Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Մտածելը շքեղություն է, երբ սոված ես

Մտածելը շքեղություն է, երբ սոված ես
10.03.2017 | 01:14

Ձյունը հալվեց միանգամից ու բացեց փողոցների ամբողջ կեղտն ու աղբը: Մի կողմից՝ տաք է ու լուսավոր, մյուս կողմից՝ ճնշող ու վանող: Ճիշտ ընտրարշավի նման: Դեռ հինգերորդ օրն է, բայց առաջին օրից բացվեց եռաշերտ Հայաստան: Առաջին՝ ոսկեզօծ, վիրտուալ շերտը ներկայացրեց իշխանությունը, որ երգում-պարում է՝ ասես ամեն ինչ փոխել է ու մնացել է աշխարհը փոխելը, եթե այդպես է՝ ի՞նչ իմաստ ունի իշխանություն մնալու ցանկությունը: Եվ հետո՝ եթե ՀՀԿ-ն պատրաստվում է Հայաստանից դուրս հաջողության հասածների իմիջը իրենը դարձնել կամ ոտքից գլուխ տեղավորվել Կարեն Կարապետյանի՝ հարվածային կերպարի մեջ, ի՞նչ կապ ունի ժողովրդի հետ ընդհանրապես: Ո՞րերորդ անգամ է ՀՀԿ-ն փոփոխությունների փուչիկը փչում, նույնիսկ երբ այդ փուչիկները հրապարակում պայթում են: Ո՞րերորդ վարչապետն է գալիս ու ասում՝ վատ է եղել, բայց լավ է լինելու, սխալներ ու բացթողումներ եղել են, բայց հիմա ունենք ծրագրեր՝ լավ է լինելու: Միակ տարբերությունը՝ նախորդները չեն ժպտացել ու ժպտալու կոչ չեն արել: Տասնամյակներից հետո, որոնց ընթացքում, փաստորեն, միայն ձևավորվել են ծրագրերը ու նպատակները, բարեփոխումներն արվել են՝ առանց բարեփոխելու, որոնց ընթացքում արտագաղթը, պետական պարտքը, տնտեսության վիճակը դարձել են հոռետեսի ու լավատեսի անեկդոտը, երբ հոռետեսն ասում է՝ վերջ, սրանից վատը չի լինի, լավատեսը ճշտում է՝ ոչ, ավելի վատն էլ կա: ԱՄՆ-ն այսօր պայքարում է հասարակության երկփեղկվածության դեմ: Հեռացող Օբաման ասում էր՝ տնտեսական ճգնաժամից երկիրը հանեցի, հազարավոր աշխատատեղեր բացեցի, Կուբայի հետ հարաբերությունները վերականգնեցի ու էլի մի տասնյակ գործեր, բայց չկարողացա վերացնել ամերիկացիների խորթությունը իրենք իրենց հետ: Պաշտոնակալող Թրամփը ասում էր՝ եկել եմ, որ ԱՄՆ-ը նորից մեծ լինի ու մի տասնյակ գործերից առաջ նշում էր՝ ԱՄՆ-ը միասնական դարձնեմ:

Փաստորեն՝ Հայաստանն ու ԱՄՆ-ն այսօր ունեն նույն խնդիրը՝ գերտերության հետ ենք ոտք գցում: Բայց եթե նրանք բողոքում են իրար չհասկանալուց, մենք գոնե գիտակցում ենք՝ ինչի՞ց ենք բողոքում: Ինչո՞ւ ենք բողոքում: Եթե բողոքում ենք, ի՞նչ ենք ուզում, ումի՞ց ենք ուզում: ՀՀԿ-ի՞ց: Որովհետև ինչքան իշխանություն են, այնքան պնդում են, որ իրենց ծրագրերի հիմքում մա՞րդն է իր հոգսերով ու իրենք ժամանա՞կ են ուզում այդ հոգսերը վերացնելու համար: Իսկ մեզ ո՞վ է տվել այդ ժամանակը: ՀՀԿ-ն կարո՞ղ է երաշխավորել, որ ևս հինգ տարի նվիրում ենք դեպի մարդն ուղղված բարեփոխումներին՝ ՀՀԿ-ի օգտին քվեարկածների կյանքը հինգ տարով երկարում է՝ իբրև կյանքի համար վտանգավոր փորձի փոխհատուցում: Կարո՞ղ է երաշխավորել Հայաստանից հեռացած հայերի կեսի կեսի վերադարձը: Դեռ նախորդի նախորդ ընտրություններում հարց էր հնչում՝ եթե իշխանության հարկային, տնտեսական, սոցիալական, արտաքին քաղաքականության հետևանքով անշեղ պակասում է նրանց թիվը, ում իշխանությունը կառավարում է, ո՞ւմ է այլևս կառավարելու: Հարցը օրակարգում է: 2013-ին հայտարարելով Մաքսային միության մեջ մտնելու մասին, 2015-ին անդամակցելով ԵԱՏՄ-ին՝ Հայաստանը պետական քաղաքականություն դարձրեց էժան աշխատուժ արտահանելը ընդհանուր եվրասիական շուկայի ռուսական հատված՝ օրենքներով հեշտացնելով արտահանումը: ՈՒ՝ ի՞նչ: Գումարները հոսեցին քաղաքացիների գրպա՞նը: Ավտոբուսներով դատարկելով Հայաստանը՝ բարձրացրի՞նք գնողունակությունը, մեծացրի՞նք սպառման շուկան, աշխատատեղ ստեղծեցի՞նք, մթնոլորտ փոխեցի՞նք: Մարդիկ պակասում են, ընտրողներն ավելանում: Յոթ ամիս վարչապետը գույքագրում է երկիրը, ծանոթանում վիճակին, զարմանում ու զայրանում, մի գործարան բացվե՞ց: «Նաիրիտը», օրինակ, որ համակարգաստեղծ է: Ոչ, ընդամենը սնանկություն հայտարարվեց, ոչ ոք գործարանը աշխատեցնելու ցանկություն չհայտնեց: Իսկ մրցույթ հայտարարվե՞ց՝ միջազգային, ոչ թե Հայաստանի ներսում: Ոչ, որովհետև կարող էր գտնվել բիզնեսմեն կամ ընկերություն, որ ցանկանար կաուչուկ արտադրել, ու դա արդեն ոչ թե տնտեսական, այլ քաղաքական հարց է, ավելի ճիշտ՝ ինքնիշխանության խնդիր, որի վրա մենք անվերջ սայթաքում ենք: ՈՒ մինչև ե՞րբ:
Երկրորդ՝ պահածոյացված շերտը ներկայացնում են ԲՀԿ-ն ու ընկերությունը՝ «Ծառուկյան» դաշինքի անվան տակ:

Կարո՞ղ եք հաշվել՝ ԲՀԿ-ի ո՞րերորդ տրանսֆորմացիան է: Ես հաշիվը կորցրել եմ: Ամեն ընտրություններից առաջ կտրուկ երկրասեր դարձող կուսակցությունը տեսողության ու լսողության վերականգնում է ունենում ու տեսնում է իրական Հայաստանը, որ բնավ բարգավաճ չի դարձել, հակառակ իրենց տիտանական ջանքերի ու անհաշիվ բարեգործության և իր որոշ անդամների, անգամ արտոնում է մեկ օրով իշխանափոխության կոչ անել: Նախորդ ընտրարշավում այդ կոչն ավելի համարձակ ու հաճախ էր հնչում: Ի՞նչ եղավ հետո: Ոչինչ: Նույնը: Ինչ հիմա է լինելու: «Ծառուկյան» դաշինքին, նույն ԲՀԿ-ին նախապատրաստում են իշխանության հենարանը լինելու՝ արտոնելով ընդդիմադիրոտ իմիջ ունենալ, բայց չլինել: Դատելով Բաղրամյան 26-ում աշխատող Գելափի «դուստր ձեռնարկության» սոցհարցումներից՝ ԲՀԿ-ին քարտ բլանշ է տրվում այսօրվա ու վաղվա քաղաքական գործընթացներում հիմնարար դեր ունենալու: Հանուն ժողովրդավարության՝ նույնիսկ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի ձայների միջև մեծ տարբերություն կարող է չլինել՝ այդպես է ծրագրված: Ընտրությունները՝ ընտրություններ, ապրում ենք անցումային շրջանում, 2017-ից հետո գալու է 2018-ը, ևս մեկ ընտրություն՝ նախագահի: Ճիշտ է՝ այդ ընտրությունը նախկին դերն ու նշանակությունը կորցրել է ու լինելու է լոկալ՝ խորհրդարանի ներսում, բայց միայն այդ ընտրությունից հետո հասկանալի կդառնա, թե ինչ պատկեր է քաղաքական դաշտում և ով ով է ու ով ինչ է ուզում: Մի քանի տարի առաջ Շվեյցարիայի Համադաշնությունում հարցում էին արել, թե ո՞վ է դաշնային կանցլերը: Հարցվածների միայն 17 %-ն էր նշել պետության ղեկավարի անուն-ազգանունը: Իհարկե, իրենց տեղն ունեն պետության կառավարման ոչ նախագահական ու ոչ խորհրդարանական մոդելը, ամեն տարի տեղի ունեցող ընտրությունները, բայց պատճառը դա չէր:

Պատճառը պարզունակ ու իմաստուն էր՝ շարքային շվեյցարացու համար կյանքի ու մահվան խնդիր չէ, թե ով է ընտրվում, ով է կառավարում՝ կա համակարգ՝ ինքնատիպ համակարգ, որ երկու դար գործում է ու պետության համար ապահովում բարեկեցություն: Նրանք կարող են իրենց թույլ տալ՝ չիմանալ կանցլերի անունը, բայց հավատում են իրենց պետությանը և վստահում կանցլերին: Պետությանը, ոչ անհատին: Անցյալ տարի շվեյցարացիները նույնիսկ հանրաքվեով մերժեցին ամեն ամիս աշխատավարձ ստանալու նախաձեռնությունը՝ չաշխատելու պարագայում: Գիժ են, չէ՞: Բայց քաղաքացու արժանապատվություն ունեն, ուզում են ապրել, աշխատել ու բարերարություն չեն ընդունում անգամ աշխատավարձի տեսքով: Համեմատությունը ահավոր է, չէ՞, հայի ու շվեյցարացու: Թեև բնավ այնպես չէ, որ Շվեյցարիայում խնդիրներ չկան, բոլորը գոհ են կառավարությունից, երջանիկ ու հարուստ: Եթե նույնիսկ տեղական «Գելափը» կամ Ահարոն Ադիբեկյանը հարցում անեն, ու հարցվածների 100 %-ը պատասխանի հարցին՝ ո՞վ է ՀՀ նախագահը, հավատացեք այդ հարցման արդյունքներին 1000 %-ով, դա չի նշանակում, որ, ի տարբերություն «քաղաքականապես հետամնաց» Շվեյցարիայի, քաղաքականացված Հայաստանում բոլորը կարևորում են պետական կառավարման համակարգի պաշտոնյաներին, դա նշանակում է, որ Հայաստանում անձերն են ամեն ինչ որոշում, ու չկա կառավարման համակարգ, կա՝ անձնիշխանություն՝ պետությունից՝ կուսակցություն, տնտեսություն, բիզնես ու շուկա: Ինը քաղաքական ուժ ծրագիր է ներկայացրել՝ լավ, վատ, իրատեսական, անիրատեսական, ուժեղ, թույլ, ո՞ւմ է դա հետաքրքրում, ո՞վ է կարևորում, մարդկանց հետաքրքրում են ոչ թե ընտրվողների նպատակներն ու ծրագրերը, այլ ղեկավարները: Հայաստանում ընտրում են ոչ թե ծրագիր, այլ՝ մարդ: Ընտրվածը միանգամայն ազատ է՝ ինչ խոստում ասես տալ, հինգ տարի հետո նորից խոստանալ, միևնույն է, ոչինչ չի փոխվում, որովհետև ոչինչ չի փոխվում: Ինչպես չի փոխվել Գագիկ Ծառուկյանը, որ որերորդ տարին նույն նախադասություններն է ասում՝ ինչպես ծորակը բացես, փակես, հետո նորից բացես, նույն շիթն է: ՈՒ դա դեժավյու է: Անձնազոհ հայրենասիրության համախտանիշ, որ անալիզներով չի հաստատվում, բայց շարունակվում է, որովհետև քաղաքական էլիտան ի վիճակի չէ նոր ոչինչ մտածել՝ նորը կարող է ինքնաոչնչացման տանել:


Երբ իշխանությունը կարիք ունի անվերջ ապացուցելու, որ ինքն իշխանություն է, ընդդիմությանը մնում է ապացուցել, որ ինքն էլ ընդդիմություն է: Բայց վիճակի անհեթեթությունը դա չէ, այլ այն, որ դեֆորմացվել են հասկացությունները ու դեֆորմացրել են ժողովրդին: Քաղաքական գործընթացները բովանդակազրկվել են, սպիտակ ագռավներ են նրանք, ովքեր փորձում են քաղաքականություն անել համակ հակաքաղաքականության մեջ: Ովքեր փորձում են խոսել ծրագրերից, ներքին ու արտաքին քաղաքականությունից, հեռանկարից: Նրանք չեն հետաքրքրում, ինտելեկտի ու տրամաբանության պահանջարկը զրո է: Ընտրողն ունի երկու հետաքրքրություն՝ փող ու զվարճանք: Փող տվեցին՝ կվերցնի ու անմիջապես կհետաքրքրվի՝ իրեն «գցե՞լ են»՝ ուրիշների համեմատ քի՞չ են տվել, թե՞ ազնիվ առևտուր է: Մի քանիսը տվեցի՞ն, ավելի լավ: Գիտակցության մեջ ամուր նստած է՝ մեկ է, ոչինչ չի փոխվելու, գոնե մի օգուտ լինի: ՈՒ սա մեկ օրվա, մեկ ամսվա, մեկ տարվա պատմություն չէ, որ ընտրարշավի մեկ ամսում ջնջվի: Բայց անխախտ պահանջատեր են՝ փող բաժանողն էլ, փող ստացողն էլ: Բաժանողն ուզում է, որ ոչինչ չփոխվի, ստացողն ուզում է, որ ամեն ինչ փոխվի, փողը նրանց միավորում ու դնում է նույն հարթության վրա՝ հանցանքի: Իսկ փողը, հայտնի է, հոտ չունի, հաշիվ է սիրում, մութ տեղ, սեղանին թողնել չի կարելի, նոր թղթադրամները նույն օրը ծախսել չի կարելի՝ գոնե մի գիշեր տանդ պիտի պահես, դրամապանակիդ մեջ դնես, ոչ թե գրպանդ լցնես, ոչ մի դեպքում չսուլես, երբեք մանրադրամդ չհաշվես, ու, չծիծաղեք, ավելն էլ տան մեջ կոթը ներքև պիտի պահեք, եթե ուզում եք՝ տանը փող լինի միշտ: Բայց ինչ էլ անես՝ ոնց գալիս, այնպես գնում է: Մնում են ճղճիմ թոշակները, անվայել աշխատավարձերը, գործազրկությունը ու թաքնված աշխատանքը, որի եկամուտները մնում են ստվերում, պորտաբույծի ու սպառողի հոգեբանությունը, որ ասում է՝ աշխատանք չես տալիս, փող տուր, բայց չի հարցնում՝ ինչո՞ւ դու միշտ աշխատանք ունես, ես ոչ, ո՞վ ես դու ու ո՞վ է քեզ իմ կյանքը տնօրինելու իրավունք տվել: Չի հարցնում, որովհետև ինքն էլ տվել է՝ այլ ակնկալիք չունենալով: Դեժավյու՝ ընտրությունից ընտրություն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Ինչո՞ւ: Որովհետև ինքնասիրություն չունենք, ամբոխահաճությունը գերադասում ենք ինտելեկտից՝ վերացնելով ինտելեկտի պահանջարկն էլ, առաջարկն էլ: Որովհետև մտածելը շքեղություն է, երբ սոված ես: Զոմբիացնում են՝ զոմբիանում ես: Խաբում են՝ խաբվում ես, մտքումդ քեզ պահելով խաբողի վրա ծիծաղելու իրավունքը, բայց մեծ հարց է՝ ով ում վրա է ծիծաղում: ՈՒ՝ ընդհանրապես ի՞նչն է ծիծաղելի: Քաղաքական ուժերը ինչ ասես կարող են ասել՝ իրենց իրավունքն է, իրենց խոսելու ժամանակն ու հնարավորությունը: Խորհրդարանական այս ընտրությունների ամենամեծ խնդիրը նրանք չեն, խնդրահարույցը ընտրողն է՝ միջին վիճակագրական հայը: Այլասերված, հուսահատ, անհավատ, ընչաքաղց, ամբոխի մակարդակի իջեցված ժողովուրդը, որ իդեալ չունի: Միակ հարցը՝ քանի՞ տոկոսն է այդպիսին, քանի՞ տոկոսին է հաջողվել ոչնչացնել իբրև անհատ ու քաղաքացի, քանի՞ տոկոսն է ինքնապահպանվել իբրև մտածող մարդ, ում հնարավոր չէ փայլուն ու գույնզգույն խաղալիքներով խաբել, որ պատրաստ է սոված ժամանակ ինքն իր համար սնունդ ստեղծել, ոչ թե սպասել՝ ով ինչ կտա: Ես չգիտեմ: Ով էլ թիվ ասի, չեմ հավատա՝ հարցումները ուղղորդում, ոչ թե վիճակագրում են: Ես ինձ իրավունք եմ վերապահում ՄՏԱԾԵԼ: Սոված լինեմ, ծարավ, թե քունս տանի: Դեմ եմ ամբոխին ու կողմ եմ անհատին: Ժպտում ու ծիծաղում եմ անկանխատեսելի ու անկառավարելի եմ ի ծնե, համարյա՝ շվեյցարացի: ՈՒ ի՞նչ: Չգիտեմ: Եթե ռեինկառնացիա՝ մինչև վերջ: Դեժավյուի դեժավյուն ելք չի թողել:

Դիտվել է՝ 1432

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ