Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Երբ ամեն ինչ չի համաձայնեցված, համաձայնեցված չէ ոչինչ»

«Երբ ամեն ինչ չի համաձայնեցված, համաձայնեցված չէ ոչինչ»
10.03.2017 | 00:42

«Իրատեսի» հյուրն է քաղաքական վերլուծաբան ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ:

-Շնորհավորում եմ Ձեզ՝ ԱԺ ընտրությունների քարոզարշավը սկսվեց: Հայկական «Գելափն» էլ արդեն իր հարցման արդյունքներն է հրապարակել ընտրությունների հաղթողների ու պարտվողների վերաբերյալ: Առաջին օրերի տվյալներով՝ քաղաքական ուժերի մեկնարկային պայմանները հավասա՞ր էին՝ պատրաստվածության, ծրագրերի, ռեսուրսների առումով:
-Բնականաբար՝ ոչ: Ոչ բոլորն են հավասար պատրաստված քարոզարշավին, ինչպես ոչ բոլորն են հավասար պատրաստված ընտրություններին: Պատճառը ոչ միայն ռեսուրսների պակասն է, այլև քաղաքական իրական նպատակները:
-Նպատակը մեկը չէ՞՝ հաղթելը:
-Նպատակները տարբեր են, եթե դու իրականում նպատակ չունես հաղթելու, այլ ինչ-որ խնդիրներ ես լուծում, օրինակ՝ նոր կուսակցություն ես, առայժմ ինքնահաստատվելու կարիք ունես: Շատ վատ է, երբ քաղաքական ուժերը ուղղակի իրենց գոյությունն են պահպանում՝ փորձում են մտնել խորհրդարան ու տեղ ունենալ քաղաքական արևի տակ:
-Կոմունիստների՞ն նկատի ունեք:
-Ոչ միայն կոմունիստներին, ոչ իշխանական դաշտի ճնշող մեծամասնությանը, որ ի սկզբանե թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես ընդամենը երկրորդ տեղի համար են պայքարում: Այսպես կոչված ընդդիմադիր մասի գերակշռող մասն էլ իրականում երրորդ-չորրորդ տեղի համար է պայքարում:
-Գուցե իրենց հնարավորություննե՞րն են պրագմատիկ հաշվարկում:
-Իհարկե, բայց եթե դու լուրջ նպատակներ ունես, հինգ տարի ես զբաղվում այդ խնդրով, ոչ թե վերջին պահին ես քո ձևաչափը որոշում: Տեսանք, չէ՞, ինչպես էին դաշինքները ձևավորվում: Երբ ամեն ինչ չի համաձայնեցված, համաձայնեցված չէ ոչինչ: ՕՐՕ դաշինքը, օրինակ, սկսեց ուրիշ ձևաչափով, ԿԸՀ մտավ ուրիշ ձևաչափով: Երբ ամեն ինչ վերջին պահին ես պարզում, բնականաբար, լուրջ քաղաքական խնդիրների մասին, առավել ևս գաղափարախոսության, խոսելն ավելի քան անլուրջ է: Իսկ կոմունիստական կուսակցության բացակայությունը քաղաքական դաշտում անցած տարիներին հանգեցրել է նրան, որ շատ քաղաքական ուժեր ստացել են կոմունիստների սոցիալական ընտրազանգվածը:
-Նկատի ունեք, որ կոմունիստներն իրենց ընտրազանգվածը հե՞տ կտանեն, ասենք, «Ծառուկյան» դաշինքից:
-Կոմունիստներն իրենց ավանդական ընտրազանգվածի միայն ինչ-որ փոքր հատվածի ձայները կստանան՝ տարիքով մարդկանց, որ կարոտախտով են առաջնորդվում ու սոցիալապես անապահով են: Հիմնականում այդ ձայները, կարծում եմ, կտանեն «Ծառուկյան» դաշինքից, որովհետև կոմունիստների քաղաքական գործընթացներից ինքնամեկուսացումը հանգեցրել էր իրենց ձայների տեղափոխմանը այնտեղ, որտեղ խոստանում են սոցիալական հարցերի լուծում: Դժվար է ասել, որ խավը ինչ կանի: ՈՒնենք ընդամենը մեկ սոցհարցում, որով կոմունիստները ստացել են 1 %: Ընտրազանգվածի տեսակետից կոմունիստների ընտրազանգվածը առավել քան հասկանալի է, այլ հարց է, որ նրանց ռեսուրսներն են սահմանափակ:
-Այս պահին ունենք իրադարձային, նպատակային, գաղափարական դաշինքներ:
-Ի՞նչ նկատի ունեք:
-Փաստացի՝ գաղափարական դաշինքը «Ելքն» է, նպատակայինը՝ ՕՐՕ-ն, իրադարձայինը՝ «Ծառուկյանը»:
-Համաձայն եմ, այն լայն դաշինքը, որի մասին խոսում էր Գագիկ Ծառուկյանը, չկայացավ:
-Փորձենք հասկանալ՝ դաշինքներից որը ինչ հեռանկար կարող է ունենալ:
-Նպատակային դաշինքի պարագայում հիմնական խնդիրը, եթե ՕՐՕ-ն նկատի ունեք, իրենց հայտարարությամբ՝ իշխանափոխությունն է: Տեսնելով, թե ինչ փորձված և շատ գործընթացներով անցած, այդ թվում՝ ներիշխանական, մարդիկ են այնտեղ հարցերը լուծում, ես մի քիչ կասկածում եմ, որ իրենք ադեկվատ չեն և հեռու են իրատեսությունից: Նրանք շատ լավ հասկանում են, որ իրենց ռեսուրսները այսօրվա դրությամբ, նման դերի հավակնելու հնարավորություն չեն տալիս:
-ՈՒրեմն ինչո՞ւ են անհնարը հնարավոր հայտարարում:
-Դա քաղաքական տեխնոլոգիա է՝ որ կարողանաս քո համակիրներին մոտիվացնել և տեղից շարժել ու ընտրողներին գրավել, պիտի հայտարարես, որ գնում ես իշխանափոխության, որովհետև քեզնից դա են ակնկալում, ու դու պիտի փորձես արմատական կարգախոսներով հանդես գալ: Այս ընտրությունների նախաշեմին կարող ենք արձանագրել, որ արմատական ընդդիմադիր դաշտում վակուում կա: Այն պահից, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը, մեղմ ասած, անարդյունք ավարտեց իր բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը և սկսեց գաղափարական տեսություններով ու մեկնաբանություններով զբաղվել՝ շեշտը դնելով Ղարաբաղի հարցի իր վաղուցվա տեսությունը կյանքի կոչելուն, արմատական դաշտում վակուում է, և հիմա շատերն են փորձում այդ վակուումը լցնել: Ընտրությունների ժամանակ դա շատ շահավետ է, երբ բողոքական ընտրազանգվածը պատկառելի տոկոս է կազմում: Այդ ընտրազանգվածի համար պայքարում են և՛ «Ելքը», և՛ «Ազատ դեմոկրատները», և՛ ՕՐՕ-ն:
-Իսկ «Ծառուկյան» դաշի՞նքը:
-«Ծառուկյան» դաշինքի սոցիալական ընտրազանգվածը հույսը դնում է ոչ այնքան քաղաքական գործընթացների, որքան փրկիչներ ու բարեգործներ որոնելու վրա:
-Ի՞նչ շանսեր ունի ՕՐՕ-ն 7 %-ը հաղթահարելու, եթե հաշվի առնենք նաև Ռոբերտ Քոչարյանի վերջին ռեմարկը:
-Եթե իրատեսորեն նայենք, 7 %-ը խնդրահարույց է: Եվ դա կախված է ոչ թե Ռոբերտ Քոչարյանից, այլ դաշինքի ղեկավարների հոգեբանական ընկալումից: Նկատի ունեմ նրանց իշխանական հետագիծը՝ ոմանց ոչ հեռու անցյալը, ոմանց հեռու, բայց անջնջելի անցյալը և Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական անլուրջ կերպարը: Ես լուրջ չէի համարում, որ Ռոբերտ Քոչարյանն է այս դաշինքի թիկունքում, որովհետև եթե նա, իրոք, մտածեր վերադառնալ, բավականին լուրջ ռեսուրսներ ուներ այդ անելու՝ ՀՅԴ-ն մինչև կոալիցիա մտնելը, ռեսուրսներով հարուստ ԲՀԿ-ն, որ 2015-ի փետրվարին բավականին արմատականացել էր: Ռոբերտ Քոչարյանը ցույց տվեց, որ մտադիր չէ քաղաքական գործընթացներում ակտիվ դերակատարում ունենալ, նրա վերջին հարցազրույցն ավելի շուտ քաղաքական մեկնաբանի, քան գործչի հայտարարություն էր: Նրա խոսքից նույնիսկ չէր բխում, որ մոտ ապագայի ծրագրեր ունի, նա ասաց այն, ինչ կարող է ասել ցանկացած քաղաքական մեկնաբան՝ քսակների պատերազմ և այլն, որի հետ շատերն են համաձայն, և մինչև նրա ասելն էլ բազմիցս ասվել է: Ոչ իր ռեսուրսներով, ոչ քաղաքական կշռով, ոչ աշխարհաքաղաքական կապերով Ռոբերտ Քոչարյանը այս ընտրություններում չկա:
-Հնարավո՞ր է, որ խորհրդարանում Ծառուկյանն իրոք առաջին քաղաքական ուժը լինի:
-Ես կարծում եմ, որ սոցհարցումները ոչ միայն հասարակական կարծիքը ուսումնասիրում, այլև ուղղորդում են: Քանի որ հատուկ շեշտվում է, որ այս հարցումը ռեյտինգային ընտրակարգին չի վերաբերում, կարծում եմ, որ առաջինը ՀՀԿ-ն է լինելու, երկրորդը` «Ծառուկյան» դաշինքը: Եվ առաջինի ու երկրորդի միջև, կարծում եմ, տարբերությունը փոքր չի լինի:
-Մենք կարո՞ղ ենք ՀԱԿ-ին հրաժեշտ տալ:
-Քաղաքական պրագմատիզմի տեսակետից կա երկու մոտեցում՝ մի կողմից՝ թվում է ՀԱԿ-ի խաղաղություն քարոզելը, որի հիմքում մադրիդյան սկզբունքներն են, հայկական իրականությունում ընկալվում է պարտվողականություն, մյուս կողմից՝ թվում է, որ դա կարող է իշխանություններին ձեռնտու լինել: Եթե զարգացումներն այդ ուղղությամբ գնան, ՀԱԿ-ը կստանձնի այդ «սև գործը»: Բայց, միևնույն ժամանակ, պատկերացրեք՝ ՀԱԿ-ը 7 % է ստանում, միջինը 100000-110000 ձայն, աշխարհաքաղաքական տեսակետից դա նշանակելու է, որ Հայաստանում 100000-110000 այդ աստիճանի խաղաղասեր մարդիկ կան, երբ սահմանում անընդհատ լարվածություն է, ու զինվորներ են զոհվում: Որքանո՞վ է դա այսօրվա տարածաշրջանային զարգացումների պայմաններում համահունչ պետական և ազգային շահերին: Նույնիսկ եթե որոշակի խավ կա, որ չի ուզում իրենց զավակները սահման գնան, չեմ կարծում, որ ՀԱԿ-ի ռեսուրսները բավարարեն 7 %-ի: Կա քաղաքական էլիտայի որոշման խնդիր:
-Քաղաքական էլիտայի որոշումը «Ազատ դեմոկրատների» նկատմամբ ո՞րը կլինի:
-«Ազատ դեմոկրատները» թերևս այն միակ քաղաքական ուժն է հիմա, որ հստակ, առանց վերապահումների հայտարարում է, որ դուրս է գալիս ԵԱՏՄ-ից, միանում է ԵՄ-ին, սերտորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ և հանդես է գալիս որպես լիբերալ տնտեսական քաղաքականության կրող: Նրանք հայտարարում են՝ ով է իրենց ազատական գաղափարախոսությունը կրող վարչապետը, որ շատ կարևոր է խորհրդարանական կառավարման մոդելի պարագայում:
-Հասարակության մեջ կա՞ արևմտյան արմատական ուժի պահանջարկ:
-Այս տարիների ընթացքում, հատկապես ապրիլյան պատերազմից հետո, որոշակի հակառուսական ալիքի վրա ավելացել է դեպի Արևմուտք կողմնորոշվածների թիվը: Ռուսական աղբյուրների հարցումներով՝ ավելի քան 30-32 %-ն առանց մտածելու ասում է՝ մենք այդպես ենք մտածում: Այդ ընտրազանգվածում նաև անկախության սերնդի մի մասն է, որը սովետական հետագիծ չունի:
-Հնարավո՞ր է, որ «Ազատ դեմոկրատներն» ու «Ելքը» ընտրազանգվածի խառնաշփոթ ունենան:
-Զգալիորեն աճել է ԵԱՏՄ-ից հիասթափվածների թիվը, երիտասարդության մեջ հատկապես: Կարծում եմ՝ ովքեր շատ հստակ բավարարում են այդ պահանջը, ավելի հրապուրիչ կլինեն: Գերակշիռ մասը այս ընտրություններում կարող է հստակ դիրքորոշվել և ձայնը կարող է «Ազատ դեմոկրատներին» տալ, թեպետ դժվար է ասել՝ ինչքա՞ն ձայն կբերի իրենց լիբերալիզմը:
-Ելքը 7 % կստանա՞:
-Կարծում եմ՝ կարող է, «Ելքում» անհատական դրական վարկանիշ ունեցող քաղաքական դեմքեր կան, որ ասոցացվում են արմատականության հետ: Մինչդեռ այսօր շատ ընդդիմադիր ուժերի թիվ մեկ խնդիրը որպես ընդդիմադիր ընկալվելն է, որ կարողանան ընտրազանգվածին ապացուցել, որ իրենք հաճախորդ չեն: Համապատասխան սև PR-ի օգտագործման պարագայում «Ելքը» նույնպես կարող է այդ խնդիրը ունենալ:
-5 % հաղթահարելու շանսեր ունի՞ ՀՎԿ-ն:
-ՀՎԿ-ի հիմնական զենքը մնացել է պոպուլիզմը, Արթուր Բաղդասարյանը եզակի ընդունակություն ունի՝ օդում որսալ որտեղից է փչում քամին, կոնկրետ պահին ի՞նչ է ուզում ընտրողը լսել: ՀՎԿ-ն մեծ ամբիցիաներ ունի՝ նույնիսկ երկրորդը լինելու, բայց, կարծում եմ, արդյունքը անցողիկ շեմի շուրջ է լինելու՝ բացարձակ ժողովրդականություն չունենալու պարագայում: Բայց ճշմարտություն է նաև, որ ՀՎԿ-ն ունի մի լուրջ առավելություն, որ շատերը չունեն՝ պահպանել է կուսակցական կառույցները և կարողանում է անհրաժեշտ պահին որոշ շահագրգռություններ առաջացնել ու կոնսոլիդացնել այդ կառույցների շուրջ ու դրա հաշվին հասնել ցանկացածին:
-Ձեր գնահատականով՝ այս ընտրություններում ՀՅԴ-ն շատ ավելի նվազ ամբիցիոզ չէ՞ ինքն իրենից:
-Բնականաբար, ՀՅԴ-ն շատ ավելի ադեկվատ է իրավիճակն ընկալում: Նրանց համար սառը ցնցուղ էին Վանաձորում ու Գյումրիում ՏԻՄ ընտրությունները: ՀՅԴ-ն հասկանում է, որ կայուն ընտրազանգված հասկացությունը հավերժական չէ և արդեն այնքան քիչ է, որ վիճակագրական խոտանը հանած՝ վտանգի տակ է դնում անցողիկ շեմը: ՀՅԴ-ի պատմական ու քաղաքական փորձը, դրսի փորձագետների հետ կապերը թույլ չեն տալիս իրականության զգացողությունը կորցնել: Նրանք հասկանում են, որ իրենց ճակատագրի առաջին ջութակը միայն իրենք չեն, և մեծ հույսեր ունեն ապագայում կոալիցիայում մնալու:
-Ի՞նչ է կատարվում ՀՀԿ-ում, նոր ոգի, սիմվոլ հաջողվե՞ց կուսակցություն բերել իր առաջին տասնյակով:
-Այնպիսի տպավորություն է, որ բոլոր այդ թեկնածուները մեկ մարդով են բնորոշվում՝ Կարեն Կարապետյանով:
-Որ ընտրացուցակում չկա:
-Չկա, բայց դա իր առավելությունն է:
-«Կինոյի տղայի» իմիջը երկա՞ր կաշխատի:
-Կարծում եմ՝ այդ իմիջից նա հիմնականում արդեն դուրս է գալիս և հիմա ընկալվում է իբրև մարդ, որ ուզում է փոփոխություն անել, և ամենահետաքրքրականը այն է, որ որպես խորթ մարմին է ընկալվում ՀՀԿ-ում: Ոչ միայն հայտարարությունները, այլև քայլերը մղում են, որ մարդիկ չսիրելով ՀՀԿ-ն, նրան ընդունեն: Մի քանի անգամ այս օրինակը բերել եմ՝ մինչև «Մանչեստր Յունայթեդում» Հենրիկ Մխիթարյանի խաղալը Հայաստանում քչերն էին այդ թիմին երկրպագում, հիմա Հենոյի համար «Մանչեստր Յունայթեդին» ենք երկրպագում, մոտավորապես նույն պատկերն է: Սերժ Սարգսյանը ճկուն քայլ արեց՝ հայտարարելով, որ ՀՀԿ-ի հաջողության դեպքում Կարեն Կարապետյանը մնում է վարչապետ: Ստացվում է, որ ովքեր ուզում են՝ Կարեն Կարապետյանը շարունակի վարչապետ լինել, հույսեր են կապում նրա հետ, փաստորեն, պիտի ՀՀԿ-ին ընտրեն: Բայց եթե երկար ժամանակ ՀՀԿ-ում և առավել ևս տնտեսությունում զգալի փոփոխություններ չնկատվեն, Կարեն Կարապետյանն էլ կսկսի ընկալվել որպես ՀՀԿ-ական: Բայց առայժմ ՀՀԿ-ի ընտրահոլովակում բոլորին քննադատում են, բացի Կարեն Կարապետյանից՝ նա դուրս է ընկալվում իրավիճակից:
-2018-ից հետո նրան վարչապետ տեսնո՞ւմ եք:
-Վստահ չեմ, որ այս պահին այդ հարցի պատասխանը որևէ մեկն ունի, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը: Աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնները սկսել են Կարեն Կարապետյանի հետ լուրջ աշխատել՝ Մոսկվան, Բրյուսելը, Վաշինգտոնը համագործակցության ազդակներ են տալիս և նույնիսկ ԵՄ-ն բիզնեսմեններ է բերում Հայաստան, որ միշտ պայմաններ է դրել: Վրաստան այցից վարչապետը ինչ-ինչ պայմանավորվածություններով վերադարձավ, կարծում եմ՝ շուտով կմեկնի Իրան: Նույնիսկ նախընտրական շրջանում Կարեն Կարապետյանը պոպուլիզմին տուրք չի տալիս: Աշխարհում այսօր հայտնվում են ղեկավարներ, որ համակարգից են, բայց սկսում են համակարգ փոխել՝ Թրամփը, Մեյը: Ինչքանո՞վ կստացվի: Կրկնում եմ՝ շատ երկար չի կարող ձգվել ժամանակը, երբ արատավոր համակարգի մաս չես ընկալվում: Պիտի արդյունքներ լինեն: Մարդիկ գնահատականը տալու են ոչ թե վիճակագրության պետական վարչության ցուցանիշներով, այլ իրենց գրպանի եկամուտով: 2018-ի հարցը, կարծում եմ, ընթացքում որոշվելու է կոնկրետ արդյունքներով՝ որքանո՞վ ինքը պատրաստ կլինի այդ բեռը վերցնել:
-Որքանո՞վ է պատրաստ այդ բեռն իր ուսերից նետել Սերժ Սարգսյանը:
-Փոխկապակցված հարցեր են, բայց Սերժ Սարգսյանի մասը կախված է նրանից, թե Կարեն Կարապետյանը որքանո՞վ է պատրաստ թիվ մեկ պաշտոնյան լինել: Ի վերջո, Սերժ Սարգսյանը բեռը չի գցում ու տուն գնում՝ նա ՀՀԿ նախագահն է մնում:


Հարցազրույցը՝
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1621

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ