Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Ընտանի՞ք, թե՞ անհատ, ընտանի՞ք, թե՞ պետություն

Ընտանի՞ք, թե՞ անհատ, ընտանի՞ք, թե՞ պետություն
07.03.2017 | 08:36

Մեզ` հայերիս համար միշտ կարևոր է եղել այս հարցադրումը: Ես մի առիթով իմ գրառումներից մեկում անդրադարձել եմ այս հարցին, թե ինչպես են եվրոպական ժողովուրդների մեջ ընտանեկան-հարազատական կապերը միտումնավոր, քաղաքական նպատակներով թուլացվել իշխանական բուրգի գագաթից թելադրված քաղաքականությամբ:
Թուլացած Հռոմեական կայսրության լծից որպեսզի ազատվեն, եվրոպական երկրների` ինքնիշխան պետություն ստեղծելու ձգտում ունեցող անհատները, մարդկանց ազատագրական պայքարի մղելու նպատակով, աստիճանաբար նսեմացնում էին համայնքային-ընտանեկան կապերը, որոնք, իբր, կաշկանդում էին տղամարդկանց ազատ ապրելու, կռվելու և կռվի ավարով հարստանալու հնարավորությունները:

Երբ կարողացան քարոզիչները տղամարդկանց պոկել իրենց ընտանիքից և հարազատներից ու տանել նյութական ապահովության կռիվների, հաջորդ փուլը եղավ բանակում ծառայելը և հայրենիքի ու պետության, թագավորի համար կռվելը: Այդ կռիվը համարվել է պատվաբեր, և տղամարդիկ պատրաստակամ էին հեռանում ընտանիքից ու համայնքից: Հաջորդ փուլը սկսվել է այն ժամանակ, երբ վերականգնվել է ազգային պետականությունը, և պետք էր երկիրը հզորացնել տնտեսությամբ: Սկզբունքը նույնն էր. առաջ մղել անհատին` առանց ընտանեկան կապերի կաշկանդվածության: Դա կապիտալի նախասկզբնական կուտակման շրջանն էր, երբ բոլորը բոլորի դեմ էին` որդին` հոր, եղբայրը` եղբոր, իսկ ավելի հեռու ազգակցական կապերը ամբողջովին անտեսված էին: Եվրոպական գրականությունը արտացոլումն է այդ ընտանեկան մարդու հասարակայնացման ու անհատականացման անմարդկային գործընթացի:
Ցավոք, մեզ` հայերիս, նույնպես ներքաշեցին այդ խաղի մեջ, որի կանոնները մեզ ոչ միայն անծանոթ էին, այլև անհարազատ։


Հայտնի է, որ 19-րդ դարի հայկական կապիտալը զարգանում էր օտար միջավայրում` հեռու ազգային բարոյական միջավայրից: Այդ հարաբերությունները թելադրվում էին ա՛յն երկրի ու ժողովրդի աշխարհընկալման քաղաքականությամբ, որտեղ հայերն ապրում էին: Անգամ բուն Հայաստանում էին փոխվում մարդկային և հարազատական հարաբերությունները` կախված այն երկրի բարոյական օրենքներից, որի տիրապետության տակ ապրում էին հայերը` Ռուսական կայսրություն (Վրաստանը, կայսրության մեջ լինելով հանդերձ, ուներ յուրահատկություն), եվրոպական երկրներ, Օսմանյան կայսրություն, Շահական Պարսկաստան և այլն:


Մենք էլ` անիմացության խավարում հայտնված հայերս, որ դարերով ապրել էինք տոհմի և գերդաստանի անժխտելի ամուր օրենքներով և կապերով, հանկարծ հայտնվեցինք «Մարդը մարդու համար գայլ է» կարգախոսի ջրապտույտի մեջ: 19-րդ դարի հայ գրականությունը գյուղի, տոհմի և գերդաստանի քայքայման հայելին է ոչ միայն դրանց մասնատվելու, փոքրանալու առումով, այլև արյունակցական կապերի մեջ վաշխառուական շահի սողոսկման երևույթներով: Րաֆֆու, Սունդուկյանի, Պռոշյանի, Նար-Դոսի, Մուրացանի, Շիրվանզադեի և արևմտահայ գրողների ստեղծած գրականության մեջ, մոտ մեկ դար ուշացած, հայտնվում է եվրոպական կեցության նոր «օրենքը»` «Մարդը մարդու համար գայլ է»։ Հիշենք Րաֆֆու «Ոսկի աքաղաղի» Պետրոս Մասիսյանցի անգութ վաճառականությունը, որ կշռաքարի փոխարեն կշեռքի նժարին իր ոտքն էր դնում ու սեղմում` ասելով, թե ինքը գիտի իր ոտքի քաշը, և սեղմում էր այնքան, որքան իրեն էր պետք: Ինչ-որ գյուղի բնակիչներից նախապես վերցնում էր փող, որպեսզի հաջորդ անգամ բերի նրանց պատվիրած ապրանքը, բայց այդ գյուղ այլևս չէր գնում վաճառականության: Նար-Դոսի նկարագրած մարդիկ վայրի կապիտալի բերած ավերածությունների զոհերն են` մտավորականից մինչև արհեստավոր: Մուրացանի պատմվածքների հերոսները նույնպես «Մարդը մարդու համար գայլ է» փիլիսոփայության զոհերն են, ընդ որում` և՛ նրանք, որ գայլ են դարձել, որովհետև հեռացել են ընտանեկան, հարազատական և ներազգային ազնիվ ու անսակարկ հարաբերությունից, և՛ նրանք, որ պահպանել են դեռ հարազատական կապերի ջերմությունը, բայց հայտնվել են օտարացման թշնամի հորձանուտում: Իսկ Շիրվանզադեի «Քաոսը» այդ ամենի գագաթնակետն է, իսկական քաոս` հարազատական և զուտ մարդկային հարաբերություններում: Սակայն գրողի առաքելությունը ոչ միայն և ոչ այնքան իրական կյանքը իր մռայլ ու դաժան գույներով նկարագրելն է, որքան գրականության, արվեստի լեզվով մարդուն հոգեպես մաքրելն ու ազնվացնելը: Եվ մեր տաղանդավոր գրողի գրիչը դարի զոհերից մեկին` Միքայելին, փողի ու շահի ապականված աշխարհից վերադարձնում է սիրո մաքուր աշխարհ: Սակայն Սմբատը` Միքայելի եղբայրը, որ պահպանել էր իր բարեպաշտությունը, գահավիժում է շահի ու հարստության բերած անհարազատական տարտարոսը:


Այս նոր իրողությունը, որ օտար և խորթ է եղել մեր ժողովրդին, առավել ծանր հետևանքներ է ունենում մեզ համար, քանի որ մեր ժողովրդի մի հոծ զանգված ապրում էր իր հայրենիքից և համայնքից հեռու` օտար երկրում, որտեղ, քաղաքային հարաբերությունների նոր միջավայրում, ձևավորվում է մարդ-գայլը: Եվ իր գյուղից ու համայնքից, գերդաստանից հեռացած մարդուն արյունակցական-բարեկամական կապերը, որ առկա էին հայրենիքում և ծանոթ միջավայրում, այլևս չեն կաշկանդում:
Խորհրդային կարգերի փլուզումից հետո վայրի կապիտալիզմը կրկին ներխուժեց Հայաստան և հայ իրականություն: Յոթանասուն տարիների ընթացքում հայ հասարակության հին սերունդը սոցիալիստական բարոյականության քարոզչությամբ վերադարձել էր իր նախկին, ծանոթ ու սրտամոտ հարազատական հարաբերությունների միջավայր, իսկ նոր սերունդը գրեթե ամբողջությամբ կրթվեց ու դաստիարակվեց «Մեկը բոլորի, բոլորը մեկի համար» գաղափարախոսությամբ: Այդպես և՛ պատերազմում հաղթեցինք, և՛ խոպան տարածքները մշակեցինք, և՛ հսկա գործարաններ ու քաղաքներ կառուցեցինք: Այս քսանհինգ տարիների ընթացքում դարձյալ հետևողականորեն քանդում են ընտանիք, հարազատական կապեր, անկաշառ ընկերական հարաբերություններ, պետություն` հանուն հարստանալու, պաշտոնի և իշխանության: Ճիշտ է, հարստություն և իշխանություն ունեցողները դեռևս պահպանել են հարազատական նեղ շրջանակի կենսունակությունը, որովհետև ոչ վաղ անցյալում ծնվել ու մեծացել են գյուղական, գրեթե ազգակցական-գերդաստանային միջավայրում, բայց հեռանալով գյուղից ու այնտեղ մնացած հարազատներից, ամբողջովին կուլ են գնացել կապիտալի վայրի օրենքներին: Եվ, հասարակության մեջ վայրի կապիտալի օրենքներն ավելի ամրացնելու համար, ստեղծվում են մարդը մարդու համար, տվյալ դեպքում` «հայը հայի համար գայլ է» սկզբունքով ապրող մարդկանց մասին սերիալներ։


Եթե պետության մեջ մեծ տեղ է տրվում անհատի կայացմանը` իր ընտանիքից, հարազատներից դուրս միջավայրում, միայն ի՛ր բարեկեցության և պետության կայացման համար, ապա խարխլվում են հարազատական և ընտանեկան կապերը, և մարդը դառնում է եսակենտրոն, բայց կայացած և հզոր պետության քաղաքացի: Իսկ եթե մարդը կենտրոնանում է միայն ի՛ր ընտանիքի և հարազատների բարեկեցության վրա և պայքարի ու կռվի դուրս չի գալիս ներքին ու արտաքին թշնամու դեմ, այլ որպես իր ընտանիքի ապահովության համար պայքարի ձև ընտրում է երկրից հեռանալը, ապա կորցնում է իր պետությունը, հետո` հայրենիքը, որոշ ժամանակ անց` նաև ընտանիքը, երբեմն` ֆիզիկապես, բայց ավելի հաճախ` բարոյապես և ազգային ինքնության անդարձ խաթարումով ու կորստով։ Երբ համադրում և հակադրում ենք եվրոպական և հայկական այս կենսաձևերը կամ սկզբունքները, ակնհայտ է դառնում մեկ բան. եվրոպացիները` հօգուտ պետականության կայացման և հզորացման, զոհաբերել են ընտանեկան և հարազատական կապերը, իսկ մենք հակառակը` փրկելով ընտանիքը, կորցրել ենք պետականություն և երկիր:


Եվրոպացիները, ի վերջո, մեր աչքի առաջ կորցնում են նաև իրենց ազգային պետությունը, որովհետև թուլացել են նրանց արյունակցական և ներազգային կապերը, իսկ մենք, որ կորցրել ենք մեր հայրենիքի մեծ մասը և նրա սահմաններում մեր պետականությունը, այսօր էլ հանուն բարեկեցիկ ապրելու և որպես անհատ կայանալու օտարության մեջ, կորցնում ենք ընտանեկան-հարազատական և ներազգային կապերը:
Հետևանքը, ըստ էության, նույնն է։ Մինչդեռ պետք է գտնել ոսկի միջինը` հզորացնել սեփական հայրենիքը, պաշտպանել արտաքին հարձակումներից և ներքին խժդժություններից, ապրել հայրենիք-պետության մեջ ընտանեկան-հարազատական-բարեկամական ջերմ հարաբերություններում:


Սա աստվածային այն օրենքն է, որից հեռանալը դառնում է կործանարար ազգի, պետականության, հայրենիքի, մարդու և մարդկայինի համար։


Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 18276

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ