Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան  բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
07.03.2017 | 08:32

(սկիզբը` այստեղ)

Հայաստանում ստեղծված ճգնաժամային իրավիճակի ու, ընդհանրապես, մեր բոլոր անհաջողությունների մեջ, առաջին հերթին, պետք է մեղադրել մեր տեխնիկական մտավորականությանը, անկախության 25 տարիներին այն չափազանց պասիվ է եղել ու շարունակում է մնալ այդպիսին: Հրաժարվելով քաղաքական պայքարից, ուշադրությունը սևեռելով միայն արտադրական ու գիտատեխնիկական խնդիրների լուծման վրա (ի միջի այլոց, գիտատեխնիկական խնդիրներով ու տեխնիկական քաղաքականությամբ կարելի է զբաղվել նաև Հայաստանից դուրս, Հայաստանից հեռու, որովհետև, ի տարբերություն կլասիկ քաղաքականության, այն զուրկ է ազգային երանգներից), վտանգում ենք մեր հայրենիքի ապագան՝ պետական նշանակության գործերի կառավարման պատասխանատվությունը թողնելով անձեռնհաս ու անպատասխանատու մարդկանց հույսին:


Ազգային ժողովի սպասվող ընտրությունները բացառություն չեն, պարզից էլ պարզ է, որ նոր պառլամենտից ևս սպասելիքները քիչ են լինելու, խոստումները շատ են, բոլորն էլ ականջահաճո, բայց կոնկրետությունից հեռու՝ առանց իրականացման իրատեսական ուղիների առկայության: Դրանք կյանքից ու իրականությունից կտրված բարի ցանկությունների ամբողջական հավաքածուներ են, որոնք ունեն իրենց կոնկրետ հասցեատերերը՝ ի դեմս ընտրազանգվածի այս կամ այն խմբերի, և տեղավորվում են ընտրությունների ժամանակ կիրառվող քաղտեխնոլոգիաների տրամաբանության մեջ: Այս տեսանկյունից միանշանակ համամիտ եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որ ընտրություններից առաջ խոստումները շատ են լինելու։ Իհարկե լինելու են... Նախագահն իր կադրերին լավ է ճանաչում: Ընտրություններին մասնակցող չորս կուսակցությունների ու հինգ դաշինքների նախընտրական քարոզարշավի հիմքում դրված են քիչ իրականանալի, ավելի շուտ, անիրականանալի խնդիրներ՝ հիմնված քաղաքական գործիչների բազմազբաղ ուղեղներում տեղ գտած պարզունակ ընկալումների ու դատողությունների վրա։ Հետաքրքիր է, այս մարդիկ երկրի համար ի՞նչ են արել մինչ օրս, որ այդպիսի համառությամբ ու հետևողականությամբ փորձում են հայ լսարանին դարձյալ կերակրել նորանոր խոստումներով: Ես անձամբ կուշտ եմ այդ խոստումներից ու ոչ ոքի չեմ հավատում, չեմ հավատում, որովհետև նրանք իրականանալի գաղափարներ չունեն, ազնիվ չեն, հեռու են հասարակությունների ու տնտեսությունների զարգացման համաշխարհային պրոցեսների օբյեկտիվ ընկալումներից: Այս տեսակետից բացառություն կարող են կազմել, թերևս, Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցությունը, ու, թող զարմանալի չթվա, Հայաստանի հանրապետական կուսակցությունը: Առաջինը գոնե հասկանում է, որ տնտեսությունը փրկելու համար պետք է զբաղվել ապրանք արտադրելով, ստեղծել է «Ապրանքարտադրողների միությունը» ու պայքարում է այդ ուղղությամբ՝ հավատարիմ մնալով կոմունիստական ժամանակներից եկող կառուցողական սկզբունքներին, բայց, միաժամանակ, հրաժարվելով 70 տարիներին թույլ տված սխալներից: Երկրորդը փորձում է առաջ տանել իր «անսխալ» ու անհեռանկար տնտեսական քաղաքականությունն ու շարունակել կոռուպցիայի վրա հիմնված ներքին քաղաքականությունը՝ առանց էական շտկումների ու շեղումների՝ պատերազմող մեր երկիրը հուսալի հեռավորության վրա պահելով փրկության ափերից: Դրվատանքի խոսքերի է արժանի նաև Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրական էպոպեան, որը կարողացավ հասկանալ ընտրությունների անվան տակ առաջարկվող շինծու քաղաքական միջոցառումների էությունն ու հրաժարվեց դրանց մասնակցելու պատվից։ Այս անգամ գաղափարական պայքարը վերջնականապես մղվել է հետին պլան՝ ասպարեզում թողնելով միայն էգոիստների հավերժական պայքարը ի պաշտպանություն անձնական ու խմբակային շահերի ու, հատկապես, ձրի մսուրքի մոտ տեղ գրավելու պատվի:


Ընտրապայքարի մեկնարկից առաջ արդեն պարզ է, որ նոր պառլամենտից ոչ մի օգուտ չի լինելու, վնասներ՝ որքան ուզես: Ի՞նչ անուն կարելի է տալ ԼՏՊ-ի պարզած նախընտրական «սպիտակ դրոշին», ո՞րն է նրա կողմից մատուցվող պարտվողական գաղափարախոսության բուն իմաստն ու նպատակը. հանձնել արյունով ազատագրած մեր հայրենիքը, որպեսզի կարողանանք տնտեսությունը աշխատեցնել՝ լավ ապրելու ու ամեն օր քեֆ անելու համար, ամոթ չէ՞, Լևոն Տեր-Պետրոսյան, մի՞թե սա է ՀՀ առաջին նախագահի խոսքը, նրա արդարացումը՝ իր սնանկացրած երկրի ժողովրդին, ի՞նչ պատասխան եք մտածել մեր որդեկորույս մայրերի համար, ովքեր ծանր վիշտը սփոփում ու մխիթարվում են միայն նրանով, որ իրենց սիրասուն զավակները իզուր չեն զոհվել, այլ զոհվել են հանուն հայրենիքի ազատագրման: Պատերազմող Հայաստան երկրի համար նախընտրական քարոզարշավի ելած ԼՏՊ-ի թիմակիցները նման են պանիկյոր-խուճապարարների խմբի, որոնք փորձում են ժողովրդի մեջ խուճապ տարածել՝ հանուն մի քանի վախկոտ քաղաքացիների ձայներն ստանալու, պատմությունը նրանց նմանների համար ավելի կարճ ճանապարհ է նախատեսում: Հայրենական մեծ պատերազմի տարիներին կռվի դաշտում կամ թիկունքում նման խուճապ տարածողների կյանքի ճանապարհը ավարտվում էր մոտակա պատի մոտ, որտեղ նրանց տեղում գնդակահարում էին: Մեր քաղաքացիները պետք է որ լավ հիշեն, թե ԼՏՊ-ն ինչ է արել իր կառավարման տարիներին, իզուր թող իրեն չվերագրի մեր հերոսների արյան գնով ձեռք բերված ղարաբաղյան հաղթանակները: Երբ մեր հերոս տղաները Ղարաբաղում հայրենիքի համար արյուն էին թափում, նա իր ՀՀՇ-ականներով թալանում էր Սպիտակի երկրաշարժի օգնությունը, որով, ըստ Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի հաշվարկների, կարելի էր երկու անգամ Հայաստան կառուցել: Նույն թիմի ջանքերով թալանի մատնվեց կոմունիստների կառուցած ու տնտեսական ամուր հիմքերի վրա դրված արդյունաբերական երկիր Հայաստանը: Հայ ընտրողներն այս ամենը պետք է լավ գիտակցեն ու ամեն ինչ անեն, որ ԼՏՊ-ն և իր թիմակիցները նստեն ոչ թե խորհրդարանի փափուկ աթոռներին, այլ դատվեն հատուկ տրիբունալով՝ երկիրը կործանելու, արդյունաբերական ռելսերից գցելու, 25 հազար գիտնականներից կազմված մտավոր ներուժը ցրելու, 1500 գործող գործարանները անգործության մատնելու, Ադրբեջան-Ղարաբաղ զինադադարի հաստատման պայմանագրի տակ Հայաստանի նախագահի ստորագրությունը դնելու և այլ պետական մակարդակի հանցանքների համար: Մի քանի տարի առաջ դրանք սիստեմավորել ու ՀՀ դատախազություն էր ներկայացրել տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Մանուկյանը: Էդվարդ Մանուկյանն ինձ պատմել է, թե ինչ ճակատագրի արժանացավ ԼՏՊ-ի դեմ գրած իր դիմումը. «ԱԱԾ-ից երկու սպա էին եկել պոլիտեխնիկական ինստիտուտ ու երկու ժամ շարունակ փորձում էին ինձ համոզել, որ քաղաքական գործչին մեղադրել եմ առանց հիմնավոր փաստեր ունենալու։ Ի՞նչ փաստեր են պետք, երբ երկրի տնտեսության գլուխը կտրել ու դեն է նետել, մեր ժողովրդին այսպիսի թշվառության է մատնել, ամեն ինչ այնպես է տակնուվրա արել, որ մեր ճգնաժամային վիճակի համար ՀՀ 2-րդ ու 3-րդ նախագահներին մեղադրելն անգամ կարելի է հանցանք համարել, Լևոնի համեմատ նրանք սրբեր են, Լևոնին պետք է դատի տալ իր կատարած վատ գործերի համար, որպեսզի ուրիշներին դաս լինի ու աչքները վախենան, սկսեն աշխատել, թող բացատրեն, թե քո ու Հերունու արևային գործերին ինչո՞ւ ընթացք չեն տալիս, ամեն ինչ Լևոնից ու Լևոնի դրած կադրերից է գալիս, ամեն տեղ, բոլոր միջին օղակներում նրանք են, նրանցից ազատվել չի լինում, դրա համար էլ մեր երկրի գործերն այսքան վատ են։ ՈՒնենալով բավարար թվով կրթված, զարգացած ու հայրենիքին նվիրված քաղաքացիներ, տղաներիս հետ պայքարելու եմ մինչև վերջ, այլապես ապրելն իմաստ չունի»:

Նշեմ, որ պրոֆեսոր Էդվարդ Մանուկյանն իմ ճանաչած ամենաանկոտրում կամքի տեր գիտնականներից է: Թող ինձ ների Էդվարդ Նշանին, բայց պետք է որոշ նրբություններ բացահայտեմ իմ համակուրսեցու անձնական կյանքից: Մոտ 20 տարի է, որ նա կորցրել է տեսողությունն ու այդ վիճակում կարողանում է զարգացնել իր գիտական գործերը, անհավանական է, բայց հենց ՏՏ ոլորտում, որտեղ լավ տեսողություն ունենալը պարտադիր է, Էդվարդ Մանուկյանի երևույթը ֆենոմենալ փաստ է: Գործի մեջ նրան օգնում են տղաները՝ տեխնիկական գիտությունների թեկնածուներ Ավետն ու Արմենը, որոնք ամեն անգամ մերժում են արտասահմանյան երկրներ տեղափոխվելու բազմաթիվ գայթակղիչ առաջարկությունները, իրենց հոր նման շարունակում են ապրել ու աշխատել Հայաստանում՝ Հայաստանի համար, նրանց մայրը` տեխնիկական գիտությունների թեկնածու Կարինե Մանուկյանն էլ է այդպես մտածում, այդպիսին էր նաև եղբայրը՝ տեխնիկական գիտությունների թեկնածու Սուրեն Նշանի Մանուկյանը: Այսպիսի արժանավոր գիտական ընտանիքների ու առանձին անհատ գիտնականների թիվը Հայաստանում շատ է, ինչն էլ մեզ մեծ հույսեր է ներշնչում, որ մեր երկրում ամեն ինչ լավ է լինելու, միայն թե կարողանանք ազատվել ինքնահավան ու ինքնասիրահարվածության զոհ դարձած քաղաքական գործիչներից:


Խոստումների համեստությամբ չի տառապում նաև Արթուր Բաղդասարյանը, որը պատրաստ է օգնելու բոլոր կարիքավորներին՝ օգտագործելով Հայաստանի սնանկացած բյուջեի չունեցած հնարավորությունները: Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանին ուզում եմ հիշեցնել, որ նա ուներ մեր տնտեսությունը փակուղուց հանելու և բյուջեն լցնելու գերազանց հնարավորություն, մասնավորապես, եթե 2009 թվականին, 8 տարի առաջ դեմ չգնար ու ընթացք տար հելիոֆիկացիայի մեր ծրագրին, որը ներկայացրել էի ՀՀ ԱԱԽ: Ծրագիրը նախօրոք քննարկվել ու ստացել էր Անվտանգության խորհրդի մասնագետների դրական գնահատականը: Անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական, իմ համակուրսեցի Ռաֆիկ Մխիթարյանից այսպիսի պատասխան ստացա. «Արթուրը դեմ է այդ ծրագրին, թե ինչո՞ւ, չգիտեմ»: Երկու տարի անց ՀՀ ԱԽ-ում այդ հարցը կրկին քննարկվեց՝ վարչության պետ Արամ Թանանյանի ու աշխատակից Գարսևան Սաղաթելյանի մասնակցությամբ (առաջիկա խորհրդարանական ընտրություններում Գ. Սաղաթելյանը ՀՎԿ-ի ցուցակի 7-րդ տեղում է): Գեներալ Արամ Թանանյանի եզրակացությունը այսպիսին էր. «Հայաստանի տնտեսության համար Դուք ռևոլյուցիոն լուծում եք առաջարկում»: Դա այդպես է, ես մշտապես հավատացել եմ, որ դա, իրոք, այդպես է, դրա համար էլ, չնայած չհասկացված լինելուն ու տևական դժվարություններին, հելիոֆիկացիայի ծրագրից ձեռք չեմ քաշել, Հայաստանի համար դա բոլորովին իրականանալի, կարելի է ասել, էտյուդային տարբերակ է: Բացի բարձրակարգ մասնագետ լինելուց, Արամ Թանանյանը նաև հայրենասեր ու երկրի գործերին ամբողջությամբ նվիրված քաղաքացի էր:

Այդպիսի քաղաքացիները Հայաստանում շատ են, բայց նրանց ձայնը, մեր ձայների նման, տեղ չի հասնում, որովհետև լինում են արթուրբաղդասարյաններ, որոնք մշտապես դեմ են գնում իմ ու իմ գործընկերների մշակած բազում կարևոր ծրագրերին: Մեզ պետք է պարզել ու հասկանալ, թե մեր ղեկավար այրերը ինչո՞ւ են մշտապես դեմ գնում մեր տնտեսությունը ոտքի հանելու համար մշակված իրատեսական ծրագրերին: Ի՞նչ երաշխիքներ կան, որ, ընտրություններում հաղթանակի դեպքում, ՀՎԿ-ն կլծվի Հայաստանի տնտեսության վերականգնման գործին՝ օգտագործելով նաև հելիոֆիկացիայի երկրաստեղծ ծրագրի հնարավորությունները: Քննարկման օրակարգից ես դիտավորյալ մի կողմ եմ դնում Արթուր Բաղդասարյանի անձնական տվյալները, ընդունում եմ, որ նա ամենապատրաստված ու գործունյա քաղաքական գործիչներից է, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բայց նա անսկզբունքայնություն է ցուցաբերել ու, որպես կարևոր պետական պաշտոնյա, դեմ է գնացել հելիոֆիկացիայի մեր երկրաստեղծ ծրագրին՝ տրամադրության տակ չունենալով այլընտրանքային կամ ավելի ռեալիստական ու համապարփակ ծրագրեր։ Ինչո՞ւ: Թող այս հարցի պատասխանը դառնա նրա նախընտրական ծրագրի ամենակարևոր կետը: Պետք է խոստովանել, որ իմ գիտական կյանքում ես շատ բան եմ տեսել, ունեմ գիտություն ու արդյունաբերություն կազմակերպելու հարուստ փորձ, Մոսկվայի, Լենինգրադի ու Հայաստանի ռազմական արդյունաբերության մեջ աշխատածս տարիներին անցել եմ հրի ու ջրի միջով, ջրից՝ ջրհեղեղ, կրակից բոց եմ հանել, բայց այսպիսի անհեթեթ երևույթների, ինչպիսին Հայաստանի իշխանությունների վերաբերմունքն է, երբեք չեմ հանդիպել: Պատկերացրեք մեր դրությունը. Հայաստանի իշխանությունները հայտնվել են ցայտնոտի մեջ, ոչինչ չեն կարողանում անել, տնտեսության մեջ ինչի ձեռք են տալիս` կա՛մ փչացնում, կա՛մ կոտրում են, իրենց առայժմ միայն գողության, կոռուպցիայի ու թալանի գործն է լավ հաջողվում։ Թե այդպես մինչև ուր են ուզում տանել մեր ժողովրդին, ինչ հանգրվանի են հասնելու, ոչ ոքի հայտնի չէ, երկիրը ձեռքից գնում է՝ ոչ մեկի վեջը չէ, լավ տարբերակներ ենք առաջարկում՝ չեն ընդունում, գիտնականների մաքուր ձեռքերից ոչինչ չեն ցանկանում վերցնել, հավանաբար «գողական» օրենքները թույլ չեն տալիս։ Ի՞նչ ասես, ցանկությունն իրենցն է՝ իշխանությունն ու օրենքներն էլ հետը:


Եթե նախկինում արևային գործերի առաջխաղացման վրա Հայաստանում էմբարգո էր դրված, հիմա դա չկա, մեր երկրում այլևս մարդ չկա, որ կասկածի արևային գործերի կարևորության հարցում, վերջին մարդը, որ համոզվեց ու հավատաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էր: Բոլոր նախադրյալները կան ենթադրելու, որ մեր դեմ դրված բոլոր արգելքները հանված են, միգուցե, կապրենք՝ կտեսնենք: Այսօր մենք չենք հավատում մեր քաղաքական գործիչներին, սպասում ենք, որ գան այնպիսի երանելի ժամանակներ, երբ Ազգային ժողովում կտեսնենք միայն երիտասարդ, պրագմատիկ, հայրենասեր ու պրոֆեսիոնալ մասնագետների ու քաղաքական գործիչների, ամենայն հավանականությամբ մեր սպասումները կարող են իրականություն դառնալ միայն հինգ տարի անց՝ հաջորդ ընտրություններից հետո: Նման եզրակացությունների ես հանգում, երբ վերլուծում ես ԲՀԿ-ի առաջնորդի ելույթը. նրա ու իր թիմակիցների պատկերացումներն այնքան հեռու են իրականությունից, որ զարմանքից քարանում ես. որտե՞ղ էին եղել նրանք, երբ Աստված խելք էր բաժանում ու սովորեցնում ժամանակակից արդյունաբերություն կազմակերպելու ձևերը, մեթոդները, սկզբունքներն ու օբյեկտիվ օրինաչափությունները, ի վերջո աշխարհում դաժան առևտրային պատերազմ է գնում: Խոստումների հարցում սրանց մոտ ևս պակաս չկա, խոստումներ` ինչքան ուզես. ԲՀԿ-ն խոստանում է բոլորի նման, վերջին հաշվով ընտրարշավ է, հետ մնալ չի կարելի, բայց թե ո՞ւր են մնացել ԲՀԿ-ի մասշտաբային գործերը, դեռևս չեն երևում, չեն էլ երևա, որովհետև մարդիկ չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում լիդերի հետևյալ խոստովանությունը. «Արարատի ցեմենտի գործարանն աշխատում է չորս ամիս, բայց բանվորներին մենք վճարում ենք ողջ տարվա ընթացքում»:

Ի՞նչ է, գործարանը դարձել է բարեգործական ընկերությո՞ւն, որտեղի՞ց է «սնվում» այդ գործարանը, եթե ութ ամիս չի աշխատում, գուցե այդ հայկական գյուտը կարողանանք տարածել նաև հայկական մյուս ձեռնարկությունների վրա, որպեսզի հնարավոր լինի փող աշխատել ու մարդկանց սոցիալական հարցերը լուծել՝ առանց աշխատելու կամ կիսով չափ աշխատելով, աշխատելով «ոտքը կախ գցած»: Եթե քննարկելու լինենք Օհանյան-Օսկանյան-Հովհաննիսյան դաշինքի ճակատագիրը, ապա այն կարող ենք համեմատել Կռիլովի հանրահայտ կարապի, գայլաձկան ու խեցգետնի առակի հետ: Րաֆֆի Հովհաննիսյանին, որի մարդկային, քաղաքական-քաղացիական-հայրենասիրական կերպարի նկատմամբ խոր համակրանք ունեմ, ես կտեղավորեի կարապի կերպարի մեջ: Իրոք, Րաֆֆի Հովհաննիսյանը ազնիվ ու անուղղելի լավատես է, մշտապես սավառնում է երկնքում՝ հեռու մնալով մեր հայկական իրականությունից: Մյուսներն ավելի տեղեկացված ու պայմաններում ավելի կենսունակ են, բայց նրանցից էլ խերը քիչ է լինելու և, ընդհանրապես, ընտրարշավի պատրաստվող մեր բոլոր «դաշինքները» տեղավորվում են խորհրդարանում ձևավորված տրամաբանության մեջ՝ փչացնել ամեն ինչ, որքան շատ, այնքան լավ։ Դա սկզբունք է, որը, հավանաբար, առատորեն վարձատրվում է դրսի ուժերի կողմից: Աստված մի արասցե, եթե այդ ուժերի ցուցակում տեսնենք մեր հարևաններին՝ Արևելքից և Արևմուտքից:
(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 4879

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ