զարգացման գործին: Ընդ որում, դա նաև առանց ծեծված «բլոգեր Լապշինի գործի»: Եվ երբ արդեն հետևում է մնացել սումգայիթյան ողբերգության հերթական սև տարելիցը, այդ խոսակցությունը է՛լ ավելի օրախնդիր է դառնում: Մենք անպայման պետք է որսանք ներկա պահի առանձնահատկությունը. չէ՞ որ փետրվարի 15-ին հայտարարվել էր, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցելու է անվտանգության հարցերին նվիրված հերթական մյունխենյան խորհրդաժողովին, որը նախատեսված էր այս տարվա փետրվարի 16-17-ին: Նախատեսված էր նաև Նալբանդյանի հանդիպումը հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահների հետ: Հաղորդվել էր, որ Նալբանդյանն անցկացնելու է նաև մի շարք երկկողմ հանդիպումներ: Բայց չէ՞ որ մինչ այդ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն առաջարկել էին Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպում անցկացնել հենց մյունխենյան խորհրդաժողովի օրերին: Անցած տարվա դեկտեմբերի 31-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում էր Հայաստանի արտգործնախարարը հաստատել, որ ԵԱՀԿ ՄԽ միջնորդները առաջարկել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև նման հանդիպում անցկացնել անվտանգության հարցերին նվիրված մյունխենյան խորհրդաժողովի շրջանակներում. «Համանախագահներն առաջարկել էին հանդիպումն անցկացնել անվտանգության մյունխենյան խորհրդաժողովի նախաշեմին: Խոսքը համանախագահների հետ և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև հանդիպումների մասին է: Դուք գիտեք, որ մենք երբեք չենք հրաժարվում այդպիսի հանդիպումներից՝ թե՛ նախարարական, թե՛ այլ մակարդակներով»:


Բայց հենց այդ ժամանակ էլ Հայաստանի արտգործնախարարը նշել էր, որ ոչինչ հաստատել չի կարող, քանի որ, չնայած Հայաստանի համաձայնությանը, պարզ չէ, թե «ինչ խաղ է պատրաստվում խաղալ Ադրբեջանը», ինչպես դա եղավ Համբուրգում: «Այն ժամանակ նրանք առհասարակ հերքեցին հանդիպման փաստը, իսկ հետո հայտարարում էին, թե դա եղել է ոչ թե հանդիպում, այլ ընդամենը ճաշ»,- ասել էր Նալբանդյանը: Սակայն փետրվարի 9-ին Ադրբեջանի արտգործնախարար Է. Մամեդյարովը հայտարարեց, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը առաջարկել է անցկացնել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպում: «Ես ասացի, խնդրեմ, ես պատրաստ եմ: Բայց մոտավոր ժամկետները չքննարկվեցին, դա կպահանջի գրաֆիկների համաձայնեցում: Առայժմ կոնկրետ ժամկետների վերաբերյալ առաջարկություններ չենք ստացել, բայց մեր սկզբունքային համաձայնությունը կա»,- ասաց Մամեդյարովը: Նույն օրը Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պարզաբանեց, որ Մոսկվան ոչ թե պնդո՛ւմ է Արցախյան խնդրի կարգավորման հանդիպումներ անցկացնել, այլ սոսկ առաջարկում է. «Հիմա կարող եմ միայն ասել, որ կողմերի միջև շփումները շարունակվում են: Ե՞րբ և որտե՞ղ: Մեկ անգամ ևս ասում եմ, կասեմ փոքր-ինչ ուշ, երբ այդ հարցը համաձայնեցված լինի»:


Մի քիչ տարօրինակ հայտարարություններ են, չէ՞, ընդ որում, ինչպես Հայաստանի ու Ռուսաստանի կողմից, այնպես էլ Ադրբեջանի: Այստեղ կարևոր է հասկանալ, որ Երևանն ու Բաքուն միշտ «այդ խաղն են խաղացել»՝ այս կամ այն հարցի ձախողման պատասխանատվությունը բարդել են միմյանց վրա: Սակայն, ինչպես արդեն բազմիցս նշվել է, Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովի հունվարյան հանդիպումները հստակորեն ցույց տվեցին, որ ռուսաստանյան արտքաղաքական գերատեսչությունը հենց Ադրբեջանին է պատասխանատու համարում ոչ միայն Արցախի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևերի չկատարման գործում, այլև կարգավորման բոլոր նախկին պլանների ու նախագծերի ձախողման: Մենք քանիցս նշել ենք, որ, «չգիտես ինչու», Արցախյան հարցի կարգավորման առումով ապշերոնցիների երկյուղները բավական հաճախ են 100 տոկոսով զուգադիպում Հայաստանի ներքաղաքական ընդդիմության «երկյուղներին»: Տվյալ դեպքում, սակայն, Հայաստանի նույնիսկ արմատական ամերիկամետ ընդդիմության թևից հաճախ նաև այլ կարծիք է հնչում՝ ավելի շատ սթափ վերլուծության վրա հիմնված կարծիք: Այսպես, Հայաստանի ԱԳՆ-ի նախկին մամուլի քարտուղար, իսկ ներկայումս ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» կուսակցության միջազգային կապերի կոմիտեի ղեկավար Վլադիմիր Կարապետյանի կարծիքով, եթե Հայաստանի արտգործնախարարությունը չպատասխանի Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ադրբեջանական կողմի հայտարարություններին, ապա բանակցությունների ձախողման գործում կմեղադրվի Հայաստանը. «Օրերս Ադրբեջանի արտգործնախարար Է. Մամեդյարովը մի քանի հայտարարություն արեց, որոնց արժե ուշադրություն դարձնել: Առհասարակ, նման հայտարարությունները լրացուցիչ նշանակություն են ստանում, հաշվի առնելով այն հիմնական թեզերի առնչությամբ արձագանքների բացակայությունը, որոնք վերաբերում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերին: Նախ, Մամեդյարովը հայտարարեց հայկական կողմի հետ հանդիպում ունենալու պատրաստակամության մասին: Անկախ այն բանից, թե որքանով է պաշտոնական այդ հայտարարությունը, այն պետք է պատասխան ստանա: Հակառակ դեպքում, հանդիպման ուշացման գործում կմեղադրվի հենց Հայաստանը»:

Նրա խոսքերով` Մամեդյարովի հարցազրույցում կան էլի մի քանի հայտարարություններ, որոնք մեկնաբանություն և արձագանք են պահանջում: «Համոզված եմ, որ Հայաստանի ԱԳՆ-ն չպետք է լռի և դիտորդի կարգավիճակով հետևի ադրբեջանական նախաձեռնություններին»,- նշում է Հայաստանի ԱԳՆ նախկին մամուլի քարտուղարը:


Ես հասկանում եմ, որ, անշուշտ, Հայաստանի ԱԳՆ-ն չէր սպասում ընդդիմադիր Վ. Կարապետյանի կարծիքին, թեկուզև իր նախկին մամուլի քարտուղարի: Սակայն Երևանում տեղի ունեցած «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը: 25 տարի անց» խորհրդաժողովում Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի արած հայտարարությունները, ըստ էության, պատասխան եղան ոչ միայն ընդդիմությանը, այլև Ադրբեջանին, իսկ մեծ հաշվով նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին: Շ. Քոչարյանի խոսքերով, Ադրբեջանը հենց սկզբից որդեգրել է խնդրի ուժային լուծման քաղաքականությունը, և եթե առաջ Բաքվում փորձում էին տարբեր ուղիներով քողարկել այդ հանգամանքը, ապա այսօր նրանք այդ մասին ասում են բացահայտորեն: «Բավական է հիշել վերջերս Իլհամ Ալիևի արած հայտարարությունն այն մասին, թե ղարաբաղյան հակամարտությունը Ադրբեջանի ներքին գործն է: Դա նշանակում է, որ այդ երկրի իշխանությունները չեն հրաժարվում ահաբեկչության քաղաքականությունից: Նման անկանխատեսելիության և պայմանավորվելու անընդունակության պայմաններում միջնորդների միակ առաքելությունը մնում է նոր պատերազմ թույլ չտալը»,- նշեց Հայաստանի փոխարտգործնախարարը: Դիվանագետի խոսքերով` այն հանգամանքը, որ ժամանակին Հայաստանն էլ է իր ստորագրությունը դրել Բիշքեկի զինադադարի պայմանագրի տակ, փաստաթղթին միջազգային կարգավիճակ է հաղորդում, Ադրբեջանին պարտավորեցնելով կատարել այն: Հակառակ դեպքում, Ադրբեջանը կձգտեր խույս տալ պայմանավորվածությունների կատարումից: Պաշտոնական Երևանը բազմիցս քննադատության է ենթարկվել այն բանի համար, որ միացել է պայմանագրին, ինչը, շատ դիտորդների կարծիքով, ստվեր է նետել Արցախ-ԼՂՀ-ի ինքնիշխանության վրա: Շ. Քոչարյանի կարծիքով, այդ քննադատության մեջ որոշակի տրամաբանություն կա, բայց, այդուամենայնիվ, Հայաստանի ներկայությունը Բաքվին զրկում է շահարկումների հնարավորությունից:


Խոսելով կարգավորման Մադրիդյան սկզբունքների մասին, Շ. Քոչարյանը նշեց, որ փաստաթուղթը փուլային լուծում է ենթադրում: «Սակայն մենք բոլորս հասկանում ենք, որ գործ ունենք մի սուբյեկտի հետ, որն ընդունակ է ցանկացած պահի հրաժարվելու իր ստանձնած պարտավորությունների կատարումից: Եթե կարգավորման գործընթացի մի որևէ փուլում Ադրբեջանը առավելության հասնի, նա անպայման կհրաժարվի հաջորդ փուլից»,- հայտարարեց նա: Այս առումով, Շ. Քոչարյանի կարծիքով, հարցի լուծման միակ բանալին մնում է Արցախ-ԼՂՀ-ի միջազգային ճանաչումը: Ընդ որում, պաշտոնական Երևանը նշում է, որ ադրբեջանական ագրեսիան զսպելու համար անհրաժեշտ ռազմաքաղաքական մեխանիզմներ ունի: «Անցած տարվա ապրիլյան պատերազմը մեկ անգամ ևս ապացուցեց, որ, ինչպես 25 տարի առաջ, այսօր էլ Ադրբեջանը պատրաստ է նոր արկածախնդրության»,- համարում է Քոչարյանը: Ադրբեջանի արտգործնախարար Է. Մամեդյարովի վերջերս արած հայտարարություններին, թե Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի հետ Մոսկվայում կարգավորման ինչ-որ պլան են քննարկել, Քոչարյանը վերաբերվում է սարկազմային հոռետեսությամբ. «Մամեդյարովը բազմիցս ապացուցել է, որ պետք չէ շատ լուրջ վերաբերվել իր հայտարարություններին: Ադրբեջանի ղեկավարության համար ավանդույթ է դարձել միջազգային հարթակներում ասել մի բան, Բաքու վերադառնալով՝ միանգամայն այլ»: Նշեմ` դատելով հակամարտության գոտուց ստացված ամենավերջին տեղեկություններից, մեր փոխարտգործնախարարը, ինչպես նաև Հայաստանի և Արցախի ռազմական գերատեսչությունները, միանգամայն ճիշտ են: Քանի որ Թուրքիան էլ է ապշերոնյան խանին ցավակցություն հայտնել ադրբեջանական վերջին դիվերսիայի ձախողման արդյունքում մեծ քանակությամբ զոհեր տալու կապակցությամբ, ապա... Իլհամ Ալիևի համար «վատ ժամանակներ» են եկել, և խանի կողմից իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևա-Փաշաևային երկրի փոխնախագահ նշանակելը ավելի շատ նման է ամեն ինչի համար պատասխանատվությունը կնոջ փխրուն ուսերին բարդելու ցանկության...


Այսպիսով, մյունխենյան խորհրդաժողովից առաջ Հայաստանի արտգործնախարարությունից հնչեց միանգամայն հստակ երկու ուղերձ. ես կարծում եմ, որ դրանք առաջին հերթին ուղղված են հենց ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, իսկ ավելի ճիշտ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ին: Առաջին. պաշտոնական Երևանը տեսնում և հասկանում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միակ առաքելությունը, որից նրանք դեռ կարողանում են տանելիորեն գլուխ հանել, վաղուց արդեն դարձել է հակամարտության գոտում պատերազմական նոր գործողություններ թույլ չտալը, և դա միակ բանն է, որ Հայաստանը սպասում է Ռուսաստանից և ԱՄՆ-ից: Երկրորդ. իսկ եթե ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, առաջին հերթին Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, ինչ-ինչ պատճառներով չկարողանան զսպել ապշերոնցի ագրեսորներին, ապա Արցախյան խնդրի փուլային լուծումը, այսինքն` Մադրիդյան սկզբունքների իրացումը, մեծ հարցականի տակ կհայտնվի: Եվ «մեծ հարցականից խույս տալու» Հայաստանի համար միակ ընդունելի եղանակը կմնա ԼՂՀ-ի միջազգային ճանաչման, այսինքն` Արցախի անկախության ճանաչման գործընթացի մեկնարկը: Եվ, հասկանալի բան է, Հայաստանի ԱԳՆ-ն հասկացրել է, որ այդ գործում նախաձեռնություններ է սպասում Ռուսաստանից և ԱՄՆ-ից: Մենք հասկանում ենք, թե ինչու հատկապես փետրվարի կեսերին Հայաստանի արտքաղաքական գերատեսչությունը, թող որ Ստեփանակերտի ապաշրջափակման «տեղային» խորհրդաժողովի շրջանակներում, հնչեցրեց այս երկու ուղերձը և ինքն էլ Մոսկվայի ու Վաշինգտոնի համար առաջարկեց «Արցախի միջազգային ճանաչում» ձևակերպումը: Չէ՞ որ ամբողջ աշխարհին է հայտնի, որ Սպիտակ տան ու Կրեմլի միջև ինտենսիվ խորհրդակցություններ են ընթանում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին անմիջական հանդիպումը կազմակերպելու նպատակով: Եվ Հայաստանը, հնարավոր է, նույնիսկ առաջիններից մեկն է իր ճշգրտումն առաջարկում Թրամփ-Պուտին առաջին բանակցությունների օրակարգի համար: Թեև այնպես էլ աշխարհում բոլորն են հասկանում, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները հազիվ թե ուշադրության չառնեն բոլոր հրատապ և ձգձգվող զինված հակամարտությունների խնդիրը: Անշուշտ, այդ թվում և արցախա-ադրբեջանական հակամարտության:


Պետք է հուսալ, որ Երևանում կայացած «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը: 25 տարի անց» խորհրդաժողովում Հայաստանի փոխարտգործնախարար Շ. Քոչարյանի հայտարարությունների հանգուցային կետերը այս կամ այն մանրամասնությամբ կներկայացվեն և՛ Հայաստանում Ռուսաստանի ու ԱՄՆ-ի դեսպանություններին, և՛ ԱՄՆ-ի պետդեպարտամենտին ու Ռուսաստանի ԱԳՆ-ին: Հետևաբար, պաշտոնական Երևանի տեսակետին տեղյակ կլինեն նաև նախագահներ Թրամփն ու Պուտինը: Ինչպես կպատասխանեն Սպիտակ տունն ու Կրեմլը կարգավորման գործընթացի մասին Հայաստանի պատկերացումների այսօրվա շեշտադրմանը, առայժմ վաղ է դատողություններ անելը: Լավ կլիներ նախ տեսնեինք ու համոզվեինք, որ Մյունխենում կայացած Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը Ապշերոնում մի ինչ-որ «աշխատանքային նախաճաշ» չի հորջորջվի և այլն: Եվ տեսնեինք, արդյոք լուրջ խոսակցություն եղե՞լ է, թե՞ ոչ. չէ՞ որ Հայաստանի հետ սահմաններին և Արցախում հակամարտ բանակների բաժանարար գծի գոտում ադրբեջանական կողմի մշտական սադրիչ դիվերսիոն գործողությունները ոչ միայն Երևանի ու Ստեփանակերտի, այլև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ինչպես նաև ամբողջ ԵԱՀԿ-ի առջև քաղաքական առումով «անհարմար հարց» են դնում. ժամանակը չէ՞, արդյոք, «խաղաղության հարկադրելու» գործողություն իրականացնել ապշերոնյան խանության դեմ: Եվ եթե ԵԱՀԿ-ն կամ, ինչու չէ, նույնիսկ ամբողջ Արևմուտքը նման գործողության համար ուժ ու միջոցներ չունեն, ապա նրանք, ինչպես և Ռուսաստանը, հաստատ ողջամտություն ու հնարավորություն ունեն համապատասխան մանդատ տալու գոնե միայն Հայաստանին: Չեմ ասում Արցախին, որովհետև ինքներդ եք հասկանում, Արցախ-ԼՂՀ-ն ԵԱՀԿ անդամ չէ։
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2426

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ