Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Մարտյան իդերը սկսվում են

Մարտյան իդերը սկսվում են
14.03.2017 | 01:35

Իդեր հռոմեական օրացույցում անվանվում էր օրը, որ կիսում էր ամիսը: Իդերը մարտին, մայիսին, հուլիսին, հոկտեմբերին 15-ին էին, 13-ին՝ մնացած 8 ամիսներին: Հուլիոս Կեսարը փոխեց հռոմեական օրացույցը, իդերը կորցրին նշանակությունը, բայց հենց նրա պատճառով ընդմիշտ մնացին պատմության մեջ: Մ.թ.ա. 44-ի մարտի 15-ին դավադիրները սպանեցին Կեսարին: Պլուտարքոսը վկայում է՝ գուշակը ասել էր նրան, որ մարտյան իդերին պետք է զգուշանա մահից: Գուշակին Սենատի աստիճաններին հանդիպելով՝ Կեսարը ծիծաղել էր. «Մարտյան իդերը սկսվել են, ու՝ ի՞նչ»: «Սկսվել են, բայց չեն ավարտվել»՝ պատասխանել էր գուշակը: Հռոմեական օրացույցում կային նաև կալենդներ ու նոներ: Հռոմեացիների ամիսը չուներ օրերի համարակալում, գլխավոր օրերը հետուառաջ էին նոներից, կալենդներից ու իդերից: Հարմար էր՝ մինչև Կեսարը, նա եկավ ու փոխեց: Աշխարհում ամեն ինչի մեջ Հուլիոս Կեսարին կարելի էր մեղադրել, բացի հայրենադավությունից ու բռնակալությունից: Ներկայացնելով Պոպուլիստների կուսակցությունը, նա ամբողջ կյանքում եղավ հակապոպուլիստ՝ այսօրվա ընկալումով: Իր ժամանակներում Պոպուլիստների ժողովրդական կուսակցությունը ժողովրդավարությամբ ամրապնդում էր պետությունը: Դավադիրները նրան մեղադրում էին բռնապետություն հաստատելու ցանկության մեջ, որ նա չուներ, իսկ նրա մահից ու քաղաքացիական պատերազմներից հետո Օկտավիանոսը իրեն հռչակեց Օգոստոս կայսր: Նրան ոչ ոք չմեղադրեց՝ իշխանությունը զավթելու ու հանրապետությունը սպանելու մեջ՝ հռոմեացիները զարմանալի էին իրենց նախընտրություններում: Սպանեցին ու երկրպագում էին Կեսարին, ենթարկվում ու չէին սիրում Օգոստոսին:
Ի՞նչ կապ ուներ: Ոչ մի: Հենց այնպես: Պատմություն է՝ մի քանի հազարամյակի: Հայերն էլ հռոմեացիներից պակաս զարմանալի չեն՝ իրենց ընտրության ու նախընտրությունների մեջ: Ավելի տարօրինակ ու տարատեսակ են: Բայց օրինաչափություններ կան՝ հազարամյա ու անփոփոխ:


1. Հայերը ևս հաց ու զվարճանք են ուզում: Ճիշտ է՝ ժամանակները փոխվել են, եթե հռոմեացիները ընտրվելու համար պիտի ապահովեին ամենօրյա հացը՝ աշխատանքի, տան ու ունեցվածքի տեսքով, հայերը բավարարվում են մեկանգամյա ընտրակաշառքով, եթե հռոմեացիները զվարճանքն էլ քաղաքականություն էին դարձնում՝ արենաներում գլադիատորական մարտերը նվիրելով իրենց աստվածներին ու կայսրերին փառաբանելուն, գործնականում իբրև գովազդ օգտագործելով, հայերը զվարճանում են քաղաքականությամբ:
2. Հայերը ևս ամեն ինչ ուզում են ունենալ, բայց ոչինչ չեն ուզում անել: Հռոմեացիները ունեին ստրուկներ, որ նրանց համար աշխատում էին, հայերն իրենք են իրենց ստրուկները: Հռոմեացիները ունեին լեգեոններ, որ մաս-մաս նվաճում էին հայտնի ու անհայտ աշխարհները, որտեղից ցորեն, ոսկի ու համեմունքներ էին հոսում Հռոմ, հայերը ունեն թշնամի, որի դեմ հիմա կռվում են հիբրիդային պատերազմում, թեև բուն պատերազմում հաղթել են, բայց չգիտես ինչու ոչ թե կապիտուլյացիայի ակտ, այլ զինադադար են կնքել ու հիմա պատրաստ են հանուն խաղաղության պարտված թշնամուն կռվով նվաճված տարածքները հանձնել, որ եղել են իրենցը: Իրենք իրենց կոչում են խաղաղասեր, թշնամուն համարում են ռացիոնալ: Հակառակ, որ թշնամին ռացիոնալ ոչինչ չի արել, բացի՝ զինվելուց, պահանջում է ամեն ինչ ու հիմա, չի խոստանում ոչինչ: Մի վերապահություն կա՝ ոչ բոլոր հայերն են այդպես մտածում, ոչ բոլորն են ամեն գնով խաղաղությունն ընդունում:
3. Հռոմեացիները փայլուն դիվանագետներ էին՝ ինչ չէր հաջողվում զենքով, նվաճում էին խոսքով, ավելի ճիշտ՝ նախ խոսքն էին փորձում, վերջին խոսքը զենքով էին ասում՝ չհասկացողներին: Հայերը դիվանագիտության մեջ միշտ հանճարեղ են եղել, բայց հազվադեպ են պաշտպանել իրենց պետության շահերը: Այդպես է ստացվել, այդպես էլ շարունակվում է, թեև հիմա կա պետություն ու ինքնիշխանություն:

4. Հռոմեացիները իրենց ժամանակի ամենահզոր ռազմիկներն էին, լեգեոններին հաղթելը, եթե իրար դեմ չէին կռվում, գրեթե անհնար էր: Հայերը սովորաբար չեն կռվում, եթե դանակը ոսկորին չի հասել, իսկ եթե կռվում են, հռոմեացիներից պակաս չեն ոչնչով և հաղթանակի համար կյանքի ու մահվան միջև չեն ընտրում:

5. Հռոմեացիները պատրաստ էին իրենց գաղափարների համար պայքարել մինչև վերջին պահը ու վերջին զինվորը, հայերը վերացական գաղափարների հետ հաշտ չեն՝ գերադասում են նյութական գաղափարը՝ տուն, բլուր, տարածք, փող:
6. Հռոմեացիները պատրաստ էին հրաժարվել ամեն ինչից, բայց ոչ արժանապատվությունից, նրանց քրեական օրենսգրքում արժանապատվությունը վիրավորելու համար ամենախիստ պատիժն էր սահմանված, հայերը մանրադրամ են դարձնում՝ ունեն, երբ օգուտ է տալիս, չունեն, երբ վնասում է:
7. Հռոմեական կայսրությունը փլուզվեց, Հռոմը կա: Ժամանակին Հռոմի հետ պատերազմող Հայաստանից մնացել է այնքան տարածք, ինչքան Հռոմեական կայսրությունից Իտալիային: Իտալիան պահպանում է կայսերական պատմությունը, Հայաստանը մոռացել է հիմնովին ու բեկոր-բեկոր երբեմն փորձում է վերականգնել:
Ի՞նչ կապ ուներ ընտրությունների հետ: Ոչ մի: Հենց այնպես: Պատմություն է՝ մի քանի հազարամյակի: Վաղվանից սկսվում են մարտյան իդերը:
ՀՀԿ-ի համար քարոզում են Վիգեն Սարգսյանը, Արփինե Հովհաննիսյանը և վարչապետը, որ չկա ՀՀԿ ցուցակում: Նա ասում է, որ չի խոստանա ավելին, քան կարող են կատարել, բայց առատության եղջյուրից հոսում են խոստումները և եզրակացությունը՝ «Եթե դուք հանկարծ որոշեք մեզ ընտրել, ամեն ինչ լավ կլինի»: Ի՞նչ են ուզում ընտրողները: Նրանք լուրջ չեն ընկալում վարչապետին, հանդիպել են «կինոյի տղին» ու կինո են նայում՝ տարեց կանայք բոլորի անունից սեր են բացատրում՝ «Երբ Դուք եկաք վարչապետ, Հայաստանի 90 %-ը սիրահարվեց Ձեզ», տարեց տղամարդիկ բողոքում են, որ աղջիկները տանն են մնում, տղամարդ չկա: Կամուսնանա՞ նրանց հետ վարչապետը, այնքան՝ ինչքան կկատարի նախընտրական խոստումները: Սելֆիներ կլինեն ու ժպիտներ՝ անձրևի մեջ:


Գագիկ Ծառուկյանը ուր գնում է՝ Աստծուն փառք է տալիս, որ ամեն ինչի հասել է, եթե հիշենք՝ ինչպես է հասել, Գագիկ Ծառուկյանը աստված է հռչակում Ռոբերտ Քոչարյանին ու ասում է՝ «Բոլոր խոստումներս մեկ ամսում կկատարեմ, եթե 51 % + ձայն տաք», տեղ-տեղ էլ բողոքում է Տիգրան Մուկուչյանից, որ չի թողնում կաշառք խոստանա: Ինքը համակարգ փոխել է խոստանում: Ճիշտ է՝ ոչ մի տեղ չի բացատրում, թե ինչ է հասկանում «համակարգ» ասելով:
ՀՅԴ-ն շարունակում է հայտարարել, որ հաղթել է համակարգին՝ Սահմանադրություն է փոխել ու նոր Ընտրական օրենսգիրք է գրել, որով ընտրությունների արդարությունն է ապահովել: ՀՀԿ-ն չի հակադարձում, որ խորհրդարանական հանրապետություն ՀՅԴ-ն ուզում էր առաջին հանրապետության օրերից, բայց հասավ երկու տարի առաջ, ու դա բացատրություն ունի: Նրանց պետք է, որ երկիրը երկիր դառնա: ՈՒ չեն ասում, ինչ են հասկանում «երկիր» ասելով:
ՀՎԿ-ն հոգնած է բազում ընտրություններից՝ բերում է հին ու նորացված 30 քայլեր: Նորից հնչում է, որ քվեն փամփուշտից հզոր է, Արթուր Բաղդասարյանը ինքնաներշնչումով հիշում ու հիշեցնում է՝ ինչպես է փրկել մանկապարտեզները ու սովետի ժամանակի ավանդները, պատրաստ է փրկել բոլորին:


ՀԿԿ-ն նույնիսկ մարզեր է այցելում՝ փաստորեն լավ էլ փող ունեն կոմունիստները Հայաստանում, խոստանում է ձրի կրթություն, ձրի բժշկություն, գործարանների ու ֆաբրիկաների վերաբացում, բայց չի ասում՝ փողը ո՞վ է տալու:
«Ազատ դեմոկրատներին» ևս փողը չի պակասում՝ տրված է և ուղին գծված է՝ Բաղրամյան 19, այնտեղից էլ՝ Բրյուսել: Նախկին «ժառանգականները» այսօր ազատ դեմոկրատ են ու հայտարարում են, որ փոխելու են կյանքը Հայաստանում՝ ո՞վ, եթե ոչ իրենք: Նրանք կարող են, մնում է՝ պարզել՝ ի՞նչ:


Նրանց հետ համաձայն չեն կամ են՝ ոչ մի տարբերություն, ՕՐՕ դաշինքում՝ նրանք ասում են՝ հերիք է, ու պատրաստ են իշխանություն դառնալ, բայց ոչ մի սկզբունքային հարցի չեն պատասխանում, թե ի՞նչ իշխանություն են իրենք լինելու ու ի՞նչ տարբերություն այն տարիներից, երբ իրենք էլի իշխանություն էին:
ՀԱԿ-ՀԺԿ-ն առաջին իսկ շաբաթում զգաց, որ «Խաղաղություն հիման» չի աշխատում, ժողովուրդը ուզում է խաղաղություն, բայց դեմ է տարածք տալուն, ու աստիճանաբար շեշտը դնում է սոցիալական հարցերի վրա ու տնտեսության վերականգնման: Սա ՀԱԿ-ՀԺԿ-ի Պլան Բ-ն էր, որ հարկադրաբար դառնում է Պլան Ա, և նրանք նմանվում են մյուս բոլորին:
«Ելք կա»՝ հայտարարում է «Ելքը»՝ որտեղ լինում է և հավելում է, որ ելքը վերելք է: Տեղ-տեղ նրանց հետ չեն համաձայնում՝ ինչպես Քաջարանում Արամ Սարգսյանի հետ, որտեղ «Նիվա»-ներով ժողովուրդ են ցրել, ինչպես Վանաձորում Էդմոն Մարուքյանի հետ, որտեղ ցուցապաստառներ են պատռում: Վախից, որ ելքը մեծամասնության համար է ելք, ոչ իրենց, որ ծառայում են փոքրամասնությանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ՈՒ ի՞նչ: Ապրիլի 3-ին կյանքը շարունակվելու է: Իսկ մինչ այդ ակնհայտ է.
1. ԱԺ ընտրությունները շրջադարձային են՝ այլևս չի լինելու նախագահի համապետական ընտրություն: Ընտրելով պատգամավոր՝ ընտրում ես պետության ղեկավար: Ընտրողը դա չի ընկալում, ընտրվողը չի բացատրում:
2. Բոլորն ունեն դրախտի բանալիները, որ բացահայտորեն ԵԱՏՄ տարածքում չէ, միայն «Ազատ դեմոկրատներն» ու «Ելքն» են ասում, որ եվրասիական ինտեգրումը սխալ էր և պետք է ԵՄ-ի հետ բանակցել ասոցացման համաձայնագրի շուրջ:
3. Եթե նույնսկ որոշ ընտրվողներ փորձում են ծրագրային, գաղափարական մրցակցություն ստեղծել, ընտրողներին չի հետաքրքրում՝ նրանք ընտրում են անձին ու նախընտրում են փողը:
4. Իշխանության նպատակն է ոչ միայն հաղթել, այլև ունենալ կառավարելի խորհրդարան՝ որոշումների ընդունման վերահսկելիության համար:
5. Բաղրամյան 19-ի սցենարներն ու տարբերակները գրվում են Բաղրամյան 26-ում ու դրսերում հաստատվում, բայց ամեն ընտրություն ունի անկանխատեսելի ու անկառավարելի տարբերակ: Հնարավոր է, որ այս տարի լինեն մարդիկ, որ թեյ չեն խմում ու չեն ապավինում երգ ու պարի տակ իշխանական բուրգի կազմաքանդմանը:
6. Ոչինչ որոշված ու կանխորոշված չէ: Ամեն ինչ կախված է ընտրվողներից ու ընտրողներից՝ Աստծուն ուզում ես ծիծաղեցնել, պատմիր ծրագրերդ:
7. Մոսկվայում հանդիպեցին Պուտինն ու Էրդողանը: Հավարտ հանդիպման՝ ասուլիսում Էրդողանը խոսեց Անկարա-Բաքու-Մոսկվա առանցքի ձևավորման մասին ու Սիրիայի հարցում փառաբանեց ինքն իրեն, շրջանցեց Իրանը, Պուտինը լռության մատնեց Էրդողանի առաջարկը ու Սիրիայի հարցում խոսեց Իրանի մասին: Մինչ ամբողջ Եվրոպան մերժում է Թուրքիային, ու դիվանագիտական նոր պատերազմ է դարձել Թուրքիայի Սահմանադրության փոփոխության ԵՄ տարածքում քարոզչության հարցը, Մոսկվան ու Անկարան միմյանց գիրկ են նետվում, ՀՀ պաշտպանության նախարարը հայտարարում է՝ ՌԴ-ի համար հասկանալի ու կանխատեսելի Թուրքիան համապատասխանում է Հայաստանի շահերին: Գիտի՞ Վիգեն Սարգսյանը՝ ո՞րն է այդ Թուրքիան, ու ո՞րն է Ռուսաստանի շահը: Մարտյան իդերը սկսվում են ու հայտնի չէ՝ ինչպես կավարտվեն: Պատմությունը կրկնվում է, օրինաչափությունները գործում են անխախտ՝ ժամանակի մեջ փոխելով անվանումները, բայց ոչ բովանդակությունը: Մարդը անվերջ ու ամեն ինչ ընտրում է, ձախողումների մեջ մեղադրում է ուրիշներին, հաջողության համար փառաբանում է իրեն: Ընտրողներն ու ընտրվողները դեռ չեն հանդիպել, առայժմ մենախոսում են:

Դիտվել է՝ 1292

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ