Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մայր իմ անուշ ու անգին... Եղիշե ՉԱՐԵՆՑ

Մայր իմ անուշ ու անգին... Եղիշե ՉԱՐԵՆՑ
12.03.2017 | 15:54

Բաներ կան, որ մարդն աշխարհում ձեռք է բերում, մինչդեռ հարազատությունը ծննդի հետ քեզ տրված է։ Հազար տարի էլ ապրելու լինես, եղբայրը մնալու է եղբայր, քույրը` քույր, հայրը` հայր, մայրը` մայր։ Եվ ինչպես որ հույսի, հավատի, սիրո մեջ մեծը սերն է, այդպես էլ հարազատության մեջ մեծը մարդն է։ Մայրը մարդու համար, մարդու մեջ թե՛ միս-արյուն-մարմին է, թե՛ միտք-բանականություն է և թե՛ զգացմունք ու սեր։ Ծնվող երեխայի ճիչը, որ առաջին արձագանք-ձայնն է, մայրը լսելու է, մոր ուրախությունը սկսվելու է հավիտենական այդ լացի միջոցով։ Թեև լաց են ասում, բայց հիմքում ողջ մարդկության մեծագույն ծիծաղ-ուրախությունն է, երկրային մարդու աշխարհ գալու երկնային նշանն է այդ ճիչ-ձայնը, այդ ճչացող լացը։ Այնուհետև, երեխան, որ ծնվում է, առաջինը ցույց են տալիս մորը, որովհետև հարազատներից ոչ մեկը տվյալ պահին այդտեղ չի գտնվում։ Ասացի` երեխան աշխարհ է գալիս, մեղանչած չէի լինի, եթե ասեի` աշխարհն աշխարհ է գալիս, աշխարհը գեղեցկանում, հարստանում, իմաստավորվում է մի նոր աշխարհով. նոր աչք, նոր ականջ, նոր սիրտ, նոր կյանք։ Մայրը հիշելո՞ւ է իր տառապանքը, բոլորովին։ Տառապանք կոչվածը վերանալու է այնպես, ինչպես, ասենք, խավարն է ցրվելու լույսի հայտնվելու պարագայում։

Մոր տառապանքը, առհասարակ, այն տառապանքը չէ, որ մարդը, ուզած-չուզած, քաշում է մարմնավորների աշխարհում, մոր տառապանքը սուրբ է և մոր սրտի մեջ է։ Վահան Թեքեյան բանաստեղծն ասել է. «Ո՜վ կարդալ սիրտը գիտե»։ Ոչ ոք, բացի Աստծուց, որի հայացքը ո՛չ մարդու դեմքին է, ո՛չ դիրքին, ո՛չ հասակին, ո՛չ դավանանքին, ո՛չ ազգային պատկանելությանը։ Աստված նայում է մարդու սրտին։ Մոր տառապանք-սերը, ուրեմն իր խոսքով ու լայնքով, հայտնի է միմիայն Աստծուն։


Բանաստեղծներին գրեթե հաջողվել է իրենց սրտի սերն արտահայտել մայրերի նկատմամբ։ Դա հնարավոր է, որովհետև զգում ես և զգացածդ հաղորդելու միջոցն էլ ունես` լինի բանավոր կամ գրավոր խոսք, լինի երգ-երաժշտություն, լինի գեղանկար, լինի քանդակ։ Արի տես, մոր ոչ վիշտը թարգմանել և գրել, արտահայտել լինելու է և ոչ էլ ուրախությունը։ Քրքրիր համաշխարհային գրականությունը, կհամոզվես, մոր մորմոքը գիր դարձնողները հատուկենտ են։ Մոր մասին գրողները հազարավոր, բյուրավոր են, մինչդեռ մոր լեզվով ու սրտով խոսողները` հատուկենտ։ Խոսքը խոսք է, մայրը` մայր։ Երգը երգ է, մայրը` մայր։ Եթե մորը ծաղիկ պատկերացնելու լինենք, որքան էլ ճգնենք, բույրը ոչ գրչի միջոցով կարողանալու ենք հաղորդել և ոչ էլ վրձնի միջոցով։ Հայ գրականության մեջ, թերևս Հովհաննես Թումանյանին հաջողվել է դույզն-ինչ հաղորդակից դառնալ մոր վշտին։ «Քեզ ո՞վ ծեծեց, Մարո ջան,/Ո՞վ անիծեց, Մարո ջան,/Տուն արի, տուն, Մարո ջան...»։ «Անուշի» մեջ մի տող ունի. «Իմ գերեզմանը ինչո՞ւ ես խլում... դավաճան որդի»։ Տե՛ս, թե մոր սերը որտեղ է հասել, ինչպիսի բնույթ է ընդունել, որ մարդուն մեղադրելու է դավաճանության մեջ։ Դե արի և այս միակ բառի (դավաճանի) մեկնությունը տուր։
Վրացական մի կինոֆիլմ կա` «Զինվորի հայրը»։ Հայրը, զգալով, որ որդին զոհվել է, այլևս այս աշխարհում չէ, իր վերք-վիշտը մոռացած, գոռում, հառաչում է. «Ի՞նչ եմ ասելու մորդ»։ Կարծես, հայրը որդու ցավը թողած, իր ցավը թողած, պատերազմի պատճառած բոլոր ցավերը թողած, հայտնվում է մոր ցավի մեջ և տառապում հոգով։ Գիտե` բառ-բացատրությունը չի գտնելու, մխիթարելու միջոցը չի գտնելու, նույնիսկ տուն գնալու իրավունք էլ չի ունենալու։ Մայրը, թող թույլ տրվի ասել, մութ աշխարհ է։ Երեխան, աղջիկ երեխան, ծննդյան պահից իսկ, ավելին` մոր որովայնում իսկ, մոր պատկերով է, մայրությունը մեջն է։ Հետո կարող է երեխա ունենալ, չունենալ, միևնույն է, մայրն ու մայրությունը մեջն են, ներսում են, իսկ դրսում` մոր պատկերով է։


Մայրը մեծ` տարիքի առումով, կամ էլ փոքր լինո՞ւմ է։ Ասենք` ծեր է կամ էլ ջահել, միևնույնը չէ՞, նույն մայրը չէ՞։ Երբ որ Հովհաննես Շիրազի մայրը մահացել է, հարցնող եղել է` քանի՞ տարեկան էր։ Շիրազը տրտմել ու պատասխանել է. «Մայրս է մահացել»։ Այնպես որ, մայրը մայր է բոլոր տարիքներում, և երեխան էլ երեխա է` թեկուզ հարյուր տարեկանում։
Ասել եմ, գրել, եթե հայ գրականությունը (և ոչ միայն հայ) միայն մեկ բառով բնութագրելու լինենք, ապա այդ միակը «տունդարձ» բառն է։ Մենք բոլորս տուն ենք գնում` լինի ոտքով, լինի մտքով։ Գեղամ Սարյանը, որ Պարսկաստանից գաղթել, եկել էր Հայաստան, երգում էր, այդ երգն այսօր էլ երգում են և հավիտյան բոլոր սերունդները երգելու են. «Թռչեի մտքով տուն», /ՈՒր իմ մայրն է արթուն...»։ ՈՒրեմն, մայրն ու տունը միասնական են, մի են։ Մայրն է տունը տուն դարձնողը, տունը տուն է մոր շնորհքով։ Վահան Տերյանն ինչ է տեսնում` տեսիլքով տուն գնալիս. «Կարծես թե դարձել եմ ես տուն, /Բոլորն առաջվանն է կրկին, /Նորից դու հին տեղը նստում, /Շարժում ես իլիկը մեր հին...»։ Այնուհետև. «Նայում եմ, մինչև որ անզոր, /Գլուխս ծնկիդ է թեքվում, /Նորից ես մանուկ եմ այսօր, /Դրախտ է նորից իմ հոգում»։ Տերյանն իր նամակներից մեկում գրում է, որ քանի դեռ ինքը կա, ապրում է, իր մայրը լինելու, ապրում է: «Մայրս չի մեռել»,- ամփոփում է միտքը։


Երբ մի աղջկա շուրջ խոսում են, բարձրագույն գնահատականն է. «Մոր կաթ կերած է»։ Համո Սահյանն ասում էր. «Մոր կաթ չկերած երեխան արդեն խորթ է մորը»։ Ասում էլ էր` ամեն ինչ սկսվում է մոր կրծքի թրթիռից։ Ջիվանին, աստվածաշունչ աշուղ Ջիվանին, ընդամենը վեց տարեկան էր, զրկվում է հորից, մայրն էլ, գյուղի սովորության համաձայն, ամուսնանում է, գնում մեկ այլ գյուղ։ Վեց տարեկան երեխան կարոտով, ինչու չէ, նաև կսկիծով նայում է հեռացող մորը, այնքան նայում, մինչև մայրը ձուլվում է հորիզոնին։ Ջիվանին իրականում չի տեսել մոր խնամք, գուրգուրանք, բայց դա բոլորովին էլ չի խանգարել, որ նա աննախադեպ սիրով, գրեթե աննախադեպ, գովերգի մորը. «Ջուխտակ շամամներդ դրախտ ծոցիդ մեջ, /Կաթնաղբյուր են եղել ինձ համար, մայրիկ»։ Նույնիսկ լաց է լինում, որ մորը չի մխիթարել։ Հավատում, երգում էլ է. «Եղիր երկնքումը ինձ սատար, մայրիկ»։


Մայր բառն ինքնին սիրո աշխարհ է, կարծես ամենայն բարին բարուրած է այդ բառի մեջ։ Շառլ Ազնավուրը մի հոգեցունց երգ ունի, որը կարծես բովանդակում է մեկ բառ. «Մամա»։ Երգչի ձայն-մեղեդին է ու «մամա» կանչը։ Շահազիզն ի՞նչ է լսել, լսածն ի՞նչ է։ Ընդամենը «Մի անուշ ձայն», այն էլ` իր «ծերացած մոր մոտեն»։ Եվ ինչ է տեղի ունեցել. «Ծագեց նշույլ ուրախության»։ Հետո հետևել է ափսոսանքը. «Բայց ափսոս որ երազ էր»։
Մայր բառ-բնությունն այնքան ընդգրկուն է, որ Աստծո ստեղծած աշխարհ-բնությունը կոչում ենք մայր, մայր բնություն։ Իսահակյանն իր «Աբու-Լալա Մահարին» ավարտում է արևի գովերգությամբ` չմոռանալով մորը. «Դու միակ սուրբ, դու միակ բարի, մայրական դու գիրկ...»։
Հողը մայր չե՞նք կոչում։ Գետեր կան, բայց և կա մայր գետ։ ՈՒղիներ կան, բայց և կա մայրուղի։ Քաղաքներ կան, բայց և կա մայրաքաղաք։ Այնպես որ, տիեզերքը լցված է մայրությամբ։ Գարունը որ գարուն է, մոր հատկանիշներով է, ասել է թե` ծննդյան, ծլել, ծաղկելու, պտղակալելու, աճելու, բազմանալու խորհուրդն ունի։ Բոլորովին էլ պատահական չէ, որ մարտի 8-ը` որպես տոն` թե՛ գարնանային է, թե՛ մայրական։


ՈՒրեմն, ասենք, բանաստեղծի նման ասենք. «Դռները բացեք, գարուն է գալիս», ասել է թե` բնությունը, որ մայր է, վերստին մայրանում է, մեր մայրերը, որ երկնքում են ու նաև հողում, ծաղիկ-ծաղիկ աշխարհ են գալիս։ Մայրերը, ծաղկի տեսքով հայտնված մայրերը, մարմնով հողածին են, հողոտ են, հողեղեն, իսկ գույնով, բույրով երկնային են, երկնածին։
Սուրբ են աշխարհի բոլոր մայրերը, սուրբ են նաև նրանք, բոլոր նրանք, ովքեր մայրությունն իրենց մեջ պահում են սրբությամբ։ Սրբությունն է, որ մարդուն Աստծո մերձավորը դարձնելու է։ Լուռ մնա, որպեսզի լսես Աստծո ձայնը, որ նաև պատվիրան է. «Սուրբ եղեք, որովհետև ես սուրբ եմ»։


Հարություն ՀՈՎՆԱԹԱՆ

Դիտվել է՝ 17269

Մեկնաբանություններ