Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Թուրքերը պետք է անհանգստանան Իրանի «անսպառ» համբերությամբ

Թուրքերը պետք է անհանգստանան  Իրանի  «անսպառ» համբերությամբ
14.03.2017 | 01:14

Վերլուծելով փետրվարի վերջի իրադարձությունները, գտնում ենք մի շարք տարօրինակ զուգահեռներ: Եվ դրանք զանց առնել չի էլ լինի: «Փետրվարի լույս 25-ի գիշերը, միանգամից երկու՝ հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղությամբ, հակառակորդը, գործադրելով ականազերծման հատուկ տեխնիկա և հատուկ միջոցներ, հարձակման փորձ է ձեռնարկել»,- ասվում է Արցախի Հանրապետության պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում: Ասվում է նաև, որ Արցախ-ԼՂՀ-ի պաշտպանության բանակի (ՊԲ) առաջնագծային ստորաբաժանումները, դարձյալ տեսադիտարկման սարքերի միջոցով, երկու ուղղություններում էլ ժամանակին ի հայտ բերելով ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը, հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ, հետ են շպրտել ելման դիրքեր: Ընդգծվում է նաև, որ Արցախի ՊԲ-ի պատասխան գործողությունների շնորհիվ հակառակորդը կրել է կորուստներ՝ սպանվածներ և առնվազն երկու վիրավոր: Մի քանի դիակ գտնվում է չեզոք տարածքում: Արցախյան կողմը զոհեր և վիրավորներ չի ունեցել: «Միևնույն ժամանակ, ՊԲ-ի հրապարակած տվյալների համաձայն, արևելյան ուղղությունում նկատվել է հակառակորդի ուժերի կուտակում և ռազմական տեխնիկայի տեղաշարժ»,- ասվում է Արցախ-ԼՂՀ-ի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ: Այստեղ ևս ԼՂՀ ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:
Որքան էլ զարմանալի լինի, այս անգամ Բաքուն անմիջապես ընդունեց իր կորուստները, թեև շտապեց միջադեպի մեջ մեղադրել արցախյան կողմին: Հետաքրքրական է, որ, հակառակ իր մյուս «սովորության», ապշերոնցիներն այս անգամ ոռնոց չբարձրացրին ՊԲ-ի կորուստների մասին: Սովորաբար ինչպե՞ս է լինում. հայերն «ունենում են» բազմաթիվ սպանվածներ, իսկ իրենք՝ ադրբեջանցիները, «անհաղթ հերոսներ» են: Խորամուխ լինենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետևյալ հաղորդագրության մեջ. «Փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը, ռազմաճակատի ամբողջ գծի երկայնքով լայնածավալ սադրանք հրահրելու նպատակով, Հայաստանի զինված ուժերը փորձել են թափանցել մեր դիրքերը: Ադրբեջանի զինված ուժերը կանխավ ի հայտ են բերել թշնամու գործողությունները և վճռական հարվածով կանխել են թշնամու թափանցումը մեր պաշտպանության խորքը: Թշնամին փորձել է շահեկան դիրքեր գրավել Խոջավենդ-Ֆիզուլիի ուղղությամբ, ինչի հետևանքով ծանր մարտական բախում է տեղի ունեցել: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, որոնք այդ ուղղությունում դարանակալած են եղել, կանխել են հարձակումը և գրոհողներին ստիպել են նահանջել: Մարտական բախման հետևանքով Ադրբեջանի զինված ուժերը կորուստներ են կրել: Ճշգրտվում է, որ ներկա պահին հայկական կողմը, չկարողանալով առաջ շարժվել, շարունակում է ծանր հրետանիով հրետակոծել Ադրբեջանի դիրքերը»:


Այդ ի՞նչ է պատահել ապշերոնցիներին: Ըստ էության, մենք տեսնում ենք նրանց ստի արդեն երրորդ-չորրորդ կողմը: Ցանկացած մարդ, որը գոնե մոտավոր պատկերացում ունի պատերազմի մասին, չի կարող չհասկանալ, որ դարանում թաքնվածների համար շատ հեշտ է անդառնալի կորուստներ պատճառել հարձակվող կողմին: Իսկ այստեղ, Ադրբեջանի ՊՆ-ի կարծիքով, հայերը հարձակվել են և ոչ մի կորուստ չեն կրել: Իսկ դարանակալածների մեջ կորուստներ կան, ընդ որում` անուններ չեն նշվում: Հավանաբար, Ադրբեջանի ՊՆ քարոզչական աշխատակազմը, ինչպես նաև Իլհամ Ալիևի աշխատակազմը, սովոր լինելով ստի «հոսքագծային արտադրությանը», այս անգամ գլուխները կորցրել և բացահայտ անհեթեթություն են եթեր արձակել: Այդ բանը առանց հապաղելու նշեցին Ստեփանակերտում. ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտարարեց. «Մասնավորապես, Ադրբեջանի զինվորական ղեկավարությունը տարածել է հաղորդագրություն, հայտարարելով, թե, իբր, ղարաբաղյան զինված ուժերը, «դիրքերը բարելավելու նպատակով հարձակման են անցել»: Միաժամանակ, ադրբեջանական կողմը չի մոռացել հիշատակել, որ «պաշտպանական մարտերի» ընթացքում կորուստներ է կրել: Հայտարարում ենք, որ իրադարձությունների նման շարադրանքը չի համապատասխանում իրականությանը: Ավելին, օրինաչափ հարց է ծագում. այդ ինչպե՞ս են «պաշտպանական մարտեր մղող» զինվորների դիակները հայտնվել չեզոք գոտում: Այդ հարցի պատասխանը թողնում ենք ադրբեջանցի քարոզիչներին»: Իր հերթին, Հայաստանի ՊԲ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքում ադրբեջանական կողմին կոչ է արել զերծ մնալ իրավիճակի հետագա վատթարացմանն ուղղված գործողություններից. «Արդեն մի քանի օր է, ինչ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը սրում է իրադրությունը ղարաբաղյան ու ադրբեջանական զորքերի շփման գծում և ապակողմնորոշիչ լուրեր է տարածում: Անցած գիշեր կրած կորուստներից հետո ադրբեջանական ղեկավարությունը, դարձյալ մոլորության մեջ գցելով սեփական ժողովրդին ու միջազգային հանրությանը, խոսում է հայկական կողմի «գրոհների» մասին»: Նրա խոսքերով՝ հայկական կողմը պահպանում է հրադադարի ռեժիմը և Բաքվին կոչ է անում ձեռնպահ մնալ իրադրության հետագա սրումից: «Շփման գծում լարվածության վերջին սրման ամբողջ պատասխանատվությունը կկրի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- նշել է Ա. Հովհաննիսյանը: Ընդ որում, նա նաև տարածել է Արցախի վրա ապշերոնցիների հարձակման տեսագրությունը:
Կարծես թե նրանց համար քիչ էր հերթական ադրբեջանական սադրանքը՝ սկսված նոր տարվա նախօրեից: Ինչպես ասում են, այդպես է, բայց ոչ այնքան: Շարունակենք հետազոտությունը: Այն նույն ժամանակաընթացքում, երբ ապշերոնյան խանությունը հերթական անգամ իր մաշկին զգում էր հայերի ոգու ամրությունն ու Արցախի ՊԲ-ի զգոնությունը, Սիրիայի բանակն ու նրա դաշնակից ուժերը (շիական և այլ կամավոր աշխարհազորայիններ) հաջող հարձակողական գործողություններ են ծավալում և մեկ օրվա ընթացքում ազատագրել են ևս 90,4 քկմ սիրիական տարածք: Ընդ որում, հրադադարի վերաբերյալ Միասնական համաձայնագրի խախտումների հետ կապված հարցերի քննարկման ռուս-թուրքական համատեղ հանձնաժողովի ռուսական մասի տվյալներով, մեկ օրում գրանցվել է ինը խախտում՝ Համայի նահանգում (4), Դամասկոսի նահանգում (2), Իդլիբի նահանգում (2) և Լաթաքիայի նահանգում (1): Ներկայացուցչության թուրքական մասը գրանցել է իբր Միասնական համաձայնագրի 13 խախտում՝ Հալեպի (4), Դերաայի (4), Հոմսի (3), Լաթաքիայի (1) և Համայի (1) նահանգներում: Այդ փաստերի ուսումնասիրության ընթացքում ներկայացուցչության ռուսական մասը պարզել է, որ բոլոր 13 դեպքերն էլ չեն հաստատվել: Միևնույն ժամանակ, արդեն հնարավորություն է գտել Սիրիային օգնության հասնելու Իրաքի ՌՕՈՒ-ն, իսկ իրաքյան զորքերն ու կամավորականներն սկսել են Մոսուլի մնացած մասի ազատագրումը: Մարտերի և կրած պարտությունների հետևանքով, «Իսլամական պետության» (ԻՊ) ու «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման հերթական «խմբագրվածքի» զինյալները փորձել են Իրաքից և Սիրիայի մի շարք շրջաններից մարտերով անցնել... Հորդանան, այսինքն, իրենց տերերի մոտ: Իսկ ո՞վ չգիտե, որ Հորդանանը ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի «հավաքական հետախուզական բազան» է: Եվ ո՞վ չգիտե, որ Սիրիայում և Իրաքում գործող ԻՊ-ի և մյուս ահաբեկիչների թիկունքին կանգնած են հենց այդ երկու երկրների, ի դեպ, նաև Իսրայելի ու Թուրքիայի հատուկ ծառայություններն ու Արաբական թերակղզու արաբական հետադիմական վարչակազմերը:


Ընդ որում, թուրքերն ամբողջ աշխարհում լայնորեն տարփողում են, թե վերցրել են այն նույն չարագույժ Էլ-Բաբը, թեև այլ աղբյուրներ պնդում են, որ նրանց հաջողվել է առաջ շարժվել ընդամենը երկու քաղաքային խոշոր թաղամասում և մոտենալ գլխավոր մզկիթին: Վերջ, դրանով ավարտել են: ԻՊ-ի ահաբեկիչների համար առաջ է եկել միանգամից երկու «կաթսայում» շրջապատման մեջ ընկնելու սպառնալիք՝ քաղաքի հյուսիսային մասում և Քաբբասինի ու Բիզայի արվարձաններում: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Էլ-Բաբում ԻՊ-ի ջոկատների հրամանատարությունը որոշում է ընդունել հիմնական ուժերը հետ քաշել դեպի Դեյր-Հաֆեր: Այդուամենայնիվ, արևելյան արվարձաններում մարտական գործողությունները դեռ շարունակվում են: ԻՊ-ի հսկողության տակ է շարունակում մնալ Էլ-Բաբի հարավային արվարձանը՝ Թադեֆ ավանը, և առայժմ ո՛չ դրանից հարավ կանգնած սիրիական բանակը, ո՛չ հյուսիսում կանգնած, այսպես կոչված, «Սիրիական ազատ բանակի» (ՍԱԲ) թուրքամետ զինյալները չեն ուզում վերցնել այն: Երկու կողմերն էլ երկյուղում են իրար հետ նոր բախումից՝ բացի ԻՊ-ի հետ մարտերից: Ամեն դեպքում, Թուրքիան հայտարարել է, որ իր հաջորդ նպատակակետը Դեյր-Հաֆերն է, որի վրա հարձակում են գործում կառավարական զորքերը, շիաներն ու իրանական ռազմական խորհրդականները, ուստի բախումը սիրիական զինվորականների հետ անխուսափելի է: Նույնիսկ կատաղի բախումները՝ իրանցիների ու շիա կամավորականների հետ: Այդ տարածաշրջանում, ինչպես Հալեպում 2016-ի վերջերին, գործում են լիբանանյան «Հըզբոլլահ» կուսակցության անզիջում կազմավորումները: Սիրիայի հրամանատարությունը, տեղեկանալով թուրքական բանակի պլանների մասին, ջանում է կտրել Դեյր-Հաֆեր տանող նրա ճանապարհը: Իսկ փետրվարի 23-ին Սիրիայի ԶՈՒ «Տիգրիս» հատուկ նշանակության ջոկատը ահաբեկիչներին դուրս քշեց Ռասմ ալ-Հերմել և Ռասմ աշ-Շեյխ գյուղերից, որոնք գտնվում են Դեյր-Հաֆերից հյուսիս:


Ահա այս ֆոնին էլ ընթանում է հեռակա մենամարտը ԱՄՆ-ի և Իրանի միջև, որը չի նվազեցնում իր դիվանագիտական «հրետանու» հզորությունը: Փետրվարի 25-ին ամերիկացիները նորից «ակնարկեցին», թե ռուսական ռազմատեխնիկական ուժերի հետ սիրիական երկնքում «հնարավոր է պատահարներ տեղի ունենան»: Ամերիկյան ՌՕՈՒ-ի մարտական ավիացիոն հրամանատարության ղեկավար Հերբերտ Կառլայլը հայտարարեց. «Սիրիայի երկնքում կարող են վտանգավոր միջադեպեր տեղի ունենալ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և հենց Սիրիայի ավիացիայի միջև՝ զինյալների դեմ պայքարի հաջողությունների պատճառով»: Այդ ի՞նչ էին այնտեղ՝ Սիրիայի երկնքում պատրաստվում «կիսելու» ԱՄՆ-ի օդաչուները Սիրիայի օդաչուների հետ, որոնք պաշտպանում են իրենց երկիրն ու նրա օդային տարածությունը, և ռուսական ՌՏՈՒ-ի հետ, որոնք Սիրիայում գործում են պաշտոնական Դամասկոսի հրավերով, մինչդեռ ԱՄՆ-ին ոչ ոք Սիրիա ո՛չ կանչել է, ո՛չ հրավիրել: Կառլայլի ասելով, մոտ ժամանակներս իրադրությունը կսրվի, քանի որ ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող տարածքները աստիճանաբար կրճատվում են, ինչը հանգեցնում է այն բանին, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Սիրիայի ավիացիան գործեն իրարից ավելի փոքր հեռավորության վրա: «Երբ մենք ԻՊ-ին զրկում ենք մարտի ասպարեզից, դա ավելի մեծ կոնֆլիկտային իրավիճակ է առաջացնում մեր ու այդ թատերաբեմի մյուս դերակատարների միջև»,- հայտարարեց Կառլայլը: Այդ կապակցությամբ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան մտադիր է ակտիվացնել երկխոսությունը Ռուսաստանի հետ, նպատակ ունենալով կանխելու հնարավոր բախումները: Ընդ որում` գեներալը նշեց, որ Ռուսաստանի ու Սիրիայի ՀՕՊ ռադիոտեղորոշման կայանները չեն «տեսնում» ամերիկյան թռչող սարքերը: «Սակայն այդ հրթիռային համակարգերը ակտիվորեն շահագործվում են: Նրանց ռադարներն ակտիվ են»,- ասաց Կարլայլը:


Կիսաքողարկված սպառնալիքն առկա է. այն է՝ ձեր թռիչքները համաձայնեցրեք ամերիկացիների հետ: Այլ կերպ ասած, խոսքը Թուրքիային Թրամփի խոստման մասին է՝ Սիրիայում ստեղծելու «փախստականների անվտանգության գոտիներ» և, իհարկե, այդ «անվտանգության գոտիների» օդային «անթռիչք գոտիներ»: ԱՄՆ-ի լկտիությանը, իհարկե, հետևեց Իրանի պատասխանը, ընդ որում՝ գերօպերատիվ: Իրանի Մեջլիսի նախագահի միջազգային գործերի գծով հատուկ խորհրդական Հոսեյն Ամիր-Աբդոլլահիյանը Թեհրանում այն պատվիրակությունների հետ հանդիպման կուլիսներում, որոնք ներկայացնում էին Պաղեստինի դիմադրության ուժերին աջակցող հասարակական ու միջազգային կազմակերպությունները, հայտարարել է Սիրիայում ահաբեկչական խմբավորումներն արմատախիլ անելու անհրաժեշտության մասին: Նրա խոսքերով՝ միայն այդ կերպ է հնարավոր կայունություն ու անվտանգություն հաստատել Սիրիայում: Ամիր-Աբդոլլահիյանն ընդգծել է, որ «ամերիկա-իսրայելական դաշնազույգը ձգտում է ստեղծել, այսպես կոչված, «անվտանգության գոտի» Իրաքից և Հալեպից փախած ահաբեկիչների համար», նշելով, որ Սիրիայում նման գոտիների ստեղծումը Սիրիայի ինքնիշխանության խախտում է, և որ ահաբեկիչները տեղ չունեն բանակցությունների սեղանի շուրջ: «Մենք իսրայելական զավթիչներին թույլ չենք տա տարածաշրջանում տիրող իրադրությունն օգտագործել իրենց շահերի համար»,- SANA գործակալությունը մեջբերում է իրանցի քաղգործչի խոսքերը: Եվ ապոթեոզ. ադրբեջանցիների Արցախ ներխուժելու փորձից քիչ անց, մի քանի ահաբեկիչներ փետրվարի 25-ի առավոտյան փորձեցին ներխուժել վաղուց արդեն ազատագրված սիրիական Հոմս: Կարծես նաև զոհեր են եղել սիրիական սպաների շրջանում: Իհարկե, հալած յուղի տեղ ընդունել Լոնդոնում նստած և մեկ մարդուց բաղկացած «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» ոչ կառավարական կազմակերպության «անդամի» խոսքերը, կնշանակեր, որ մենք կամ պարզապես հիմարներ ենք, կամ էլ մեզ վարձատրում են ամերիկացիներն ու անգլիացիները, որպեսզի մենք լինենք կույրեր, խուլեր և չտեսնենք ճշմարտությունը, փոխարենը թութակի նման համարձակորեն կրկնենք Արևմուտքի գործակալների բարբաջանքը, ընդ որում, նույնիսկ մանր-մունր գործակալիկների և ոչ թե խոշորների: Այդուամենայնիվ, հաշվի առնելով Իրաքից ու Սիրիայից Հորդանան անցնելու ԻՊ-ի և «Ջեբհաթ ան-Նուսրայի» գրոհայինների փորձերը, ես լիովին հնարավոր եմ համարում, որ կարող էր փորձ արված լինել քաոս և խուճապային տրամադրություն առաջացնելու նույն Հոմսում: Իսկ սիրիական SANA գործակալությունը հաղորդում է 32-ից մինչև 42 զոհվածների ու 24 վիրավորների մասին, բայց չի ընդգծում՝ զոհերը զինվորականնե՞ր, թե՞ քաղաքացիական անձինք են:
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1715

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ