Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Վրաց եկեղեցու ուշադրության առանցքում բոլոր հայ քաղկեդոնական եկեղեցիների պատկանելության հարցն է»

«Վրաց եկեղեցու ուշադրության առանցքում բոլոր հայ քաղկեդոնական եկեղեցիների պատկանելության հարցն  է»
14.03.2017 | 10:51

Վրացական Interpressnews կայքի փոխանցմամբ, Համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդը Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանին խնդրել է Հայաստանում վրաց եկեղեցիներին այնպիսի կարգավիճակ տալ, ինչպիսին ունեն Վրաստանում հայկական եկեղեցիները: Քաղաքագետ, Armweeklynews կայքի գլխավոր խմբագիր ԷԴԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ այս առիթով իր մտավախությունն էր հայտնել` ՀՀ վարչապետին առաջարկելով ուշադրություն չդարձնել վրաց եկեղեցու պատրիարքի անհիմն տրտունջներին:

-Պարոն Հովսեփյան, կոնկրետ ո՞ր եկեղեցիների մասին է խոսքը, ի՞նչ հիմնավորմամբ է Իլյա 2-րդը նման խնդիր առաջ քաշում:
-Դրանք Լոռու մարզի հայ քաղկեդոնական եկեղեցիներն են` Ախթալայի, Քոբայրի, Դսեվանքի, Հնեվանքի եկեղեցական համալիրները: Անցյալ դարի 90-ականներին, երբ Հայաստանը և Վրաստանը նորանկախ պետություններ էին, Վրաց եկեղեցու Սինոդը Դմանիս-Ագարակ թեմից դավադրաբար առանձնացրեց Լոռե-Տաշիր եպիսկոպոսությունը, որը, Սինոդի որոշմամբ, եթե Հայաստանի կառավարությունը և Հայ առաքելական եկեղեցին համաձայնություն տային, պետք է գործեր Հայաստանի տարածքում: Փոխարենը Հայաստանի կառավարությունը պետք է իրավական կարգավիճակ տար վրաց եկեղեցուն: Վրաց եկեղեցին հույս ունի, որ դրանից հետո արդեն կարող է վիճարկել Լոռու մարզի եկեղեցիների պատկանելության հարցը: Առայժմ այդ եպիսկոպոսությունը միայն թղթի վրա է, քանի որ չունի իրեն ենթակա եկեղեցիներ Հայաստանում: Սակայն վրաց եկեղեցին ամեն առիթով պահանջ է ներկայացնում, որ Լոռու մարզի առնվազն հինգ հայ քաղկեդոնական եկեղեցիներ հանձնվեն իրեն: Այս մասին է խնդրել Իլյա 2-րդը մեր վարչապետին: Սակայն Հայ առաքելական եկեղեցին ժամանակին կանխարգելիչ քայլ է արել և Լոռու մարզի բոլոր եկեղեցիները, որոնք նախկինում համարվում էին պատմամշակութային հուշարձաններ, վերցրել է իր հովանու ներքո: Այժմ դրանք համարվում են Հայ առաքելական եկեղեցու խոնարհված եկեղեցիներ:
-Կարո՞ղ եք որոշակիացնել` ինչո՞ւ վրաց եկեղեցին Հայաստանում չի կարող իրավական կարգավիճակ ստանալ:
-Նախ, պատմականորեն վրաց եկեղեցին Հայաստանի տարածքում 1700 տարվա մեջ երբեք ազգությամբ վրացի հավատացյալներ չի ունեցել, ուր մնաց թե եկեղեցի ունենար: Իրավական կարգավիճակ տալիս են այն եկեղեցիներին, որոնք ավանդաբար և դավանաբանական առումով պատմական ողջամիտ ժամանակահատվածում գործել են տվյալ երկրի տարածքում և առնվազն մի քանի սերունդ հետևորդների բազմաթիվ ընտանիքներ ունեն, որոնք բնակվում են տվյալ բնակավայրում կամ շրջանում: Նման չափորոշիչներին բավարարող վրացական համայնք Հայաստանում չկա, հետևաբար, միջկրոնական և միջեկեղեցական հարաբերություններում չկա նման նախադեպ, երբ որևէ երկրում եկեղեցին չունենա հոտ և եկեղեցիներ, սակայն ստանա պետական գրանցում: Ոչ մի ղեկավար իրավունք չունի պատմական սխալ թույլ տալու սերունդների առջև: Հետո էլ, ինչպե՞ս ենք պատկերացնում, որ Հայ առաքելական եկեղեցուն պատկանող խոնարհված եկեղեցիները դառնան վիճարկման առարկա իրավական հարթությունում վրա: Եթե մեր վարչապետը տուրք տա վրաց պատրիարքի առաջարկին, անդառնալի հարված կհասցնի հայ-վրացական հարաբերություններին, և մասնագիտական բանավեճը կվերածվի միջկրոնական և միջազգային հակամարտության: Ավելի լավ է «ջինը» փակված մնա, իսկ նոր վարչապետը չխառնվի այս գործին:
-Եթե տեղի տանք վրացիների պահանջին, կարո՞ղ ենք կանխատեսել հետևանքները:
-Հիշեցնեմ, որ 2012 թվականին Թբիլիսիի Սբ Նշան եկեղեցում տեղի ունեցած երկու հրդեհներից հետո վրաց եկեղեցին առաջ քաշեց ոչ միայն այդ եկեղեցու պատկանելության հարցը, այլ նաև Հայ առաքելական եկեղեցուց պահանջում էր քննարկել բոլոր վիճելի եկեղեցիների ճակատագրի հարցը, այդ թվում նաև Լոռու մարզի հինգ եկեղեցիների։ Այդ նպատակով վրաց եկեղեցու Սինոդը պաշտոնական հայտարարություն տարածեց` Հայ առաքելական եկեղեցուն առաջարկելով գիտական տեսակետից ուսումնասիրել բոլոր վիճելի եկեղեցիների պատմությունը և անկողմնակալ քննարկել դրանց պատկանելության հարցը: Վրաց եկեղեցին Արևելքի եկեղեցիների պատմության մեջ աննախադեպ վարք է դրսևորում, որը չունի տրամաբանություն և անգամ նախադեպ: Մի՞թե Հայ առաքելական եկեղեցին չգիտե իրեն պատկանող եկեղեցիների պատմությունն ու դավանաբանական պատկանելությունը, որ 1700-ամյա եկեղեցուն առաջարկում են քննարկել նրա իսկ պատմությունը: Պարզապես վրաց եկեղեցին փորձում է Հայ առաքելական եկեղեցին ներքաշել մի անպատվաբեր գործընթացի մեջ, որից շատ դժվար կլինի դուրս գալ: Այս առաջարկով Վրաց եկեղեցին փորձում է նաև իր «դիրքն» ամրապնդել համաշխարհային եկեղեցական կառույցներում, քանի որ կհաջողի վիճելի հարց ունենալ իրենից ավելի հեղինակավոր և հզոր եկեղեցու հետ: Վրաց եկեղեցին չի կարող իրավական կարգավիճակ ունենալ Հայաստանում և դրանից հետո էլ պահանջել հինգ հայկական եկեղեցիներ:
Սա կարող է նաև այլ հետևանքներ ունենալ, քանի որ եթե Հայաստանում վրաց եկեղեցուն իրավական կարգավիճակ տանք, ապա ստիպված ենք լինելու նաև անուղղակիորեն ճանաչել որպես վրաց եկեղեցու սեփականություն նաև Արևմտյան Հայաստանի հայ քաղկեդոնական այն եկեղեցիները, որոնք, թուրքերի օգնությամբ, վրացիներն իրենցն են համարում: Ես քաղաքական մասն եմ դիտարկում, իսկ պատմաբանները կարող են ավելի մանրամասն ասել, թե ինչու չի կարելի վրաց եկեղեցուն տեղ տալ Հայաստանում:
-Այսինքն, պատմական տարածքներից հայ ժողովրդին օտարելու խնդիր է դրվում նաև:
-Իհարկե, եթե ստեղծել են Լոռե-Տաշիր եպիսկոպոսություն, ապա այդ եպիսկոպոսությունը պե՞տք է նստավայր ունենա, թե՞ ոչ: Մի քանի եկեղեցի պե՞տք է ունենա, թե՞ ոչ: Այսինքն, հայկական եկեղեցիներին տիրանալով, նրանք ուզում են հարցը տեղափոխել քաղաքական հարթություն և կրկին պնդել, որ Լոռին պատկանում է Վրաստանին, ինչպես երբեմն բարձրաձայնում են վրաց ազգայնականները: Տայքի եկեղեցիներին վրացական կարգավիճակ տալը Թուրքիայի քաղաքականությունն է, ինչը ձեռք է տալիս նաև Վրաստանին: Եթե մի տեղ զիջես, մնացյալն ինքն իրեն է գնալու: Վրաց եկեղեցու ուշադրության առանցքում բոլոր հայ քաղկեդոնական եկեղեցիների պատկանելության հարցն է` և՛ ներկայիս Հայաստանում, և՛ Արևմտյան Հայաստանում: Սկսում է փոքր քայլերով, որ հետո «վազի»: Վստահ եմ, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն արդեն իսկ վարչապետին տեղյակ է պահել, որ վրաց եկեղեցու հարցը ո՛չ տնտեսական ոլորտից է, ո՛չ էլ ներդրումային դաշտից: Պետք է «խուլ» լինել վրաց եկեղեցու պահանջների հանդեպ և ուրիշ ոչինչ: Ի միջի այլոց, դեռևս 90-ականների վերջին ներքին հրահանգ կար` վրաց զբոսաշրջիկներ չթողնել Ախթալայի և Հնեվանքի համալիրներ: Ես սա փաստում եմ որպես նման արգելքին քաջատեղյակ անձ: Ինչպես վարվել ենք շուրջ 20 տարի, նույն կերպ էլ պետք է շարունակել:
-Շատ կտրուկ չէ՞:
-Բայց փաստ է, և ճիշտ է արվել: Այն ժամանակ ես նույնպես ի պաշտոնե հետևել եմ այդ հրահանգին: Էլի բաներ կան, որոնց մասին դեռ վաղ է խոսելը։ Լուռ հակամարտություն է եղել եկեղեցիների համար: Սա հիմա ամենակարևոր խնդիրն է. մեկ սխալ քայլ, և դարերով չենք կարող այն շտկել:

Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 2075

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ