Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է պատրաստում Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ Ռուսաստանի հետ կապերի ամրապնդման գործում նրա դերի և ժողովրդավարական ճանապարհից երկրի հեռանալու հետ կապված: ԱՄՆ-ի վարչակազմի աղբյուրները նշում են, որ Իվանիշվիլիի գործողությունները նպաստում են ռուսական շահերին և խաթարում են Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումները:               
 

Սիրո պակասից չի ծնվում ոչինչ դրական ու գեղեցիկ

Սիրո պակասից չի ծնվում ոչինչ դրական ու գեղեցիկ
14.03.2017 | 10:58

Ո՜վ ճշմարիտ արդարություն,
Եթե դու այն կենաց ծառի վրա, որ
Վանա ծովում է և որի վրա
Սիմահավքի բույնն է, մենք օգնության
Համար քեզ ենք ապավինելու:
(«Ավեստա» գրքից)

Համոզված եմ, որ չկա (և չի էլ եղել) առավել նշանակալից պարգև հայոց մայրության և գեղեցկության տոնի առթիվ, քան աստվածահունչ սիրո և պոեզիայի աստվածահունդ կատարելության գովքը` ի նվիրումն մեր մայրերի, կանանց և դուստրերի։

ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՍԵՐԸ ԵՎ ՊՈԵԶԻԱՆ ԵՆԹԱԳԻՏԱԿՑԱՊԱՏՈՒՄԻ ԼՈՒՅՍՈՎ

Այո՛, աշխարհաստեղծման արտերևույթը (ֆենոմեն) նույնածավալ անսահմանությամբ Արարչական ստեղծագործություն է` ինչպես երկրի վրա աստվածային կայծով երկնած յուրաքանչյուր կոթող: Միայն թե արարչագործության իրականացման գերագույն գաղափար-մտահղացումի ամբողջությունը դուրս է մարդ-արարածի ընկալումից: Աշխարհի գլխավոր դիցաբանություններում գիտության և արվեստի հովանավոր ոգի-մուսաների և հրեշտակների կերպավորված ձայնափողերի ներքո աստվածային լուսափայլ ցոլացումներից հառնող ինքնաստեղծ պոետիկ մտածողությունն իր հերթին ներշնչված է Սիրով և միայն Սիրով, որի քույր չափածո խոսքը հավերժատև սիրո գովերգիչն է:
Սիրո պակասից չի ծնվում ոչինչ դրական ու գեղեցիկ, իսկ արդեն ստեղծված ամենայն շնչավոր, անշունչից լավագույնը՝ անաղարտ նորածին մարդ էակը, չարի կողմից ենթարկվում է խաթարման և կարող է վերականգնվել միայն պոետական կենսարար շնչով: Բարու և չարի հակադրելիության օրինադրույթով սահմանված չափաբաժնի խախտման պատճառով, չարը, իբրև փորձության գործիք, չարաշահում է իր գործառույթը՝ Տիրոջ հանդեպ մարդ էակի հավատարմության աստիճանը ստուգելիս: Եվ այդ ժամանակ է, որ դարանակալում է անցանկալին` իր բոլոր հետևանքներով:


Էութենաբանական բաղադրատարրերի փնջում նրբագեղ, երգեցիկ, իր հնչերանգությամբ արվեստի տեսակների «կնքամայր» պոեզիան սիրո տաղերգության մուսաների հովանու ներքո առանձնաշնորհության երանելի սուբստանցիա է` երիցս կրելով մարդկության աստվածադիր առողջ ու բարոյական կենսակերպի պահապան հրեշտակի դերը: Միաժամանակ` պոեզիայի կնքամայրությամբ ստեղծված երկնահաս արժեքների ամբողջությունը Բարձրյալի հետ ամենաուղղակի հաղորդակցման միջոց է` արձակ և չափածո ասացումներն առ Աստված:
Խոսենք երկվորյակ քույրերից խնդրո առարկային առնչվող և բոլոր ժամանակներում մարդ էակին՝ իր կոչմանն արժանացնող «պոեզիա» երևույթի մասին։ Աստվածաշնորհ երևույթ է, որով արժևորվում է հավերժ տարփողվող ամենայն աստվածայինը: Շարադրանքիս բնաբանում Սիմահավքը երևակայական ուրվապատկերում հայոց շարականներն առած թևերին` ճախրում է դեպ երկինք` առ Աստված: Բարձրում հայոց բանահյուսության (տաղասացություն, երգասացություն) գոհարները աստվածային սիրով մյուռոնվում-մերանվում են հանճարեղության դրոշմով, այնուհետ իջնում վար` դառնալով հայոց հոգևոր և մարմնավոր բարոյակերտ գոյատևումն առողջացնող հրաշագործ համադարման կոթողներ:


Այո՛, այս ամենը կարող է թվալ միֆական` արտաքուստ, մինչդեռ սա իրականություն է, քանի որ մարդու ուղեղի ծալքերում թեկուզ և հորինված որևէ բան միֆ չէ, այն այժմ էլ կա և կարող է լինել` անկախ ժամանակից: Հնագույն մի ասացվածքի էլ բանական էակի մտքի հղացումը ինչ-որ ժամանակ գոյություն է ունեցել, ինչպես և աստվածաշնչյան տողով` «Աստված ստեղծեց բառը, և բառը դարձավ մարմին»: Իսկ խոսքի մի մշակ էլ լռության պաշտամունքն է դավանում իր մի ասույթով՝ «Ի սկզբանե եղել է խոսքը, հետո ծագել է լռությունը»: Ինչ խոսք, լռության գյուտը փրկել է մարդկությանը անվերջ շաղակրատելու արատից, որից մինչև քաոսը մեկ քայլ է, և այդ քայլը արվում է մշտապես:
Ասելիքի զարգացման ընթացքում ուրվագծվում է հետևյալ պատկերն առ այն, որ արարչագործության ընթացքում Գերագույն ճարտարապետն արարման համար «նյութատեխնիկական բազայում» ձեռքի տակ եղած միջոցների ընտրության և իրականացման գործում առաջնորդվել է պոետիկ մտածողությամբ, երբ ստեղծելով ամենայնը` աշխարհը, բնության հրաշալիքները, շնչավոր, անշունչ ամեն, ամեն բան, թավջութակ նվագարանի ամենաներքին թավ ձայնով (մահկանացուն այդ ձայնանիշը չունի) մրմնջացել է Կոմիտասի շարականները Նարեկացու տաղերով:


Արտասովոր է այս տեսիլապատկերը, թե ինչպես կարող էին դեռ նոր-նոր արարչագործության «խմորը հունցելիս» Հայր Աստծուն արդեն հայտնի լինել հայոց շարականները։ Հնարավոր է` ամենակարողի համար։

ՉԱՓԱՎՈՐ ԽՈՍՔԻ ԱՍՏՎԱԾԱԴԻՐ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ


Արդարև, չկա ոչինչ, որ էապես չլինի ներդաշնակ ու գեղեցիկ, եթե նրանում ներկա է խոսքի արվեստը, այն է` չափածո մտածողությունը, փիլիսոփաների, ճարտասանների տրակտատներում, քաղաքական գործիչների ելույթներում, նաև բանավոր առօրյա խոսքում։ Պոետական մտածողությունը ինչպես արվեստագետներին, այնպես էլ այլ ոլորտներում նշանավոր մարդկանց տրված Աստծո շնորհ է, սնուցիչ մի աղբյուր` նրանց տաղանդի լիակատար բացահայտման համար:
Եվ ահա արարչագործությունը, որը կատարյալ համատիեզերական արարումների իր օրինակով ներդաշնակ հրաշափառ համակարգ է, նույնպես պարտական է չափածո խոսքին: Եվ հնարավոր էլ չէ պատկերացնել, թե ի՛նչ կլիներ, եթե Ամենայնի Արարիչը երկնելու բերկրալիության ոգևորությունից մի պահ, գործընթացի մի հատվածում, հանկարծ «կորցներ» չափը` դառնալով Արարչագործության եզակի կարգավորվածության` բնազանց խաթարման պատճառ:


Այո՛, աստվածային սցենարի գաղափարի, «գրականագիտորեն» ասած` գեղարվեստական խնդիրների լուծման բանալին բանաստեղծական չափածո մտածողության մեջ է, որը երկրի վրա իր մանրակերտ օրինաչափությամբ ինչպես արվեստում, այնպես էլ ցանկացած քաոսային իրավիճակում կանոնավորող դերակատարությամբ հնարավոր ելքերի սնուցիչ աղբյուր է: Մինչդեռ պոետական մտածողությունից զերծ, հոգեհմա ստեղծագործությունները երիցս վերածվում են չոր ու տաղտուկ մանվածապատումի: Անգամ գեղանկարչության ուղղություններից վերացարկված արվեստը ևս, որպես ներանձնային ստեղծագործական դրսևորման ձևերից մեկը, գունագծային, կոմպոզիցիոն գրագետ հորինվածքի պարագայում, գեղարվեստական կատարման խայտաբղետ տեխնիկայով հանդերձ, նույնպես չի կարող ստեղծվել առանց պոետիկ խառնվածքի դրոշմի:


Արարիչը Անհուն Տիեզերքը կառավարում է ոչ առանց ամեն ինչի հիմնասյուն-սկիզբ չափածո խոսքի ձևակերպմանը սպասարկու արվեստի բոլոր չափանիշների ամբողջության, որն էլ իր հերթին երևակվում է դրամատուրգիայի ընտրակարգված տարրերի առկայությամբ: Համատեքստի ծավալից դուրս հակիրճ նշեմ, թե ինչու հանկարծ Արարիչը ոչ թե ստեղծել է տիեզերքը, այլ միայն կառավարում և կանոնակարգում է այն: Ըստ իս, Մեծ պայթյունից միաժամանակ, հավասարազոր եզակիությամբ ծնվել-առաջացել են Արարիչը և Տիեզերքը՝ որպես ինքնաստեղծ Երկվորյակներ: Այսպիսով վերջ կդրվի քաղաքակրթության կտրվածքով խորհրդավորներից խորհրդավոր առեղծվածին, այսինքն՝ դարավոր հակասական այն դիլեմային, թե որն է եղել առաջինը՝ սկզբնավորելով երկրորդին: Այս հանդուգն գաղափարը ինձ հուշեց ենթագիտակցությունս, ես էլ ընդամենը սեփական երևակայությամբ այն համարում եմ միանգամայն տրամաբանական: Մի բան էլ. այս դրույթից ելնելով, ըստ Սոնա Վանի մի բանաստեղծության «Տիրոջ խաղատո՞ւնն է երկիրն այս» վերնագրի՝ Արարիչ-Աստված չի բավարարվել ստեղծելով միայն Երկիր մոլորակը՝ իբրև «խաղատուն», այլ նաև տիեզերքում ցրված այլմոլորակայինների համար դեռևս անհայտ բնակավայր-մոլորակներ:
Այսպիսով՝ պետք չէ տագնապել այլմոլորակայինների հարձակումներից, քանի որ բոլոր Արարչաստեղծ աշխարհները Նրա հոգեզավակներն են, և, իհարկե, Նա Ինքն էլ թույլ չի տա «միջընտանեկան» բախումներ ու ոտնձգություններ՝ տարաշխարհիկ քաղաքակրթությունների կողմից:


Ի վերուստ սահմանված առաքելության շրջանակներում Ամենայնի Ստեղծիչը ամենաառաջին դրամատուրգն է, իսկ դրամատուրգիական սցենարն իրականացնելիս նաև առաջին բեմադրող-ռեժիսորը:
Արարիչ Աստված տարրալուծված է տիեզերքով մեկ, Նա ամենուր է` թե՛ մարդու գիտակցության մեջ և թե՛ նրանից դուրս, հավերժ ներկա է ամեն ինչում, նույնիսկ մեզ թվացյալ ոչնչում: Այլ խոսքով` Նրա համար չկա բան, որ չլինի, այսինքն` ոչինչ համարվող ոչինչը դեռ անէություն չէ: Եվ այս բոլորը պատկանում են չափածո ժանրին, քանի որ Իր բոլոր արարումներում Աստված ներդրել է չափածո հասկացության մեծագույն խորհուրդը` ստեղծելով բացառապես երկրային-երկնային աստղաթիվ արժեքներ, ասել է թե` «պոետապես» չկա «ոչինչ առ ոչինչ»: (Վերջինս միայն մարդ արարածի գործունեության արգասիքն է, որով, ո՜վ զարմանք, ըստ տիեզերագնացների, ապականվում է արդեն ոչ ավելի, ոչ պակաս նաև տիեզերքը):

«Տեխնիկապես ամենաինքնաբավ» (ներշնչանք, երևակայություն, տաղանդով հունցվող միտք) և գրականության «բարձրաշխարհիկ» տեսակ պոեզիան, անկասկած, ներքո հիմնավորվող «արվեստի թագուհի» տիտղոսակրի իրավունքով, գեղագիտական բազմաշերտ առանձնահատկությունների փնջով (չափ, հանգ, կշռույթ, տաղաչափություն…) և դասական գործերի «կնքամոր» իր դերակատարությամբ «Ի սկզբանէ էր բանը» երկնային խոսքի խորհրդանիշն է: Այլ խոսքով` նշյալ սահմանումների, ինչպես և գեղարվեստում պայմանականության ոսկե կանոնի շնորհիվ չափածո խոսքը արվեստի բոլոր ոլորտներում առկա է իր նախասահմանված մենաշնորհային ներկայությամբ, առանց որի պարզապես հնարավոր չէ կերտել և ոչ մի արժեքավոր գործ:

Երկնային մանանա-շնորհները արվեստագետի հոգում նախախնամությամբ սերմանվում են դեռևս մայրական արգանդում: ՈՒ պատահական չէ, որ գրական արձակի գործիչները մի երջանիկ օր «հանկարծ բացահայտվում են» իբրև գրական չափածո արվեստի տաղանդավոր ներկայացուցիչներ: Բազմաշնորհ անհատների ներաշխարհում գեղագիտական զգացողությամբ պոետական հակումների լիցքը ստեղծագործական կյանքի մի որոշակի շրջանում պոռթկման ներուժով դուրս է հորդում հովվերգական նիրհից` գրական շնորհի այլազան դրսևորումներով:

Հայոց մշտաստեղծ բեղուն արգանդն իր ողջ կենսագրության ընթացքում երկնել է երևելի անհատականությունների համաստեղություն` բարին ու խաղաղը ձոներգելու, միաժամանակ` չարն ու կռվազանը այպանելու առաքելությամբ, նպաստելով ավերածությունների, հակամարտությունների առաջացման պատճառների եթե ոչ լիովին չեզոքացման, ապա մեղմացման գործին: Ընդ որում` ոչ թե զորքի քանակով, այլ խիզախությամբ, ոչ թե դավադիր գործողություններով, այլ մտքի թռիչքով:
Ժամանակակից հայ նշանավոր արվեստագետները բարձրարվեստ ստեղծագործություններով շարունակում են իրենց նախորդների փառահեղ ավանդույթները` դրական լիցքերով հարստացնելով, առողջացնելով Հայաստանի և ինչու չէ, նաև աշխարհի բարոյահոգեբանական մթնոլորտը:


Սամվել ՍՄԲԱՏՅԱՆ
Հ. Գ. Հոդվածի ներշնչման աղբյուրը Սոնա Վանի Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված «Լիբրետո անապատի համար» եզակի ժողովածուն է` բազմաշերտ իմաստաբանական լեզվամտածողությամբ։

Դիտվել է՝ 2034

Մեկնաբանություններ