Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում
15.03.2017 | 11:42

Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պատվավոր դոկտորի կոչմանն արժանանալու բարձր պատվի համար: Մեծ հետաքրքրությամբ ընդունեցի ձեր համալսարան այցելելու հրավերը, որը, հիրավի, դասվում է միջազգայնագետների պատրաստման՝ աշխարհի լավագույն կենտրոնների շարքին:
Անցած տասնամյակների ընթացքում ՄՄՀՊԻ-ն տվել է հայտնի դիվանագետների, քաղաքագետների, պետական գործիչների, գիտնականների, գործարարների, լրագրողների մի մեծ աստղաբույլ:


Գոհունակությամբ պետք է նշեմ ՄՄՀՊԻ-ի կարևոր ներդրումը նաև Հայաստանի Հանրապետության համար կադրերի պատրաստման գործում, որոնք այս պատկառելի հաստատությունում ձեռք բերած գիտելիքները կիրառել և կիրառում են միջազգային հարաբերությունների ոլորտում, այդ թվում նաև մեր երկրների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների ամրապնդման համար:
Ջերմությամբ եմ հիշում Արևելյան լեզուների Լազարյան ճեմարանից սկիզբ առնող ՄՄՀՊԻ-ի շրջանավարտների երրորդ միջազգային համաժողովը Երևանում:
Շուտով դուք ներգրավվելու եք արտաքին քաղաքական, միջազգային, տնտեսական և այլ բնագավառներում տարաբնույթ խնդիրների լուծման գործընթացներում: Ձեր վաղվա հաջողությունը մեծապես պայմանավորված է լինելու նրանով, թե որքան հստակ եք պատկերացնում աշխարհում տեղի ունեցող գործընթացները, այս կամ այն երկրի քաղաքականությունը, տնտեսությունն ու անցած պատմական ուղին:
Ինչպես գիտեք, նախորդ տարի մենք տոնեցինք Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակը: Մենք անցել ենք դժվարին, բայց արժանապատիվ ուղի: Մեկնարկել ենք ծանր պայմաններում: Թերևս, Խորհրդային Միության նախկին հանրապետություններից ոչ մեկը չուներ նման անբարենպաստ մեկնարկային դիրք: Չնայած նրան, որ անհրաժեշտ էր հաղթահարել 1988-ի երկրաշարժի, պարտադրված պատերազմի և դրան հաջորդած փախստականների մեծ ներհոսքի հետևանքները, շրջափակումը, արտաքին աշխարհի հետ խարխլված տնտեսական կապերը, էներգետիկ ճգնաժամը, ինչպես նաև մի շարք այլ խնդիրներ, Հայաստանը ձեռնարկեց համարձակ քայլեր իր անկախ պետականության վերականգման ուղղությամբ: Եվ այսօր համապետական բարեփոխումների նոր փուլ թևակոխած մեր երկրի համար պատասխանատվությունն աստիճանաբար ստանձնում է անկախության սերունդը:


Հայաստանում սահմանադրական բարեփոխումներից հետո ապրիլի 2-ին առաջին անգամ տեղի կունենան հերթական խորհրդարանական ընտրությունները: Այսօր իրականացվող բարեփոխումները մեկ տարի անց կհանգեցնեն լիարժեք խորհրդարանական համակարգի, քաղաքական ընդդիմության առավել ակտիվ և սահմանադրորեն պաշտպանված դերակատարման, առավել թափանցիկ և արդյունավետ կառավարման համակարգի ձևավորմանը: Նախընտրական քարոզարշավն արդեն սկսվել է, և միջազգային կազմակերպությունների առաջին արձագանքները խոսում են այն մասին, որ ընտրական գործընթացների անցկացման համար մեզ հաջողվել է ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններ:
Հաշվի առնելով լսարանի ակնհայտ հետաքրքրությունները` կցանկանայի կենտրոնանալ արտաքին քաղաքական որոշ հարցերի վրա:
Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային փոխգործակցության հետևողական խորացումն ու ընդլայնումը:
Վերջին տարիներին մեր երկրների միջև երկկողմ հարաբերություններն իրենց ինտենսիվությամբ և հագեցվածությամբ հասել են ամենաբարձր մակարդակի: Եվ ամենակարևորը՝ դրանք հիմնված են փոխադարձ վստահության և մեր գործընկերության ամրության ու հեռանկարայնության երկուստեք առկա համոզմունքի վրա: Այս տարի մենք տոնում ենք ՀՀ-ի և ՌԴ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, 1997 թվականի օգոստոսի 29-ին կնքված Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին մեծ պայմանագրի 20-ամյակը:


Բազում հարյուրամյակներ շարունակ Հայաստանին և Ռուսաստանին կապում է մեր ժողովուրդների ամուր բարեկամությունը: Մենք ուս ուսի հաղթահարել ենք ժամանակի և պատմության բոլոր փորձությունները, ինչն էլ իր հերթին կանխորոշել է մեր միջպետական հարաբերությունների զարգացումը ռազմավարական դաշնակցության ոգով:
Հայ-ռուսական աննախադեպ համագործակցությունն այսօր բնութագրվում է բարձր մակարդակի ինտենսիվ քաղաքական երկխոսությամբ: Դրա վկայությունն է ռազմական, առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար բնագավառներում սերտ փոխգործակցությունը, ինչպես նաև ակտիվ միջխորհրդարանական և միջտարածաշրջանային համագործակցությունը:
Հայաստանն ու Ռուսաստանը զարգացնում են բազմակողմ արդյունավետ համագործակցություն ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում:
ՀԱՊԿ-ի շրջանակում դեռևս 2000-ին ընդունվել է հայտարարություն, որտեղ հստակ արձանագրված է. «Պայմանագրի անդամ երկրների միջև ռազմաքաղաքական հարաբերությունները կրում են առաջնային բնույթ` Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի անդամ չհանդիսացող երրորդ երկրների հետ ռազմական կապերի և շփումների համեմատ»: Այսինքն՝ այստեղ ամեն ինչ հստակ ուրվագծված է, ընդգրկված է հարցերի ողջ շրջանակը` քաղաքական հայտարարություններից մինչև ռազմական համագործակցություն: Շարունակելով այս թեման` չեմ կարող չնշել, որ վերոհիշյալ սկզբունքի խախտումը չի նպաստում Կազմակերպության հեղինակության բարձրացմանը: Պայմանագրերը պետք է լիարժեքորեն պահպանվեն և կատարվեն, այլ ոչ թե ընտրողաբար՝ կախված իրավիճակից:
Նախորդ տարի ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների մշակման ընթացքում մենք առաջնորդվում էինք դաշնակցային փոխգործակցության և շարունակականության սկզբունքներով Կազմակերպության հետագա զարգացման անհրաժեշտությամբ` հաշվի առնելով համաշխարհային և տարածաշրջանային անվտանգության արդի մարտահրավերները:


Հենց այս մտայնությամբ մենք մեզ համար սահմանեցինք հավակնոտ նպատակ` ավարտին հասցնել մինչև 2025-ը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքները, և դա մեզ հաջողվեց: Անցյալ տարվա հոկտեմբերին Երևանում ընդունված ՀԱՊԿ ռազմավարությունում ամրագրվեցին Կազմակերպության զարգացման հետագա ուղենիշները համագործակցության բոլոր հիմնական ուղղություններով: Կարևոր է նաև այն, որ Կազմակերպության երևանյան գագաթնաժողովում պետությունների ղեկավարների կողմից ընդունվեց հայտարարություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման անթույլատրելիության վերաբերյալ:
Անվտանգության հարցերը Հայաստանի համար շարունակում են մնալ խիստ արդիական: Մինչև 2016-ը մեր գործընկերները մեզ համոզում էին, որ, պատերազմական քարոզչություն և հակահայկական հիստերիա տարածելով, Բաքուն լուծում է սեփական ներքաղաքական խնդիրները:
2016-ի ապրիլին Ադրբեջանի սանձազերծած քառօրյա ռազմական արկածախնդրությունը Լեռնային Ղարաբաղի դեմ դարձավ Բաքվի հենց այդ երկարամյա ռազմատենչ հռետորաբանության և քաղաքականության մարմնավորումը՝ ի հակադրություն իր հողում սեփական ճակատագիրն ազատ տնօրինելու Արցախի ժողովրդի ցանկության:
Ապրիլյան պատերազմին հաջորդած՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում հստակ ամրագրվել է 1994-1995 թվականների հրադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ իրականացման անհրաժեշտությունը: Բացի այդ, ձեռք է բերվել պայմանավորվածություն հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմների ստեղծման և ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման վերաբերյալ: Այդուհանդերձ, Ադրբեջանը, ինչպես և անցյալում, խուսափում է այդ պայմանավորվածությունների կատարումից:


Հայաստանը՝ որպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավոր, ստիպված է ջանքեր գործադրել տարածաշրջանում հավասարակշռության պահպանման և նոր լարվածություն թույլ չտալու նպատակով: Դրա հետ մեկտեղ, մենք պատրաստ ենք համաչափ պատասխան տալ նոր պատերազմ սկսելու ցանկացած փորձի:
Պատերազմը խնդրի լուծման միջոց չէ: Բանակցություններին այլընտրանք չկա:
Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ միասին կշարունակի ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Բնականաբար, չեմ կարող չանդրադառնալ միջազգային հարաբերությունների այսօրվա օրակարգի ամենաարդիական թեմային՝ Մերձավոր Արևելքի իրադրությանը: Հայաստանը բազմիցս քննադատել է ԴԱԻՇ-ի և այլ ահաբեկչական կազմակերպությունների կողմից իրականացված հանցագործությունները: Նրանց գործողությունները սպառնալիք են տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող ժողովուրդների անվտանգության համար: Պատերազմը Սիրիայում ավերիչ ազդեցություն ունի երկրի քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների համար, որոնք ինքնության հողի վրա կատարված հանցագործությունների պատճառով բախվում են գոյության սպառնալիքների: Բռնությունը չի շրջանցել նաև սիրիահայերին, որոնց շրջանում կան շատ զոհեր: Հայկական բնակավայրերը, եկեղեցիները, դպրոցները և մշակութային հաստատությունները հողին են հավասարեցվել: Հարյուր տարի առաջ՝ Հայոց ցեղասպանությունից հետո, հայ փախստականները ապաստան գտան շատ արաբական երկրներում: Այսօր հազարավոր հայեր Մերձավոր Արևելքի այլ ժողովուրդների հետ միասին կրկին ստիպված են լքել իրենց տները:


Միայն Սիրիայից ավելի քան քսան հազար մարդ ապաստան է գտել Հայաստանում: Մենք լավ գիտակցում ենք, թե ինչ է նշանակում լինել փախստական և ընդունել փախստականների: Հայաստանի կառավարությունը զգալի միջոցներ է ձեռնարկել փախստականներին օգնություն և ինտեգրման ուղղությամբ աջակցություն ցուցաբերելու համար: Մենք համարում ենք, որ անհրաժեշտ է ապահովել ավելի ընդարձակ միջազգային համագործակցություն մարդկանց զանգվածային տեղաշարժերի և միգրացիոն հոսքերի հետ կապված խնդիրների լիարժեք լուծման համար:
Ցանկանում եմ ընդգծել զանգվածային տեղաշարժերի հիմնական պատճառների վերացման կարևորությունը՝ մարդկության դեմ հանցագործությունների կանխման, հակամարտությունների խաղաղ կարգավորման և երկարաժամկետ քաղաքական պայմանավորվածությունների ձեռքբերման ճանապարհով:


Նախորդ տարվա աշնանը և այս տարվա փետրվարին ռուսական ինքնաթիռներով Սիրիա առաքվեց Հայաստանի տրամադրած մարդասիրական օգնությունը: Մենք երախտապարտ ենք ռուսական կողմին՝ տեղափոխման հարցում ցուցաբերած աջակցության համար:
Հայտնի է, որ կայուն զարգացումն անվտանգության կարևորագույն բաղադրիչներից է: Վերջին տարիների գործընթացները վկայում են, որ սահմանափակ ռեսուրսների պայմաններում Հայաստանին հաջողվեց ձևավորել ճկուն տնտեսական համակարգ: Որպես օրինակ բերեմ տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտը, որը վերջին տարիներին դարձել է մեր տնտեսության շարժիչ ուժերից մեկը: Մեր ՀՆԱ կառուցվածքում այդ ոլորտի տեսակարար կշիռը կազմում է շուրջ 4 տոկոս, ինչը համադրելի է զարգացած շատ երկրների հետ:
Մեր կառավարությունը հանդես է եկել բարեփոխումների լուրջ օրակարգով, որի նպատակն է բարձրացնել կառավարման որակը, երկրի ներդրումային գրավչությունը, խթանել պետություն-մասնավոր հատված համագործակցությունը:


Հայաստանի գլխավոր առաջնահերթություններից է օտարերկրյա ներդրումների ներգրավման հետևողական քաղաքականությունը: Հայաստանի ներդրումային համեմատական առավելություններից մեկն այն է, որ մեր երկիրն ունի արտոնյալ առևտրային ռեժիմ բազմաթիվ երկրների հետ: ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի հետ առևտրատնտեսական հարաբերություններում Հայաստանն օգտվում է արտոնյալ առևտրային ռեժիմներից, այսպես կոչված՝ Արտոնությունների ընդհանրացված համակարգերից (GSP), իսկ ԵՄ երկրների հետ՝ Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգից (GSP+):
Մենք մեծ ուշադրություն ենք հատկացնում զբոսաշրջության զարգացմանը: Փետրվարի 23-ից սկսած՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները կարող են Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործել ներքին անձնագրերով: Համոզված եմ, որ դա ամենադրական ազդեցությունը կունենա Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքերի աճի վրա: Բայց այդ պայմանավորվածությունն ինքնին ունի ավելի կարևոր նշանակություն՝ արտահայտելով մեր երկրների միջև վստահության բարձր մակարդակը:
Հայաստանի տնտեսական զարգացումը մենք տեսնում ենք տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումներում ակտիվ ներգրավվածության միջոցով: Այս համատեքստում առանձնակի կարևոր տեղ է հատկացվում ԵԱՏՄ-ին: Չնայած բոլոր տնտեսական դժվարություններին` դրական ձեռքբերումներն ակնհայտ են: Եվրասիական ինտեգրացիոն նախագծի ամուր հենքի շնորհիվ հաջողվել է զգալիորեն մեղմել գլոբալ արտաքին տնտեսական զարգացումների բացասական հետևանքները, որոնք անդամ երկրների համար առավել զգալի կլինեին ԵԱՏՄ ներքին շուկայի բացակայության պարագայում: Մեր անդամակցությունը Միությանը հնարավորություն տվեց մուտք գործել մեծ՝ գրեթե 180-միլիոնանոց շուկա, իսկ դա մեծածավալ շուկա է Հայաստանի համար, որը մենք հաջողությամբ յուրացնում ենք:


ՈՒրախացնում է այն փաստը, որ աշխարհում աճում է հետաքրքրությունը ԵԱՏՄ-ի նկատմամբ: Ինտենսիվորեն քննարկվում են Չինաստանի, Իրանի, Հնդկաստանի, Սինգապուրի և մի շարք այլ երկրների հետ համագործակցության հարցեր: Դա, անկասկած, նպաստում է միջազգային ասպարեզում ԵԱՏՄ-ի հնարավորությունների ընդլայմանը:
Բառացիորեն երկու շաբաթ առաջ Հայաստանը և ԵՄ-ն ավարտեցին նոր շրջանակային փաստաթղթի վերաբերյալ բանակցությունները, որի դրույթները արտացոլում են մեր հարաբերությունների ծավալն ու մակարդակը: Դրանք թույլ են տալիս ուրվագծել մեր փոխշահավետ համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ հաշվի առնելով այլ ինտեգրացիոն միավորումներում Հայաստանի ստանձնած պարտավորությունները:
Հայաստանը զարգացնում է ակտիվ գործընկերային հարաբերություններ Միացյալ Նահանգների հետ՝ տարբեր մակարդակներով: Վերջին տարիներին ակտիվացել են մեր հարաբերությունները ասիական-խաղաղօվկիանոսյան և լատինաամերիկյան տարածաշրջանների հետ: Զգալի ներուժ ենք տեսնում «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» նախաձեռնության ձևաչափով խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար, ինչը թույլ կտա զանազանեցնել ոչ միայն Հայաստանի, այլև Եվրասիական տնտեսական միության այլ երկրների լոգիստիկ հնարավորությունները:
Գտնվելով տարբեր տարածաշրջանների և շահերի կիզակետում՝ մեր արտաքին քաղաքականությունը, հիմնվելով հազարամյա պատմության վրա, բխում է այն համոզմունքից, որ կարելի է և պետք է ազգային շահերը համադրել առանցքային գործընկերների շահերի հետ՝ խաղաղության, կայունության և տարածաշրջանային անվտանգության ապահովման նպատակով: Մենք համոզված ենք, որ այս մոտեցումը ըմբռնելի և ընդունելի է մեր գործընկերների համար:


Ամփոփելով խոսքս՝ Միջազգային հարաբերությունների ինստիտուտին մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ, իսկ ուսանողներին՝ ապագա միջազգայնագետներին, հաջողություններ ուսման մեջ: Ֆեոդոր Դոստոևսկին ասում էր. «Սովորեք և կարդացեք: Կյանքը կանի մնացածը»:

Դիտվել է՝ 1863

Մեկնաբանություններ