Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Եթե կամենում ես վրեժխնդիր լինել թշնամուց, նրա քթի տակ զարգացրու տնտեսությունդ»

«Եթե կամենում ես վրեժխնդիր լինել թշնամուց, նրա  քթի տակ զարգացրու տնտեսությունդ»
12.03.2017 | 15:57

«Իրատեսի» հյուրը բանաստեղծ, երաժիշտ, հեռուստալրագրող, առաջիկա ընտրություններում պատգամավորի թեկնածու առաջադրված ԱՐԱ ԱԼՈՅԱՆՆ է:

«ԻՄ ԱՌԱՋԱԴՐՎԵԼԸ ԹԻՄԱՅԻՆ, ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ Է ԵՎ ԱՄԵՆԵՎԻՆ ՉՈՒՆԻ ԱՆՁՆԱԿԱՆ, ՆԵՂԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՆԿՐՏՈՒՄՆԵՐ»


-Պարոն Ալոյան, Դուք՝ իբրև հեռուստալրագրող, ունեք բավական ընդարձակ լսարան, «Հ3»-ի եթերը հնարավորություն տալիս է ներկայանալու հանրությանն ու իրազեկելու մարդկանց Ձեր հայացքների, մոտեցումների մասին: Ինչո՞ւ եք ձգտում նաև օգտագործել ԱԺ հարթակը:
-Եթե անկեղծ, ապա պատգամավորական մանդատի համար չէ իմ բովանդակ պայքարը, հատկապես, երբ ՀՎԿ («Հայկական վերածնունդ» կուսակցության) համամասնական ցուցակում իմ դիրքերը, պատկերավոր ասած, «խոր թիկունքում են»: Իրականում իմ առաջադրվելը թիմային, գաղափարական համատեքստում է և ամենևին չունի անձնական, նեղկուսակցական նկրտումներ, չեմ ձգտում անհատական նվաճումների և հարմարավետության: Կյանքիս այս շրջափուլում պատեհություն է ստեղծվել, «Հայկական վերածննդի» հետ, մասնակից դառնալու նախընտրական գործընթացներին՝ գաղափարի ու գործի առանցքում ունենալով երկրի բարեփոխման, հասարակության առողջացման ու պետության զարգացման ազնիվ նպատակադրումը: Չորրորդ իշխանությունը (մեդիան), անշուշտ, առավել ընդարձակ լսարան ունի, բայց ՀՀ քաղաքացու իրական իշխանությունը հաստատելու համար մենք բերում ենք նոր ուղենիշ, նոր հրամայական և նոր քայլեր:
-Ինչպե՞ս եք վերաբերվում նախընտրական դաշինքներին, որոնք, որպես կանոն, կարճատև կենսագրություն են ունենում հետընտրական շրջանում:
-Այո՛, մեզանում դաշինքների, հատկապես ընտրություններից առաջ, ռուսի ասածով՝ «без пяти минут» ստեղծված պլատֆորմների գոյությունը կարճ է տևում, քանի որ երբեմն իշխանության հասնելու մոլուցքը կուրացնում է ոմանց, ականատես ենք լինում այնպիսի գոյացությունների և գործակցության, որը ոչ թե տարիներ, այլ ամիսներ առաջ անհամատեղելի ու անհնարին է թվացել դաշնակցող ուժերի՝ միմյանց հասցեին արված հայտարարությունների, անողոք քննադատության պատճառով:
Ինչևէ, որպես երևույթ, ցանկացած միավորում, համագործակցություն ուրախալի է, եթե միայն վերկուսակցական, վերանձնական ու վերնյութական տիրույթում է, և նպատակ ունի թշվառ վիճակում հայտնված ժողովրդին որևէ կերպ օգտակար լինելու: Ի դեպ, «Հայկական վերածնունդը» այդպիսի համախմբման յուրահատուկ դրսևորում է, մի քանի տասնյակ կազմակերպությունների, կուսակցությունների կոնսոլիդացիան վկայեց, որ ՀՎԿ-ում առողջ ու ողջամիտ ուժեր են, տիրում է գործակցության ու ժողովրդավարության մթնոլորտ, որի արդյունքում, չնայած երկամյա գոյությանը, «Հայկական վերածնունդը» լուրջ հաջողություններ գրանցեց համապետական վերջին ընտրություններում (2016 թ. ՏԻՄ ընտրություններ):

«ԳԼԽԱՎՈՐԱՊԵՍ ԵՎ ԳԵՐԱԶԱՆՑԱՊԵՍ ՀԱՋՈՂԵԼՈՒ ԵՆՔ, ԵԹԵ ԱՌԱՎԵԼ ՄԵԾ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵՆՔ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ»


-Բանաստեղծի, երաժշտի ստեղծագործ էությունը հնարավո՞ր է համադրել ոչ սակավ այն պատգամավորների գոյության հետ, որոնց գրագիտության ու տրամաբանության մակարդակը, մեղմ ասած, բոլորիս տարակուսանքն է հարուցում, և որոնց, կասկած չունեմ, դեռ չի սպառնում մեր տեսադաշտից անհետանալու, պատգամավորական պատմուճանով չներկայանալու վտանգը:
-Հայրենի պառլամենտական տարեգրությունը բազում օրինակներ ունի առ այն, թե ինչպես մտավորականությունը համագործակցել է կիսագրագետ օրենսդիրների հետ՝ նույն ԱԺ հարթակում: Նախորդ գումարման բոլոր հինգ խորհրդարաններում եղել են և՛ բարեխիղճ ու ինտելեկտուալ պատգամավորներ, և՛ սկանդալային, օդիոզ դեմքեր, և՛, ինչպես ասում են, «խուլ ու համր», ընդամենը «կոճակ սեղմող» ու ֆիզիկական ներկայություն ապահովող երեսփոխաններ: Սա նաև այլ խորաշերտեր ունի: Մեզանում դեռ ամբողջապես զարգացած չէ կուսակցական, օրենսդիր խմբակցական, իսկ լայն առումով՝ քաղաքական մշակույթը: Իբրև զարգացող երկիր՝ Հայաստանը բազում անելիքներ ունի ինչպես ԱԺ, այնպես էլ պետական ու հանրային կառավարման այլ ինստանցիաներում: Բայց գլխավորապես և գերազանցապես հաջողելու ենք, եթե առավել մեծ ուշադրություն դարձնենք գրագիտությանը, գրագետ քաղաքական գործիչներին, մտավորականությանը՝ մերժելով պատեհապաշտներին և քաղաքական ու այլ միջակություններին: Ի վերջո, առաջիկա ընտրությունները բախտորոշ են հենց Ձեր մատնանշած մտավախության առումով նաև: Երկրի կառավարակարգը փոխվում է, այո՛, բայց բովանդակության մեջ մարդկային ու մասնագիտական ռեսուրսն է, հետևապես, կոչ եմ անում բոլորին՝ ընտրություն կատարելիս հաշվի առնել, թե ով է հանրանպաստ օրենքներ մշակելու և պաշտպանելու ՀՀ քաղաքացուն, և ով է թաքնվելու այդ օրենքի ստվերում:
-Ձեր ֆեյսբուքյան գրառումները բավական առատ են և խոսուն: Վստահո՞ւմ եք այդ հարթակին:
-Բնույթով զգացավառ եմ, դյուրահավատ: Հաճախ եմ տուժում ամենահասության, վստահության պատճառով: Բայց՝ Տերը դատավոր: Եթե խոսում եմ, ուրեմն անկեղծ եմ ու բաց, մեղավոր էլ լինեմ՝ հասցեական, փախչելու, երկնչելու առիթ չունեմ:

«ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԵՐԱԾՆՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է՝ ԲՈԼՈՐ ԱՌՈՒՄՆԵՐՈՎ»


-Ինչպիսի՞ Հայաստան եք երազում, և եթե դառնաք պատգամավոր, Ձեր գործնական քայլերով հնարավո՞ր եք համարում այդ երազածին հասնելու կամ գոնե մոտենալու հնարավորությունը:
-Իմ Հայաստանը վերածնված Հայաստանն է՝ բոլոր առումներով: Իմ Հայաստանի հերոսը հայն է, իսկ Հայաստանի սահմանները սկսվում են հայ զինվորի ոտքի տակի փոքրիկ ու սրբազան հողակտորից և ձգվում, հասնում են հայաշատ, հայաներկա բոլոր եզերքները՝ բիբլիական մեր երկրից մինչև օվկիանոսից անդին:
-Մեր երկրի ներքին կյանքը որքանո՞վ է դեր խաղում արտաքին թշնամու դեմ առճակատումների և դրանց ելքի հարցում:
-Աշխարհը փոխկապակցվածության մեջ է: Ներքին հիմնախնդիրները խոցելի են դարձնում նաև արտաքին բևեռներում: Գենետիկորեն և պատմականորեն մենք հաղթող տեսակ ենք: Եվ սա բաժակաճառի ժանրից չէ, այլ ամրագրված է պատմությամբ: Վկան՝ ապրիլյան վերջին պատերազմը, վկան՝ օրերս թշնամու հերթական ձախողումը սահմանին՝ մարդկային ու այլ կորուստներով: Բայց ես խաղաղություն եմ սիրում, ես ՝ իբրև քրիստոնյա տեսակ, անրջում եմ մեր ժողովրդի անվտանգ ու ծաղկուն վաղվա մասին: Իսկ դրա համար պետք է նաև առաջին հերթին կարգավորել մեր տունը, սահմանել խաղի արդար կանոններ, և արդյունավետ, կենսունակ համակեցության շնորհիվ հնարավոր է նաև դիմագրավել ցանկացած դժվարության և փորձության: Հավանաբար, հիշում եք Պերճ Զեյթունցյանի հայտնի միտքը. «Եթե կամենում ես վրեժխնդիր լինել թշնամուց, նրա քթի տակ զարգացրու տնտեսությունդ»:
-Ի՞նչ եք կարծում, որևէ պետության համար ավելի մեծ դժբախտություն է վատ իշխանությո՞ւն ունենալը, թե՞ ձևական, պատվիրված ընդդիմություն:
-Մեկը մյուսից արգահատելի և վնասակար է: Ճշմարիտ մարդու, քաղաքական ուժի պայքարը չի ավարտվում ո՛չ իշխանության, ո՛չ էլ ընդդիմության մեջ: Ցանկացած քաղաքական կազմակերպություն ձգտում է իշխանության, որպեսզի կյանքի կոչի իր նպատակները, ծրագրային դրույթները, բայց դա ինքնանպատակ չէ: Պետք է ընտրողին, քաղաքացուն մեծարել, աջակցել՝ անկախ կարգավիճակից, մի բան, որ տարիներ ի վեր ապացուցել է ՀՎԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: Հուսանք, որ մեզանում ազնիվ ու պետական մտածողությամբ գործիչների տեսակար կշիռը բարձրանալու է, և երկրում լինելու է առողջ համագործակցության աննախադեպ միջավայր՝ հանուն համահայկական ընդհանուր նպատակների, հանուն փոփոխության և հանուն վերածննդի:

Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1575

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ