Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ադրբեջանն ընկել է իր հիմարության թակարդը

Ադրբեջանն ընկել է իր հիմարության թակարդը
10.03.2017 | 00:22

(սկիզբը՝ այստեղ)

Միևնույն ժամանակ Հայաստանի արտգործնախարարությունն ստացավ ևս մեկ հեռանկարային հնարավորություն համաշխարհային հանրությանը հասցնելու այն փաստը, որ Ադրբեջանը ոչ միայն ժողովրդավարական չէ, այլև մեր ոչ բարով հարևան երկրում ավելի ու ավելի է սրվում ոչ թուրքերի նկատմամբ ազգային անհանդուրժողականության խնդիրը: Ի վերջո, պարտադիր չէ, որ ազգային պատկանելության պատճառով հետապնդումները կրեն «տաք պատերազմի» կամ ջարդերի բնույթ: Բերեմ միայն պաշտոնական տվյալներ: Փետրվարի 12-ին Հայաստանի արտգործնախարարությունը հաղորդեց, որ Հայաստանի իշխանություններին է դիմել թալիշական ազգային շարժման ակտիվիստ Շահին Միրզոևը, խնդրելով իրեն ժամանակավոր ապաստան տրամադրել: «Լինելով թալիշական մշակույթի խորհրդի անդամ, թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թալիշի Սադո» թերթի աշխատակից, ստիպված էի փախչել Ադրբեջանից ազգային և կրոնական փոքրամասնությունների դեմ ուղղված հալածանքների, նրանց իրավունքների կոպտագույն ոտնահարման պատճառով, և ընտանիքով անցնել Հայաստան»,- Շ. Միրզոևի խոսքերն է մեջբերում Հայաստանի արտքաղաքական գերատեսչությունը: Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը տեղեկացրեց, որ իշխանությունները «դրականորեն են արձագանքել Շահին Միրզոևի խնդրանքին»: Շահին Սահիլ օղլի Միրզոևը թալիշական ազգային շարժման ակտիվիստ է, ընդդիմադիր բլոգեր, թալիշական մշակույթի հանրապետական կենտրոնի կառավարման խորհրդի անդամ: Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ 2016 թ. դեկտեմբերի 7-ից ընտանիքով գտնվել է Վրաստանում: Լրատվամիջոցները հրապարակել են նրա դժգոհությունը Վրաստանի պետական գերատեսչություններից, որոնք, Միրզոևի ասելով, օգնություն չեն տրամադրել սոցիալական ծանր վիճակում գտնվող ընտանիքին: «Վրացական կողմը չի ուզում թալիշական մի ընտանիքի պատճառով փչացնել հարաբերությունները ադրբեջանական իշխանությունների հետ. չէ՞ որ Վրաստանը մեծ եկամուտ է ստանում Բաքվի նավթից, նավթի կոնցեռնը հսկայական ազդեցություն ունի»,- նշել է նա:


Սա առաջին դեպքը չէ, երբ աշխարհն իմանում է իրանալեզու ժողովրդի՝ թալիշների հետապնդումների մասին: Մի քանի տարի առաջ Ադրբեջանում բռնությունների ենթարկվեց նույն թալիշական թերթի խմբագիր Գիլալ Մամեդովը, որը 2013 թ. սեպտեմբերին հինգ տարվա ազատազրկման դատապարտվեց պետական դավաճանության, «Իրանի օգտին լրտեսության», ազգային երկպառակության բորբոքման և թմրամիջոցներ պահելու մեղադրանքով: Ճիշտ է, անցյալ տարի Մամեդովին ներում շնորհվեց: ՈՒ, երևի, բոլորին հասկանալի է, թե ինչ գնով է Գ. Մամեդովը այդպիսի ներման «արժանացել». ոչ ոքի մտքով չի անցել նրա վրայից հանել մեղադրանքներն ու դատվածությունը, ընդունել դրանց չհիմնավորվածությունը: Ադրբեջանի շարքային թալիշ քաղաքացիների վիճակին ծանոթանալու համար հեռու գնալ պետք չէ: Հիշեցնեմ. ադրբեջանական բանակի երբեմնի գնդապետ, Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարար, ազգությամբ թալիշ Ալաքրամ Ալեքպերի զոա Գումատովը, որը 1993 թ. գլխավորեց կարճատև գոյություն ունեցած Թալիշ-Մուղանի Հանրապետությունը, նույնպես Բաքվի իշխանությունների կողմից դատապարտվել էր «պետության դեմ ուղղված հազարումի հանցագործությունների համար»: Այդ հենց նրան՝ Ա. Գումատովին էր, որ եվրոպական շատ կառույցներ հրապարակայնորեն համարում էին «խղճի կալանավոր»՝ քաղբանտարկյալ: Եվ հենց եվրակառույցների ճնշմամբ ապշերոնյան խանությունը, ի վերջո, 2004 թ. սեպտեմբերի 3-ին «ներում շնորհեց» Գումատովին, սակայն նրան զրկելով Ադրբեջանի քաղաքացիությունից և արտաքսելով Նիդերլանդներ, որտեղ և ապրում է այդ թալիշ քաղաքական ու պետական գործչի ընտանիքը: Ադրբեջանցի իրավապաշտպանների կարծիքով, ներումը շնորհվել էր մեծ մասամբ հոլանդական կառավարության ճնշմամբ: Հիմա նա ինքն էլ է ապրում Հաագայում՝ գլխավորելով «Թալիշական ազգային շարժում» (ԹԱՇ) կազմակերպությունը:


Գումատովի գործը քաջ հայտնի է թե՛ Արևմուտքին, թե՛ Ռուսաստանին: Նա հաճախ է լինում ՌԴ-ում ու շփվում Ռուսաստանում թաքնվող ԹԱՇ մյուս ակտիվիստների հետ: Գումատովն անձամբ «հանգիստ չի տալիս» Ալիևների կլանին: Այսպես, գտնվելով Նիդերլանդներում, նա Ադրբեջանի նկատմամբ բողոքով դիմեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան: 2007 թ. նոյեմբերի 29-ին Եվրադատարանը Ադրբեջանին պարտադրեց Գումատովին վճարել 12 հազար եվրո՝ բարոյական վնասի համար, և 2090 եվրո՝ կատարած ծախսերի համար՝ կապված Գումատովի նկատմամբ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հոդվածների խախտման հետ. հոդ. 3 (անմարդկային վերաբերմունքից պաշտպանություն), հոդ. 13 (բողոքը քննարկելիս իրավունքների պաշտպանության ներպետական միջոցների անարդյունավետություն) և 6-րդ հոդվածի 1-ին պարագրաֆ (արդար դատի իրավունք): Այնպես որ, եթե հիմա Հայաստանը ԹԱՇ-ի ակտիվիստ Շ. Միրզոևին ու նրա ընտանիքին ապաստան տրամադրելու կապակցությամբ հանդես գա նախաձեռնությամբ, որպեսզի աշխարհը, վերջապես, ուշադրություն դարձնի այն բանին, թե ինչպես են վարվում ապշերոնյան խանության մարդակեր կառավարիչները ազգային փոքրամասնությունների հետ, ապա դա և՛ տեղին կլինի, և՛ ժամանակին: Հիշենք ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի խոսքերը Արցախ-ԼՂՀ-ի «միջազգային ճանաչման»՝ որպես հակամարտության կարգավորման միակ ընդունելի եղանակի մասին: Մարդը ասել է, Հայաստանի ԱԳՆ-ի պարոնայք, դե դուք էլ հիմա ձեր հաշվարկները և ԱՄՆ-ին ու Ռուսաստանին ուղղված ձեր առաջարկներն ամրապնդեք Թալիշի հարցով:


Ոմանք կընդդիմանան և արդարացիորեն կմատնանշեն, որ ոչ բոլոր թալիշներն են երազում իրենց ազգի հանդեպ պատմական արդարության վերականգնման մասին: Իսկ շատերն էլ արդեն տասնամյակներ շարունակ հլու-հնազանդ «սպասարկում» են Ալիևների կլանի շահերը: Համաձայն եմ, և ապշերոնյան խանությունում նման «հլու թազիների» ամենավառ օրինակը, թերևս, շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն է: Չէ՞ որ արդի աշխարհում չկան հեշտ անելիքներ, աշխատել է պետք: Պետք է հիշել ԹԱՇ-ի մասնակից կամ պարզապես շարքային քաղաքացի բոլոր անվանի թալիշներին, ովքեր շատ լավ են հասկանում, թե իրենց հայրենիքի ու ժողովրդի գլխին ինչ խաղ են խաղում ադրբեջանական իշխանությունները: Նույն Շ. Միրզոևը, ընդ որում, Երևանում կայացած «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը: 25 տարի անց» խորհրդաժողովում ունեցած ելույթում, բերեց թալիշական հարցի վիճակին վերաբերող ահավոր մանրամասներ ու թվեր: Նրա խոսքերն են. «Ադրբեջանում թալիշները ենթարկվում են նույն հալածանքներին ու ճնշումներին, ինչ ժամանակին Լեռնային Ղարաբաղի հայերը»: Այս լրագրող թալիշը հաստատում է. «Ադրբեջանի իշխանությունները տեղաբնիկ թալիշներին ենթարկում են հալածանքների, տեղեկատվական շրջափակման, և այդ շրջափակումը ճեղքելու ցանկացած փորձ կոշտ հակահարված է ստանում պաշտոնական Բաքվի կողմից»: Զանգվածային հալածանքների հետևանքով վերջին տարիներին Ադրբեջանից հեռացել է ավելի քան 300 հազար թալիշ՝ հաստատում է Շ. Միրզոևը: «Այսօր Ադրբեջանում ապրում է մոտ երկու միլիոն թալիշ: Եվ հաստատ բոլորին չեն կարող բնաջնջել»,- հայտարարում է լրագրողը: Իսկ ես հիշեցնեմ. դեռ 1988 թ., ԽՍՀՄ-ում կայացած վերջին մարդահամարի տվյալներով, Ադրբեջանը պաշտոնապես «ճանաչել» էր հանրապետությունում 50 հազարից փոքր-ինչ ավելի թալիշների բնակությունը: Մի՞թե չի երևում, որ Բաքուն միտումնավոր նվազեցված է ներկայացրել և ներկայացնում ոչ թյուրք բնակչության թիվը: Եվ մի՞թե դա ապացույց չէ այն բանի, որ Ադրբեջանում ոչ մի ոչ թյուրք ազգության համար երաշխիք չկա զերծ մնալու այնպիսի հրեշավոր ֆաշիստական երևույթներից, ինչպիսիք են ուծացումը, պատմության կեղծումը և այլն: Թալիշերեն հեռուստատեսություն ունենալու, դասագրքեր, թերթեր ու ամսագրեր տպագրելու ձգտումը Ադրբեջանի իշխանությունների կողմից գնահատվում է իբրև անջատողականություն՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով: Իր մասին Շ. Միրզոևն ասում է, որ ինքը «մի կերպ ճողոպրել է մահվան ճանկերից»: «Ես եկել եմ Հայաստան և, համոզված եմ, չեմ սխալվել: Իմ վերադարձը Ադրբեջան մեծ վտանգով էր հղի»,- ասում է նա:


Որքան էլ հարմար չլինի «խաղաթուղթը ձեռքներիս է» ձևակերպման օգտագործումը, տվյալ դեպքում թե՛ լրագրող Շ. Միրզոևի խոստովանությունը, թե՛ նրա նախորդ Գ. Մամեդովի և գնդապետ Ա. Գումատովի ողբերգական պատմությունները այն հաղթաթուղթն են Արցախ-ԼՂՀ-ի անկախության պայքարում, որ Հայաստանի նախագահի աշխատակազմն ու արտգործնախարարությունը պարզապես իրավունք չունեն չօգտագործելու: Եվ վերջում, եթե որևէ մեկը չգիտե կամ մոռացել է, թե ովքեր են թալիշները, և ինչ է իրենից ներկայացնում նրանց հայրենիքը՝ Թալիշը, հիշեցնեմ. Թալիշը կամ Թալիշստանը Կասպից ծովի հարավարևմտյան ափին գտնվող մի մարզ է, որտեղ գերազանցապես հենց թալիշներն են ապրում: Հիմա Թալիշը բաժանված է Ադրբեջանի և Իրանի միջև: Ժամանակին այն «մեջմեջ էր արվել» Ռուսական կայսրության և Իրանի միջև, իբրև ռուս-պարսկական պատերազմի հետևանք, որը վերջ դրեց Թալիշական խանության՝ այն ժամանակներում Պարսից կայսրության վարչատարածքային միավորման, միասնական գոյությանը: Թալիշի ազգային շարժումը գործում է ազգային ինքնավարության կարգախոսով: Թալիշները մեր տարածաշրջանի շատ հին ժողովուրդներից մեկն են, ինքնանվանումը՝ թալիշոն, ունեն արիական ծագում և ձևավորվել են կովկասյան նշանակալի հիմքի վրա: Թալիշերենը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի իրանական լեզվախմբին (հյուսիսարևմտյան ենթախումբ, թաթ-թալիշական ճյուղավորում): Եվ ի՞նչ խոսք, ոնց էլ գցես-բռնես, թալիշները մեր տարածաշրջանում շատ ավելի հիմնաժողովուրդ են, քան ցանկացած թյուրքալեզու ազգություն կամ ենթաազգություն:


Դե տեսնենք, թե որքան հետևողական կլինեն Հայաստանի իշխանությունները թե՛ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին դեպի Արցախ-ԼՂՀ-ի միջազգային ճանաչում «կողմնորոշելու» առաջարկության, թե՛ իրեն և իր ընտանիքին քաղաքական ապաստան տրամադրելու թալիշ ակտիվիստ Շ. Միրզոևի խնդրանքի բավարարման առումով: Կարծում եմ, որ գալիք խորհրդարանական ընտրություններից առաջ, թերևս հետո էլ, այդ երկու ուղղությամբ պաշտոնական Երևանի հաստատակամությունն ու հետևողականությունը շատ օգտակար և արդյունավետ կլինեն: Անվտանգության մյունխենյան խորհրդաժողովը արդեն պատմության գիրկն է անցել, ինչպես և Արցախի սահմանադրական հանրաքվեն (փետրվարի 20): Աշխարհն անկեղծ զարմանքով «բացահայտեց», որ, հլա մի տեսեք, ապշերոնյան խանությունն այն աստիճանի է լկտիացել, որ այդ հանրաքվեի օրը ԼՂՀ-ում գտնված Եվրախորհրդարանի պատգամավորների «հետախուզում է հայտարարել»: Պատմության գիրկն է անցել նաև «հակամարտության կողմերին» ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հերթական բթամիտ կոչը՝ իբր «ձեր ժողովուրդներին խաղաղության նախապատրաստեք» (փետրվարի 17), և մեր գնահատականը կապված չէ այն բանի հետ, որ այդ կոչերի հեղինակները «ի պաշտոնե» ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի դիվանագիտության ներկայացուցիչներն են: Ոչ, նրանց բթամտությունը այն է, որ մինչև հիմա ձևացնում են, թե պետք է կոչ անել Հայաստանին նույնպես: Եվ դա այն բանից հետո, երբ 2016 թ. ապրիլին Ի. Ալիևը բացահայտ խոստովանեց, որ հենց Ադրբեջանն է սկսել ագրեսիան: Թեև գիտեն, որ, նախ, հակամարտությունում կա նաև երրորդ՝ հիմնական կողմը՝ ի դեմս Արցախի իշխանությունների ու ժողովրդի: Եվ որ, երկրորդ, պատերազմը տարածաշրջանում լիովին ծանրացած է ապշերոնյան խանության խղճին: Ինչ եղել է 90-ականներին, նույնը կատարվում է նաև հիմա: Թեև ոչինչ անել չես կարող. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերով ասած (փետրվարի 22), «Ղարաբաղի հարցում ԵԱՀԿ ՄԽ-ն այլընտրանք չի ունեցել և չի ունենա»: Այսինքն, ստիպված ես հանդուրժել բութ ու անիմաստ «երկկողմ» կոչերը:


Բայց պատմության գիրկն են անցել նաև Բրյուսելում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումները շունչը փչող Եվրամիության և այլ եվրակառույցների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի «շնաձկների» հետ: Եկեք մի քանի բան վերհիշենք Բրյուսելից. Եվրախորհրդի նախագահ լեհ Դոնալդ Տուսկի հետ բանակցությունների արդյունքների առթիվ տեղի ունեցած մամուլի ասուլիսում Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ որքան էլ հայկական կողմը պատրաստ է խելամիտ փոխզիջումների, այդուամենայնիվ, այդ հարցում ելակետայինը իր ապագան ազատ կամարտահայտման միջոցով որոշելու Արցախի ժողովրդի իրավունքն է. «Այստեղ այլ մոտեցում լինել չի կարող: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ոչ միայն հռչակված է միջազգային հիմնարար փաստաթղթերով, այլև վաղուց արդեն ճանաչվել ու վավերագրվել է հակամարտությամբ զբաղվող միակ մասնագիտական կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի բազմաթիվ հայտարարություններում»: Տուսկին ոչինչ չէր մնում անելու, քան ընդունելու և՛ Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովի, և՛ Հայաստանի նախագահ Ս. Սարգսյանի ճշմարտացիությունը. «Հակամարտությունը ռազմական լուծում չունի: ԵՄ-ն շարունակում է լիովին պաշտպանել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդական ջանքերն ու առաջարկությունները»: Դեսուդեն չընկավ նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար, նորվեգացի Ենս Ստոլտենբերգը. «Շատ կարևոր է խույս տալ լարվածության աճից, որովհետև այդ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Դրա շարունակումը արգելակում է ամբողջ տարածաշրջանի զարգացումը: Հետևաբար, մենք և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին հորդորում ենք վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: ՆԱՏՕ-ն լիովին պաշտպանում է Մինսկի խմբի ջանքերն այդ ուղղությամբ»:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1724

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ