ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Ընտրակաշառքը ո՞ւր է մեզ տանում` դժո՞խք, թե՞ դրախտ

Ընտրակաշառքը ո՞ւր է մեզ տանում` դժո՞խք, թե՞ դրախտ
12.03.2017 | 15:59

ՑՈՒԳՑՎԱՆԳ


Գարո՜ւն է։ Սույն ապաքաղաքական իրողությունն անկարող է ժխտելու անգամ ՕՐՕ դաշինքը։ (Տիար Գեղամյանը գրեթե համոզված է, որ գարունը վերջապես մայրաքաղաք ժամանեց, որ շուք հաղորդի խորհրդարանական ընտրարշավին։ Կեցցե՛ս, Արտաշես)։ Դաշինքներն ու կուսկառույցները գունդ առ գունդ, բանակ առ բանակ և աշխարհազոր առ աղանդազոր նետվում են գաղափարական ձեռնամարտի։ Բայց այս պահին հարց է ծագում. ինչո՞ւ անտեսվեց հողմաղացյան վսեմ առաջարկս` Հայաստան ներկրել նախընտրական ջրային ատրճանակներ և դրանցով զինել առաջադրված քաղմարմիններին։ Նրանք միմյանց քաղահաբեկման կենթարկեին ջրաշթերով։ Նախ` ջրաշիթն իսկույն կմարեր թեժացած կրքերը, հետո այն կզվարճացներ ընտրարշավի բոլոր մասնակիցներին, հետո կջրցաներ շրջապատը և, վերջապես, յուրօրինակություն կհաղորդեր այս արշավին ընտրական։ Ինչևէ, առջևում մեզ սպասում են նվիրական օրեր, որոնք արդեն մայիս վարդաշուրթ ամսին դառնալու են պատմություն։ Եվ տիարք ու տիկնայք համամասնականներն ու վարկանիշավորվածները պետք է քաջ գիտակցեն` այսօր-վաղը ներխուժում են հայոց պատմության հերթական հատորի ծալքերի մեջ կա՛մ որպես հերոս, կա՛մ էլ հակահերոս։

Անցնենք օրվա բուն խնդրին, որն արտացոլված է վերնագրում, սակայն մի փոքր հապաղենք և ունկնդրենք ո՛չ օդիոզ, և ո՛չ էլ մականունակիր պետայր, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար տիար Վահրամ Բաղդասարյանին. «Մենք ունենք լուրջ բացթողումներ, և մենք պետք է առաջ շարժվենք` դաս քաղելով սխալներից, և կարողանանք ստեղծել այն ապագան, որը պատկերացնում է մեր հանրությունը մեզ հետ միասին»։ Կեցցե՛ս։
Ինքս ուսս որպես վահան հրամցնում եմ տիար Վահրամի «դաս քաղելուն» և պաղատում եմ, որ վերջնականապես արդարացնենք Հաց բերողին, զի Հաց բերողին ազատողի հացը երբևէ չի պակասի։ Ե՛վ մեր, և՛ ձեր սեղաններից։ Ամեն։

«ԽԱՉՀԱՄԲՈՒՅՐ ԼԱՎԱՇԻ» ԱՊՏԱԿՆԵՐԸ Ե՛Վ ԱՋ, Ե՛Վ ՁԱԽ


Հուսամ, որ պատվարժան ընթերցողներս հենց նյութի անվանումից կռահել են, որ իրենց հեզ ծառան պատերազմ է հայտարարում ընտրակաշառքին, այս աղետալի աղտոտության ցանկացած դրսևորմանն ու եղանակին։ Եթե անգամ այն ներկայացվում է որպես ընչազուրկ խավի սատարում` ձրի լավաշի տեսքով։ Եվ շարվեշարան ու օրնիբուն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընչազուրկ-երախտագետները երեքական լավաշ ձեռք բերելու հույս-հավատով հերթի են կանգնում երկրիս թերևս ամենացցուն օդիոզ մականունակիր-մանդատավորի հերթական վաճառատան առջև, մայրաքաղաքի գերբանուկ մի հատվածում։ Հերթի են կանգնում խոնարհ և լուռ, հեզ ու նազուկ և սպասում են իրենց ժամին` երբ կբացվի դռնակն հուսո, և լավաշը ցորնամորթ, լավաշը կարմիր մագաղաթ, վերջապես` լավաշ հացը հանապազօր ու անվճար, կտանեն տուն։ Եվ տանը կրկին կվառվեն տոնական լույսերը, և նախա՛-նախա՛-նախընտրական լավաշները կլուսարձակեն` ինչպես դալուկ խնկամոմը մութ գավիթում։

Անշուշտ, կարող եք հանդիմանել ծառային ձեր հեզ, թե տիար Ալեքսանյան Սամվելը շուրջ 5 տարի է, ինչ 400 ընչաքաղց ընտանիքների սնուցում է 3-ական անվճար լավաշով։ Համաձայն եմ, որ նշյալ լավաշանվիրաբերումն անմիջական կապ չունի 2017-ի խորհրդարանական ընտրության հետ, այլ ունի գերանմիջական կապակցում։ Զի մի քանի հարյուր լավաշաուզվորներ խնկարկում են տիար Լիմինդրովիչին օրնիբուն և անգամ հանուն նրա հարբուխի վերացման պատրաստ են ընտանյոք հանդերձ ինքնահրկիզվելու։ Այնպես որ, գերհարգարժան Ալեքսանյան, պաղատում եմ, որ չվարակվես հարբուխով։ Սակայն չհեռանամ ներկա օրվա իմ բուռն մտատանջանքից և հրովարտակեմ, որ թե՛ Ալեքսանյանը, թե՛ մյուսները մեր գերազատական ու վերջնագրորեն խեղանդամված հասարակարգի կենաց ծառի վարակակիր սաղարթն են, ոչ թե նեխած արմատը։ Զի նրանց է անհայտ ձեռքով, կրքոտ սրտով և հուդայական առաջնորդությամբ ի տնօրինում հանձնված մի ողջ երկրի գոյիմաստի չափագրումը` հորիզոնական հարթություններում և ուղղահայաց ձորակիրճերում։ Դե նրանք էլ, ճարնե՞րն ինչ, չափագրում են երկիրն ու մեզ հեզ ու հլու։ Այո՜։

Բավ է, հասունացել է պահը փարվելու մեր իրական հակահերոսներին` ընտրակաշառմանը վաղո՜ւց վարժեցված և հոգու ընդերքում սույն աղետը սրբագրած ժողովրդի մի հատվածին, այս դեպքում էլ լավաշային մուրացիկներին։ Որքա՞ն է շահում երեք լավաշ տուն հասցնող ընտանիքը, ամսական երևի մի 10 հազար դրամ։ Հանուն որի հերթ են կանգնում 4-5 ժամ։ Եվ ամեն օր։ Սույն ուխտավորները խիստ օրինապահ են և աննկուն։ Եվ ժամանակն է արժանին մատուցելու նրանց, որպես եզակի բարոյահոգեբանական (գուցե նաև` պատմամշակութային) երևույթի, զի հայերս չէ՞ որ անհայտ հերթախախտողներ ենք, անհամբեր ենք և վազանցող։ Հայտնի է, որ ԽՍՀՄ-ի կենդանության տարիներին Լենինի դամբարանի օրթոդոքսալ հերթը երկու հայորդի են փորձել խախտել։ Անգամ ծննդատան առջև ենք հերթը խախտում, որը, ինչ խոսք, հասկանալի է։ Բայց ատամնաբուժարանի դռան առջև հերթ խախտելն արդեն 3D ձևաչափում պետք է փնտրել։
Մի խոսքով «խաչհամբույր լավաշները» ապտակում են լավաշամուրյալների աջ, այս խայտառակ դիվախաղը ծրագրող և իրականացնող սուբյեկտների ձախ այտերին։

ԳԱԶԱՆԻ ՄԱՀՆ ՈՒ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆԸ


Մեծն Վիլյամ Սարոյանը` սեգ ու վսեմ, մի առիթով ահա թե ինչ է ասել. «Իմ պայքարը մարդու դեմ չէ, այլ նրա մեջ եղած գազանի, որն առաջին հերթին ուզում եմ իմ մեջ ոչնչացնել»։ Այսօր մեր սրտերում ընտրակաշառքի գազանն է արթնացել և հմայում է մերկապարուհու բիրտ կոնքերի գալարումներով, քանզի պորտապարի ռիթմերով «Նազ» պար են բռնել ընտրարշավորդ տիարք և տիկնայք։ Կարգախոսների և նշանաբանների տեսականին բազմափորձ է և խփում է մեր սրտի գլխավոր, վրեժխնդիր լարին, ահա թեկուզ այս մեկը. «Վերցնենք փողը, շնից մազ պոկելը խեր է»։ Պարզ է, որ նշյալ «շունը» և նրա «մազը» օրվա բարդ ու անհամ խնդիրներն են։ Ոմանք այս խայծը կուլ են տալիս մեծ բավականությամբ, բանականությունը խցկելով բարոյականության ամենամթին խորշի մեջ։ Այստեղ, ինչ խոսք, վրիժառության ակնհայտ ական կա դրված, զի նախասահմանված է, որ իշխանությունները վերջին հինգ տարիներին հասարակությունից կորզածի 0,1 տոկոսն են վերադարձնում-ընտրակաշառում, գալիք հինգ տարում բազմապատկելով գողոնը։ Արժե՞ ջուր լցնել իշխանախմբային ջրաղացների ակունքի մեջ։ Դիցուք, բազմանդամ և ավանդասեր Հայկազյան ընտանիքին 7 ձայնի դիմաց առաջարկում են 107 հազար դրամ։ Գուցե` քիչ էլ ավելի։ Հայկազյանները 107 հազարով, դիցուք մուծում են կոմունալ վճարները։ Բայց չէ՞ որ այս ընտանիքի 7 չափահաս անդամներից 4-ը հավերժական գործազուրկ են, ընտանիքը տնքում է վարկային բիրտ բեռան տակ և այսպես շարունակ։ Հայկազունները, ինչ խոսք, խորապես համոզված են, որ կա՛մ գործող իշխանախումբը (գլխավորությամբ ՀՀԿ-ի) պետք է լքի ասպարեզը, կա՛մ էլ պետք է ոտնիգլուխ դարձի գա։ Երկու դեպքում էլ ՀՀ բոլոր հայկազունների խնդիրը մեկն է` իսպառ մերժել ընտրակաշառքը, այսինքն` չմասնակցել աղետալի գործարքին և դրանով իսկ պարտադրել իշխանական այր ու տիկնանց վերջապես մարդավայել կառավարել երկիրը։ Հեքիա՞թ է։ Գուցե։ Սակայն եթե ավելի գործնական առաջարկներ ունեք, պաղատում եմ, ներկայացրեք։ Այստեղ թույլ տվեք թեկուզ ծամծմված, այսուհանդերձ, ճշմարտահոտ մի ֆարս ներկայացնել։ Դիցուք, տեղական իշխանիկ Զ.-ն բախում է դուռս, կիսում է հացս, շենք-շնորհքով զրույցի է նստում և լուծում է անլուծելի գերխնդիրս` մուծում է վարկիս մնացորդը, մի քանի հարյուր դոլար, և, հավաստագիրս գրպանելով, լքում է մարտի հաղթական դաշտը։ Մեր ձայներն իրենն են։ Այժմ մի բարոյագեղագիտական զեղմամբ ավարտենք սույն անգո եղելությունը։ Եթե, դիցուք, երեք ամիս անց ես տիար Զ.-ին դատափետեմ մասրենու փշոտ ճյուղերով, այսինքն` հրապարակավ պահանջեմ, որ տեր կանգնի յուր նախընտրական բոլոր խոստումներին Ա-ից մինչև Ֆ, ո՞ւմ կհամարեք բարոյազուրկ, ի՞նձ, թե՞ Զ.-ին։ Արդարացում չկա, փախուստ նույնպես։ Զ.-ն գնել է իմ ձայնը, և ես ձայնազուրկ եմ, ինչպես ձայնազուրկ են աղանդավորները, հասարակաց տան զորակազմը և, ինչու չէ, ՀՀ բոլոր քաղմարմինների անխտիր բոլոր կուսանդամները` իրենց քաղառաջնորդների հերթական-պատմական ելույթի պահին։

ՀԵՏԳՐՈՑ-ՄՐՈՑ


Համոզված եմ, որ ընտրակաշառքը զրնգում է 30 արծաթի լրբանուրբ ձայնով։ Չեմ կասկածում, որ կաշառվածը չի գիտակցում, որ ինքը մեղք է գործում, խախտում է պատվիրանը («Մի՛ գողանա») և մեղքի մեջ կապանքում է կաշառատուին։ Արդ, արթնացեք և ոչնչացրեք ձեր միջի գազանին։
Զինչե՞ր ցուցանեցին առակներն այս Աստծո գառներին և մոլորյալներին։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2047

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ