Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Բանակցային գործընթացի այլընտրանքը ներկայիս ստատուս քվոյի պահպանումն է

Բանակցային գործընթացի այլընտրանքը ներկայիս ստատուս քվոյի պահպանումն է
14.03.2017 | 01:04

Ապրիլյան լայնածավալ ռազմական գործողություններից ու նույն ամսվա ընթացքում դրան հաջորդած կարճ շրջանից հետո, անցած մոտ 1 տարվա ընթացքում Ադրբեջանը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանել է հարաբերական հանգստություն: Ճիշտ է, չի դադարեցրել մեր զինուժին պարբերաբար խայթելու իր փորձերը և որոշ դեպքերում էլ կարողացել է խլել մեր զինվորների ու սպաների կյանքը, բայց, համենայն դեպս, ծանր զինատեսակներ չի օգտագործել: Բավարարվել է ինքնաձիգների, դիպուկահար զենքերի, նռնականետների և ականանետների կիրառմամբ:


Սակայն, ինչպես արդեն բոլորս գիտենք, թշնամին փետրվարի 24-ի, լույս 25-ի գիշերը հարձակման փորձ ձեռնարկելով ու դրան հաջորդած ռազմական գործողություններով խախտեց այդ հարաբերական հանգստությունը: Ադրբեջանական զինուժը թեև ոչ ապրիլյան մասշտաբներով, բայց կրկին ու կտրուկ կերպով լարեց սահմանային իրավիճակը: Միայն փետրվարի 25-ի, լույս 26-ի գիշերվա ընթացքում հակառակորդն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով 122 մմ Դ-30 հաուբից և Դ-44 տիպի հրանոթներից, ականանետներից ու նռնականետներից ինտենսիվորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2200 կրակոց: Փետրվարի 28-ին` ժամը 15:40-ին, շփման գծի հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է իսրայելական արտադրության SPIKE տիպի հակատանկային կառավարվող հրթիռ: Փետրվարի 28-ին և լույս մարտի 1-ի գիշերը հակառակորդը, կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց: Հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ, բացի տարբեր տրամաչափի ականանետներից և Դ-44 տիպի հրանոթից, ադրբեջանական զինուժը կրակել է նաև TR-107 տիպի հրթիռահրետանային կայանքից (5 արկ): Մարտի 3-ին և լույս 4-ի գիշերը ադրբեջանական զինուժն առաջնային գծի արևելյան ուղղությամբ, ի թիվս այլ զինատեսակների, դարձյալ կիրառել է Դ-44 տիպի հրանոթ:


Ակնհայտ է, որ, չնայած վերոնշյալ զինատեսակների գործածմանը, Ադրբեջանի նպատակը պատերազմ սկսելը և Արցախը գրավելը չէր, որովհետև այդ նպատակն ունենալու դեպքում նա գործի կդներ նաև անհամեմատ հզոր զինատեսակներ և բոլորովին այլ քանակություններով, նաև` իր ռազմական ավիացիան, տանկերը և ունեցած մյուս տեխնիկան: Եվ, ուրեմն, ի՞նչ նպատակ կամ, ավելի ճիշտ, նպատակներ էր հետապնդում Ադրբեջանը` փետրվարի վերջից արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կտրուկ սրելով իրավիճակը:
Ադրբեջանի առաջին նպատակը հարձակումը, հնարավորինս առաջ ծավալելն էր` հաջողության դեպքում գրավելով դիրքեր, նոր տարածքներ, հնարավորության դեպքում, լրացուցիչ ուժերի ներգրավմամբ, նաև բնակավայր կամ բնակավայրեր: Թշնամու հենց առաջին փորձը, ինչպես հայտնի է, խայտառակ կերպով ձախողվեց:
Ադրբեջանի երկրորդ նպատակը հիշյալ գործողություններով և, ընդհանրապես, իր ագրեսիվ քաղաքականությամբ սահմանային լարվածություն առաջացնելն ու դրանով Հայաստանին պատերազմի վերսկսման սպառնալիքով ահաբեկելն է, որպեսզի վերջինս մոռանա Ադրբեջանի կողմից Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կատարած չլինելու հանգամանքը և ստիպված լինի, առանց դրանց կատարման, նորից վերադառնալ Ադրբեջանի հետ Արցախյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման բանակցություններին: Հայաստանում ահաբեկվածներ, որքան տեղյակ ենք, չկան…


Ադրբեջանի երրորդ նպատակը մեր երկրի ռազմավարական դաշնակից Ռուսաստանին պատերազմի վերսկսման սպառնալիքով ահաբեկելն է, որպեսզի վերջինս և՛ ինքը մոռանա, և՛ Հայաստանի վրա ճնշում գործադրի` մոռանալու Ադրբեջանի կողմից Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կատարած չլինելու փաստը: Այսինքն` Ադրբեջանի ուզածն այն է, որ Հայաստանը հիշյալ պայմանավորվածությունների առաջնահերթ կատարման անհրաժեշտությունն այլևս չպնդելով, վերադառնա Արցախյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման բանակցություններին, անշուշտ, իրեն ձեռնտու տարբերակով… Ռուսաստանը, որը դիվանագիտական մեծ ներուժ ունի, հանձին իր արտգործնախարար Սերգեյ Լավրովի, մարտի 6-ին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ վարած բանակցություններում, կարծում ենք, տեղի չի տվել Ադրբեջանի այդ ցանկությանը: Համենայն դեպս, հակառակի մասին որևէ տեղեկություն չկա:
Ադրբեջանի չորրորդ նպատակն իր այդ գործողություններով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրներին` ԱՄՆ-ին և Ֆրանսիային, հիմք տալն է, որ նրանք, սահմանային նոր լարվածությունից ու պատերազմի վերսկսման հեռանկարից «ահաբեկված», չնայած Ադրբեջանի կողմից Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կատարած չլինելու հանգամանքին, խոսեն Արցախյան հակամարտության քաղաքական կարգավորման համար կողմերի միջև բանակցություններն անհապաղ վերսկսելու հրատապ անհրաժեշտության և ներկայիս ստատուս քվոյի անհանդուրժելի կամ անընդունելի լինելու մասին: Հենց այդպես էլ եղավ:


ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի իր համանախագահ Ռիչարդ Հոգլանդի բերանով մոտ երկու շաբաթ առաջ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել է. «Այս վերջին միջադեպը մեկ անգամ ևս ընդգծում է տարածաշրջանում տևական անվտանգության ու խաղաղության հաստատման համար կողմերի միջև բանակցություններն անհապաղ վերսկսելու հրատապ անհրաժեշտությունը»:
Կարող է թվալ, թե Ռիչարդ Հոգլանդը նկատի ունի հենց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման շուրջ բանակցությունները, թեև այս առումով Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցելու բան կարծես էլ չկա, մնում է միայն հարգել ու կատարել հիշյալ պայմանավորվածությունները, որոնց կատարման հարցում Հայաստանը շահագրգռված է, Ադրբեջանը` հակառակը: Սակայն, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարումը թեկուզ շատ կարևոր հարցեր է լուծում, բայց ոչ կողմերի միջև առկա հիմնական խնդիրները: Մինչդեռ, ինչպես ակնհայտ է, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը հստակ արտահայտվել է տարածաշրջանում տևական անվտանգության ու խաղաղության հաստատման համար կողմերի միջև բանակցություններն անհապաղ վերսկսելու հրատապ անհրաժեշտության մասին, իսկ տարածաշրջանում տևական անվտանգության ու խաղաղության հաստատմանը կարող են միտված լինել ոչ թե Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման, այլ միայն Արցախյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման շուրջ բանակցությունները: Այսինքն` Հոգլանդը հընթացս ու հեշտությամբ ոչ ևս է անում տվյալ բանակցություններից առաջ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների առաջնահերթ կատարման անհրաժեշտությունը:
Ֆրանսիան էլ, իր հերթին, նախագահ Ֆրանսուա Օլանդի շուրթերով վերջերս խոսեց ներկայիս ստատուս քվոյի ամենավատը, դիվանագիտական լեզվով` անընդունելի լինելու մասին: Ինչպես հայտնի է, ի պատիվ պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, մարտի 8-ի երեկոյան նախագահ Ֆրանսուա Օլանդի անունից Ելիսեյան պալատում կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն: Սերժ Սարգսյանի պատվին տրված պաշտոնական ճաշին հանդես գալով ճառով, Ֆրանսիայի նախագահը մասնավորապես ասել է. «Ոչինչ այդքան վատ չէ, ինչքան ստատուս քվոն: 23 տարուց ի վեր կողմերը բանակցում են առանց որոշակի արդյունքի հասնելու»:


Իհարկե, հակամարտության լուծված չլինելը, լուծման առնչությամբ անորոշ իրավիճակը, 23 տարվա ընթացքում բանակցությունների արդյունք չտալը վատ է, բայց ներկայիս ստատուս քվոյից էլ ավելի վատ բան կա՝ պատերազմը, ինչի՝ ստատուս քվոյից ավելի վատ լինելը Օլանդը պարզապես չէր կարող չհասկանալ: Հետևաբար ասելով «Ոչինչ այդքան վատ չէ…», Ֆրանսիայի նախագահը պատերազմն անուղղակիորեն համարել է ստատուս քվոյից պակաս վատ, այլ կերպ ասած, Արևմուտքին ձեռնտու, քան ներկայիս՝ իր և արևմտյան այլ գործիչների կողմից կտրականապես անընդունելի համարվող ստատուս քվոն:


Հիշենք, որ 2016-ի ապրիլյան լայնածավալ ռազմական գործողություններից առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ալիևին ուղղակի ասել էր ստատուս քվոյի, այսինքն՝ Արցախյան հակամարտության առնչությամբ տվյալ պահին առկա իրավիճակի անընդունելի լինելու մասին: Ալիևն էլ նշել էր ԱՄՆ նախագահի դիրքորոշման կարևորությունը գոյություն ունեցող ստատուս քվոյի անընդունելի լինելու վերաբերյալ:
Հիշենք, որ Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի սանձազերծած, մեր 100-ից ավելի զինվորների ու սպաների կյանքը խլած ապրիլյան լայնածավալ ռազմական գործողություններից հետո այդ բանակցությունների վերսկսման առնչությամբ միանգամայն հիմնավոր կերպով նախապայման է առաջադրել՝ Արցախյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման շուրջ բանակցությունները Հայաստանը կվերսկսի միայն Ադրբեջանի կողմից Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կատարելուց հետո: Շուտով մենք կիմանանք՝ փոխվե՞լ է այս հարցում Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, թե՞ ոչ: Այլ կերպ ասած, Ռիչարդ Հոգլանդի և Ֆրանսուա Օլանդի վերոնշյալ խոսքերը (ենթադրաբար նաև այլ խոսքեր, որ չեն հրապարակվել) արդյոք ազդե՞լ են Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության երկու գլխավոր պատասխանատուների՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի վրա, թե՞ չեն ազդել: Անկախ նրանից, թե այս հարցում նրանց վրա արտաքին ճնշում կա, թե ոչ, կամ այդ ճնշումը մեծ է, թե ոչ, նրանք իրավունք չունեն հրաժարվելու Հայաստանի արտաքին քաղաքականության այդ սկզբնական դիրքորոշումից, քանզի դրա հետևում բազում հայորդիների կյանքն է, ավելին՝ այդ դիրքորոշումից հրաժարվելը գրեթե հավասարազոր կլինի մեր ազգային և Արցախի ու Հայաստանի Հանրապետության պետական շահերի նկատմամբ դավաճանության:


Արցախյան հակամարտության քաղաքական կարգավորման բանակցություններին Հայաստանի վերադառնալու տեսակետից ուշագրավ է ս. թ. մարտի 10-ին Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոձիասի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը Հանրային ռադիոյի լրագրողի հարցին, որը ձևակերպվել է այսպես. «Մամեդյարովը հայտարարում է, որ ղարաբաղյան խնդրով բանակցությունները կասեցվել են Հայաստանի կողմից։ Կխնդրեմ Ձեր պարզաբանումն այս հարցի շուրջ»։
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններին, ապա այդ բանակցություններն այսօր, փաստորեն, չեն ընթանում այն պատճառով, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ապրիլյան նոր ագրեսիայով շատ լուրջ հարված հասցվեց խաղաղ կարգավորմանը, և կարող եմ ասել, որ բանակցային գործընթացը լրջորեն հետ մղվեց,- պարզաբանել է Էդվարդ Նալբանդյանը:- Եվ հենց այդ պատճառով է, որ Հայաստանը և եռանախագահող երկրները քայլեր ձեռնարկեցին և շարունակում են այդ ջանքերը՝ ուղղված համապատասխան պայմանների ստեղծմանը, որպեսզի բանակցային գործընթացը հնարավոր լինի առաջ մղել: Դրան էին ուղղված գագաթնաժողովները, որոնք կազմակերպվեցին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, և այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք բերվեցին այդ գագաթնաժողովների ժամանակ:
Հայտնի է, որ միջազգային հանրությունը, եռանախագահները և Հայաստանը խոսում են մեկ լեզվով, իսկ Ադրբեջանը՝ այլ, որովհետև հենց Ադրբեջանն է հրաժարվում իրականացնելուց այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք բերվեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին: Գիտեք, երբ հանդիպումներ են կայանում, ինչ-որ բանի մասին պայմանավորվում են, և հետո այդ պայմանավորվածությունները չեն իրականացվում, մեծ հարց է առաջանում՝ արդյոք ադրբեջանական կողմն իսկապես պատրա՞ստ է բանակցությունների միջոցով գնալու կարգավորման, այդ բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման: Սա է ամենամեծ հարցը:
Բայց բանակցային գործընթացին այլընտրանք չկա, և դա է պատճառը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները փորձում են Հայաստանի և Ադրբեջանի հետ առաջ մղել բանակցային գործընթացը։ Դա է պատճառը, որ եռանախագահներն այսօր այցելում են Բաքու, իսկ այս ամսվա վերջին՝ մարտի 27-ին, եռանախագահները գալու են Հայաստան, լինելու են նաև Արցախում: Իհարկե, պետք է փորձենք այս գործընթացն առաջ շարժել: Բայց, նախ և առաջ, պետք է բացառվեն այնպիսի իրադարձությունները, ինչպիսիք տեղի ունեցան նախորդ տարվա ապրիլին: Այսինքն՝ պետք է համապատասխան, ավելի բարենպաստ պայմաններ ստեղծվեն բանակցային գործընթացի համար»:


Անհանգստացնող է Էդվարդ Նալբանդյանի ասածը, որ բանակցային գործընթացին այլընտրանք չկա: Մինչդեռ բանակցային գործընթացի այլընտրանքը ներկայիս ստատուս քվոյի պահպանումն է, որն ավելի նախընտրելի է, քան այն բանակցությունները, որոնք կարող են ի վնաս հայկական կողմի լինել, կամ լինել անպտուղ, կամ ձեռք բերված պայմանավորվածությունների առումով արժեք չունենալ, որովհետև չկա որևէ երաշխիք, որ Ադրբեջանը ցանկացած պահի չի խախտի դրանք: Ի՞նչ է՝ ՀՀ արտգործնախարա՞րն էլ է, հավանաբար Ֆրանսուա Օլանդի խոսքից ազդված, նրա նման համարում, թե «Ոչինչ այդքան վատ չէ, ինչքան ստատուս քվոն»:
Միաժամանակ, հուսադրող է վերջին 2 նախադասությամբ ՀՀ արտգործնախարարի արած վերապահումը: Նշելով, որ, իհարկե, պետք է փորձենք բանակցային գործընթացն առաջ շարժել, նա դրանից անմիջապես հետո ասել է. «Բայց, նախ և առաջ, պետք է բացառվեն այնպիսի իրադարձությունները, ինչպիսիք տեղի ունեցան նախորդ տարվա ապրիլին: Այսինքն՝ պետք է համապատասխան, ավելի բարենպաստ պայմաններ ստեղծվեն բանակցային գործընթացի համար»:


Ընդգծենք, որ ապրիլյան իրադարձությունները բացառելու միակ տարբերակը Ադրբեջանի կողմից Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարումն է: Եվ եթե Էդվարդ Նալբանդյանը դա՛ է համարում բանակցային գործընթացն առաջ շարժելու առաջնահերթ նախապայման կամ անհրաժեշտություն, ապա ՀՀ արտաքին քաղաքականությունն այս հարցում միանգամայն ճիշտ ճանապարհի վրա է:
Բացառված չէ, որ մարտի 27-ին, եռանախագահները Հայաստան այցելելով ՀՀ ղեկավարությանը հորդորեն կամ նույնիսկ նրա վրա ճնշումներ գործադրեն, որպեսզի առանց Ադրբեջանի կողմից Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման, Հայաստանը վերադառնա Արցախյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման շուրջ բանակցություններին: Շատ կարևոր է այդ հորդորներին կամ ճնշումներին տեղի չտալը:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2106

Մեկնաբանություններ