Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է պատրաստում Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ Ռուսաստանի հետ կապերի ամրապնդման գործում նրա դերի և ժողովրդավարական ճանապարհից երկրի հեռանալու հետ կապված: ԱՄՆ-ի վարչակազմի աղբյուրները նշում են, որ Իվանիշվիլիի գործողությունները նպաստում են ռուսական շահերին և խաթարում են Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումները:               
 

«Դեմիրճյանը մշտապես որոնումների մեջ է եղել, ելքեր է փնտրել իր ազգի համար ստեղծված բարդ կացությունից»

«Դեմիրճյանը մշտապես որոնումների  մեջ է եղել, ելքեր է փնտրել իր ազգի համար ստեղծված բարդ կացությունից»
12.03.2017 | 16:13

Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցան գիտաժողով և ժամանակավոր ցուցահանդեսի բացում՝ նվիրված Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան 140-ամյակին:
Ցուցահանդեսի նյութերը ներկայացնում են Դերենիկ Դեմիրճյանի կենսագրության, ստեղծագործության ուշագրավ, նորահայտ էջերը, ինչպես և գրողի տուն-թանգարանի գործունեությանն առնչվող նմուշներ: Գիտաժողովի ծրագրում ներառված էին զեկուցումներ, որոնք վերաբերում են Դերենիկ Դեմիրճյանի կյանքի և ստեղծագործության տարաբնույթ դրսևորումներին։


ԳԱԹ թատերական բաժնի վարիչ ՆԱԻՐԱ ՇԱՀՎԱԼԱԴՅԱՆԻ զեկուցումը նվիրված էր Դեմիրճյանի թատերագիտական հայացքների ուսումնասիրությանը: Բանախոսը նշեց, որ հայ թատրոնին և դրամատուրգիային մեր գրողներից շատերն են անդրադարձել` Պերճ Պռոշյանը, Գաբրիել Սունդուկյանը, Հովհաննես Թումանյանը, Վրթանես Փափազյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Հովհաննես Հովհաննիսյանը, Մուրացանը, սակայն այս շարքում, դրամատուրգիական և բեմական արժեքի ըմբռնման տեսանկյունից, Դերենիկ Դեմիրճյանն առանձնանում է. «Դեմիրճյանը լավ է պատկերացրել դրամատուրգիայի և թատրոնի առանձնահատկությունները, և այդ իմացությունը դրսևորվել է ոչ միայն գրողի դրամատիկական երկերում, այլև քննադատական, հրապարակախոսական հոդվածներում, նաև՝ զեկույցների, ելույթների ու քննարկումների ժամանակ: Լևոն Քալանթարի, Արմեն Գուլակյանի, Վարդան Աճեմյանի, Վաղարշ Վաղարշյանի, Մկրտիչ Ջանանի, Վահան Թոթովենցի, Տիգրան Հախումյանի հետ Դեմիրճյանը մշտապես մասնակցել է ներկայացումների քննարկումներին»: Ն. Շահվալադյանի բնորոշմամբ` Դերենիկ Դեմիրճյանի դատողությունները` բեմական խոսքի, բնավորության, գրական հիմքի, խաղային տարերքի, չափի մասին, քննում են դերասանի արվեստի բնույթը, հարստացնում թատերագետի, դրամատուրգի տեսական գիտելիքները, գործնականում օգնում դերասանին, ռեժիսորին հմտանալու մասնագիտության մեջ. «Դեմիրճյանը հայտնի է որպես պոետ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս: Չի խոսվել նրա թատերագիտական հայացքների մասին, որը մեկ քննախոսությամբ ամփոփել հնարավոր չէ: Թեման ծավալուն է և բազմակողմանի ուսումնասիրություն է պահանջում»:


Կինոգետ, արվեստագիտության թեկնածու, ԵԹԿՊԻ-ի դոցենտ ՍԻՐԱՆՈՒՅՇ ԳԱԼՍՏՅԱՆՆ անդրադարձավ դեմիրճյանական էկրանավորումներին: «Քաջ Նազար» թատերգության էկրանավորման առնչությամբ նշեց, որ ինչպես հայ ժողովրդի ստեղծած հեքիաթը, այդպես էլ Դեմիրճյանի համանուն պիեսը բոլոր ժամանակների համար է և ինչ-որ իմաստով` աշխարհի գրեթե բոլոր իշխանավորների մասին. «ՈՒստի, հատկապես Դեմիրճյանի այս գործի արդիականությունն ակնհայտ է և մեր օրերում: Պատահական չէ, որ 2014-ին այն իրեն հատուկ ազատ-փորձարարական ոճով նկարահանեց Արմեն Ռոնովը»: «Քաջ Նազարը» էկրանավորել է Ամասի (Համասի) Մարտիրոսյանը` 1940 թվականին: Ստալինյան ռեպրեսիաների դաժանագույն շրջանում գործին անդրադառնալու նրա համարձակությունը և, առհասարակ, ֆիլմի հայտնվելու փաստը կինոգետը ապշեցուցիչ է համարում, ընդգծում է նաև, որ ռեժիսորի հետ, սցենարի վրա աշխատել է նաև երկի հեղինակը` Դերենիկ Դեմիրճյանը: Ս. Գալստյանը խոսեց նաև «Պույ-պույ մուկիկը» չափածո հեքիաթի անիմացիոն տարբերակի մասին, որը 1971-ին նկարահանել է Ռաֆայել Բաբայանը, և Դեմիրճյանի մեկ այլ ստեղծագործության մասին, որը կարող էր էկրանային կյանք ունենալ, սակայն սկսվում է, կինոգետի բնորոշմամբ, խորհրդային կինեմատոգրաֆիայի ամենատխուր փուլերից մեկը` «սակավաֆիլմության» շրջանը, Մոսկվայից հաղորդում են, որ միութենական բոլոր ստուդիաների արտադրական պլանը խիստ կրճատվելու է, իսկ Վարդան Մամիկոնյանի մասին ֆիլմի աշխատանքները դադարեցվելու են:


Գրականագետ, բ. գ. թ., դոցենտ ԱՆԻ ՓԱՇԱՅԱՆԸ, խոսելով Դերենիկ Դեմիրճյանի արձակի ռիթմի մասին, նշեց, որ Դեմիրճյանի արձակը խիստ ինքնատիպ տիրույթ է հայ գրականության համապատկերում, որտեղ առանձնանում են ոչ միայն պատմողը կամ պատմվողը, այլ նաև պատկերների կյանքը, ավելի ճիշտ՝ ռիթմականությունը: «Քննելով Դեմիրճյանի ստեղծագործությունների ռիթմը՝ կարելի է տարբերել և հակադրել դրանք միմյանց: Իրենց ռիթմական պատկերով հակադրվում են ոչ միայն առանձին ստեղծագործություններ, այլև հերոսներ, բնության փոփոխություններ, ձայներ, բույրեր, պատումային իրադրություններ: Հստակ տարբերություն կարելի է տեսնել, ասենք, «Գիրք ծաղկանց» վիպակի և «Ավելորդը», «Սեփականություն», «Խանութպան», «Իրեր», «Չարգյահ» պատմվածքների ռիթմերի միջև: Եթե «Գիրք ծաղկանց»-ում և «Ավելորդ»-ում իշխում է անկանոն և անհանգիստ շնչառությամբ ռիթմը, ապա «Սեփականություն» պատմվածքում՝ հանգիստ և խաղաղ ընթացքը, չնայած այստեղ էլ տեղի են ունենում ոչ պակաս դրամատիկ իրադարձություններ»:


Պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող ՀԱՄՈ ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆ ասաց, որ խորհրդային վարչակարգի օրոք Դերենիկ Դեմիրճյանը խուսափել է դաշնակցությանն անդամակցելուց և Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում իր ծավալած գործունեության մասին բարձրաձայնելուց, սակայն վերջին տարիներին հայտնաբերված փաստաթղթերը նոր լույս են սփռում այս հարցերի վրա: «Դ. Դեմիրճյանի հասարակական-քաղաքական գործունեության հաջորդ դրվագը, որը դուրս է մնացել նրա գիտական կենսագրությունից, վերաբերում է 1918 թ. մայիսին Երևանում նրա իրականացրած գործունեությանը: Հայության համար բախտորոշ այդ օրերին, երբ մեկ բռունցք դարձած հայությունը Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում կենաց ու մահու պայքար էր մղում թուրքական բանակների դեմ, Դ. Դեմիրճյանն այն գործիչների թվում էր, որ հրապարակային ելույթներով հաղթական մարտերի էր կոչում հայ զինվորներին ու աշխարհազորայիններին: Այս փաստի մասին առաջին անգամ մեզ հայտնել է գրողի զարմիկ, պ.գ.դ. Վ. Հ. Մելիքյանը»,- ասաց բանախոսը:


«1915 թվականի Հայոց ցեղասպանության թեման տարատեսակ դրսևորումներով արծարծվել ու արծարծվում է հայ, ինչպես և օտարազգի բազմաթիվ գրողների ստեղծագործություններում: Նրանցից մեկն է Դերենիկ Դեմիրճյանը»,- ասաց Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ ԿԱՐԻՆԵ ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ, նշելով, որ «Ավելորդը», «Ժպիտը», «Աստծո տանը», «Գիրք ծաղկանց» պատմվածքներում Դեմիրճյանը գրում է Հայոց ցեղասպանության, հայ ժողովրդի հարկադրյալ տեղահանության, դժնի քարավանաերթերի, ապրած արհավիրքի թողած հոգեբանական ծանր հետևանքների, ապագան վերակառուցելու դժվարին ճիգերի, վերապրումի անխուսափելիության մասին՝ առանց հիշատակելու կոնկրետ տարեթիվ, տեղանք և առանց գործածելու «ցեղասպանություն» եզրույթը, իհարկե, քանի որ այդ եզրույթի ծնունդն առավել ուշ ժամանակներին է վերաբերում, քան գրվել են Դեմիրճյանի այս ստեղծագործությունները: Կ. Ռաֆայելյանը նշում է նաև, որ կյանքի վերջին տարիներին հայության ճակատագրի, նրա դեմ գործվող դավադրությունների և դրանցից ելք որոնելու թեմաները Դեմիրճյանին մղել են դեպի փաստագրության ժանրը. «Դատողություններ Ղարաբաղի և Նախիջևանի հարցի շուրջ» ուսումնասիրության մեջ նա իր սթափ տրամաբանությամբ գուժում է, որ 1915-ի ցեղասպանության աշխարհագրությունը չի սահմանափակվում Արևմտյան Հայաստանով: Ի տարբերություն ցեղասպանության թեմայով գրված գեղարվեստական երկերի՝ գրողն այս դեպքում հեռու է հուսադրելու մտադրություններից»:

Ամփոփելով իր խոսքը` Կ. Ռաֆայելյանն ասաց, որ Դեմիրճյանը մշտապես որոնումների մեջ է եղել, ելքեր է փնտրել իր ազգի համար ստեղծված բարդ կացությունից: Եվ այդ ելքերը նախանշող յուրատեսակ գաղտնագիր-բանալիներ է տվել իր ավանդած ստվար էջերում:
Զեկուցումներով հանդես եկան նաև ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բ. գ. դ., պրոֆեսոր ԱԵԼԻՏԱ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆԸ («Գիրք ծաղկանցը» և հայ միջնադարյան գրականությունը»), բ. գ. դ., պրոֆեսոր ԺԵՆՅԱ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԸ (դարձյալ Դերենիկ Դեմիրճյանի «Երկիր հայրենի» դրամայի մասին), բ. գ. դ. ՄԱՐԳԱՐԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ («Դատաստան» դրամայի մեկնության փորձը):


Միջոցառումը կազմակերպել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը՝ գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2656

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ