Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Չեմ ուզում հավատալ

Չեմ ուզում հավատալ
10.03.2017 | 00:54

Այո, չեմ կարող հավատալ, որ ՀՀ ԱԺ-ին ներկայացված նախագիծը, որով դատապարտվում է 2014-ին ԻՊ ահաբեկչական խմբավորման հրեշների կողմից Իրաքի Շանգալի եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, չի քննարկվի և չի ճանաչվի ու չի դատապարտվի: Իսկ ԱԺ հերթական նիստում, պատգամավորի հարցին ի պատասխան ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կհայտարարի, որ տեղի ունեցածը ոչ թե ցեղասպանություն է, այլ ջարդ: ՈՒ կհայտարարի, որ նման որակում տալու համար անհրաժեշտ է միջազգային հանրության գնահատականը:


Պարոն Գալուստ Սահակյան, հիշեցնում եմ Ձեզ, որ եզդիների ցեղասպանությունն ընդունել և քննարկում է ՄԱԿ-ը: Միջազգային այդ հեղինակավոր կառույցը հայտարարել է, որ ցեղասպանությունը շարունակվում է առայսօր: Եզդիների նկատմամբ ցեղասպանությանը գնահատական են տվել ԵՄ-ը, Եվրախորհուրդը, տարբեր երկրների խորհրդարաններ, ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման և մի շարք հանրաճանաչ գործիչներ: Ինձ մնում է հիշեցնել, որ եզդիների ցեղասպանությունը այնպես է եղել, որ նույնիսկ ամենասարսափելի երազում հնարավոր չէր տեսնել, և գիտե՞ք որտեղ, իրենց բնօրրանում, որտեղ եզդիները ոչ եկվոր են, ոչ էլ անցվոր: Իրենց օջախի տերն են ու կոչված են այնտեղ հավերժ ապրելու և արարելու։ Պարոն Սահակյան, դա ցեղասպանություն է, միայն ցեղասպանություն, որը քննարկել են մի շարք պետություններ, մեր հանրությունը, ու հավատացած եմ, որ այն կընդունի նաև մեր Ազգային ժողովը: Եզդիների ցեղասպանությունը ժամանակին դատապարտեցին մեր երկրի ղեկավարությունը, մեր հանրապետության ժողովուրդը, միջազգային տարբեր ատյաններ, մեր երկրի դիվանագետները կոչ արեցին սատարել եզդի ժողովրդին և դադարեցնել ցեղասպանությունը:

Նույն եզդիների հազարավոր արյունակից զավակներ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են: Ոչ ոք իրավունք չունի կասկածելու հայ և եզդի ժողովուրդների բարեկամությանը, միմյանց սատար կանգնելուն, մեր դրսևորած վարքագծին, Հայաստանի Հանրապետությունում ստացած մեր դաստիարակությանը, մեր ժողովուրդների բարքերի մաքրությանը: Մեր բարեկամությունը, որը եկել է դարերի խորքից, եղել է անկեղծ և անաղարտ, որի մասին ոչ մի մտավորական և ազգագրագետ բացասական ոչինչ չի գրել, ոչ թե չի ուզել գրել, այլ չի եղել և հավատացած եմ` երբեք չի լինի` հավատարիմ մեր նախնիների պատգամին, որը պարտավոր ենք պահել և պահպանել աչքի լույսի պես: Եզդիները վաղուց-վաղուց ասել են` անտարբերությունը և անվստահությունը խնդիրներ և տարաձայնություններ են ստեղծում, իսկ ճշմարտությունը ծածկում է բոլոր մեղքերը և ազնիվ ուղի է հարթում: Աստված իմ, օգնիր, որտեղ մոլորություն կա, թող ճշմարտությունը հաղթի, որտեղ կասկած կա, հավատ տուր, որտեղ հուսահատություն կա, տուր հույս, տուր այնքան հասկացողություն, որքան յուրաքանչյուր մարդ կարող է հասկանալ: Խորհուրդ եմ տալիս հետևել Ձեր խոսքերին, Դուք դրանով փրկում եք միայն Ձեր հոգին: Առողջ մտքի գաղտնիքը այն է, որ ազնիվ հիշեք անցյալը, ճիշտ մտահոգվեք ապագայով և գիտակցաբար, խոհեմ ապրեք ներկայով:

Ժամանակն է, որ գոնե մենք ամրագրենք ազնիվն ու ճշմարիտը, չպղտորենք անաղարտը: Ոչ ոք այդ իրավունքը չունի: Չէ՞ որ վտանգներով լի այս աշխարհում մենք այնքան ոչ բարի հարևաններ ունենք: Վերջում ուզում եմ ասել, որ մեր ժողովուրդների դարերով ամրագրված և տարբեր փորձություններ անցած բարեկամությունն ասում է, որ ժամանակն է համատեղ ճանաչելու և դատապարտելու եզդիների ցեղասպանությունը: Վստահ եմ, եթե ժամանակին ճանաչվեր և դատապարտվեր Հայոց ցեղասպանությունը, հետագայում այլ ցեղասպանություններ չէին լինի:


Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային
միավորում ՀԿ խորհրդի նախագահ

Դիտվել է՝ 843

Մեկնաբանություններ