Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Քարոզարշավ. օր ութերորդ. պոպուլիզմի դառը պտուղները

Քարոզարշավ. օր ութերորդ. պոպուլիզմի դառը պտուղները
13.03.2017 | 11:05

Պոպուլիզմն ավելի շատ բնորոշ է ընդդիմությանը: Այդպես է ամբողջ աշխարհում և գրեթե բոլոր ընտրարշավներում` անկախ նույնիսկ երկրի զարգացման մակարդակից: ՀՎԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի շռայլ խոստումների թիրախն այս ընտրարշավում երիտասրդներն են: Բաղդասարյանի հաշվարկը գրեթե անխոցելի է. ավագ սերնդի համար ՀՎԿ-ն, չնայած անվանափոխությանը, վաղուց կորցրել է իր «քաղաքական կուսությունը», և շեշտը դրվում է անփորձ ու պատմությանն անտեղյակ ջահելների քվեների վրա: Համենայն դեպս, այս երիտասարդներով ապահովվում է քարոզարշավի «մասովկան»:

Բայց մերն ուրիշ է ու Հայաստանում պոպուլիստ են ոչ միայն ընդդիմադիրները:
Երեկ վարչապետ Կարեն Կարապետյանը Եղեգնաձորում էր ու հնարավոր է համարել հարևան Իրանի հետ առևտրաշրջանառությունը մեկ միլիարդ դոլարի հասցնելը: Որպեսզի հասկանալի լինի, ՀՀԿ առաջին փոխնախագահի խոսքի կտրվածությունն իրականությունից, նկատենք, որ այսօր մեր երկու երկրների ապրանքաշրջանառությունը կազմում է 50-75 մլն դոլար:
Այնուամենայնիվ, իշխանությունների ինքնավստահությունը քողարկված է, և նրանք, ըստ ամենայնի, ունեն մտավախություն, որ ՕՐՕ դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանի «աչքը» բանակի, կռված տղերքի քվեների վրա է: Եթե անկեղծ լինենք, ապա նախկին նախարարն այդ առիթը տալիս է: «Ես խոսք եմ տալիս, որ պահեստազորում գտնվող շուրջ 2000 սպաների բնակարանային հարցը 3 տարում կլուծենք, մոտ 18 մլրդ դրամ է անհրաժեշտ այդ խնդրի լուծման համար»,-երեկ Արմավիրում ասել է Օհանյանը: Եվ ահա, իշխանությունները հակաքայլեր են իրականացնում: ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանի` Սյունիքի մարզում ԵԿՄ անդամների ու ազատամարտիկների հետ երեկվա հանդիպմանը ներկա է եղել Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը: Անկեղծ լինեմ. Կոմանդոսի դեմքով իշխանությունները հարմար տարբերակ չեն գտել: Արցախյան պատերազմի հարգված հրամանատարը, անկախ իր ծառայություններից, քաղաքական դաշտում իրեն դրսևորել է միայն էպոտաժային ու սկանդալային հայտարարություններով:


Նիկոլ Փաշինյանը երեկ Արաբկիր համայնքում հանդես է եկել հայտարարությամբ, որն առնվազն վիճելի է:
«Եթե գնացինք խորհրդարան, բացի ՀՀԿ-ից, բոլոր ուժերին առաջարկելու ենք կոալիցիա կազմել, և այդ ժամանակ կտեսնենք՝ ով է իրական ընդդիմություն»-երեկ ասել է «ԵԼՔ» դաշինքի առաջնորդներից մեկը: Իհարկե, այս հայտարարությունը հաստատում է դաշինքի` իշխանափոխության հասնելու հաստատակամությունը: Մյուս կողմից` «ԵԼՔ»-ի ընտրողներն առաջնորդվում են արժեքային կողմնորոշումներով ու նրանց մի մասին կարող է հիասթափեցնել անբովանդակ կոալիցիաների հեռանկարը: Մանավանդ, նույնիսկ առանց քաղաքական թեստետի էլ պարզ է, թե ինչ հաշվարկներ ունեն քաղաքական հիմնական դերակատարները:


Էլ ինչ հայկական ընտրություններ, եթե չուղեկցվեն քրեական խրոնիկայով: Երեկ Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի գյուղապետի շրջապատը ներկայացնող անձանցից մեկն ՕՐՕ դաշինքի կողմնակցի վրա ատրճանակ է ուղղել։ Այս միջադեպի մեղավորներն արագ պետք է բացահայտվեն, այլապես հենց վաղը բոլորը կսկսեն պնդել, որ իր հարազատ գյուղում ընդդիմության դեմ այս սադրանքի հեղինակը Լևոն Երանոսյանն է` ՀՀ ոստիկանապետի ոչ անհայտ ու սկանդալային տեղակալը:


Սակայն երեկ ոստիկանությունը մեզ նաև զվարճացրել է` հայտարարելով, թե Էդմոն Մարուքյանի պաստառները Վանաձորում պատռել են երեխաները: Եթե կորցնենք հումորի զգացումը և հավատանաք այս վարկածին, ապա Էդմոնը «բոբո ձյաձյա» է վանաձորցի երեխաների համար:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 2048

Մեկնաբանություններ