Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Փոխզիջման մասին այսօրվա խոսակցությունները հայրենադավություն են»

«Փոխզիջման մասին այսօրվա  խոսակցությունները հայրենադավություն են»
14.03.2017 | 01:29

Ավարտվեց քարոզարշավի մեկ շաբաթը։ Քննադատությունների պակաս չկա, փոխարենը կան բազում խոստումներ՝ անիրատեսական ու իրատեսական, համոզիչ ու անհամոզիչ։ Ընդդիմադիրները քննադատեցին ոչ միայն իշխանությանը, այլև մյուս ընդդիմադիր ուժերին, իսկ այդ ֆոնին ով հասարակության համար ընդունելի դարձավ, դժվար է ասել։ Տպավորությունն այնպիսին է, թե մարդիկ բոլորին տեսել, լսել ու հիասթափվել են։ Որ ընդդիմադիրներն այս մթնոլորտում կարող են ցրել համատարած անտարբերությունն ու գալ խորհրդարան, արդեն «հուշում» են սոցիոլոգիական հարցումները։ Մեկշաբաթյա քարոզարշավի ընթացքում պարզվեց, որ առաջատար է «Ծառուկյան» դաշինքը, սակայն մյուսները ոչ միայն նշանակություն չեն տալիս այդ հարցումներին, այլև համարում են «պատվիրված և ուղղորդված»։ Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ, վստահեցնելով, որ ոչ մի ուժի հանդեպ համակրանք չունի, նույնպես կարծում է, որ առայժմ ֆավորիտը այս քաղաքական ուժն է՝ հետևելով նաև, թե քարոզարշավի ընթացքում որքան մարդ է հավաքվում ու լսում Գագիկ Ծառուկյանին։

-Ինչպիսի՞ն էր քարոզարշավի առաջին շաբաթը։
-Ռեյտինգային ընտրությունը, որ սկզբում ռինգային էր, կարծես քաղաքականանում է։ Չնայած որոշ ուժերի ներկայացուցիչներ պնդում են, թե այս ընտրակարգը նվաճում է, առնվազն նրանց փափուկ աթոռներ են վերստին խոստացել, որ նման ախմախ հայտարարություններ են անում։ Ամրագրված համամասնական ընտրության ձևը մեծ հաշվով մեծամասնականն է։ Այս ԸՕ-ն ինչ-որ սատանայական ուղեղում է ծնվել, որովհետև մարդկանց ռինգի են հանել։
-Մինչ քարոզարշավն արդեն մի քանի միջադեպեր եղան, օրերս նաև ՕՐՕ դաշինքի կողմնակիցներին էին ոստիկանություն տարել։ Այս միջադեպերի թիվը կարո՞ղ է ավելանալ։
-Թեժանալու ամենամեծ հավանականությունը կա։ Համամասնական ընտրություն չէ, այլ մեծամասնական։ Բոլորն իրենց կոտորում են «հանուն Հայաստանի Հանրապետության» դառնալու պատգամավոր, որպեսզի հանրային ու պետական ունեցվածքի կողոպուտին մասնակցեն։ Այսինքն, պատգամավոր դառնալու նպատակը ո՞րն է, բարոյական չափը ո՞րն է։ Առաջադրվածների 80 տոկոսը նույնն են։ Իսկ այս պահի դրությամբ ֆավորիտը «Ծառուկյան» դաշինքն է, որը մեծ հաշվով ԲՀԿ-ն է՝ իր լիդերով։
-Ի՞նչ եք կարծում, հասարակությանն այլևս չի՞ մտահոգում այն հեռանկարը, որ, ինչպես նախորդ անգամ, Ծառուկյանը հետ կկանգնի պայքարը շարունակելուց։ Հասարակությունը մի կո՞ղմ է թողել այդ դրվագը։
-Հասարակությունը վերագնահատման ձև ունի։ Հիմա նա ասում է, որ ժամանակին չէր կարող գնալ հեղափոխության, քանի որ արյուն էր թափվելու։ Եվ հասարակությունը հասկանում է նրան ու ընդունում ասածը։ Հիմա դա էլ նշանակություն չունի։ Դա նման է այն բանին, որ աղջկան ամուսնացնում են, ասում են՝ դե տղի բոյը կարճ է, բայց աղջիկն արդեն սիրահարվել պրծել է, բոյի՞ն է նայում։ Խելոք ծնողներն էլ դրա մասին չեն խոսում, որ հետագայի համար խնդիրներ չստեղծեն։
-Իսկ ի՞նչ կասեք իշխող քաղաքական ուժի քարոզարշավի մասին։
-ՀՀԿ-ն գնալով ավելի չափավորվում է և լրջանում։
-Այսի՞նքն։
-Սկզբում ցուցակի անդամները հայտարարում էին, թե մեր դեմ մրցակից չկա, մեր որակը ոչ ոք չունի, բայց հաջորդ օրերին չափավորում են իրեն խոսքերն ու ավելի զուսպ արտահայտվում՝ հավանաբար տեսնելով, թե որքան մարդ է հավաքվում «Ծառուկյան» դաշինքի քարոզարշավին։ Միանշանակ է, որ պետք է ընտրություններ լինեն, իսկ այսօրվա պայմաններում ամբողջը կեղծել հնարավոր չէ։ Սա նշանակում է դաժան, հավանաբար քաղաքականացվող պայքար։
-Այս շաբաթվա ընթացքում ո՞ր քաղաքական ուժը զուտ գաղափարական պայքար մղեց։
-Գաղափարի մասշտաբայնություն չեմ տեսել։ Որևէ ծրագիր, որ Հայաստանը մոտ հեռանկարում զարգացման հուն կտեղափոխի, չի երևում։ Սա գուցե և բնական է, քանի որ այդ ուժերը քաղաքական կառույցներ չեն, ու անդամներն էլ քաղաքականապես շատ կրթված մասսա չեն։ Տպավորությունն այնպիսին է, կարծես ավագանու ընտրություն լինի, սկսում են կպչել սրան-նրան, ինչ-որ բաներ բացատրել, թե ինչու իրենք չեն արել, ինչու պիտի անեին։ Այն, ինչ խիստ անհրաժեշտ է ներկայացնել, չեն անում։ Այն է՝ երկիրն ինչպես կարող են այս ճգնաժամից հանել, ինչ մեխանիզմներով հաղթահարել ճգնաժամը ու նոր էջ բացել։ Ի դեպ, մեզանում քաղաքական կուսակցությունները մեռնում են և դառնում են մոբիլ, շարժական տնտեսաքաղաքական խմբավորումներ։ Այս իմաստով կուսակցությունները, որպես այդպիսին, այլևս չեն լինելու։ Կլինեն խմբավորումներ, որոնք տարբեր նպատակների շուրջ կհավաքվեն և առաջնորդներով կգնան քաղաքական ընտրությունների։ ԱՄՆ-ում էլ է այդպես, ընտրությունների ավարտից հետո հանրապետականներն ու դեմոկրատները «ցրվում» են։ Այնպես չէ, որ կուսակցական բյուրոկրատիան կողոպտի ժողովրդին ու նրանց հաշվին ապրի։ Ի՞նչ է կուսակցական ֆունկցիոները։ Ոչինչ։
Այսօր մեզանում կա երկու քաղաքական ուժ՝ «Ելքը» և ՕՐՕ-ն, որոնք այս ընթացքում քաղաքականացնում են հարցերը։ Եթե «Ելքի» ներկայացուցիչների զգալի հատվածը բարեկիրթ է ու քաղաքական, ապա ՕՐՕ-ն քաղաքականացնում է խնդիրներն անկախ իր կամքից, քանի որ չի կարող վաբանկ չգնալ։ Սա նշանակում է` մրցապայքարն ավելի է սրվելու։ Կա մի բացասական երևույթ, ավելի շուտ հոգեկան հիվանդություն, այսինքն՝ խաղաղություն ոչնչի դիմաց։ Սա լենինյան լոզունգ է։ 1917-ին Լենինը հայտարարեց խաղաղություն, հաց ու նմանատիպ այլ լոզունգներ։ Փոխարենը Ռուսաստանը ստացավ պատերազմ, սով և քաղաքացիական պատերազմ։ Լևոն Տեր-Պետրոսյանի խումբը նույն լոզունգներով գնում է առաջ։ Այդ փոխզիջումների ջատագովները ոչ մի կերպ չեն կարող հոդաբաշխ բացատրել, թե ինչպես է լինում փոխզիջումը։ Բոլոր թեզերն էլ հանգում են միակողմանի զիջման։ Փոխզիջման մասին այսօրվա խոսակցությունները հայրենադավություն են։ Գուցե անգիտակցաբար են այս ամենն անում։ Իսկ եթե գիտակցված են այս խնդրին մոտենում, ուրեմն Հայաստանում կա հինգերորդ շարասյուն, որն ուղղակի կրկնում է 1920-ի բոլշևիկյան կուսակցությանը։ Փոխզիջումը նաև պետք է առաջ շարժվել ենթադրի, այնպես չէ, որ Հայաստանը պետք է հանձնվի ու վերջ։
-ՀԱԿ-ը համարում է, որ հենց խաղաղությունն է երաշխիք լինելու Հայաստանի հետագա զարգացման։
-Խաղաղությունը զենքով, զորքով, ուժով է լինելու։ Եթե այդպես չէ, պատրանքները վնասակար ու պետականաքայքայիչ գաղափարներ են։ Մենք խաղաղության գաղափարով չենք կարող գործ անել, թող ֆոկուսներ չանեն։ Ի՞նչ խաղաղություն։ Ադրբեջանից քսանհինգ տարվա ընթացքում «խաղաղություն» բառը մեկ անգամ լսե՞լ եք։ Անշուշտ՝ ոչ։ Ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտը խաղաղության և փոխզիջման տեղ չունի։ Դրա համար խաղաղության մասին խոսելը սպեկուլյացիա է, լենինյան լոզունգ։ Այս գաղափարով ՀԱԿ-ն ուզում է խորհրդարանում կրկին լինել։
-Կարծում եք` այդ գաղափարը կօգնի՞, որ այս ուժն անցողիկ շեմը հաղթահարի։
-Կարծում եմ՝ ՀԱԿ-ն իր շեֆի հետ «ցրվելու» է, հալվելու-մաշվելու է գնա, բայց ոչ շաքարի նման։ Իր հետևից քաղցրություն չի մնա, կմնան դառը հուշեր և աշխարհաքաղաքացու գոլորշացումը։ Անցողիկ շեմը չի կարող հաղթահարել հող հանձնողների խումբը։ Պետություններն ու ժողովուրդները արյան վերջին կաթիլով մի թիզ հողի համար պայքար են մղում։ Որքան ես եթերից հետևում եմ այդ քաղաքական ուժի քարոզարշավին, հանդիպումներին մարդ էլ չի գնում, այնպես որ, տագնապելու բան չկա։
-Հայաստանյան քաղաքական ուժերը որպես օրինակ վկայակոչում են Վրաստանը։ Օրերս ՕՐՕ դաշինքի անդամները ևս հիշեցին Սաակաշվիլուն։ Ի դեպ, ոչ վաղ անցյալում Տեր-Պետրոսյանն Իվանիշվիլուն Գագիկ Ծառուկյանին էր նմանեցնում։ Ընտրությունների նախաշեմին ի՞նչ «վրացացավ» է կպել։
-Ամեն մի լավ օրինակ էլ օրինակ է։ Սեյրան Օհանյանը Սաակաշվիլուն մատնանշելով ասաց, որ ընդամենը նրա կառավարման տարիներին Վրաստանը լուրջ բարեփոխումների ենթարկվեց։ Ես էլ մեկ այլ օրինակ եմ շատ կիրառում։ Դը Գոլն ասում էր, որ պետության առաջին դեմքը չի կարող ընկեր, բարեկամ ունենալ, նրա եղբայրն ու ընկերը պետությունն է։ Իհարկե, Սաակաշվիլու թիկունքում ամերիկացիներն էին, հիմա էլ շատերի թիկունքում ուրիշներն են։

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1129

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ