Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Ամբողջ ժողովուրդներ կխելագարվեին, եթե իմանային, թե ինչպիսի ոչնչություններ կամ ովքեր են կառավարել իրենց»

«Ամբողջ ժողովուրդներ կխելագարվեին, եթե իմանային, թե ինչպիսի ոչնչություններ  կամ ովքեր են կառավարել իրենց»
10.03.2017 | 00:16

(Դմիտրի Վոլկոգոնովի «Յոթ առաջնորդներ» գիրքն ընթերցելիս)

Այս տարի կլրանա մարդկության պատմության մեջ շատ կարևոր դերակատարություն և նշանակություն ունեցած իրադարձություններից մեկի՝ Ռուսաստանում, այսպես կոչված, Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության 100-ամյակը: Այդ հեղափոխության մասին ասվածները, գրված միլիոնավոր հոդվածներն ու գրքերը իրարամերժ կարծիքների մի այնպիսի փունջ են ներկայացնում, որ դրանից գլուխ հանելը շատ դժվար, հաճախ ուղղակի անլուծելի խնդրի առաջ է կանգնեցնում այսօրվա պատմաբաններին և հետազոտողներին: Իհարկե, ասվածը չի վերաբերում ԽՍՀՄ-ում ապրող և նրա գոյության տարիներին «ստեղծագործած» պատմաբաններին: Ավելի քան 70 տարի գտնվելով կոմկուսի գաղափարախոսական կապանքներում և մամլիչի տակ, փակ արխիվներով, գիշեր ու ցերեկ ենթարկված լինելով ստի, կեղծիքի, ահ ու սարսափի մթնոլորտում մոլեգնող ահաբեկչության վախին, այդ մարդկանց ոչինչ չէր մնում, բացի լենինյան-ստալինյան «ամենազոր» ուսմունքը գովերգող մնացած բոլոր «սազանդարներին» ձայնակցելուց: Եվ սովետական պատմագիտության այդ 70 տարիների «գիտական» ժառանգությունը աներևակայելի ստերի, կեղծիքների, խաբեության, իրականության լկտի խեղաթյուրման հազարավոր հեղինակների միլիոնավոր հատորներն են, որոնք մինչ օրս զբաղեցնում են մասսայական և բուհական գրադարանների դարակները, որոնց իրական տեղը աղբանոցներն են, կամ դրանք պետք է օգտագործվեն որպես մակուլատուրա գոնե որևէ օգուտ ստանալու նպատակով:

Տողերիս հեղինակը հավակնություն չունի «Ամերիկա հայտնագործելու», բայց ունի մտադրություն ընթերցողների լայն շրջանի հետ խոհերը, մտորումները կիսելու, իր ապրած տարիների բարձունքից ուրիշ աչքերով հետադարձ հայացք նետելու մեր անցած ուղուն, նորագույն արխիվային նյութերի հասանելիությամբ պայմանավորված՝ նորովի գնահատելու և՛ մարդկանց, և՛ իրադարձություններն ու փորձելու սասանել տասնամյակներ շարունակ մեզ բոլորիս պարտադրված կարծրատիպերի և դոգմատիկ մտածողության հիմքերը:
Թե որքան է դա նրան հաջողվել, կորոշի «Իրատեսի» հարգելի ընթերցողը:
Կարծրատիպերը և դոգմատիկ մտածողությունը այնքան խոր արմատներ են գցել հանրային գիտակցության մեջ, որ մարդիկ ոչ մի կերպ, նույնիսկ արդեն 20-25 տարի հետո, չեն կարողանում ազատվել այդ գարշահոտ բեռից, զանազան բարդույթներից, անաչառ ու արդարամիտ հայացքով նայել պատմական փաստերին, փորձել վերագնահատել և վերաիմաստավորել մեր ժողովրդի անցած ճանապարհը, սխալներն ու, ինչու չէ, նաև ձեռքբերումները:


Միայն սակավաթիվ պատմաբաններ, փիլիսոփաներ, հասարակագետներ կարողացան ազատվել պարտադրված շղթաներից ու խեղկատակությունից և փորձեցին, դեռ ԽՍՀՄ-ի օրոք, դուրս պրծնել ծուռ հայելիների այդ թագավորությունից, պատմագիտությանը վերադարձնել իր իսկական կոչումը և ծառայել ճշմարտությանը:


Այդ սակավաթիվներից է Դմիտրի Անտոնովիչ Վոլկոգոնովը: Նա ծնվել է 1928 թ., Անդրբայկալի Մագնուտ ստանիցայում: Փիլիսոփայական և պատմական գիտությունների դոկտոր է, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, գեներալ-գնդապետ, ՌԴ նախագահին կից կալանավորված և անհայտ կորած ռազմագերիների հանձնաժողովի նախագահը: Հայրը գնդակահարվել է որպես «ժողովրդի թշնամի», մայրը մահացել է աքսորում: Վոլկոգոնովն ավարտել է տանկային ուսումնարանը, ռազմա-քաղաքական ակադեմիան: Ծառայությունն անցել է տարբեր պաշտոններում, ավարտելով այն որպես գլխավոր քաղվարչության պետի տեղակալ, որտեղից էլ հեռացվել է դեմոկրատական հայացքների համար: Եղել է Ռազմական պատմության ինստիտուտի պետ, հեռացվել է պաշտոնից «սովետական պատմությունը սևացնելու համար»: Փիլիսոփայության, պատմության, քաղաքականության վերաբերյալ 30-ից ավելի գրքերի հեղինակ է:
Մեր երկրում և արտասահմանում առավել հայտնի է նրա «Առաջնորդներ» եռապատումը՝ «Լենին», «Տրոցկի» և «Ստալին» («Տրիումֆ և ողբերգություն»)՝ յուրաքանչյուրին նվիրված երկուական հատորով:
«Յոթ առաջնորդներ» գիրքը (նույնպես երկու հատորով) սովետական պատմության յուրատեսակ տարեգրություն է՝ արտացոլված ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարների ճակատագրերում: Գրքում օգտագործված են ԽՄԿԿ կենտկոմի, քաղբյուրոյի նախկինում անհասանելի փաստաթղթեր, որոնք գաղտնազերծվել են 1991 թ. օգոստոսից հետո:
Իսկ ահա թե ինչ է գրում Դ. Վոլկոգոնովը. «Իմ բազմաթիվ ոչբարյացակամները ինձ հաճախ են մեղադրում օպորտունիզմի և ոչանաչառության մեջ: Ընդհանրապես, կարծում եմ, լիովին անաչառ կարելի է լինել միայն «տեսականորեն»: Երկար տարիներ ես եղել եմ ուղղափառ մարքսիստ և միայն իմ կյանքի մայրամուտին կարողացա երկարատև ու տանջալից ներքին պայքարից հետո ազատվել բոլշևիկյան գաղափարախոսության ցնորքներից: Դրանից հետո զգացի հսկայական հոգեկան թեթևացում և ինչ-որ անմարելի մի տխրություն՝ այդքան տարի ուտոպիայի գերի լինելու համար:


Թերևս, միակ բանը, որ արել եմ այս կյանքում, այն է, որ կարողացա կապերս խզել այն ամենից, ինչին աղոթել եմ երկար տարիներ: Եվ այդ մասին ազնվորեն ասել եմ ամենուրեք՝ համագումարների, բարձր խորհրդակցությունների ամբիոններից, գրքերում, բազմաթիվ մարդկանց հետ զրույցներում: Ես կրում եմ անցյալի համար ընդհանուր մեղքի իմ բաժինը: Եվ մտադիր եմ իմ ապաշխարանքը արտահայտել ամեն ինչից ավելի շատ համաձայնության կարիք ունեցող գզգզված հասարակության հաշտեցմանն ուղղված իմ համեստ ջանքերով:
Իմ կյանքն անցել է վեց առաջնորդների կառավարման տարիներին: Վերջին չորսի հետ ես ունեցել եմ ոչ երկարատև աշխատանքային շփումներ, կապված երեքաստղանի գեներալի իմ գործունեության հետ: Ես շատ բան եմ տեսել և ոչ քիչ բան գիտեմ: Դա ինձ օգնել է այս գիրքը գրելիս:
Իմ մեջ նախապաշարմունք չկա յոթ դիմանկարից կազմված այս պատկերասրահում ներկայացված անձանց նկատմամբ: Նույնիսկ Ստալինի, որի պատճառով գնդակահարվեց իմ հայրը, աքսորում մահացավ մայրս, զոհվեցին ուրիշ հարազատներ:


Անիմաստ է պատմությունից վրեժ լուծել: Ինչպես և չի կարելի ծիծաղել նրա վրա: Այն պետք է հասկանալ: Անցյալն անշրջելի է: Ներկան ավարտված չէ: Ապագան արդեն սկսված է»:
«Յոթ առաջնորդներ» երկհատորյակը սովետական պետության գլուխ կանգնած յոթ առաջին դեմքերի մասին է՝ Լենինից մինչև Գորբաչով: Միևնույն ժամանակ այն բաղկացած է ոչ մեծ յոթ գրքերից, որոնք նվիրված են Լենինին, Ստալինին, Խրուշչովին, Բրեժնևին, Անդրոպովին, Չեռնենկոյին, Գորբաչովին: Այդ բոլոր գրքերը կապված են իրար հետ մեկ ընդհանուր գաղափարով՝ ցույց տալ մեծ երկրի գերագույն իշխանության պատմությունը յոթ տասնամյակների ընթացքում նրա յոթ առաջնորդների դեմքերով: Հասկանալի է, որ երկրում միակ կուսակցության հերթական առաջնորդի դիմանկարը (իսկ ԽՍՀՄ-ում դա պետության փաստացի գլուխն էր ) չի կարող ընդգրկել ժողովրդի պատմությունը բնորոշող բոլոր հատկությունների, գծերի, իրադարձությունների ամբողջությունը: Բայց ռեժիմի, երկրի համար ինչ-որ ընդհանուր, ինչ-որ էական բաներ գրքում ներկայացված դիմանկարներն արտացոլում են:
Յոթ առաջնորդներից ոչ մեկին ժողովուրդը երբեք չի ընտրել երկիրը ղեկավարելու համար: Իշխանությունը մեկից մյուսին էր անցնում վերևներում, «պրոֆեսիոնալ հեղափոխականների» բավականին նեղ շրջանակի ներսում, դաժան և անզիջում պայքարից հետո: Ռուսաստանում (նույնն է՝ ԽՍՀՄ-ում) իշխանության համար պայքարը շատ դիպուկ և պատկերավոր է ներկայացրել ՈՒինսթոն Չերչիլը. «Դա բուլդոգների կռիվ-գոտեմարտ է գորգի տակ»:
Տասնամյակներ շարունակ երկիրը ղեկավարում էին մարդիկ, որոնք օրենքով դրա իրավունքը չունեին: Նրանք բոլորը, առանց բացառության, մշտապես խոստացած, սպասելիք բարիքները տեղափոխում էին անորոշ ապագա:
Յոթ առաջնորդներն էլ իրենք իրենց համարում էին մարքսիստներ, մշտապես ներկայանում էին որպես ուղղադավան «լենինյաններ»: Յուրաքանչյուրը գտնվում էր բոլշևիկյան սկզբունքների «պրոկրուստյան» կոշտ մահճում:


Կոմունիստական կուսակցության ղեկավար դերը, դասակարգային մոտեցման առաջնայնությունը, պետական սեփականության և լենինյան գաղափարախոսության տիրապետությունը, իշխանության առաջնությունը օրենքի հանդեպ, կոմինտերնյան մտածողությունը: Բոլոր առաջնորդները մինչև ուղնուծուծը քաղաքական գործիչներ էին և, բնականաբար, բարոյականությունը համարում էին լիովին երկրորդական: Այստեղից էլ զանգվածի, դասակարգի, կոլեկտիվի անվերապահ առաջնայնությունը՝ կոնկրետ անհատի համեմատությամբ: Մարքսիզմ-լենինիզմը, փաստորեն, առաջնորդների, ինչպես նաև ժողովրդի համար աշխարհիկ կրոն էր:
Բոլոր յոթ առաջնորդներն էլ գավառական ծագում ունեին: Նրանցից ոչ մեկը բոլշևիկյան կուսակցության մայրաքաղաքային կազմակերպության բնիկ «սան» չէր: Գավառականությունը միշտ ավելի պահպանողական է և ուղղափառ: Առաջնորդներից ոչ մեկը մաքուր պրոլետարական ծագում չուներ, թեկուզ և բոլորը ճանաչում էին և չէին հոգնում «երդվելուց» բանվոր դասակարգի առաջատար դերով: «Ղեկավարում» էր ոչ թե բանվոր դասակարգը, այլ արագ ձևավորված բյուրոկրատական պարտոկրատիան: Առաջնորդները շատ հեռավոր առնչություն ունեին բանվորների, գյուղացիների, ինտելիգենցիայի հետ, քանի որ դուրս էին եկել «պրոֆեսիոնալ պարտոկրատների» հենց խորքերից: Բոլոր առաջնորդների (բացի վերջին «առաջնորդից») ինտելեկտուալ, կրթական, կուլտուրական մակարդակը շատ ցածր էր: Նույնիսկ Լենինը ուներ միաչափ, զուտ քաղաքական ինտելեկտուալ ուժ, որը մեծապես աղքատացնում է մարդուն: Նա հեռու էր ռուսական մշակույթից, նրա նշանավոր մտածողների նվաճումներից:


Բոլոր յոթ առաջնորդներն էլ գիտեին երկիրը, որը կառավարում էին: Բայց յուրաքանչյուրը գիտեր յուրովի, ինչը և կանխորոշում էր նրանց արժանիքները և բացթողումները: Ավելացնենք, որ միայն առաջինի և երկրորդի դեպքում առաջնորդ բառը օգտագործվում է առանց չակերտների, քանի որ նրանք այդպիսին են ընկալվում հանրային գիտակցության մեջ, իսկ մնացած հինգի դեպքում միշտ պետք է «առաջնորդ» բառը կարդալ կամ ընկալել չակերտների մեջ:

Առաջին առաջնորդը՝ Լենինը, Ռուսաստանը գիտեր որպես քաղվտարանդի-տարագիր՝ գրքերով, թերթերով, կուսակցականորեն: Լենինը երբեք և ոչ մի տեղ չէր աշխատել այս բառի սովորական իմաստով, ինչը հսկայական նշանակություն ունի իրականության ճանաչման գործում: Լենինը անողոքաբար փորձարկումներ էր անում հսկայական պետության և մեծ ժողովրդի գլխին՝ ստեղծելով բոլշևիկյան միահեծանության համակարգը: Նրա գլխավոր սխալը հենց իր սեփական զառանցագին գաղափարն էր՝ մեր մոլորակը կոմունիստականի վերափոխելու հնարավորությանը հավատալը:
Եվ հենց այդ զառանցագին գաղափարից կառչած լինելը մեծ դեր խաղաց, իսկ որոշ դեպքերում ծանր հետևանքներ ունեցավ Ռուսական կայսրության մեջ մտնող ժողովուրդների ճակատագրերում: Եվ եթե ինչ-որ քոչվոր կամ կիսաքոչվոր ցեղախմբեր ոչ միայն քաղաքակրթական առաջընթաց ունեցան, այլև տարածքային ապօրինի ձեռքբերումներ, իսկ հետագայում նաև պետականություն ունենալու հնարավորություն, ապա այդ հեղափոխություն կոչվածի ու նրա մոլագար առաջնորդի ապերասան վարքի պատճառով հսկայական կորուստներ ունեցան հատկապես ռուս և հայ ժողովուրդները:
Աներևակայելի է, բայց և փաստ, որ այդ ստահակը գրավոր կամ բանավոր մի բառով իսկ չի արձագանքել հայ ժողովրդի սարսափելի ողբերգությանը՝ 1915-1923 թթ. ցեղասպանությանը: Այդ հակամարդուն չէր հետաքրքրում ոչինչ, բացի իր զառանցագին գաղափարից և ցանկացած գնով ավազակորեն զավթած իշխանությունը պահելուց:


Մենք դեռ կանդրադառնանք այդ ստահակի կողմից իշխանությունը զավթվելու հանգամանքներին, կփորձենք անաչառ լինել գնահատականներ տալիս և հասկանալ այդ առեղծվածի անլուծելի հանելուկներն ու ֆենոմենը: Ո՞վ էր և ի՞նչ էր ներկայացնում իրենից այդ Լենին կոչվածը Ռուսաստանի հոգևոր-քաղաքական դաշտում: Եթե նա ապրեր 47 տարի և իր պիղծ հոգին ավանդեր 1917 թ. մայիս-սեպտեմբեր հատվածում, ապա մեր օրերի պատմաբաններին շատ դժվարությամբ կհաջողվեր այդ «հանճարեղ մտածողի» մասին մի քանի նախադասությունից ավելի գրել: Եվ այդ գործում նրանց չէին օգնի նաև լենինյան բազմաթիվ աշխատությունները՝ գրված օրվա պահանջով և իր ընդդիմախոսների նկատմամբ ափեղ-ցփեղ ու հայհոյախառը քննադատությամբ: «Ո՛չ «Պետություն և հեղափոխություն» ուտոպիաները, ո՛չ «Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմի» սխոլաստիկան, ո՛չ «Փիլիսոփայական տետրերի» կոմպիլյացիաները չեն, որ Լենինին դարձրին ռուսական խառնակչության նշանավոր տեսաբան և առաջնորդ: Նա կարողացավ այնպես վերամշակել Մարքսի դասակարգային պայքարի հայեցակարգը, պրոլետարիատի դիկտատուրայի և սոցիալական հեղափոխության պոստուլատները, որ դրանք դարձան իր կյանքի գլխավոր գործի՝ հսկայական երկրում իշխանությունը զավթելու իրական և գործուն միջոցներ»: Բայց պատմությունը «եթե»-ներ չի ընդունում, և այն, ինչ եղել է, արդեն եղել է:
Այստեղ ես ուզում եմ մի փոքր շեղվել Դ. Վոլկոգոնովից և անցում կատարել մեր նշանավոր հայագետ Ռաֆայել Իշխանյանին: Բանն այն է, որ Ռ. Իշխանյանը մեզ ժառանգություն է թողել ոչ միայն հայագիտության գրեթե բոլոր բնագավառներին նվիրված մեծարժեք աշխատություններ, այլև պատմվածքների մի ժողովածու՝ «Իրական պատմություններ» վերտառությամբ, որը լույս է տեսել հեղինակի մահից հետո: Այդ ժողովածուում կա նաև մի գողտրիկ պատմվածք՝ «Մունդռիկը», որի վերջին մի քանի տողերն ուզում եմ ձեզ ներկայացնել. «Ես 19 տարեկան էի: Դրանից առաջ էլ սկսել էի զգալ խորհրդային իշխանության մարդատյաց էությունը: Սակայն կարծում էի այսպես. Լենինի գիծը ճիշտ էր, Ստալինը եկավ՝ ամեն ինչ փչացրեց:


Թիֆլիսեցի տղաներին կարծիքս հայտնեցի և ավելացրի.
-Եթե Լենինը ողջ լիներ, ամեն ինչ լավ կլիներ:
Թիֆլիսեցիները զարմացած ինձ նայեցին:
-Ո՞վ,- հարցրեց Նուբարը:
-Լենինը...
-Վուահ, ի՞նչ իս ասում, տո, դիփ էդ Մունդռիկը արեց»:
Ահա այսպես, պարզ ու հասարակ, դիպուկ և հանճարեղ: Դժվար է ավելի ճիշտ ու հարմար բառ գտնել այդ վարք ու բարքի, այդպիսի նողկալի էությամբ արարածին բնորոշելու: Գործը հեշտանում է նաև տողերիս հեղինակի համար. ամեն անգամ այդ պիղծ անունը զզվանքով հիշատակելու փոխարեն մեծ մասամբ կօգտվեմ այդ ճշմարիտ անվանակոչումից:
Եթե որևէ մեկը այդ տարիներին հայտարարեր, թե շուտով Ռուսաստանում իշխանության կգան, այսպես կոչված, բոլշևիկները այդ Մունդռիկի՝ Լենինի գլխավորությամբ, ապա նրան հոգեկան հիվանդի տեղ կդնեին: Ոչ բոլշևիկները, ոչ նրանց «հանճարեղ առաջնորդ» Լենին-Մունդռիկը երբեք լուրջ քաղաքական ուժ չեն եղել Ռուսաստանում: Մունդռիկը ոչ մի հոգևոր կապ չուներ Ռուսաստանի, ռուսական հարուստ մշակույթի, մեծ գրականության, հզոր կերպարվեստի, ամբողջ աշխարհի ուշադրությանն արժանացած թատերական արվեստի, Մուսորգսկու և Բորոդինի, Չայկովսկու և Ռախմանինովի հանճարեղ երաժշտության հետ: Այդ Մունդռիկը ուղղակի անասնական ատելություն և արհամարհանք էր տածում բոլոր արվեստների, արվեստագետների և մտավորականության նկատմամբ: Հենց նրան է պատկանում տխրահռչակ «ԼվՑպսսՌչպվՓՌÿ - ֆՑՏ չՏՉվՏ» «թևավոր» դարձած գռեհկությունը: Նրա շրջապատում չկար ոչ մի ճանաչված արվեստագետ, արտիստ կամ նկարիչ, կոմպոզիտոր, երաժիշտ կամ գրող (Մաքսիմ Գորկին անհասկանալի բացառություն էր): Նա երբևիցե չի հաճախել թատրոն, համերգասրահ, թանգարան կամ ցուցահանդես: Նրա հիվանդագին ուղեղը զբաղված էր միայն «համաշխարհային հեղափոխության» զառանցագին գաղափարով:


Մինչ օրս գաղտնազերծված չեն այդ մարդակերին վերաբերող բոլոր արխիվային նյութերը, բայց եղածներն էլ բավական են պատկերացում կազմելու այդ Մունդռիկի անսահման դաժանության, նենգության, անամոթության, լպիրշության, ցինիզմի մասին. հազարավոր հրամաններ մարդկանց գնդակահարելու, անթիվ ու անհամար ցուցադրական կախաղաններ կազմակերպելու, նույնիսկ սեփական ժողովրդի դեմ քիմիական զենք կիրառելու վերաբերյալ: Ռուսաստանի քաղաքական դաշտում այդ ժամանակներում կային շատ ու շատ արժանավոր մարդիկ. փիլիսոփայության, աստվածաբանության, հոգևոր-մշակութային ոլորտներում, տնտեսագիտության և բնական գիտությունների ասպարեզներում այնպիսի դեմքեր և անուններ էին, որոնց մոտ Լենին-Մունդռիկը անգամ գաճաճ չէր, այլ ընդամենը մի ոջիլ:
Հիշենք թեկուզ մեկ անուն՝ Ռուսաստանի մեծագույն պետական գործիչ Պյոտր Արկադևիչ Ստոլիպինին: Չմոռանանք նաև մեր նշանավոր հայրենակցին՝ կոմս Միքայել Տարիելի Լոռիս-Մելիքովին:
Արժե հիշեցնել, որ 1-ին համաշխարհային պատերազմի նախօրեին Ռուսաստանն աշխարհում առաջին տեղն էր գրավում տնտեսական աճի ցուցանիշներով՝ տարեկան 14 %, ուներ ժողովրդագրական հիանալի ցուցանիշներ (Նիկոլայ 2-րդի գահակալության տարիներին Ռուսաստանի բնակչությունն ավելացել էր ուղիղ մեկուկես անգամ՝ 124 միլիոնից (1894 թ.) մինչև 186 միլիոն (1917 թ.): Բանվորները Ռուսաստանում ստանում էին աշխարհում 2-րդ բարձր աշխատավարձը (զիջում էին միայն ԱՄՆ-ին): Զարմանալի մի փաստ ևս. Պետրոգրադում և Մոսկվայում բավականին մեծ թիվ էին Շվեդիայից և Ֆինլանդիայից եկած գաստարբայտերները: Ռուս հայտնի վիճակագիրների և ժողովրդագիրների hեղինակավոր հանձնաժողովի գիտականորեն հիմնավորված հաշվարկներով (այդ աշխատանքներում ներգրավված էր նաև հանճարեղ Դմիտրի Մենդելեևը) 2000 թվականին Ռուսաստանի բնակչության թիվը կազմելու էր 593-ից 600 միլիոն մարդ: Բայց իրականում 2000 թ. Ռուսաստանի բնակչության թիվը 143 միլիոն էր, այսինքն՝ դեֆիցիտը առնվազն 450 միլիոն է, որը հետևանք էր իշխանության գալու հենց առաջին օրից սեփական ժողովրդին բոլշևիկների հայտարարած պատերազմի:


Գերմանիայի հատուկ ծառայությունների և տխրահռչակ Ալեքսանդր Պարվուսի (Իզրայիլ Լազարևիչ Գելֆանդ) շնորհիվ զրահապատ վագոնով անցնելով ռազմաճակատային գիծը, Մունդռիկի գլխավորած այդ խումբը ներթափանցեց Ռուսաստան, և ընդամենը մի քանի ամիս հետո սկսվեցին այդ երկրի մղձավանջն ու մեծագույն ողբերգությունը: Ինչպես 1919 թ. գրում էր ՈՒինսթոն Չերչիլը, «Լենինը բերվեց Ռուսաստան ճիշտ այնպես, ինչպես տիֆի կամ խոլերայի միկրոբներով սրվակը, որը դատարկվում է մեծ քաղաքի ջրամատակարարման ցանցում: Եվ այդ գործողությունը պսակվեց լիակատար հաջողությամբ»:
Խաղաղության և հակապատերազմական դեմագոգիկ կոչերով և իմպերիալիստական պատերազմում իր երկրի պարտությունը ցանկանալով ու քարոզելով (սա արդեն պատմության մեջ չտեսնված ու չլսված ստորություն էր, որին վերջերս մի քանի անգամ անդրադարձել է նաև Վլադիմիր Պուտինը), այդ Լենին կոչվող ստահակին հաջողվեց աներևակայելի լկտիությամբ ու խաբեությամբ զավթել իշխանությունը և արդեն վերջնական հաղթանակի շեմին կանգնած Ռուսաստանին զրկել ոչ միայն այդ հաղթանակի բերկրանքն ու նվաճումները վայելելուց, այլև, հանուն իր իշխանության պահպանման, ամենաստորացուցիչ պայմաններով հաշտության պայմանագիր կնքել Գերմանիայի հետ՝ դավաճանելով բոլոր դաշնակից պետություններին: Իսկ այնուհետև սանձազերծեց պատմության մեջ չտեսնված մասշտաբների եղբայրասպան քաղաքացիական պատերազմը՝ ավելի քան 15 միլիոն զոհերով, կատարյալ աղետի մատնեց աննախադեպ տնտեսական վերելքի և հզորացման ուղին բռնած Ռուսաստանը: Իրականացրեց իր սարսափելի հետևանքներով հղի ծանրագույն ոճիրը՝ ոչնչացրեց բնակչության բոլոր էլիտար խավերը, ազնվականությանը, արդեն ձևավորված և հաստատված արդյունաբերողների դասը, վաճառականությանը, կուլակությանը (ասել կուզի՝ աշխատասեր գյուղացիությանը): Ֆիզիկապես ոչնչացրեց կամ երկրից արտաքսեց մտավորականությանը՝ Ռուսաստանի գիտական ու ստեղծագործական գրեթե ողջ ընտրանուն, այդ թվում՝ համաշխարհային ճանաչման արժանացած դեմքերի, դաժան, անմարդկային, ուղղակի բարբարոսական մեթոդներով լիակատար կործանման եզրին հասցրեց ռուս ուղղափառ եկեղեցին, զուգահեռաբար ոչնչացնելով համարյա ամբողջ հոգևորական դասը: Ժողովրդի գենոֆոնդին այդ ճիվաղի հասցրած վնասներն ուղղակի անբուժելի են ու անվերականգնելի: Տասնամյակներ շարունակվող բնակչության դեգրադացիան, տարեցտարի ավելի ու ավելի տարածվող և արմատավորվող նրա անպատասխանատու և անտարբեր վերաբերմունքը աշխատանքի նկատմամբ՝ տասնյակ միլիոնավոր հարբեցողներով, իսկ վերջին տարիներին նաև թմրամոլության գիրկն ընկած հարյուր հազարավոր երիտասարդ տղաներով և աղջիկներով, անասելի ծանր սոցիալական, բարոյական, տնտեսական խնդիրների առաջ են կանգնեցրել երկիրը:


«Ես սարսափով եմ մտածում,- գրում էր Իվան Բունինը,- ո՞ւմ է ծնելու Ռուսաստանում իշխանությունը զավթած այս հարբեցող արյունալի տավարացուն (ոօՊսՏ) և ի՞նչ կլինի իմ երկրի հետ երկու-երեք սերունդ հետո: Ի միջի այլոց, այստեղ էլ ի՞նչ մտածել: Ամեն ինչ ավելի կամ պակաս պարզ է»:
Մեծ գրողի, Նոբելյան դափնեկրի շատ տարիներ առաջ արտահայտած այս տագնապալի մտքերը վաղուց են դարձել դաժան իրականություն:
Մունդռիկը անգերազանցելի էր որպես աստվածուրացության տեսաբան և պրակտիկ: Կրոնական ոլորտը գտնվում էր նրա խիստ ուշադրության կենտրոնում. «Քահանաներին պետք է ձերբակալել որպես հակահեղափոխականների և սաբոտաժ կատարողների, գնդակահարել անխնա և ամենուր: Եվ որքան հնարավոր է շատ» (Ձերժինսկուն, 1 մայիսի 1919 թ.): Իսկ 1922 թ. մարտին քաղբյուրոյի անդամների համար Մոլոտովին հասցեագրված նամակում Մունդռիկը կտրականապես պահանջում է. «Ամենավճռական ու անխնա ճակատամարտը տալ սևհարյուրակային հոգևորականությանը և նրա դիմադրությունը կոտրել այնպիսի դաժանությամբ, որ տասնամյակներով չմոռանան... Որքան մեծ թվով հետադիմական բուրժուազիայի ու հետադիմական հոգևորականության ներկայացուցիչների մեզ հաջողվի այդ առթիվ գնդակահարել, այնքան լավ: Հիմա պետք է այդ մարդկանց այնպիսի դաս տալ, որ նրանք մի քանի տասնյակ տարի չհամարձակվեն անգամ մտածել որևէ դիմադրության մասին»:
Մունդռիկի այդ գազանությունների պատճառով ավերվեցին, թալանվեցին, պահեստների, գոմերի ու ախոռների վերածվեցին հազարավոր վանքեր ու եկեղեցիներ, մատուռներ և պաշտամունքային այլևայլ շինություններ: Մունդռիկը նախաձեռնեց պատմության մեջ ամենազանգվածային և արյունոտ կրոնական հալածանքը և հավատացյալների ոչնչացումը, արմատավորեց պետական աթեիզմի ռեժիմ: Աներևակայելի է, բայց և անհերքելի փաստ, որ Մունդռիկի և նրա «անմահ գործի» շարունակողի իշխանության 20 տարիներից հետո (1938 թ.) ամբողջ Սուրբ Ռուսիայում (Святая русь) կային ընդամենը 3 եպիսկոպոս և մոտ 300 քահանա:


Մունդռիկին են պատկանում համակենտրոնացման ճամբարներ ստեղծելու (1920 թ. դրանց թիվը հասել էր 90-ի) և պատանդների սիստեմատիկ զանգվածային գնդակահարությունների արմատավորման «փառքն ու պատիվը», երբ դաժանորեն իրականացվում էր նույնիսկ «հեղափոխական օրինականության» տեսակետից ոչ մի մեղք չգործած անմեղ մարդկանց զանգվածային սպանդ: Այդ Մունդռիկ-Լենին կոչվածից առաջ ոչ ոք այդպիսի ցինիկությամբ ու դաժանությամբ իշխանություն չէր նվաճել՝ ոտնատակ անելով բարոյական բոլոր սկզբունքները և սրբությունները: Մունդռիկն առաջինն էր, որ հանուն հեղափոխության լիակատար հաղթանակի (նախորդ պատմական ամբողջ փորձի արդյունավետ ընդհանրացմամբ) մշակեց պետական համատարած ահաբեկության համակարգի տեսությունը և կենսագործեց այն: Ահաբեկման օրգանները կամ, ինչպես ավելի նրբորեն էր արտահայտվում Ստալինը, «պատժիչ օրգանները», աստիճանաբար դարձան այնքան բազմաթիվ, որ իրենց ճիրաններում ընդգրկել էին տառացիորեն ամբողջ երկիրը, ամբողջ ժողովրդին, ամբողջ հասարակությունը:
Համընդհանուր վերահսկում էր և դիտարկում: Բոլորին բոլորի կողմից: Օրգանները դարձել էին համակարգի դեմքը, սիրտն ու հոգին, կյանքի աղբյուրը, օդն ու ջուրը: Նույնիսկ դժվար է պատկերացնել այս այլանդակության մասշտաբներն ու խորությունը:
Մունդռիկը պատմության մեջ առաջին անգամ զանգվածային սով սարքեց՝ իր երկրի անհնազանդ բնակչությանը կոտրելու համար. 1921-22 թթ. ահավոր սովը մոտ հինգ միլիոն մարդու կյանք խլեց: Այդ սարսափելի սովը ստիպեց բոլշևիկներին երկրորդ պլան մղել իրենց հեղափոխության «գաղափարախոսական մաքրության» մասին բարբաջանքները և ընդունել կապիտալիստների օգնությունը: Այն հատկապես մեծ էր Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից: Միլիոնավոր ռուսաստանցիներ փրկվեցին սովամահությունից շնորհիվ ARA-ի (ARA- American Relief Administration - Օգնության ամերիկյան վարչություն): Իր գործունեության եռուն շրջանում ARA-ն օրական 10 միլիոն ռուսաստանցիների ապահովում էր սննդով: Այդ բարեգործություններում հսկայական էին Հերբերտ Հուվերի (Herbert Clark Hoover (1874-1964), հետագայում՝ ԱՄՆ-ի 31-րդ նախագահի (1929-1933) մատուցած ծառայությունները:
Բայց Մունդռիկը այստեղ էլ էր վտանգ տեսնում: 1921 թ. օգոստոսի 23-ին Մոլոտովին (իհարկե «գաղտնի» գրիֆով) Ժողկոմխորհի նախագահը գրում է. «Ամերիկացի Հուվերի հետ պայմանագրի հետ կապված նախատեսվում է ամերիկացիների զանգվածի գալը: Պետք է հոգալ հսկողության և տեղեկացման մասին: Առաջարկում եմ քաղբյուրոյին որոշել. ստեղծել հանձնաժողով հանձնարարությամբ՝ պատրաստել, մշակել և անցկացնել ԹճԽ-ով, մյուս օրգաններով, օտարերկրացիների նկատմամբ հսկողությունն ու տեղեկացումն ուժեղացնելու համար»:


Տիպիկ բոլշևիկյան հնարք է. հետևել նույնիսկ հյուրին, բարեկամին. բոլոր օտարերկրացիների մեջ նախ և առաջ տեսնել թշնամիների, քանի որ դասակարգային «աչալրջությունը» ամենից վեր է: Շուտով հետամտումը, մատնողությունը, գաղտնի համագործակցությունը «օրգանների» հետ կդառնան լենինյան համակարգի ամենաէական գծերից մեկը: Բոլշևիկյան առաջին կառավարության նախագահի «հոգածությունը» սովետական և օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ իր բարձրակետին հասավ Մունդռիկի գործի հանճարեղ շարունակողի՝ «ընկեր Ստալինի» օրոք: Այդ բռնապետի մահվան տարում՝ 1953 թ., արտահաստիքային, այսպես կոչված, «գաղտնի գործակալների» (ժողովրդի կողմից «շպիոն» կոչվողների) թիվը ԽՍՀՄ-ում հասել էր 11 միլիոն (!!!) մարդու: Մի ամբողջ պետություն պետության մեջ: Եթե բնակչության ընդհանուր թվից հանենք մինչև 17-18 տարեկաններին, զառամյալ ծերերին, խուլ ու համրերին, կույրերին, ավագ տարիքային խմբի կանանց, ապա կտեսնենք, որ գործ ենք ունեցել մի աներևակայելի իրականության հետ՝ երեք հոգուց առնվազն մեկը գործակալ էր: Ինչպես բանաստեղծն էր ասում՝ նույնիսկ տան գերանն էր շպիոն:
(շարունակելի)


Ջոն ՄԱՆՈՒԿՅԱՆ



Դիտվել է՝ 3325

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ