Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ինչպես ջուրը և հուրը չեն կարող միասին լինել, այնպես էլ Աստծո սերն ու աշխարհի սերը չեն բնակվում մեկ սրտում

Ինչպես ջուրը և հուրը չեն կարող միասին լինել, այնպես էլ Աստծո սերն ու աշխարհի սերը չեն բնակվում մեկ սրտում
12.03.2017 | 16:03

Ի՞նչ սահմաններ է գծում այն` մեղքի հետագիծը, կյանքի և մարդու, Աստծո և մարդու, մարդու և մարդկայինի միջև:
Որտեղի՞ց են սկսվում դավաճանությունը և անհավատարմությունը կյանքին, Աստծուն և պարզապես մարդկայինին, ի՞նչն է «ստիպում» մարդուն դառնալ անբարի և անբարո, դառնալ ոչ մարդ. անթույլատրելիի արգելքը և անհասանելիին սեփական ուժերով հասնելու անիրագործելի ձգտո՞ւմը, թե՞ ինքնաճանաչողության պակասը և սխալ գնահատված լինելու սևեռուն մտածումը: Ինչն էլ որ լինի մեղքի սկզբնապատճառը, այն չունի արդարացում և գոյության որևէ իրավունք: Այնուամենայնիվ, այն ոչ միայն գոյություն ունի մեր կյանքում, այլև ապրում է մեր հաշվին, և նույնիսկ կարելի է ասել, մեր փոխարեն: Եվ, ապրելով մեր փոխարեն, մեղքը խլում է մեզնից մեր հետագա լինելության բոլոր հնարավորությունները, որովհետև բաժանում է մեզ կյանքի աղբյուրից` Աստծուց:


Իհարկե, վերն ասվածը ի զորու է ազդելու միայն այն մարդկանց վրա, ում համար Աստված և նրա Խոսքը անժխտելի հեղինակություն են, այն մարդկանց վրա, ովքեր չեն մարում շնորհի Հոգին, մյուս բոլորը կարող են հանգիստ թողնել կարդալը և շարունակել «ապրել իրենց կյանքը»:
Ի սկզբանե Աստված մարդուն ստեղծեց Իր պատկերով և նմանությամբ, որպեսզի մարդը Իր հետ կապվի ընտանի և հարազատ մտերմությամբ, խոսի Իր հետ, վայելի Իր ստեղծած տիեզերքը, սակայն մարդը դավաճանեց Աստծուն և փոխանակեց նրա սերը աշխարհի անցողիկ վայելքներով և սին փառքով: Բայց և այնպես, Աստված միշտ էլ գտել և գտնում է Իրեն հավատարիմ մնացած պարզ հոգիներ, նրանց մեջ է տեսնում մարդկության փրկության Իր ծրագրի իրագործման հնարավորությունն ու իմաստը, և նրանց շնորհիվ է, որ երկրագունդը դեռևս պտտվում է: Մարդը դավաճանում է ո՛չ միայն Աստծուն, սակայն այդ դավաճանությունից են սկիզբ առնում մյուս անհավատարմությունները` հանդեպ սեփական սկզբունքները, սեփական մարդկային նկարագիրը, սեփական ընտանիքը: Աստծուց հեռանալուց հետո է միայն, որ մարդը առանց խղճի խայթի անտեսում է իր պարտականությունները և ոտնահարում է ուրիշի իրավունքները, վերածվում է բարոյազուրկ և, ըստ էության, անմարդկային, խղճուկ մի գոյության:


Ցավալի է, բայց փաստ, որ մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ պղծությունը հրամցվում է իբրև սուրբ և անմեղ մի բան: Այսօր աշխարհում չկան սևն ու սպիտակը տարբերելու չափանիշներ, այսօր աշխարհի համար ճշմարտությունը ոչ թե աշտանակ է ու պատվանդան, այլ ծածկոց է ու վարագույր, որի հետևում խնամքով ու հետևողականորեն փորձում են թաքցնել աշխարհի բուն էությունը: Սակայն եթե աշխարհը անսկզբունք ու անչափանիշ է և իր սեփական դեմքը ծածկում է «ճշմարտանման» դիմակով, ապա Եկեղեցին նույն այդ աշխարհին նայում է պարզերես և հռչակում է իր ճշմարտահիմն և ճշմարտակիր լինելը, ճշմարտություն, որ Աստծո Խոսքն է` Հիսուս Քրիստոս, «Ով եղավ մեզ համար Աստծուց եկած իմաստություն, արդարություն, սրբություն և փրկություն» (Ա. Կորնթ. 1.30): Քրիստոս այն անսահման սերն է, որով Աստված մեզ սիրեց և ներեց մեր մեղքերը. «արդարև, մինչդեռ տկար էինք, Քրիստոս, ճիշտ ժամանակին, մեզ՝ մեղավորներիս համար մեռավ» (Հռոմ. 5.6): Մենք պետք է փորձենք հասկանալ, «թե ի՛նչ է լայնությունը, երկարությունը, բարձրությունը և խորությունը, այսինքն՝ ճանաչենք Քրիստոսի սերը, որ գերազանց է, քան ամեն գիտություն» (Եփես. 3.18-19), «որովհետև Քրիստոսի սերը ստիպում է մեզ քննելու այս բանը, որ, եթե մեկը բոլորի փոխարեն մեռավ, ապա ուրեմն բոլորը մեռած էին. և Նա մեռավ բոլորի համար, որպեսզի նրանք, որ կենդանի են, միայն իրենց համար կենդանի չլինեն, այլև Նրա համար, Ով մեռավ և հարություն առավ իրենց համար» (Բ. Կորնթ. 5.;14-15): Իսկ ո՞ւմ սիրեց Աստված, և ո՞ւմ համար էր, որ մեռավ Քրիստոս: Դավիթն իր սաղմոսներում ասում է. «Անզգամն ասաց իր սրտում, թե՝ չկա Աստված. ապականվեցին ու պղծվեցին իրենց անօրենության մեջ, և չկա մեկը, որ բարություն գործի: Տերը երկնքից նայեց բոլոր մարդկանց որդիներին՝ տեսնելու, թե կա՞ մի իմաստուն, որ Աստծուն փնտրի: Բոլորը խոտորվեցին, միասին անպիտան դարձան. բարություն անող չկա, ոչ իսկ մեկ հոգի» (Սաղմ.13.1-3): Այսինքն, Քրիստոս մեռավ և հարություն առավ Աստծուն փնտրող և բարություն անող, այն է` բարի մարդու համար, «որովհետև արդար մարդու համար հազիվ թե մեկը մեռնի, բայց բարի մարդու համար թերևս մեկը համարձակվի մեռնել» (Հռոմ. 5.7):


Եթե մենք իսկապես փնտրում ենք Աստծուն և ցանկանում ենք չբարոյազրկվել, ապա պետք է չսիրենք աշխարհը (աշխարհ ասելով պետք է հասկանալ Աստծուց հեռացնող սխալ սկզբունքները, սխալ դաստիարակությունը և չար օրինակները` մի կողմից, և ճշմարիտ աստվածապաշտության դեմ հալածանքներն ու ճնշումները` մյուս կողմից), որը խորհրդանշում է Աստծուն հակառակվողներին և նրանց իշխանին. «Շնացողնե՛ր, չգիտե՞ք, որ սերը այս աշխարհի հանդեպ թշնամություն է Աստծու դեմ, քանի որ, ով ուզում է աշխարհը սիրել, Աստծուն իրեն թշնամի կանի» (Հակոբոս. 4. 4): Մեղքը սխալ նպատակակետի ուղղված սերն է:
Քրիստոսով սկսվեց Այսօրը, այն ժամանակը, երբ մեզ հնարավորություն է տրված աշխարհի հանդեպ մեր մեղավոր սերը փոխելու Աստծո և Նրա «ազատության կատարյալ օրենքի» (Հակ.1.25) հանդեպ օրինական սիրով: Այնպես որ, «Այսօր, եթե Նրա ձայնը լսեք, մի՛ կարծրացրեք ձեր սրտերը» (Եբր. 4.7), որպեսզի կարողանաք շիտակ նայել ձեր սիրելիների և հենց ձեր աչքերին:

Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 1500

Մեկնաբանություններ